вторник, 2 сентября 2014 г.

Ուրմիայի ջոկատի բախումը Աբդուլա բեկի քրդերի հետ. Շարունակություն

Սկիզբ

Ուշեի ու Սոուջբուլաղի վրայով դեպի հարավ արշավանքը սկսելուց առաջ անհրաժեշտ էր պարզել Քուրդաբեկի հարաբերությունները նրանց հետ, ով ոչ մի կերպ չէր արձագանքել ներկայացված պահանջներին, որոնց արդարացիությունն անգամ քրդերն էին ընդունում:

Ճամբարում կենտրոնացված ուժերը անհապաղ երթի պատրաստ էին՝ ըստ անհրաժեշտության դեպի հարավ Ուշնեի շրջան, կամ արևմուտք՝ Տերգեվերի կենտրոն Ամբի գյուղ, ուր ապրում է Քուրդաբեկը:


Հաշվարկներն ու գործիքները բեռնելու պատրաստ էին, զորքին ճշգրտված քարտեզներ էին բաժանում, քանի որ առկա 5 վերստանոց քարտեզները պիտանի չէին գործողության համար, հետախուզվում էին ճանապարհներն ու ուղիները, ինչպես նաև՝ լեռնագագաթները, որոնք կարող էին հարձակման ժամանակ շարասյուների համար հելիոգրաֆիկ կապ ապահովել:

Քուրդաբեկին հնազանդեցնելու համար նախատեսվում էր շարժվել Ամբի և պահանջել հանձնել մեղավորներին, իսկ չենթարկվելու դեպքում ուժի դիմել, օրինակ՝ պայթեցնել մեղավորների տները:

Երթի նախօրեին տեղեկություն ստացվեց, որ Քուրդաբեկը Ամբիում չէ, բայց այնտեղ է պատսպարվել Դիզա Մերգեվերի մարտի ժամանակ վիրավորված Քյագրիսի բնակիչը, իսկ հրաձիգ Գորելովի վրա հարձակված քրդերը Բալյուլան գյուղում են:

Հաշվի առնելով, որ Քուրդաբեկն ու իր զինյալների մեծ մասը Տերգեվերի շրջանում չեն, ջոկատի հրամանատարը համազորային ավագ Սկլյարովի գլխավորությամբ հեծյալ խմբին հրամայում է հունիսի 11-ի լույս 12-ի գիշերը շրջապատել Ամբին և Բալյուլանը՝ փնտրվող քրդերին ձերբակալելու համար: Սրանով փորձ էր արվում նաև մեղմել Քուրդաբեկի՝ վիրավորներին հանձնելու գործը, քանի որ տեղական սովորության համաձայն առանց իր հեղինակությունը սասանելու նա չէր կարող հանձնել իր ցեղակիցներին:

Հուլիսի 12-ին երկու գյուղերն էլ շրջապատվում են, սակայն վիրավորին Ամբիում չեն գտնում, իսկ երեք քրդերի փոխարեն, ովքեր փախել կամ թաքնվել էին, պատանդ են վերցնում նրանց քեռուն: Որպես պատիժ Ամբիի բնակիչների ներկայությամբ պայթեցնում են Քուրդաբեկի, իսկ Բալյուլանում՝ փախած քրդերի տները: Հուլիսի 12-ի երեկոյան հեծյալ ջոկատը վերադառնում է Սիրի ճամբար:

Հուլիսի 12-ին, ժամը 16-ն անց 30-ին հյուպատոսից հեռագիր ստացվեց, որ Քուրդաբեկի մարդիկ հեծյալ ջոկատի հեռանալուց հետո թալանել են ասորական Շեյբան և Թուլյուկի բնակավայրերը, իսկ Մովանում 30-40 զինված ասորիներ ամրացել են բնակավայրի եկեղեցում և դիմադրում են քրդերին (Այս տեղեկությունը հաստատում է նաև Ուրմիայի ուղղափառ առաքելության վարդապետ Սերգիյը, ով ժամանել էր Սիր):

Ըստ այդմ՝ որոշվեց շարժվել Տերգեվեր՝ պաշարյալներին ազատելու և, դիմադրության դեպքում, տեղական քուրդ բեկերին պատժելու:

Երեկոյան ժամը 18-ին Ուրմիայի ջոկատը երեք շարասյունով շարժվում է Տերգեվեր՝ աջակողմյան շարասյան առջևից տեղակայելով հեծելազորը: Ջոկատի հրամանատարն ու հյուպատոսը նույնպես աջ թևում էին:

Տերգեվերի դաշտավայրը կիսաշրջանաձև է, որի ուղիղ մասը հարում է բարձր ու դժվարանցանելի սահմանային լեռնաշղթայի՝ ուր նույնիսկ հիմա տեղ-տեղ ձյուն է: Հաքքի, Բալյուլան, Ամբի և Սիլիկ գյուղերը այդ լեռնաշղթայի ստորոտում են, որտեղով հազիվ նշմարվող արահետներ են անցնում դեպի Թուրքիա, ուր նույնիսկ տեղանքին քաջածանոթ լեռնականները դժվարությամբ են մագլցում: Գագաթի մոտ՝ լեռնաշղթայի ծալքերում քողարկված են քրդերի ամառային քոչատեղիները, որոնք հիմնականում արդեն Թուրքիայի տարածքում են: Քրդերի ու ասորիների ոչխարի հոտերն այդ դժվարամատչելի ձյունածածկ լանջերին են արածում:

Հավելված 1

Հավելված 1

Արևելքից Տերգեվերի դաշտավայր կարելի է հասնել երեք ճանապարհով, որոնք հատում են Մովան, Թուլյուկի բնակավայրերը: Բացի այդ, Թուրքիայից Հաքքի, Դոստոլանի միջով շրջանցիկ ճանապարհ կա դեպի Մովան և Բալյուլան:

Լեռնային թնդանոթները Սիրի ճամբարից Տերգեվերի դաշտավայր կարող են հասնել բավականին երկար ու շրջանցիկ ճանապարհով՝ Ջանվեսլի–Սանդյար–Անգար, դեպի Քյալվուր, որտեղից սկսվում է 9 վերստանոց դժվարին լեռնանցքը՝ ընդամենը 8 ժամվա ճանապարհ:

Քյալվուրից Շեհզամինով դեպի Թուլյուկի է անցնում 13 վերստանոց ուղիղ ճանապարհը, որով հնարավոր է ճակատային գրոհ ձեռնարկել: Սիրից ավելի կարճ՝ 6 ժամանոց ճանապարհ կա. Մար-Սարգիս–Ջանվեսլի–Բերդեսուր գետի կիրճով–Քարայ Քոյ–Սուլիկ Չամանի ուղիով: Տեղ-տեղ այն անցնում է լեռնային քիվերով՝ հատկապես գիշերը դժվարություն ստեղծելով թնդանոթների փոխադրման համար:

Գագաթները հարմար են Սիրի հետ հելիոգրաֆիկ կապ պահպանելու համար. Սիրի հետ անմիջական կապի բացակայության դեպքում Թուլյուկիից կապը կարող է հասնել Չաման կամ Մովան: Միայն Ամբի-Սուլիկի գագաթներից է հնարավոր ուղիղ կապ հաստատել Սիրի հետ:

Հավելված 2


Համաձայն Ուրմիայի ջոկատի հրամանատարի հրամանի՝ գնդապետ Վաչնաձեի ղեկավարությամբ գործող աջ շարասյունը բաղկացած էր հետևյալ ուժերից. Կովկասյան 5-րդ հրաձգային գնդի մեկ գումարտակ, հետախուզական խումբ, լեռնային 2 թնդանոթ, Պոլտավական 1-ին կազակական գնդի կես հարյուրյակ: Կենտրոնական շարասյունը գործում էր կապիտան Գարդաբխաձեի հրամանատարությամբ և բաղկացած էր 5-րդ կովկասյան գնդի մեկ վաշտից և երկու գնդացրից, Շիրվանի 84-րդ հետևակային գնդի կապի խմբից և Պոլտավայի կազակական գնդի մեկ դասակից: Ձախ թևի հրամանատարը գլխավոր շտաբի գնդապետ Դիդենկոն էր՝ հետևյալ ուժերով. 5-րդ կովկասյան գնդի երկու վաշտ, երկու գնդացիր, Շիրվանյան գնդի կապի խումբը և կազակների կես հարյուրյակ: Հեծելազորը բաղկացած էր լեռնա-մոզդոկյան 1-ին կազակական գնդի 2 հարյուրյակից՝ զորային ավագ Սկլյարովի գլխավորությամբ:

Ջոկատի գրաստը տեղափոխում էր 50 փամփուշտ յուրաքանչյուր հրացանի համար (ևս 200-ական փամփուշտ ուներ յուրաքանչյուր հրաձիգ), պաքսիմատի 2 օրվա պաշար և յուրաքանվաշտի համար 2-ական կաթսա: Լեռնային թնդանոթներից յուրաքանչյուրն ուներ 120 հրետանային փամփուշտ զինամթերք:

Թիկունքում՝ Սիրի ճամբարում մնացել էին Շիրվանյան 84-րդ հետևակային գնդի 2 վաշտ, 2 լեռնային թնդանոթ, 75 հեծյալ, Ուրմիայում տեղակայված Կովկասյան հրաձգային գնդի մեկ վաշտ՝ գլխավոր շտաբի գնդապետ Ժիկուլինի ընդհանուր հրամանատարությամբ:

Շարունակելի
Թարգմանությունը Մ. Յալանուզյանի

Комментариев нет:

Отправить комментарий