вторник, 3 февраля 2015 г.

Րաֆֆի. Նամակ Կ. Պոլսից

Տաճկաբնակ հայերը, ասում ենք, թե վայելում են ազատություն: Տաճկաբնակ հայերը, ասում են, թե առաջ են ընթանում: Այդ խոսքերը խիստ քաղցր կերպով հնչում են, ոչ միայն ամեն մի հայ մարդու ականջին, այլ ընդհանուր մարդկության բարեկամներին նոքա հաճություն են պատճառում:

Եվ իրավ, լրագրների մի շարք, որք ցոլացող աստղերի նման, հաջորդաբար երևում են, փայլում են, և դարձյալ կորչում են հայկական գրականության խավար մթնոլորտի մեջ. ազգային սահմանադրական վարչություն, հրապարակական դասախոսություններ, թատրոնական բեմ. երկսեռ դպրոցներ և այլն. — այդ ամենը պնդում են լսողների համոզմունքը տաճկաբնակ հայերի առաջադիմության մասին:
Բայց խորին կերպով հետազոտելով այդ ուրախացուցիչ երևույթների ներքին էությունը, մենք գտանում ենք անմխիթար դատարկություն:

Լրագրությունը ավելի զբաղված է օտարներով, քան թե յուրյանով: Նա հայտնում է, թե ինչ է խոսում ամեն օր Թիերը յուր կաբինետում, բայց չգիտե յուր տան մեջ ինչեր են լինում, չգիտե, թե Վասպուրականի, Մշու, Բաղեշի, Կարնու և փոքր Ասիայի զանազան անկյուններում, ինչեր են պատահում խեղճ հայերի հետ և ի՞նչ դրության մեջ է նոցա վիճակը: Նա ընդհանուր Եվրոպայի ճակատագիրն է վճռում, բայց հիշյալ երկրներում բնակվող յուր ազգայինների տնտեսական և մտավորական կյանքի մասին շատ քիչ է մտածում:

Փոխանակ ազգի վիճակագրական և նորա տնտեսական դրությունը արտահայտող հոդվածների և գավառական նամակների, մենք կարդում ենք լրագրության մեջ շատ անգամ աննշան և աննպատակ բանակռիվներ, որք ավելի անձնականության են դիպչում, որք պարունակում են յուրյանց մեջ ավելի երգիծական սրախոսություններ և հաճախ կեղտոտ հայհոյանքներ, քան թե միտք, լոգիկա և առողջ դատողություն:
Իհարկե, լինում են բացառություններ, բայց այդ բացառությունները դժբախտաբար այնքան փոքր են թվով, և այնքան չնչին, մինչ ընդհանուրի մեջ կորցնում են յուրյանց նշանակությունը:

Ազգային սահմանադրությունը հանապազ երերման մեջ է: Նա եղել է խաղալիք զանազան կուսակցությունների և նոցա ներկայացուցիչ այս և այն էֆենդիների: Նա զբաղված է միշտ Պոլիսով և Բյուզանդիոնի պարսպներից դուրս չէ գնում: Կարծես, թե մեր մյուս տաճկաբնակ հայերը զուրկ լինեն այդ արտոնություններից...

Հրապարակական դասախոսությունները ունեն փոքր ի շատե բավականացուցիչ կերպարանք յուրյանց ներկայիս համապատասխան բնավորությամբը: Որո ընդհակառակն թատրոնական բեմը հայոց խոսքով դեռ մեծ մասամբ ֆրանսիական վայրիվերո, միմիայն երևակայության և աչքի վերա ազդող պիեսաներ է ներկայացնում, թողելով բուն ազգային կյանքի դաշտը:

Դպրոցները, — իբրև այս և այն պարոնի, իբրև այս և այն սրբազանի մենավաճառության մեքենա, — անհաստատ դրության մեջ են: Նոքա կողպվում են, բացվում են, ընկնում են, կանգնում են և հանապազ փոփոխությունների մեջ են ապրում, որքան փոխվում են այն անհատները, որոց կամքից և կրքերից կախումն ունի հասարակական կրթության գործը:

Ժողովուրդը այդպիսի հանգամանքներում բոլորովին կրավորական դեր է խաղում: Նա, որո ուսերի վերա է բարձած այդպիսի հիմնարկությունների բոլոր նյութական ծանրությունը, նորա իրավունքները սարսափելի բռնաբարության ենթակա են:

Գրականությունը չէ ներկայացնում մի բավականացուցիչ երևույթ: Գրական գիտությունների ինքնաստեղծ, ինքնուրույն հեղինակությունները այնքան աննշան են, որ չլինելության հաշվում պետք է դնել նորանց: Թարգմանությունը, — փոխանակ յուրյան պարապեցնելու Եվրոպայում ընդունված մանկավարժական, գիտնական և արհեստական գրքերի ի հայ լեզու վերածելուն, որոցմե այնքան զուրկ են դպրոցները, — զբաղված է վեպերով, ռոմաններով և երգերով: Այդպիսի գրքերի ազդեցությանը պետք է վերաբերել պոլսեցի հայի այն դյուրագրգիռ և ոչնչով ոգևորվող, ֆրանսիական թեթևությունը, որ է հատկանիշ նորա աշխույժ բնավորությանը:

Մի առարկա, որ առավելապես զբաղեցնում է տաճկաբնակ հայոց կրթյալ դասի մտածմունքը, մի առարկա, որին գլխավորապես նվիրել է յուրյան ազգային մամուլը, — է կղերական խնդիրը: Այդ պարոնները աշխատում են նորից կյանք տալ կղերին, կրթել նորան, բարվոքել նորա դրությունը: Որպեսզի նա, նորից ուժ ստանալով, կարողանա համարձակ տանել ազգային վարչության սանձը: (՞ ՞: )

«Ասանկ ալ պետք է ընել, ախբար, մեր ազգը կրոնական ազգ մըն է կոր»: — Ասում է ինձ մի ֆեսվոր պարոն:

— Կղերի դարը անցավ:

Մենք տեսանք և տեսնում ենք այն ազգերի թշվառ վիճակը, որք յուրյանց կառավարության սանձը հանձնել էին կղերին:

Թող նոքա կարդան յուրյանց սաղմոսը և Նարեկը և ազգի հանգուցյալների հոգուն աղոթք անեն: Իսկ կենդանիների վերա մտածելը նորանց չէ պատկանում:

Ինչ եմք հասկանում մենք այդ խոսքերովս կենդանիներ: Արդյոք վսեմափառ ամիրանե՞րն են դոքա, թե մեծապատիվ էֆենդիները: Արդյոք արծաթասեր չորբաջինե՞րն են դոքա, թե շնորհավաճառ փափազները: Ո՛չ. դոցանից և ո՛չ մինը: Դոքա ազգային մարմնի կազմվածքի մեջ փտած նյութեր են:

Կենդանիներ ասելով, մենք հասկանում ենք Պոլսե և Տաճկաստանի զանազան քաղաքներում գաղթած այն պանդուխտ մշակները, որք խաներում, իսկալաներում, մեյդաններում, սոխախներում մաշվում են բեռնակրությամբ: Կենդանիներ ասելով, մեք հասկանում ենք, Ռումելիի, Փոքր Ասիայի, Բաղեշու, Մշու, Կարնի և այլն մեր թե՛ գյուղացի և թե՛ քաղաքաբնակ ազգայինները, այն ճնշված և հարստահարությանց մեջ մաշված հայերը, որոց մեջ դեռևս պահպանվել է ազգային առանձնությունների կենդանի տարրը, որք կազմում են ազգայնության գլխավոր ուժը:

Նոցա համար պետք է մտածել, նոցա համար պետք է գործել, մեր հույսը նոքա են....

Комментариев нет:

Отправить комментарий