вторник, 9 сентября 2014 г.

Պետք է

Ֆեյսբուքն, իհարկե, հետաքրքիր երևույթ է՝ մարդիկ այստեղ ինչ ուզում և ինչպես ուզում գրում են: Ոմանք հայերեն են գրում, ոմանք լատինատառ: Առաջինները հայհոյում են ֆրանկագիրներին, իսկ սրանք էլ, առաջիններին «ցավ» պատճառելու համար, շարունակում են գրել անգլերեն տառերով: Ֆեյսբուքում մարդիկ սիրում են բողոքել՝ դե, ինքներդ էլ լավ հասկանում եք՝ անշառ գործ է: Նստիր համակարգչի առջև ու բողոքիր՝ հարևանից, տաքսու վարորդից, դպրոցից, ուսուցչից, պաշտոնյայից, կնոջից, ամուսնուց, բայց ոչ երբեք՝ քեզանից:




Ֆեյսբուքը նաև հույժ պահանջատեր է: Որքան որ բողոքում են, մի տասն անգամ ավելի սիրում են պահանջել: Պահանջելու գործընթացը, սովորաբար, սկսվում է «պետք է» բառով: Ասենք՝ պետք է ջախջախել մեր դարավոր բոլոր ոսոխներին՝ նույնիսկ նրանց, ովքեր վաղուց հեռացել են պատմության թատերաբեմից: Պետք է այնպես անել, որ մեր սիրելի հայրենակիցները սկսեն գիրք կարդալ: Պետք է ոչնչացնել այդ ատելի ռաբիզը, իսկ իշխանությունը՝ պետք է ոչնչացվի մի քանի անգամ ու անընդմեջ: Ֆեյսբուքը կարծես մի մեծ, անվերջանալի «պետք է»-արան լինի:

«Պետք է»-ի ուշադրության արժանի շարունակությունից է, օրինակ, ծեծելու, պատժելու, արտաքսելու, գլուխը ջարդելու և այլ մանր-մունր պահանջները: Այսինչ աղանդավորին պետք է ծեծել: Կամ՝ բոլոր աղանդավորներին պետք է ուղարկել գրողի ծոցը կամ ավելի հեռու: Այնինչ պաշտոնյային պետք է աշխատանքից ազատել և այլ բազում բազմաթիվ «պետք է»-ներ: Իսկ այն մարդը, ինչ-որ անում է, սխալ է անում, նա պետք է այ այսպես անի: Իսկ թե ով պետք է իրականացնի «պետք է»-ն, պարզ չէ: Այսինքն, պարզ է՝ բոլորը, բացի «պետք է»-ն գրողից:

Թյուր տպավորություն է, թե այս ամենը ֆեյսբուքին կամ դրա նման մեկ այլ ցանցի է բնորոշ: Ֆեյսբուքն այնպիսին է, ինչպիսին մենք ենք:

Комментариев нет:

Отправить комментарий