Կովկասյան ռազմական օկրուգի շտաբ
Գաղտնի
Հարակից պետությունների մասին հետախուզությամբ ձեռք բերված տեղեկությունների ամփոփագիր
1-ից 15-ը օգոստոսի, 1913թ., N 52
Թիֆլիս, Կովկասյան ռազմական օկրուգի շտաբի տպարան, 1913թ.
Կալա-Զևայի և Դիզա Մերգեվերի մոտ մեր ջոկատի բախումը Աբդուլա բեկի քրդերի հետ ամբողջովին ավարտված չէր: Հակառակորդը զգալի կորուստ էր կրել, սակայն Աբդուլա բեկի քրդերը կարողացան գիշերը հեռանալ: Հավանաբար այս հանգամանքն էր, որ քրդերին առիթ տվեց բնակչության շրջանում կեղծ տեղեկություններ տարածել (այդ մասին մենք իմացանք Ուրմիայում) այն մասին, թե Դիզա Մերգեվերի մոտ ծանր կորուստներ ենք կրել և դրանք թաքցնելու նպատակով այրում ենք մարտի դաշտում սպանված մեր զինվորների դիակները:
Դիզա Մերգեվերի կռվում ի հայտ եկավ տեղական երկու խոշոր բեկերի՝ Քուրդաբեկի և Քերիմ խանի կասկածելի վերաբերմունքը մեր նկատմամբ: Թեև մարտի պահին նրանք երկուսն էլ շեյխ Թաղիի հետ հյուպատոսի մոտ էին, սակայն վերջինիս մարդիկ, լինելով մեր ջոկատի թիկունքում, խարույկներով ազդանշան էին տալիս Աբդուլա բեկի քրդերին, իսկ առաջինի մարդիկ՝ զբաղեցնելով Աբդուլա բեկի ջոկատի թիկունքը և թևերը, նրա զինյալներին անարգել բաց թողեցին իրենց դիրքերի մոտով՝ չտեղեկացնելով մեզ: Իսկ նրանցից ոմանք թիկունքից և թևերից նույնիսկ կրակ բացեցին մեր զորքերի վրա: Ինչպես հայտնի է, այդ պայմաններում մեր թիկունքում հրաձիգի կրակոցից սպանվում է Քուրդաբեկի ազգականներից մեկը:
Վերոնշյալ բեկի այս երկդիմի գործելակերպն ավարտվեց դավաճանությամբ. հրաձիգ-հետախույզ Գորելովը Դիզա Մերգեվերի մոտ պատահում է երեք քրդի, պատրաստվում է կրակել, սակայն քրդերը կանգնեցնում են նրան՝ հայտնելով, որ հյուպատոսությանն են ենթարկվում և հավատարիմ են ռուսներին: Գորելովը գնում է նրանց հետ, սակայն ճանապարհին քրդերը հարձակվում են նրա վրա, վախենալով, որ կրակոցով կգրավեն մոտակայքով անցնող զորքի ուշադրությունը՝ սկսում են խեղդել, վերցնում են հրացանը, սվինի չորս հարված հասցնում և փախչում:
Քուրդաբեկի քրդերի մասնակցությունն այս դեպքին ապացուցվում է այն հանգամանքով, որ հյուպատոսի պահանջով նա անձամբ վերադարձնում է հրացանը:
Այսպիսով՝ ռուսական զինված ուժերի նկատմամբ վախի մասնակի նվազումը, ինչը հունիսի 15-16-ի անավարտ կռվի հետևանքն էր, Քուրդաբեկի մարդկանց դավաճանությունը, մարտի ընթացքում և հետո նրա երկդիմի պահվածքը եղան Դիզա Մերգեվերի մարտի հետևանքները:
Աչք փակել այս ամենի վրա կամ մատների արանքով նայել անթույլատրելի է՝ Ռուսական կայսրությանը տեղական ցեղերի լիակատար և անառարկելի հնազանդությունը պահպանելու առումով: Հակառակ դեպքում, մոտ ապագայում կառաջանային մի շարք բարդություններ, որոնց այդքան հաճույքով աջակցում էին թուրքերը, իսկ վերջին ժամանակներում՝ որոշ տեղեկություններով նաև տեղական վարչակարգը:
Ահա այն հիմքերը, որոնք, հյուպատոս Գոլուբինովի լիակատար համաձայնությամբ, դրդեցին Ադրբեջանական ջոկատի հրամանատարին Դեզե Մերգեվերի մարտի հետևանքները վերացնելու քայլեր մշակել: Հաստատված ծրագրի առաջին քայլը Աբդուլա բեկի ձերբակալությունն էր՝ մեր զորքերին դիմադրություն ցույց տալու մեղադրանքով:
Ըստ էության, Պարսկաստանում զրկված լինելով հողերից, հետևաբար և ազդեցությունից, մարդկանցից ու եկամուտի զգալի մասից, Աբդուլա բեկը, չի կարող նախկին դերակատարությունն ունենալ, սակայն անհրաժեշտ էր ցույց տալ ամբողջ Քրդստանին, որ մեր վրա զենք բարձրացնողը պետք է անձամբ պատժվի, և ոչ մի պայմանով չի կարող մնալ Պարսկաստանի տարածքում, որտեղ նա կդառնա միայն նոր դավերի ու անկարգությունների ունակ տարր:
Երկրորդ կետով Քուրդաբեկից պահանջվում էր հրաձիգ Գորելովի վրա դավաճանաբար հարձակված մարդկանց հանձնումը՝ նրանց դատելու համար:
Առանձնապես հույս չունենալով, որ Քուրդաբեկը կկատարի այս պահանջը, որը քրդական լայն շրջանակներում քննարկման առարկա էր դարձել, ջոկատի հրամանատարը ցանկանում էր ընդգծել, որ ոչ միայն անպատիժ չի մնա ռուս զինվորի սպանությունը, այլև կպատժվի թիկունքից հարվածելու ցանկացած փորձ:
Իր ցեղակիցներին հավանական մահապատժի հանձնելուց բացի, Քուրդաբեկի տրամադրության տակ մնում էին մեր գոհացումը ստանալու մի շարք այլ միջոցներ, սակայն Քուրդաբեկը դրանցից ոչ մեկից չօգտվեց, իսկ Աբդուլա բեկի պահվածքը նրան այնպես լարեց, որ նույնիսկ իրեն թույլ տվեց չպատասխանել հյուպատոսի նամակին, որով պահանջվում էր հանձնել մեղավորներին:
Ծրագրի երրորդ կետով անհրաժեշտ էր պարզել, թե Քուրդաբեկն ու իր մարդիկ որքանով են հաղորդակից Աբդուլա բեկի հետ, ինչպես ոչ վաղ անցյալում, այնպես էլ՝ ներկայում, որպեսզի դրանով առաջնորդվեն Աբդուլա բեկի քրդերի և նրա կողմնակիցների հետագա գործողություններում:
Աբդուլա բեկի Ուշնեի շրջան անցնելը, նրա հրոսակախմբի կողմից Սուլդուզի թալանը, Քուրդաբեկի պատասխանի բացակայությունը, ով հրաձիգ Գորելովի դեպքի առնչությամբ նույնիսկ ներողություն չխնդրեց, դրդեցին ջոկատի հրամանատարին տեղափոխվել հասունացող դեպքերին ավելի մոտիկ շրջան և ուժեղացնել Ուրմիայի ջոկատը Շիրվանի 84-րդ հետևակային գնդի 2 վաշտով, 2 լեռնային թնդանոթով և Պոլտավական 1-ին կազակական գնդի 3 հարյուրակով:
Հուլիսի 10-ին ջոկատի հրամանատարը ժամանում է Սիր գյուղի մոտ տեղակայված շտաբը, ուր նույն օրը ժամանում են նաև լրացուցիչ զորքերը: Հյուպատոսի և գլխավոր շտաբի գնդապետ Անդրեևսկու հետ զրույցից, գործակալների հաղորդած տվյալներից, ինչպես նաև տարբեր տեղեկությունների ճշգրտումից ու համադրությունից հետո ջոկատի հրամանատարը հյուպատոսի հետ համատեղ եզրակացրին.
Դիզայի մոտ Աբդուլա բեկի գործողություններին Քուրդաբեկի մարդկանց մասնակցությունը ոչ միայն արտահայտվում էր համակրանքով (ազդանշաններ), թողտվությամբ (թույլ են տվել Աբդուլա բեկի մարդկանց դուրս գալ իրենց շղթայից), այլև մեր թշնամուն ուղղակի ռազմական աջակցությամբ:
Հրաձիգ Գորելովի վրա հարձակված երեք քրդերը շարունակում էին ապրել Բալյուլանե գյուղում (Քուրդաբեկի բնակավայր Ամբի գյուղից 4 վերստ հեռավորության վրա)՝ անգամ նրանց հանձնելու վերաբերյալ հյուպատոսի վերոհիշյալ նամակը ստանալուց հետո:
Քուրդաբեկը Ամբիում ապաստան էր տվել Դիզա Մերգեվերի փոխհրաձգության ժամանակ վիրավորված քրդերին: Մեր ունեցած հավաստի տեղեկություններով այս փոխհրաձգության ժամանակ հավաքվել էին մեր թշնամի տարրերը Էնզելիից: Դեռ մինչև Դիզա Մերգեվերի փոխհրաձգությունը և դրանից հետո, Քուրդաբեկը Թուրքիա էր ուղարկում իր ունեցվածքը, ընտանիքը և անասունը:
Աբդուլա բեկը, վախենալով Դիզա Մերգեվերի մարտի հետևանքներից, իր կողմնակիցների հետ քոչել էր հարավ՝ Ուշնեի շրջան և հաստատվել թուրքական սահմանին մոտիկ բնակավայրում: Սահմանից այն կողմ Աբդուլա բեկի ազգակից ցեղախումբն էր, և թուրքական կողմից նա ստանում էր բարոյական աջակցություն, ինչպես նաև՝ զենք և դրամ:
Սուլդուզում ավազակությունը դադարել էր, սակայն բնակիչները կասկածելիորեն հետևել էին փոքր թիկնազորով Սոուջբուլաղից Ուրմիա գնացող սպային: Սոուջբուլաղում հունիսի սկզբին թուրքական շահբենդերն իր ճառով այնպես էր գրգռել բնակիչներին, որ շուրջ 600-800 մարդ, զենքը ձեռքին սկսել էին հավաքվել քաղաքի մոտակայքում՝ պատրաստվելով հարձակվել մեր ճամբարի վրա և միայն հյուպատոսի և տեղական ոստիկանության ջանքերով հաջողվեց կանխել բախումը, ընդորում՝ վրդովված ամբողխի ձեռքով մի քանի ոստիկան վիրավորվեց:
Վերջին շրջանում նկատելիորեն ավելացել է զենքի և փամփուշտի տեղափոխումը Քրդստան, իսկ Թավրիզի տնայնագործ վարպետները Քրդստանի հարավային շրջաններից մեծ պատվերներ են ստացել: Այս ամենն իրար հետ անառողջ մթնոլորտ էր ստեղծում:
Շարունակելի
Թարգմանությունը՝ Մ. Յալանուզյանի
Комментариев нет:
Отправить комментарий