четверг, 30 июля 2015 г.

Հակածխախոտային պայքար


Լրատվամիջոցներում հաճախ են գրում հակածխախոտային տարբեր միջոցառումների մասին, որոնք ֆինանսավորվում են թե՛ տեղական, թե՛ արտասահմանյան տարբեր կազմակերպությունների կողմից։ Գումար է ծախսվում, բուկլետ ու գրքույկ է տպագրվում, ծխից սևացած թոքերի սարսափելի նկարներ և այլն։ Բայց արդյո՞ք ձեռնարկված քայլերն արդյունավետ են։

 

Որպես ստաժավոր ծխող ասեմ, որ մարդուն պետք չէ բացատրել, թե ծխելուց ինչ հիվանդություններ են լինում. դա բոլորը գիտեն։ Եթե նույնիսկ հիվանդությունների անունները չգիտեն, ապա գոնե մոտավոր պատկերացում ունեն։ Հիմա պատկերացրեք՝ մարդը քայլում է փողոցում և հանկարծ նրան են մոտենում մի խումբ երիտասարդներ, ձեռքն են խոթում ինչ-որ թղթի կտոր, որտեղ պատկերված է ծխողից սևացած թոքերը, և ասում, որ ծխելը վնաս է։ Լավագույն դեպքում, նա մի հատ թերթում է այդ ահասարսուռ նկարները, ժպտում, հեռանում մի քանի քայլ, բուկլետը նետում մոտակա աղբամանը ու դարդից վառում հերթական գլանակը։ Այդպես է, որովհետև մարդն ունի ինչ-որ ներքին, անհասկանալի զգացողություն, որ ուրիշին պատահած դժբախտությունը կշրջանցի իրեն։ Արդյունքում՝ ծխողը ծխում է, իսկ բուկլետի, գրքույկի և գովազդային մյուս ապրանքների վրա ծախսված գումարը հայտնվում է աղբարկղում։ Հակածխախոտային պայքար իրականացնողներն էլ, իրենց ջանքերից (նաև՝ վաստակած գումարից) գոհ ու երջանիկ, գրում են ձեռքբերումների մասին պատմող հերթական ճոխ հաշվետվությունը։


Ծխելու դեմ պայքարի մասին խոսելիս հաճախ ենք հղում անում արևմտյան երկրների փորձին ու հաջողություններին։ Չեմ կարծում, թե այնտեղ բուկլետ բաժանելով ու քարոզ կարդալով են նվազեցրել ծխողների թիվը (եթե նվազեցրել են)։

Հիմա ներկայացնեմ մի քանի շատ պարզ միտք, որոնք բոլորիս քաջ հայտնի են։

Որպեսզի մարդը քիչ ծխի, նրան պետք է զրկել ծխելու հնարավորությունից։ Օրինակ՝ աշխատավայրում արգելված է ծխելը։ Մարդը ստիպված պետք է դուրս գա իր սենյակից, գնա ծխելու համար նախատեսված մի վայր ու ծխի։ Իսկ եթե ծխելն արգելված է ամբողջ շենքում, ապա պետք է ավելի շատ ճանապարհ հաղթահարի։ Գործատուն օրական 3-4 անգամ նրա ճամփորդությունը կհանդուրժի, բայց ոչ ավելի ու կասի՝ հարգելի՛ս, կամ աշխատի՛ր կամ ծխի՛ր։ Եթե այս գործին միանում է նաև պետությունը համապատասխան արգելող որոշումներով, ապա ծխողի կյանքը ավելի է դժվարանում։ Էլ չեմ ասում, եթե ծխելն արգելվում է նաև փողոցում։

Երկրորդ տարբերակը բոլոր տեսակի սիգարետների կտրուկ թանկացումն է։ Ծխախոտի գինը հիմա էլ է բարձրանում, բայց դրան զուգահեռ միշտ լինում է էժան ու մատչելի տեսականի։ Համաձայնեք, որ 200-300 դրամը շատ էժան է մեկ տուփ ծխախոտի համար։ Չար լեզուները պատմում են, որ Եվրոպայում ու ԱՄՆ-ում ծխախոտի մեկ տուփն ունի աստղաբաշխական գին։ Թե չէ՝ մարդուն պատմում եք թոքի քաղցկեղի ու սրտի կաթվածի մասին, որը ժամանակի տվյալ պահին նրան ընդհանրապես չի հետաքրքրում։
Մարդկանց մեծագույն մասը ծխելը թողնում է, երբ չունի ծխախոտ գնելու փող և երբ հասկանալի պատճառներով այլևս ի վիճակի չի ծխել։ Իհարկե, կան նաև հաճելի բացառություններ, բայց դա արդեն ուրիշ պատմություն է։

Այնպես որ, թարգեք բուկլետ տպելը, դրանից օգուտ չկա։

Комментариев нет:

Отправить комментарий