суббота, 7 февраля 2015 г.

Նիկոլո Մաքիավելի. Քաղաքացիական մենիշխանության մասին

«Տիրակալը» գրքից, գլուխ IX


Այժմ ես կանդրադառնամ այն դեպքին, երբ մարդն իր հայրենիքի տիրակալ է դառնում ոչ թե հանցագործությամբ և անօրինականությամբ, այլ համաքաղաքացիների բարի կամքով, ինչի համար անհրաժեշտ է ոչ այնքան խիզախություն կամ հաջողություն, որքան հաջողակ խորամանկություն: Հարկ է նշել, որ այդպիսի մենիշխանությունը, որը կարելի է կոչել քաղաքացիական, հաստատվում է կամ ժողովրդի կամ էլ վերնախավի պահանջով, քանի որ չկա քաղաք, որտեղ այս եկուսը միմյանց հակադիր չլինեն:
Վերնախավը ձգտում է ենթարկել և կեղեքել ժողովրդին, ժողովուրդը չի ցանկանում ենթարկվել և կեղեքվել. այս երկուսի բախումը հանգուցալուծվում է երեք տարբերակով՝ մենիշխանությամբ, անիշխանությամբ կամ ազատությամբ:


Մենիշխանությունը հաստատվում է կամ վերնախավի կամ ժողովրդի կողմից՝ նայած թե ում է առաջինը ընձեռվել բարենպաստ առիթը: Վերնախավը, տեսնելով, որ չի կարողանում դիմակայել ժողովրդին, յուրայիններից մեկին առաջ է քաշում և հռչակում տիրակալ, որպեսզի նրա թիկունքում իր նպատակներն իրականացնի: Ժողովուրդը նույնպես, տեսնելով, որ ի վիճակի չէ վերնախավին դիմակայելու, որևէ մեկին առաջ է քաշում, որպեսզի նրա իշխանության ներքո պաշտպանություն գտնի:
Վերնախավի աջակցությամբ իշխանություն ստացած մարդուն ավելի դժվար կլինի պահել այն, քան ժողովրդի օգնությամբ եկածին, քանի որ, եթե տիրակալը շրջապատված է վերնախավով, որն իրեն տիրակալին հավասար է համարում, նա չի կարող ոչ հրամայել, ոչ էլ անկախ գործել: Իսկ ժողովրդի օգնությամբ իշխանության եկածը միայնակ է կառավարում, և նրա կողքին չկա կամ գրեթե մեկը, ով չցանկանա ենթարկվել նրան:
Բացի այդ, հնարավոր չէ ազնիվ, առանց ուրիշներին կեղեքելու, բավարարել վերնախավի պահանջները, իսկ ժողովրդի պահանջները հնարավոր է, քանի որ ժողովրդի նպատակն ավելի ազնիվ է, քան վերնախավինը: Վերնախավը ձգտում է կեղեքել ժողովրդին, իսկ ժողովուրդը չի ցանկանում ենթարկվել և կեղեքված լինել:
Բացի այդ, թշնամաբար տրամադրված ժողովրդին ոչինչ անել հնարավոր չէ, քանի որ շատ են, իսկ վերնախավին հնարավոր է, քանի որ քիչ են: Ժողովուրդն, ի վերջո, կարող է իրենից վանել տիրակալին, այն դեպքում, երբ թշնամաբար տրամադրված վերնախավը կարող է ոչ միայն մերժել տիրակալին, այլև հանդես գալ նրա դեմ, քանի որ ավելի շրջահայաց է, նենգ, նախապես փրկության միջոց է փնտրում և ստորաքարշություն անում ուժեղներին:
Բացի այդ, ավելացնեմ, որ տիրակալը չի ընտրում ժողովրդին, բայց կարող է ընտրել վերնախավը, քանի որ պատժելու և ներելու իրավունք ունի, կարող է իրեն մոտեցնել կամ իրենից հեռացնել:
Վերջին մասը ես ավելի հանգամանալից կդիտարկեմ: Վերնախավի մարդկանց հանդեպ պետք է վարվել այնպես, ինչպիսին նրանց արարքներն են: Նրանցից կարելի է երկու տեսակի գործողություններ ակնկալել. Կամ նրանք ցույց են տալիս, որ պատրաստ են կիսելու տիրակալի ճակատագիրը կամ՝ ոչ: Առաջիններին, եթե շահամոլ չեն, պետք է հարգել և լավ վերաբերվել: Երկրորդներին պետք է տարբերակել համաձայն նրանց նկրտումների: Եթե այդ մարդկանց արարքը պայմանավորված է վախկոտությամբ և վճռականության բնական բացակայությամբ, ապա նրանց կարելի է օգտագործել, առավել ևս, եթե որևէ աշխատանքի փորձ ունեն: Եթե նրանց արարքը դիտավորություն է՝ փառասիրությամբ պայմանավորված, ապա նշանակում է, որ իրենց տիրակալից ավելի կարևոր են համարում: Այդ դեպքում նրանցից պետք է զգուշանալ ու վախենալ ոչ պակաս, քան բացահայտ թշնամիներից, քանի որ դժվար պահին նրանք կարող են կործանել տիրակալին:
Եվ այսպես, եթե տիրակալը իշխանությունը ստացել է ժողովրդի աջակցությամբ, ապա պետք է ձգտի պահպանել նրա ընկերությունը, իսկ դա դժվար չէ, քանի որ ժողովուրդը միայն պահանջում է, որ իրեն չկեղեքեն:
Եթե տիրակալը իշխանությունը ստացել է ժողովրդի կամքին հակառակ՝ վերնախավի աջակցությամբ, ապա պետք է նախևառաջ ընկերանա ժողովրդի հետ, ինչը շատ հեշտ է անել, եթե տիրակալը իր հովանավորությունն ապահովի ժողովրդին: Մարդիկ այդպիսին են. Հանդիպելով բարի վերաբերմունքի նրանից, ումից վատն են ակնկալում, մարդիկ է՛լ ավելի են կապվում բարություն անողին: Այդ պատճառով ժողովուրդն ավելի դրական է տրամադրվում տիրակալի հանդեպ, քան եթե ինքը նրան իշխանություն տար:
Իսկ ժողովրդի աջակցությունը կարելի է տարբեր միջոցներով ստանալ, որոնց մասին ես չեմ խոսի, քանի որ դրանք շատ են և մեկ միասնական օրենքի չեն ենթարկվում:
Եզրափակելով՝ ասեմ միայն, որ տիրակալը պետք է ընկերություն անի ժողովրդի հետ, հակառակ դեպքում, երբ դժվարին ժամանակներ լինեն, նրան կտապալեն:
Եթե ժողովրդի վրա հենվում է տիրակալը, որը չի խնդրում, այլ առաջնորդում է, եթե նա խիզախ է, չի ընկճվում դժբախտություններից, չի անտեսում անհրաժեշտ պաշտպանությունը և ի վիճակի է իր հրամաններով ու խիզախությամբ քաջալերել շրջապատի մարդկանց, նա երբեք չի հիասթափվի և կարժանանա այդ ամուր աջակցությանը:
Հենց դժվարին պահին են տիրակալին միշտ պակասում վստահելի մարդիկ, չէ՞ որ հնարավոր չէ վստահել խաղաղության պայմաններում տեսածին, երբ քաղաքացիներին պետք է պետությունը: Այս ժամանակ ամենքը շտապում են խոստումներ տալ, ամենքը — մահը հեռու է, ախր — խոսում են տիրակալի համար կյանքը զոհաբերելու պատրաստակամության մասին, իսկ երբ դժվար պահին պետությունն իր քաղաքացիների կարիքն է ունենում, պարզվում է, որ նրանք քիչ են: Եվ այսպիսի փորձությունը վտանգավոր է, քանի որ միայն մեկ անգամ է լինում: Այդ պատճառով իմաստուն տիրակալը պետք է հոգ տանի, որ քաղաքացիները միշտ և ցանկացած պայմանում տիրակալի և պետության կարիքն ունենան. միայն այդ դեպքում նա կկարողանա վստահ լինել նրանց հավատարմությանը:
Թարգմանությունը Մ. Յալանուզյանի

Комментариев нет:

Отправить комментарий