вторник, 14 июля 2015 г.

Ինչպես է Սաուդյան Արաբիան «աշխատում» արտասահմանյան լրատվամիջոցների հետ


«Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպությունը, ուսումնասիրելով Վիկիլիքսի նյութերը, ուշագրավ տեղեկություններ է հրապարակել մեդիադաշտում Սաուդյան Արաբիայի կառավարության գործունեության վերաբերյալ։
Սաուդյան Արաբիան, սահմանափակելով տեղական մեդիայի գործունեությունը, փորձում է «իրենով անել» արտասահմանյան լրատվամիջոցներն ու լրագրողներին՝ Թագավորության դրական կերպարը ձևավորելու նպատակով։
Վիկիլիքսի արտահոսքի պատճառով հանրության սեփականություն են դարձել Սաուդյան Արաբիայի ու դեսպանատների աշխատակիցների նամակագրությունը, որը վերաբերում է 2010-2015 թվականներին։ Հրապարակված փաստաթղթերից հնարավոր է դառնում պատկերացում կազմել Սաուդյան Արաբիայի կառավարության ձեռնարկած գործողությունների մասին, որոնք միտված են բարձրացնելու իրենց երկրի վարկանիշը։
Ըստ անհրաժեշտության՝ տարբեր աղբյուրներից ֆինանսավորվում են մեդիա կազմակերպությունները՝ Միացյալ Թագավորությունից մինչև Իրան ու Սենեգալ, ինչը սովորաբար իրականացվում է ուղղակի նվիրատվությունների կամ հազարավոր բաժանորդագրությունների միջոցով։



2011-ին Լոնդոնում Սաուդյան Արաբիայի դեսպանությունը ֆինանսավորման առաջարկ է արել Վեսալ Ֆարսի Թիվի (Wesal Farsi TV) պարսկալեզու հեռուստաընկերությանը, որի սեփականատերը Իրանի սուննի քաղաքացի էր։ Ամենամսյա ֆինանսավորման դիմաց հեռուստաընկերությունը կառավարիչներից մեկին պետք է նշանակեր սաուդական կողմի ներկայացուցչին և պատասխաներ Սաուդյան Արաբիայի հասցեին իրանական մեդիայի պատրաստած նյութերին։
Սենեգալում Սաուդյան Արաբիայի դեսպանն առաջարկել էր բաժանորդագրությունների միջոցով 4000-ից 10000 դոլարի հասցնել Լե Սոլելի (Le Soleli) թերթի ֆինանսավորումը, ինչպես նաև աջակցել Վալ Ֆաջըր (Wal Fajr) լրատվամիջոցի հիմնադրմանը։ Դրա դիմաց վերջինս պետք է լուսաբաներ Սաուդյան Արաբիայի իրադարձություններն ու դեսպանատան գործունեությունը։
Որոշ դեպքերում մեդիայի ներկայացուցիչներն իրենք են դիմել ֆինանսավորման համար։ 2009-ին աֆղանական Սփոգմաի (Spogmai) մեդիակենտրոնի ղեկավարը ֆինանսավորում էր խնդրել նոր կայքի, օրաթերթի, ամսագրի և հեռուստաընկերության հիմնադրման համար, որը որպես հակակշիռ էր գործելու Իրանի և Հնդկաստանի հիմնադրած մեդիառեսուրսներին։
Նշենք նաև, որ businessinsider.com-ն այս տարվա հունիսի վերջին հայտնել էր, որ համաձայն Վիկիլիքսի հրապարակումների, Աբդուլա թագավորը 2012-ին հաստատել էր Լիբանանի MTV հեռուստատեսային ցանցին 2 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն ցուցաբերելու առաջարկը։
Մեկ այլ հրապարակումով հայտնի է դարձել, որ արքայազն Սաուդը առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի քաղաքական գործիչների նկատմամբ մեդիա հարձակումները՝ Մոսկվայի հետ հարաբերությունները բարելավելու նպատակով։
Սաուդյան իշխանությունների մյուս գործելաոճը հակահարձակումն է վտանգ ներկայացնող հրապարակումների դեմ։ Այսպես՝ Լոնդոնի «Ֆայնանշըլ Թայմս» (Financial Times) թերթը ստիպված էր ետ կանչել թղթակցին և փակել Էր-Ռիյադում գրասենյակը՝ Սաուդյան Արաբիայի մասին «սուտ» տեղեկություններ հրապարակելու համար։ Սաուդյան պաշտոնյաները պատրաստվում էին նաև դատական գործ հարուցել, եթե թերը հրաժարվել ներողություն խնդրել և «չեզոք» ու «օբյեկտիվ» ներկայացնել Սաուդյան Արաբիան։
Բեյրութում Սաուդյան Արաբիայի դեսպանին հանձնարարվել էր բացատրություն պահանջել Լիբանանի Ալ-Սաֆիր (Al-Safir) թերթի խմբագրական քաղաքականության վերաբերյալ։ Թերթը հոդված էր հրապարակել Բեն Լադենի և վահաբականների մասին, որտեղ, ըստ պաշտոնական Էր-Ռիյադի, կային կասկածելի փաստեր ու կեղծ տեղեկություններ։
Հաղորդագրություններից մեկում նշվում էր, որ Բեռլինում Սաուդյան Արաբիայի դեսպանը արտգործնախարարությանը հայտնել էր, թե խոսակցություններ կան, որ արաբական երկրների դեմ մեդիաարշավանք է պատրաստվում, որի կազմակերպիչը Բեռլինում Իսրայելի դեսպանությունն էր։ Այս մեդիագրոհը չեզոքացնելու նպատակով Սաուդյան Արաբիայի դեսպանը առաջարկում էր օգտագործել գերմանացի փորձառու լրագրողների ու գրողների, ովքեր վեց ամիսը մեկ պետք է հոդվածներ գրեին Սաուդյան Արաբիայի մասին, ինչպես նաև մշակութային իրադարձությունները հանրայնացնելու նպատակով թարգմանություններ անեին։ Հինգ լրագրողների պետք է վճարեին ամսական 7500 եվրո գումար։
2009-ին Հարավային Աֆրիկայում դեսպանն առաջարկում էր լրագրողներին վճարել շուրջ 10000 ԱՄՆ դոլար՝ ժամանակակից իսլամական ծայրահեղականության ակունքների մասին նախորդ տարի հրապարակված հոդվածներին պատասխանելու համար։
Դեսպանատներն ակտիվ դերակատարություն ունեն արտասահմանում Սաուդյան Արաբիայի օգտին քարոզչություն իրականացնելու գործում։ Քանի որ նրանք մոտիկից ծանոթ են տեղական մեդիային, կարող են լավագույնս դիտարկել այն ու համապատասխան առաջարկություններ ներկայացնել կառավարությանը։
Սաուդյան Արաբիայի արտգործնախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում երկրի մասին միջազգային հրապարակումներին, ստանում է արտասահմանյան մամուլի համառոտագրեր։
Վիկիլիքսում հայտնվել են նաև արտգործնախարարության էլեկտրոնային նամակները, ներքին գործերի նախարարության և հետախուզական ծառայությունների զեկուցագրերը։ Ի պատասխան այս հրապարակումների՝ Սաուդյան Արաբիայի կառավարությունը զգուշացրել է իր քաղաքացիներին չտարածել այնպիսի տեղեկություններ, որոնք կարող են կեղծ լինել։

Մ. Յալանուզյան

Комментариев нет:

Отправить комментарий