воскресенье, 31 августа 2014 г.

«4 րոպեանոց մարդիկ»

1917թ. ապրիլին ԱՄՆ նախագահ Վիլսոնի հրամանով ստեղծվում է Հանրային տեղեկատվական կենտրոնը (ՀՏԿ), որի նախագահ է նշանակվում «Դենվեր Փոսթ» և «Ռոքի Մաունթին Նյուզ» թերթերի փորձառու լրագրող Ջորջ Քրիլը (George Creel): Նա համոզել էր նախագահին, որ անհրաժեշտ է հիմնել պետական գործակալություն, որը ոչ թե քարոզչությունն է համակարգելու, ինչպես Գերմանիայում, այլ առաջնորդվելու է «պրոպագանդա» բառի իսկական նշանակությամբ (propaganda նշանակում է հավատի տարածում, ծագում է Congregatio de propaganda fide արտահայտությունից, որը 17-րդ դարում առաջին անգամ ընդունել և կիրառել է կաթոլիկ եկեղեցին):

Այս կառույցի նպատակներից մեկը ԱՄՆ քաղաքացիներին համոզելն էր, որ ԱՄՆ-ն պետք է մասնակցեն համաշխարհային պատերազմին: Սա ուշագրավ դրվագ է, քանի որ 1917թ. Վուդրո Վիլսոնի նախընտրական քարոզարշավի առանցքային կետերից մեկը «Մենք հեռու կմնանք պատերազմից» լոզունգն էր:
Լուսանկարը՝ loc.gov




Քրիլը որոշում է ստեղծել կամավորների հսկայական բանակ, ովքեր ԱՄՆ տարբեր նահանգների ու քաղաքների հանրային վայրերում, հատկապես՝ կինոթատրոններում պետք է ելույթներ ունենային և պետական տեսակետները կարճ ու հանրամատչելի ներկայացնեին հանրությանը: Կամավորները պետք է խոսեին պետության պաշտպանության, պատերազմում հաղթանակի հասնելու վճռականության, տարատեսակ հիմնադրամներին օգնելու և այլ խնդիրների մասին: Կինոթատրոններում ելույթները պետք է հնչեին ֆիլմի ժապավենի կոճը փոխելու ընդմիջման ընթացքում, որը տևում էր 4 րոպե: Հենց այդ պատճառով նրանց սկսեցին կոչել «4 րոպեանոց մարդիկ» (4 minute men):

Հանրային տեղեկատվական կոմիտեն կամ, ինչպես ասում էին՝ Քրիլի կոմիտեն կամավորներին տրամադրում էր քարոզչական գլխավոր թեմաներն ու անհրաժեշտ նյութերը: Այս կազմակերպությունը համարվում էր ՀՏԿ-ի ստորաբաժանումներից մեկը, որի տնօրենը Ուիլյամ Բլեյերն էր: Նա աշխատում էր կազմակերպության տեղական մասնաճյուղերի և ՀՏԿ-ի հետ համատեղ:




Կարճ ժամանակ անց «4 րոպեանոց մարդկանց» ստորաբաժանումներ են ստեղծվում ԱՄՆ գրեթե բոլոր նահանգներում և խոշոր քաղաքներում: Հարկ է նշել, որ այս կազմակերպությունն աշխատում էր բավականին հստակ ու խիստ կանոնակարգով: Կամավորների աշխատանքը կարգավորելու նպատակով ստեղծվում է հատուկ ուղեցույց, որը նախանշում էր հռետորների պարտականություններն ու գործելակերպը, սակայն նրանք նաև ինքնուրույն ստեղծագործելու և որոշումներ ընդունելու հնարավորություն ունեին: Ահա այդ կանոնակարգի որոշ դրույթներ.

  • Հռետորը պետք է կարողանա ինքնուրույն հասկանալ, թե տվյալ լսարանը որքանով կհետաքրքրվի ստանալիք հաղորդագրությամբ,
  • Առանց լրացուցիչ անհրաժեշտության շաբաթական երկու անգամից ավելի ելույթներ չկազմակերպել,
  • Հռետորը պետք է նախօրոք ժամանի կինոթատրոն, հանդիպի տնօրենի և ինժեների հետ, լուծի կազմակերպչական հարցերը: Նա պետք է հստակ իմանա ընդմիջումների պահը և երբեք չգերազանցի նախատեսված 4 րոպե ժամանակը,
  • Ունկնդիրների հարցերին հռետորը չպետք է պատասխանի, քանի որ ունի ժամանակային սահմանափակում,
  • Անհրաժեշտ է խուսափել կինոթատրոնների սեփականատերերի և տնօրենների հետ ցանկացած ընդհարումից. նրանց հետ պետք է լինել հարգալից ու ջերմ, քանի որ նրանք հնարավորություն են տալիս աշխատել «4 րոպեանոց մարդկանց»:

Ուղեցույցում նշված էր նաև, որ մեծ թվով մարդկանց անհրաժեշտության պայմաններում հնարավոր չէ ներգրավել միայն լավ հռետորների. ավելի լավ է վատ հռետոր ունենալ, քան ընդհանրապես չունենալ:

Փաստաթղթում 1-ից 4 շաբաթ տևողությամբ ժամանակացույցով նշված էին նաև «4 րոպեանոց մարդկանց» ելույթի հիմնական թեմաները: Դրանք էին.

  • Ազատության պարտատոմս – մայիսի 2-ից մինչև հունիսի 15-ը, 1917թ.
  • Կարմիր խաչի 100 մլն դոլարանոց արշավը – հունիսի 18-ից մինչև հունիսի 25-ը
  • Սննդի պահեստավորում – հուլիսի 1-ից մինչև հուլիսի 14-ը
  • Ինչո՞ւ ենք մենք կռվում – հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 5-ը, և այլն:

Հռետորներին տրվում էին նաև առանձին խորհուրդներ և առաջարկներ

  • Ելույթը պետք է լինի 4 րոպեից ոչ ավելի, ինչը նշանակում է, որ ոչ մի ավելորդ բառի ժամանակ չկա,
  • Ելույթը բաժանիր հստակ մասերի, օրինակ՝ 15 վայրկյան ամփոփիչ կոչի, 15 վայրկյան՝ ներածության, 45 վայրկյան՝ պարտավորությունների մասին խոսելու համար և այլն,
  • Չկա այնպիսի ելույթ, որը հնարավոր չլինի կատարելագործել: Երբեք մի բավարարվիր ձեռք բերվածով,
  • Ամեն օր կարդա թերթերը, առանձնացրու նոր կարգախոսներ, արտահայտություններ, գաղափարներ, որոնք կարող ես օգտագործել ելույթում,
  • Մի տրվիր պահի ոգևորությանը կամ ծափահարություններին: Դա չի նշանակում, որ չես կարող 1-2 բառ ավելացնել, բայց հիշիր, որ մարդը մեկ րոպեում կարող է արտասանել 130-150 բառ, հետևաբար, եթե քո ելույթը նախատեսված է 4 րոպեի համար, դու չես կարող ոչինչ ավելացնել, առանց ինչ-որ կարևոր միտք անտեսելու:

1917թ. ապրիլից մինչև Առաջին համաշխարհայինի ավարտը 75 հազար քաղաքացիներ կամավոր համագործակցում էին «4 րոպեանոց մարդկանց» քարոզչությանը, և, ըստ հաշվարկների, շուրջ 11 մլն քաղաքացիներ լսել էին նրանց ելույթները:

Комментариев нет:

Отправить комментарий