(Ծննդյան 100-ամյակի առթիվ)
Երեսուն տարեկան հասակում միայն նրան հաջողվեց պոկվել թուրքական ոստիկանության ճանկերից, ուղևորվել Թիֆլիս, այնուհետև Պետերբուրգ` սովորելու։ Դեռ Վանում, պատանի, դպրոցում նկարում էր և ձեռք էր բերել «նկարչի» համբավ։ Թերլեմեզյանը դեռևս աշակերտական նստարանից երազում էր նկարիչ դառնալ, նկարել շրջապատի մարդյկանց, հայրենի բնությունը, ազատ լինելով բոլոր տեսակի կաշկանդումներից, լինել ինքնուրույն։
Տարիներ անց, նրա հոգու խորքում հետզհետե ուժեղացող այդ հախուռն զգացումը երիտասարդ Փանոսին մղեց դեպի ազատասիրություն, ու ազատատենչ մարտիկը պայքարեց այն նվաճելու համար։ Եվ նա իր կյանքի տասը տարիները առանց վարանման, խիզախորեն դրեց իր ժողովրդի ազատագրության զոհասեղանին։
Արվեստ և ազատություն. որքա՜ն մոտ էին դրանք միմյանց ու ներդաշնակ։ Թերլեմեզյանի խառնվածքով շաղախված մարդու համար միայն արվեստը կարող էր իմաստավորել կյանքը, հագուրդ տալ ապրելու տենչին։ Իսկ Փանոսը տասնամյա փոթորկալի պայքարից հետո ուզում էր ապրել, ապրել վայելելու համար կյանքի ամենաթանկ բարիքները` բորբ արևի տակ ջերմացնելու իր տառապած հոգին, ըմբոշխնելու բնությունը իր հրաշագեղ գունագեղությամբ, սիրելու մարդուն, ստեղծագործ և աշխատավոր մարդուն, տեսնելու իր հարազատ ժողովրդի ազատագրումը, որի համար նա իր կյանքը չէր խնայել։
Ինչպես նկատեցինք, Թերլեմեզյանին միայն երեսուն տարեկանում բախտ վիճակվեց ընդունվել Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի նախապատրաստական դասընթացը։ Արվեստի պատմության մեջ հազվագյուտ են այն դեպքերը, երբ մարդ նկարչությանն է նվիրվում այդ տարիքում և դառնում է ոչ թե շարքային մի նկարիչ, այլ անվանի արվեստագետ և իր ստեղծագործություններով հարստացնում իր ժողովրդի մշակույթի գանձարանը:
Տաղանդը, սակայն, այդ տարիքի համար միակ գրավականը չէ։ Պատմության ընթացքում եղել են հազարավոր ինքնուս նկարիչներ, որոնք նկարչությամբ սկսել են զբաղվել շատ ավելի ուշ, քառասուն կամ հիսուն, երբեմն էլ ավելի տարիքում։ Նրանք մնացել են տաղանդի կամ շնորհքի պարգևած ունակությունների նեղ սահմաններում, նրանց մոտ պակասել են պրոֆեսիոնալիզմը, խոր գրագիտությունն ու բարձր վարպետությունը, որոնցով տաղանդը, ինչպես մի թանկագին քար, հետզհետե նրբանում է, հղկվում և ստանում մարդկանց սրտերը գերելու փայլն ու գեղեցկությունը։
Փ. Թերլեմեզյանը բացի տաղանդից ուներ նաև զարմանալի աշխատասիրություն, վարպետանալու մի անսպառ եռանդ ու հաստատակամություն։ Այդ հատկությունները նա ձեռք էր բերել անցնելով կյանքի դժվարին, դաժան ու տատասկոտ մի ուղի, որի երկու կողմերին փռված էին թշվառություն, ավերածություն, հարյուր հազարավոր մարդկային զոհեր, մահ...
Հազիվ տասներկու տարեկան, նա կորցրեց իր հորը։ Այդ էր պատճառը, որ Փանոսը շատ ավելի կապված էր մոր հետ և զրույցի ժամանակ հաճախ ասում էր. «Մինչև խոր ծերություն չեմ մոռանալու նրան, որպես մայրական հոգատարության, սիրո ու գուրգուրանքի կատարյալ կերպարի»։
Փանոսը հոր մահից հետո ստիպված է լինում թողնել տարրական դպրոցը և որպես աշակերտ որոշ ժամանակ աշխատել դերձակի մոտ։ Սակայն ըմբոստ պատանին չի համակերպվում այդ պայմաններին ու, թողնելով արհեստանոցը, սկսում է մշակել իր մի կտոր հողը և ապրուստը հայթայթել քրտնածոր ու ազնիվ աշխատանքով։
Երեք տարի անց միայն նրան հաջողվում է ընդունվել Վանի կենտրոնական վարժարանը և ավարտել այն։ Սովորում է ագահությամբ, ուզում է կլանել այն ամենը, ինչ ուսուցիչները տալիս էին աշակերտներին, իսկ Վանի կենտրոնական վարժարանը իր ժամանակ եղել է դաստիարակչական առաջավոր մեթոդներով ղեկավարվող բացառիկ դպրոցներից, ուր հավաքվել էին մեծ մասամբ Եվրոպայում ուսում առած ազատամիտ մանկավարժներ ու մտավորականներ։
Դպրոցն ավարտելուց հետո Թերլեմեզյանը ինքն էլ կարճ ժամանակով դառնում է ուսուցիչ։ Սակայն նրան շուտով հեռացնում են դպրոցից որպես կասկածելի անձնավորության։ Այդ տարիներին Փանոսի մեջ ավելի որոշակի ուրվագծվում էին ազգային ազատագրության գաղափարները։ Նա վճռել էր նվիրվել ժողովրդի ազատագրության մեծ գործին։ Ունենալով երիտասարդների շրջանում իր համախոհները՝ նույն նպատակին իրենց կյանքը զոհաբերող անվախ ու խիզախ ընկերներ, Փանոսը սկսում է իր գործունեությունը՝ որոշ ժամանակ հարելով արմենականներին։
Սրանք ամեն օր իրենց շրջապատում տեսնում էին անարդարություն, թալան, ոճիր, կեղեքում, բռնաբարություն, բանտարկություններ և թշվառություն։ Վանի շրջակա գյուղերն ավերվում և թալանվում էին հարևան գյուղերի բեկերի և ավազակների կողմից։ Փանոսի և իր ընկերների առաջին մտահոգությունն է լինում զինել հայ գյուղացուն՝ ինքնապաշտպանության համար։
Թերլեմեզյանին հաջողվում է մի քանի անգամ Վանից անցնել Պարսկաստան, զենք գնել ու փոխադրել Վան և շրջակա գյուղերը։ Այդ նույն գործով զբաղվում են նաև նրա խիզախ ընկերներից մի քանիսը։ Նրանց հաջողվում է, ի վերջո, զինել որոշ գյուղեր և ազատել նրանց հետագա ասպատակումներից։ Փանոսը ինքն էլ է զինվում և իր դիպուկ գնդակով ոչնչացնում արյունարբու ավազակներին ու նրանց ղեկավարներին:
Վանում ապրում էր Նուրի անունով մի ոստիկան, որը անթերի իմանալով հայերենը, շատ մոտ ծանոթություններ էր հաստատել հայ մտավորականների և առաջավոր գաղափարներով տարված երիտասարդների հետ։ Վանի հայատյաց կուսակալը, լավատեղյակ լինելով Նուրիի լայն ծանոթություններին, ազատագրական գաղափարներով տարված հայ մտավորականներին գտնելու և որսալու նպատակով Նուրիին նշանակում է Վանի ոստիկանապետ։ Այդ օրվանից սկսվում են անթիվ ձերբակալություններ, ասպարեզից հեռացվում են ազատագրության գործին նվիրված ազնիվ մարդիկ, բանտ են նետվում մի քանի տասնյակ գործիչներ, որոնք զոհ են դառնում Նուրիի լրտեսությանն ու դավերին։
Թերլեմեզյանը և նրա ընկերները, կասեցնելու համար Նուրիի և կուսակալի այդ ավեբիչ սև գործը, վերացնում են Նուրիին։ Այս անգամ նույնպես Փանոսի դիպուկ գնդակը վերջ է դնում լրտեսի ու մարդասպանի կյանքին։ Այդ դեպքից հետո կատաղած կուսակալը ավելի է սաստկացնում պատիժը և հարյուրավոր նոր ձերբակալությունների միջոցով բանտ է նետում անմեղ մարդկանց ու ոչնչացնում։ Փանոսը փախչում է սարերը և որոշ ժամանակ պարտիզանական կյանք է վարում։ Նրան միանում են իր մտերիմ ընկերները։
Հայտնի է, որ Թերլեմեզյանը եղել է առաջնակարգ նշանառու։ 1915 թ. Վանի հերոսական պաշտպանության ժամանակ Փանոսը պաշտպանության աչքի ընկնող կազմակերպիչներից մեկն էր, նրան տանում էին մի գծից մյուսը, այսինքն՝ մի թաղամասից մի այլ պաշտպանակետ ու խնդրում դիպուկ գնդակով հեռվից ոչնչացնել թշնամու դիրքերի սպաներին ու զինվորական այլ աստիճանավորների։ Թերլեմեզյանը այդ հանձնարարությունները կատարում էր ամենայն բարեխղճությամբ ու ճշտությամբ։ Հետագայում, 1930-ական թթ. Երևանում, երբ նկարիչների միության ԴՕՍԱԱՖ-ի գծով անց էինք կացնում հրաձգության պարապմունքներ, Թերլեմեզյանը, չնայած իր պատկառելի տարիքին և անբուժելի հիվանդության հետևանք դողդոջուն ձեռքերին, կրակում էր դարձյալ բոլորից լավ, բոլորից դիպուկ։
Թերլեմեզյանն իր կյանքի երիտասարդական ամենալավ շրջանը՝ քսանից երեսուն տարեկան հասակը, մի ամբողջ տասնամյակ, նվիրաբերել է ժողովրդի ազգային ազատագրության մեծ գործին։ Քանի՜-քանի անգամներ նա կանգնեց մահվան դեմ առ դեմ և երջանիկ դիպվածով, իր տոկունությամբ, խիզախությամբ ու հնարամտությամբ ճողոպրեց նրա ճիրաններից։ Թուրքական կառավարությունը երկու անգամ հեռակա ձևով դատապարտեց նրան մահվան։ Բայց Թերլեմեզյանը իր գաղափարներով, համոզմունքներով, հեղափոխական տրամադրությամբ ու գործունեությամբ մինչև վերջ մնաց հավատարիմ իր ժողովրդին, պայքարեց նրա ազատագրության համար, ինչպես վայել է ժողովրդի ծոցից ելած համեստ, անձնվեր ու խիզախ հերոս-մարտիկին։ Թերլեմեզյանի համար ժողովրդի նկատմամբ ունեցած անհուն սերը, բարձր հայրենասիրությունը վեր էին ամեն ինչից, անձնական կյանքից ու շահից, սեփական երջանկությունից։ Թերլեմեզյանը վառ հայրենասերի, ազնիվ քաղաքացու և կենսունակ ու տաղանդավոր արվեստագետի մի ներդաշնակ կերպար էր։
Թերլեմեզյանը Պետերբուրգում էլ չկարողացավ հանգիստ սովորել։ Պետերբուրգյան առաջին ամիսների տանջալի ու ծայրաստիճան աղքատության մեջ անցկացրած շրջանին հաջորդել էին երջանիկ ու ապահով օրեր։ Խրիմյան Հայրիկը Փանոսին նշանակել էր թոշակ, ամիսը երեսուն ռուբլի, որով երիտասարդ նկարիչը առաջին անգամ ապրում էր լիացած։ Սակայն վարդագույն երազանքներով ու արվեստի կրակով վառված երիտասարդին պատահեց նոր դժբախտություն։ Հակասուլթանական գործունեության և քաղաքական կյանքից չկտրվելու հանգամանքը նորից, այս անգամ արդեն ստեղծագործական իր առաջին քայլերը կատարվող նկարչին բանտ նետեց։
1897թ. ամառային ուսումնասիրական աշխատանքներ և բացօթյա էտյուդներ կատարելու նպատակով ակադեմիայի իր դասընկերների հետ Փանոսը մեկնում է Էստոնիա։ Այդ օրերին թուրքական գրաքննության ձեռքն է ընկնում ծածկանվան տակ Փանոսի գրած մի նամակը, որը նա ուղարկել էր Վան, իր ընկերոջը։ Թուրքական կառավարության հասցեին գրած մեղադրանքների և հակահամիդյան մտքերի համար Փանոսը ոստիկանության կողմից խիստ հետապնդվում էր։ Համիդյան կառավարությունը, դիմելով ցարական ոստիկանությանը, ձերբակալել է տալիս Փանոսին, և նա նետվում է Ռեվելի բանտը։ Վեց ամիս Թերլեմեզյանը մնում է կալանավորված։ Սակայն բանտում նա անգործ չի նստում և կոտրված հայելու փոքրիկ կտորի միջոցով նկարում է իր ինքնանկարը։ Հազիվ մի քանի տարի նկարչություն սովորած Թերլեմեզյանի այս գործը զարմացնում է կատարման վարպետությամբ, սրությամբ, ներքին տրամադրությամբ և ներգործող ուժով։ Դիմանկարը դիտողի վրա ազդում է բանտարկյալի մտախոհ ու խստաբարո արտահայտությամբ, կենտրոնացած, շիտակ ու ներթափանցող հայացքով։ Ձախ կողմից ընկած լույսը առատորեն լուսավորում է Թերլեմեզյանի դեմքը, հատկապես նրա բարձր ճակատը, կարծես ինչ-որ լուսավոր քողի տակ հաստատակամ ու համոզված Փանոսը նայում է դեպի իր ապագան, դեպի ազատություն։
Վեց ամիս Ռեվելի բանտում պահելուց հետո, ձմռանը, մերթ ոտքով և մերթ ֆուրգոնով նրան տեղափոխում են Թիֆլիսի Մետեխի բանտը։ Առաջին անգամը չէր, որ Փանոսը ենթարկվում էր բանտարկության և խոշտանգումների, սակայն Ռեվելից մինչև Թիֆլիս, այնտեղից էլ ոտքով դեպի Երևան կատարած տանջալի ու տաժանակիր «ճանապարհորդությունը» խիստ հյուծում է նրան, և նա ծանր հիվանդանում է։ Երկաթյա կամքով օժտված և ապրելու տենչով տոգորված Թերլեմեզյանը այս անգամ էլ հազիվ փրկվում է մահից։ Ոստիկանությունը, չկարողանալով ապացուցել նրա հանցանքը, արտաքսում է նրան Պարսկաստան։ Այնտեղ, ծանոթների և ընկերների օգնությամբ, նա ձեռք է բերում իրանական անձնագիր և գալիք վտանգավոր անցուդարձից և անակնկալ փորձություններից զերծ մնալու համար մեկնում է Փարիզ` շարունակելու կիսատ թողած գեղարվեստական ուսումը։ Նրան հաջողվում է ընդունվել երիտասարդ հայ նկարիչներին հյուրընկալած և մեծ ժողովրդականություն վայելող Ժյուլիենի ակադեմիան, ուր դասավանդում էին բազմաթիվ օտար ու հատկապես հայ արվեստագետների բարեկամ և ուսուցիչ, Ֆրանսիայի նշանավոր նկարիչներ Բենժամեն Կոնստանը և Ժան Պոլ Լորանսը։ Նույն Ժյուլիենի ակադեմիայում այդ տարիներին սովորում էին նաև դասական հայ դիմանկարչության ապագա խոշոր դեմքերից՝ Ստեփան Աղաջանյանը և անվանի գրող Զապել Եսայանի կյանքի ընկեր, պոլսահայ տաղանդավոր նկարիչ Տիգրան Եսայանը։
Ստանալով նյութական օգնություն Խրիմկան Հայրիկից, Թերլեմեզյանն ամբողջությամբ նվիրվում է արվեստին։ Երեսունն անց սկսնակ նկարչի համար թանկ էին րոպեներն անգամ, ու նա նկարում էր զօր ու գիշեր, ամենուր՝ ակադեմիայում, Փարիզի փողոցներում և բուլվարներում, ամեն տեղ, ուր տեսնում էր շրջապատի գեղեցիկ բնությունն ու մարդկանց, Ժյուլիենի ակադեմիայի դռները բաց էին նրանց համար, ովքեր օտար երկրներից եկել էին Փարիզ՝ սովորելու։ Պարապմունքները տևում էին առավոտից մինչև ուշ երեկո։ Նկարչի եռանդից և աշխատասիրությունից էր կախված հաճախման սիստեմատիկ բնույթը։ Փանոսը ամբողջ իր աշխատանքային օրը անց էր կացնում ակադեմիայում։ Շնորհիվ այդպիսի համառ աշխատասիրության, ուսման երկրորդ տարում նա հասնում է մեծ արդյունքի, որը և բարձր է գնահատվում պրոֆեսորների կողմից։ Կարճ ժամանակ անց Թերլեմեզյանին բախտ է վիճակվում ցուցադրվել ֆրանսիական նկարիչների սալոնում` «Բանվորուհին ջրհորի մոտ» նկարով։
Փ. Թերլեմեզյանը շատ է շրջագայել։ Այդ ճանապարհորդությունների սկիզբը եղել է ուղևորությունը դեպի Ֆրանսիայի հյուսիս-արևմտյան շրջանը, դեպի Բրետան և Լա Մանշի ափերը, որտեղից նա իր հետ բերել է մի շարք էտյուդներ։ Այդ վայրերի բնությունից և բնակիչների կենցաղից ստացած տպավորությունների խտացած արդյունքն է վերոհիշյալ նկարը։ Աշխատանքը հիմնականում պեյզաժային բնույթի է, այն Բրետանի գյուղաքաղաքներից մեկի անկազմակերպ փողոցի մի տեսարան է, ուր պատկերված է Ֆրանսիայի հյուսիսային շրջաններին բնորոշ գյուղական երկհարկանի, կղմինդրե թեք կտուրներով տների ինքնատիպ ճարտարապետությունը։ Պատկերի առաջին պլանում նկարված է ջրհորը, որի մոտ գլխահակ և տխուր, ազգային յուրահատուկ զգեստով, նստած է տարիքոտ մի աշխատավորուհի։
Նկարի կոմպոզիցիոն կառուցվածքը ամուր է։ Տների դասավորումը, կոնաձև կտուրների կոնտուրները աշխուժացնում են նկարը և ստեղծում դեպի խորքը գնացող ծեքծեքվող գծերի շարժում։ Պատկերված տները քարաշեն են և իրենց գույներով գրեթե չեն տարբերվում քարքարոտ ու փոշոտ փողոցի գերիշխող գույներից։ Նկարը արևոտ է, սակայն հյուսիսային արևի մեղմությամբ, լուսավոր և ստվերոտ մակերեսների սահուն անցումներով։ Նկարի ընդհանրական տոնը բաց օխրայավուն է` աշխուժացած կտուրների կղմինդրների կարմիրով, երկնքի կապույտով և լուսառատությամբ։
Չնայած նկարը պեյզաժային է, սակայն սովորական էտյուդ չէ, այլ պեյզաժ-պատկեր, որն ունի իր մեջ պատկերից պահանջվող բոլոր բաղկացուցիչների առկայությունը։
Փ. Թերլեմեզյանի, որպես ռեալիստ նկարչի, պեյզաժների առանձնահատկությունն այն է, որ նրա ամենափոքր էտյուդն անգամ կառուցված է պատկերից պահանջվող սկզբունքներով և մոտեցմամբ։ Իսկ պեյզաժային գործերի այդպիսի առավելությունը միշտ էլ նկատելի է այն ռեալիստ վարպետների մոտ, որոնք յուրացրել են այդ դպրոցի սկզբունքները և աշխատել են ստեղծագործական այդ ճշմարտացի մեթոդով։ Մեր գեղանկարչության մեջ մենք այսօր էլ հանդիպում ենք անհաշիվ պեյզաժային էտյուդների, որոնք ինքնանպատակ են և ճշմարտացի չեն արտահայտում բնության տվյալ վայրի բնորոշ պատկերը։ Նրանք սուբյեկտիվ տպավորություններից այն կողմ չեն անցնում։ Բնության տարբեր վայրերի բնութը, որը յուրահատուկ է միայն տվյալ երկրին, և որը փոփոխվում է տարվա տարբեր եղանակներին, անգամ օրվա ժամերին, կամայականորեն ենթարկվում է որոշ նկարիչների սուբյեկտիվ, անհիմն միջամտությանը և անցնելով այդ նկարիչների երանգապնակի ստանդարտ գույների աղքատիկ ցանցով, կորցնում է իր յուրահատկությունը, կենսունակությունը և դառնում միանման։
Օբյեկտիվ բնությունը ռեալիստական սկզբունքներով վերստեղծող նկարիչը, տեսնելով բնության որևէ հատվածի մեջ թաքնված գունային անսպառ գանձը, վերցնում է նրա ամենաբնորոշը, յուրահատուկը և ամեն անգամ տալով այդ պատկերներին ճշմարտացի մեկնաբանում, գտնում է վայրի առանձնահատուկ կոլորիտը և այդպիսով նաև անվերջ հարստացնում իր երանգապնակը։ Թերլեմեզյանը մինչև վերջ հավատարիմ մնաց ստեղծագործական այդ ճշմարիտ մեթոդին և իր ստեղծագործության մեջ ուրույն կերպով զարգացրեց այդ սկզբունքները։ Այդ մեթոդի հետևողական կիրառումով է, որ Թերլեմեզյանի թողած պեյզաժային ժառանգությունը բազմազան է թե իր բովանդակությամբ ու տրամադրությամբ և թե կառուցվածքով ու գունային հարստությամբ։
1903 թ, ամռանը Փ. Թերլեմեզյանը մի քանի ամսով գալիս է Էջմիածին, ներկայանում Խրիմյան Հայրիկին, կատարում է նրա հանձնարարությամբ մի շարք աշխատանքներ և վերադառնում Փարիզ, ուսումը շարունակելու։ Ստանալով անհրաժեշտ գեղարվեստական կրթություն, Թերլեմեզյանը 1904թ. վերջնականապես գալիս է Հայաստան։ Շրջում է անընդհատ և նկարում։ Լինում է Էջմիածնում, Ալագյազում, Սանահինում, Սևանում, Դսեղում, Դիլիջանում, Ալեքպոլում, Անիում և այլուր։ Պատկերում է հայրենի չքնաղ բնությունը, աշխատավոր մարդկանց տիպարներ, նկարում է մի շարք դիմանկարներ և կոմպոզիցիոն կտավների համար էսքիզներ։ Սանահինը նրան գրավում է իր ճարտարապետությամբ, ազգային հոյակապ կոթողներով, ժողովրդական բարքերով ու կենցաղով։ Այդ տպավորությունների տակ Թերլեմեզյանը ՝ ստեղծում է իր գլուխգործոցներից մեկը՝ «Սանահինի վանքի գավիթը» նկարը։ Պատկերի մեջ հեղինակը ընդգծել է հայկական սքանչելի կառուցվածքի ինտերյերի վեհությունը, նրա ոճական գեղեցկությունը, հաստաբեստ սյուների վրա հենված կամարների տակ հնչող երաժշտության ու աղոթքի լիրիկան։ Այդ խորհրդավոր պահը նկարչի կողմից չի պատկերված մռայլ ու ճնշիչ գույներով, ծավալների ու գծերի դիտավորյալ ձևափոխումներով։ Եկեղեցու ինտերյերը նկարված է այնպես, ինչպես այն կա իրականում։ Մուգ օխրայի ընդհանուր գամմայի մեջ գույների լուսավոր առկայծումները, կամարների սլացիկ վերելքը, երեք կանանց կապույտի մեջ մարվող սպիտակ կերպարանքները, դռան արանքից երևացող և մոմերի լույսով ողողված խորքը և վերջապես ոսկեգույնին մոտեցող նկարի գունային ողջ շղարշը պատկերը դարձնում են կենսալի։ Թերլեմեզյանը, որ ուներ հարուստ կենսափորձ, չէր կարող այդ պահը վերապրել միստիկ տրամադրությամբ։ «Սանահինի վանքի գավիթը» ստեղծագործությունը մի գովք է՝ նվիրված հայ ճարտարապետությանը։
Փ. Թերլեմեզյանը լայն ծանոթություն է հաստատում իր շրջանի հայ առաջավոր մտավորականների` Հ. Թումանյանի, Գ. Բաշինջաղյանի, Կոմիտասի, Ե. Թադևոսյանի և ուրիշների հետ։ Լինում է Դսեղում, մեծ լոռեցու հետ անցնում է Լոռին, գնում որսի։ Հ. Թումանյանին նկարում որսորդական զգեստով։
Շրջելով Լոռվա գյուղերն ու սարերը, հանդիպելով և զրուցելով հեքիաթային բնության ծոցում ապրող և տքնող հովիվների հետ, Փ. Թերլեմեզյանը ստեղծում է երիտասարդ, ավելի շուտ պատանի հովվի կերպարը։ Չնայած հովվի առնակակ տեսքին և առաջին պլանում նկարված ինքնապաշտպանության միակ զենքին` խանչալին, պատանու դեմքի, մանավանդ աչքերի արտահայտության մեջ նկատելի է թախիծ, մտահոգություն, ճնշվածություն: Այսպիսի հոգեկան կացությունն ու տրամադրությունը խիստ հատկանշական էին հայ գյուղացու համար, որն ապրում էր քյոխվաների, տանուտերերի կամայականության ու քմահաճության ներքո:
Նկարը կառուցված է ակադեմիական դասական սկզբունքներով, պատկերի շագանակագույն-մով կոլորիտը լիովին արտահայտում է նկարի տրամադրությունը: Հովվի մարմնի համաչափությունները ներդաշնակ են, գծանկարը՝ ամուր, լույս-ստվերի խաղերը մեղմ ու չափավոր։
Ստեղծագործական նույն սկզբունքներով է կառուցված նաև այդ շրջանին համընկնող մի այլ «Ապաշխարողը» («Աստվածաշնչի ընթերցում») նկարը։ Այստեղ պատկերված է կաթողիկոսի հրամանով Սևանա կղզին աքսորված մի վանական, որը ծնկաչոք ընթերցում է և ապաշխարում։
Չնայած թեմայի կրոնական բնույթին, նկարը լուսառատ է, հեռու մռայլությունից։ Թերլեմեզյանը վանականին պատկերել է որպես սովորական մի մահկանացու, որն ինչ-որ գործով մեղանչել է և մենության մեջ այժմ փնտրում է թողություն և հոգու հանգստություն։
Փ. Թերլեմեզյանը սկսած 1907 թ., դարձյալ սկսում է ճանապարհորդել տարբեր երկրներ և իր ստեղծագործությունը հարստացնում է նոր կտավներով։ Լինում է Եգիպտոսում, Փարիզում, Պոլսում, Իզմիրում, Բուրսայում, Կուտինայամ և, վերջապես, 1915 թ. իր ծննդավայր Վանում։ Այդ ուղևորությունների ընթացքում, շուրջ ութ տարի, նկարում է անթիվ պեյզաժներ ու պորտրեներ։ Այդ ժամանակաշրջանի բազմաթիվ ստեղծագործություններից մենք կանդրադառնանք երկուսին, որոնք Թերլեմեզյանի այդ տարիներին ունեցած տրամադրության առումով խիստ բնորոշ են։
Անվանի դարձած և ժողովրդական լայն խավերի սիրուն արժանացած նկարիչը 1910—14 թթ. Պոլսում հանճարեղ Կոմիտասի հետ ապրում է մի հարկի տակ։ Այդ նշանավոր տունը, որը ես անձամբ տեսել եմ, գտնվում էր Բերա թաղամասի Բանկալթի կոչված փողոցում։ Այն դարձավ առաջավոր մտավորականության հաճախակի հանդիպումների մի ժամադրավայր, ուր արվեստի և գրականության ասուլիսների համար գալիս էին Գր. Զոհրապը, Սիամանթոն, Վարուժանը, Տ. Չյոկյուրյանը, Ռ. Սևակը, Երուխանը, Ե. Օտյանը և բոլոր նրանք, ովքեր մտերիմ էին մեծ երաժշտագետի ու գեղանկարչի հետ։
1912 թ. Փանոսը Կոմիտասի հետ մեկնում է նրա ծննդավայրը՝ Կուտինա։ Նրանք ապրում են վրանի տակ։ Ահա այստեղ էլ Թերլեմեզյանը մեծ Կոմիտասին նկարում է ծառի տակ նստած, երաժշտական գործիքը կողքին, խորասուզված նոտաների ընթերցանության մեջ։
Նկարը չափազանց ճշմարտացի է ու մտերմիկ։ Փանոսը իր բարեկամին նկարել է մեծագույն սիրով ու ջերմությամբ: Բացօթյա միջավայրում նկարված այդ պորտրեն գծանկարի ճշտությամբ, դեմքի ու գանգի կառուցվածքով, ընդհանուր նմանությամբ ու մեղմությամբ լավագույններից է, եթե, ոչ լավագույնը, կոմիտասյան պորտրեների ստվար շարքում։ Նկարը զվարթ է իր կոլորիտով, արևի շողքերի ու ստվերների ուրախ խաղերով, լուսառատությամբ։ Այն խիստ տպավորիչ է, և դիտողը հեռանում է նկարից, իր հետ տանելով ինչ-որ թանկագին, բայց և միաժամանակ թախծալի ու անբացատրելի մի զգացում։
Մեծ Կոմիտասի և Թերլեմեզյանի մտերմությունը եղել է շատ անկեղծ, խոր և անքակտելի։ Նրանց բաժանել են միայն վերահաս համաշխարհային առաջին պատերազմը և նրան հաջորդող մեծ եղեռնը։ Տարիներ անց, 1928թ., երբ Թերլեմեզյանը որոշում է վերադառնալ հայրենիք, Կոմիտասին տեսնելու ցանկությամբ անցնում է Փարիզի վրայով։ Փարիզյան հիվանդանոցի խցիկում պառկած ու բանտարկված Կոմիտասը երկար տարիներ ոչ ոքի չի ճանաչել։ Բազմաթիվ ծանոթներ այցելել են նրան ու փորձել վերականգնել նրա մեջ հիշողությունը։ Կոմիտասը ակնապիշ դիտել է նրանց ու քար անտարբերությամբ գլուխը շրջել։ Փանոսը գտել է Կոմիտասին անկողնի վրա նստած, դեմքը շրջած դեպի պատը, դեպի աներևույթ մի աշխարհ։ Փանոսը լացն ու արցունքը հազիվ զսպած ձայնել է՝ Կոմիտաս... Հանճարեղ երաժշտագետը, լսելով հարազատ այդ ձայնը, մի պահ փոխել է իր դիրքը և թափանցող հայացքով երկար նայել է Փանոսին և մի ակնթարթ վերականգնելով իր հիշողության մեջ մտերիմ ընկերոջ կերպարը, տարօրինակ հնչյունով, որը հատուկ է գիտակցությունը կորցրած մարդուն, գոչել է Փանոս... Տասը տարիների ընթացքում առաջին անգամ Կոմիտասը ճանաչել է առաջին մարդուն՝ Փանոսին։ Սակայն ուղեղի այդ լուսավոր առկայծումը տևել է միայն մի պահ, հիշողության բոցկլտումը հանգել է կրկին, մարել է աչքերի կայծը, ու նորից Կոմիտասը դեմքը շրջել է դեպի պատը և թաղվել անհայտ մտորումների խավարի մեջ։
Երկրորդ նկարը, որի մասին կուզեինք մի քանի խոսք ասել, դա Փանոսի ծննդավայրի բարձրագագաթ Սիփան սարի վեհաշուք կերպարն է, որ տարիներ շարունակ ականատես է եղել ասպատակությունների, ավերածությունների, ինչպես նաև ազգապահպանման դարավոր պայքարով վերապրած հայ ժողովրդի ուրախություններին ու հաղթանակներին։
Սիփան սարը նա նկարել է հայրենի բնության հանդեպ ունեցած մեծագույն սիրով ու պաշտամունքի զգացումով։ Լճափի քարքարոտ ու չոր զանգվածը, կանաչակապտավուն մակերեսով լույսը, Սիփանի սպիտակ ու սև գագաթը, երկնագույն ֆոնը, ահա նկարչի չորս ծավալային ու գունային պարզ, սակայն գրավիչ տարրերը, որոնց միահյուսությունը մի ամբողջական գեղանկարչական պոեմ է՝ նվիրված հայրենիքին, ծննդավայրին։
Փ. Թերլեմեզյանը իր անտիպ հուշերում լիրիկական չքնաղ ու թովիչ պատկերներով է նկարագրում իր հայրենի բնությունը, նրա արևածագն ու մայրամուտը, նրա արևաշատ ցերեկն ու պարզկա գիշերները։
1915 թ. Վանի հերոսական պաշտպանությանը ակտիվ մասնակցելուց, ծննդավայրի հանդեպ քաղաքացիական պարտքը սրբությամբ կատարելուց հետո Թերլեմեզյանը անցնում է Անդրկովկաս, ապա՝ Պոլիս, Իտալիա, նորից Փարիզ և 1923թ. մեկնում է Ամերիկա, ուր մնում է մինչև 1928թ., մինչև մայր հայրենիք՝ Սովետական Հայաստան վերջնական վերադարձը։
Երևանում, ծննդյան 75-ամյակի առթիվ կազմակերպված անհատական ցուցահանդեսի բացմանը, իր պատասխան ելույթում Թերլեմեզյանը ասաց սրտի խորքից բխած հետևյալ՝ խոսքերը. «Ես եկել եմ իմ ճակտի քրտինքը խառնելու հայ շինականի քրտինքին, որպեսզի մեր երկիրը՝ իմ Հայաստանը, վերաշինենք»։
Փ. Թերլեմեզյանը ի վերջո հասավ իր իղձերի իրագործմանը՝ սեփական աչքերով տեսավ թուրքական յաթաղանից, դարավոր ու մահաբեր լծից ազատագրված իր ժողովրդի երջանկությունը։ Տեսավ ավերված երկրի վերաշինաթյունը, աշխատավոր հայ ժողովրդի ստեղծարար և խաղաղ աշխատանքը, հայ մշակույթի վերածնունդն ու վերելքը։ Եվ նա նոր ոգևորությամբ սկսեց ստեղծագործել։ Հին սովորության համաձայն, հենց առաջին իսկ տարվանից նա սկսեց շրջել Հայաստանում, նկարելով ինդուստրիալ բնույթի և հերոսական–ռոմանտիկ շնչով հագեցված պեյզաժ-պատկերներ, ինչպես «Ղափանի պղնձաձուլարանը», «Զորագէսը», «Ալավերդին», «Հին Գորիսը», «Գորիսն առավոտյան», «Տաթևի վանքը» և մի շարք այլ հայրենական պեյզաժներ։
Արտասահմանյան տարբեր երկրներում Թերլեմեզյանի նկարած պեյզաժներն ունեն անշուշտ իրենց առանձին հմայքը, գունային ճոխ ու բնորոշ կոլորիտը։ Նկարչի կողմից ամեն մի վայր վերարտադրված է պահպանելով տեղանքի բնորոշ կառուցվածքը, գունային առանձնահատկությանը, ինչպես` «Փարիզի աստղադիտարանը», «Լա Մանշի ափերը», «Բրետանը», «Բոսֆորի ափերը», «Իշխանաց կղզիները», «Նիագարայի ջրվեժը» և Թերլեմեզյանի վրձնին հատուկ մեծ վարպետությամբ, գեղագիտական նուրբ ճաշակով ու զուսպ տակտով կատարված էլի բազմաթիվ այլ գործեր։ Սակայն ինչքան նրանք գեղարվեստական ձևի առումով առաջնակարգ լինեն, չեն կարող հասնել հայրենական պեյզաժների կատարելությանը, որոնք տոգորված են հայրենասիրական տրամադրությամբ, գեղարվեստական ձևի արտահայտչականությամբ: Նրանցից յուրաքանչյուրի մեջ, կարծեք մասունքի նման, պահպանված են Թերլեմեզյանի հոգու պատառիկները, որոնք շաղախված են հայրենասեր մարդու վառ զգացումներով. բանաստեղծական են իրենց էությամբ ու գրավիչ։ Ռեալիստական մեծ շնչով ստեղծված այդ գործերը մեր պեյզաժային դասական արվեստի լավագույն նմուշներից են։
Փ. Թերլեմեզյանը բազմաժանր նկարիչ է։ Նա մեզ թողել է նաև մեր մշակույթի անվանի գործիչների դիմանկարների մի շարք, ինչպես՝ Ա. Շիրվանզադեի, Ավ. ԻսաՀակյանի, Հ. Աճառյանի, Ռ. Մելիքյանի, Ա. Բակունցի և ուրիշների, որոնք, սակայն, գեղարվեստական ձևերի արտահայտչական ուժով, բացառությամբ մի քանիսի, չեն հասնում նկարչի պեյզաժային լավագույն գործերին։ Դրանց մեջ ուշադրության արժանի են Ավ. Իսահակյանի և Ա. Բակունցի դիմանկարները։ Առաջինում նկարիչը կարողացել է դիմագծերի արտաքին նմանությունը տալուց բացի, ներթափանցել նաև մեծ բանաստեղծի հոգու խորքը և նրա խոհական ու սևեռուն հայացքի մեջ արտահայտել բանաստեղծի քնարական ոգին։
Ակսել Բակունցի դիմանկարի հմայքը մտազբաղ, մտախոհ, ու թախծոտ մտավորականի և, կարծեք, իր տխուր վախճանը նախազգող մարդու անմոռանալի կերպարի ռեալիստական պատկերման մեջ է։ Երկու դիմանկարներն էլ, իրենց յուրահատուկ առավելություններով, բացառիկ տեղ են գրավում նկարչի պորտրետային ժանրի գործերի շարքում։
Ռեալիստ վարպետն աշխատել է նաև թեմատիկ պատկեր ստեղծելու ուղղությամբ։ Դեռևս երիտասարդ տարիներից նա ձգտել է իր գաղափարներն ու խոհերը, տրամադրություններն ու որոշ երևույթների հանդեպ իր վերաբերմունքը արտահայտել որոշակի բովանդակություն ունեցող նկարների միջոցով, որոնք, սակայն, մնացել են անկատար, էսքիզային վիճակում։ Ւր ժողովրդի հետ ապրելով 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի արհավիրքները, Փանոսը մտադրվել է ստեղծել այդ թեման արտահայտող կտավներ, ինչպես՝ «Հայ գաղթականները ողբում են իրենց հայրենիքը», «Հայկական կոտորածը», «Պատերազմի արհավիրքները» և այլն։ Տարիներ անց, Սովետական Հայաստանում, 1928-ից հետո Թերլեմեզյանը նորից փորձեր է անում անցնել կոմպոզիցիոն կտավների և կատարում է Էսքիզներ հետևյալ բովանդակությամբ՝ «Խորհրդային գերբը սավառնում է աշխարհի վրա», «Հայ մայրը իր զավակին ձոնում է կարմիր հոկտեմբերին» և այլն։ Այդ գործերի մասին մենք հնարավորություն չունենք խոսք ասելու, քանի որ դրանք մնացել են էսքիզային վիճակում։
Փ. Թերլեմեզյանի արվեստը, ինչպես ասացինք վերևում, հենված էր ռեալիստական ամուր սկզբունքների վրա։ Իր ստեղծագործական ողջ կյանքի ընթացքում Թերլեմեզյանը չի դավաճանել գեղագիտական իր համոզմունքներին և չի ընկել շատերին շլացնող ֆորմալիստական ուղղությունների գունագեղ փակուղիները։ Սակայն այդ չի նշանակում, որ կենսունակ արվեստագետը քառասնամյա իր արվեստը չի հարստացրել ու թարմացրել անցյալի ու ներկայի առաջավոր գեղարվեստական ըմբռնումների բարերար ազդեցություններով։ Եթե սկզբնական շրջանում նրա ստեղծագործությունների մեջ նկատելի էին ակադեմիական դպրոցի գունային պահպանողական գամման և նկարի կառուցման նույն դպրոցի տրադիցիոն օրենքները, ապա հետագա տարիներին Թերլեմեզյանը, կանգնելով կյանքի ու բնության երևույթները հարազատորեն պատկերելու ինքնուրույն ստեղծագործական ուղու վրա, իր երանգապնակը պայծառեցրեց, լուսավորեց, թարմացնելով իր արվեստը նոր հոսանքների ընդունելի տարրերի ներմուծությամբ։
Թերլեմեզյանի ստեղծագործությունը համահնչուն էր իր ապրած ժամանակաշրջանի տրամադրություններին և գեղարվեստական ձևերի ռեալիստական արտահայտությամբ մատչելի ժողովրդի լայն խավերին։ Այդ է պատճառը, որ նրա արվեստը բարձր գնահատվեց ժողովրդի կողմից և սիրելի դարձավ բոլորին։
Փանոս Թերլեմեզյանն իր աչքերն ընդմիշտ փակեց 1941 թ. ապրիլի 27-ին Երևանում։
«Պատմաբանասիրական հանդես», 1965 թ., N 4
Комментариев нет:
Отправить комментарий