воскресенье, 24 августа 2014 г.

Պողոս Նուբար փաշայի գործունեությունը

Պողոս Նուբար փաշան հայկական բոլոր կուսակցություններին խորհուրդ էր տալիս գոնե մեծ տերությունների կողմից Հայկական հարցի քննարկման ընթացքում իրենց մամուլի օրգաններում խիստ զգուշավորություն հանդես բերել, քննադատական սուր հոդվածներ չտպագրել այդ երկրների, նրանց կառավարությունների ու պետական-հասարակական գործիչների դեմ:

Պողոս Նուբար






Երվանդ Աղաթոնը վերհիշել է, որ երբ ինքը 1913թ. հունիսին Եգիպտոսից մեկնել է Փարիզ, նույն ընթացքում Դաշնակցության կողմից այնտեղ հրատարակվող «Pro-Armenia» թերթը շարունակում էր հոդվածներ տպագրել Ռուսաստանի դեմ, որն առաջ էր բերել Պողոս Նուբարի դժգոհությունը: «Նուբար փաշան, ի նկատի առնելով, որ եթե Ռուսաստանը բարենորոգման խնդրին թշնամական աչքով նայի, գործը կձախողվի, ինձ խնդրեց, որ գնամ տեսնեմ տիար Վարանդյանին և ասեմ, որ ի սեր ազգային դատի՝ «Pro-Armenia»-ում Ռուսաստանի դեմ չգրեն: Հաջորդ օրը տիար Վարանդյանին իր պանդոկում տեսա և խնդիրը հասկացրի: Համամիտ եղավ»,- պատմում է Երվանդ Աղաթոնը:


Իր գլխավորած պատվիրակության հաջող աշխատանքը Պողոս Նուբարը պայմանավորում էր նաև հայկական գաղթօջախներում տարվող աշխատանքներով:

Անսալով Նուբար փաշայի ձայնին՝ նրա ազգակիցները Եվրոպայում և այլուր շտապում էին աջակից լինել նրան՝ տարբեր կառավարություններին հղած դիմումներով, ժողովներում ու հավաքներում ընդունված բանաձևերով և ուրիշ միջոցառումներով: Կաթողիկոսը հանձնարարություն էր տվել հայոց եկեղեցու թեմերին և հատկապես եվրոպական թեմին, որ նրանք սերտ շփումներ հաստատեն տեղի իշխանությունների հետ, աշխուժացնեն հայասերների գործունեությունը, նաև գտնեն հայկական հարցի նոր աջակիցներ: Հայ եկեղեցու թեմերը մեծ ու փոքր գաղութներում կազմակերպում էին ժողովներ ու հանրահավաքներ, որոնցում ընդունվում էին համապատասխան բանաձևեր, անցկացվում ստորագրահավաքներ և այլն:

Աղբյուր՝ Հրաչիկ Սիմոնյան, Ազատագրական պայքարի ուղիներում, հատոր 5, Երևան, 2013թ.

Комментариев нет:

Отправить комментарий