среда, 19 ноября 2014 г.

Վրաց-աբխազական պատերազմ, օգոստոս 1992թ.

Կովկասյան տարածաշրջանում 1990-ականների սկզբի արյունալի իրադարձություններից մեկը վրաց-աբխազական պատերազմն էր: Դեռ խորհրդային պետության արշալույսին Աբխազիան, Ստալինի հերթական կամայականությամբ, դառնում է ինքնավար հանրապետություն` Վրաստանի կազմում:

Գորբաչովյան վերակառուցումը հնարավորություն է ընձեռում աբխազներին Վրաստանի կազմից դուրս գալու պահանջ բարձրացնելու համար: 1989թ. մարտին այդպիսի որոշում է ընդունում աբխազ ժողովրդի համագումարը: Հուլիսին Սուխումում վրացիների և աբխազների միջև առաջին բախումն է տեղի ունենում:


1991թ. ապրիլին Վրաստանը անկախություն է հռչակում և առաջին նախագահ է ընտրվում Զվիադ Գամսախուրդիան: Թեև նա մեծ ժողովրդականություն էր վայելում, սակայն ընդդիմության հետ սուր տարաձայնությունները քաղաքացիական պատերազմի են հանգեցնում և 1992թ. հունվարի սկզբին Գամսախուրդիան հարկադրված հեռանում է Վրաստանից: Հունվարի 6-ին նա գալիս է Հայաստան, ապա, 10 օր անց, հատուկ ինքնաթիռով թռչում է Չեչնիա:


Վրաստանի ընդդիմության առաջնորդներ Ջաբա Իոսելիանիի, Թենգիզ Կիտովանիի և Թենգիզ Սիգուայի աջակցությամբ Վրաստանում իշխանության է գալիս նախկին խորհրդային կուսակցական և քաղաքական գործիչ Էդուարդ Շևարդնաձեն:

Վրաստանի նոր կառավարությունը` Պետխորհուրդը, հայտարարում է, որ ընդունում է միայն 1921թ. Սահմանադրությամբ ամրագրված սահմանները` ներառյալ Աբխազիան և Աջարիան: Հունիսի 23-ին Աբխազիայի Գերագույն խորհուրդն, իր հերթին, հրաժարվում է ճանաչել Պետխորհրդի որոշումը: Երկաթուղային ուղիների պաշտպանության պատրվակով, 1992թ. օգոստոսի 14-ի վաղ առավոտյան վրացական ստորաբաժանումները անցնում են Ինգուր գետը և ներխուժում Աբխազիա: Սկսվում է վրաց-աբխազական առաջին պատերազմը...
ՏԵՂԵԿԱՆՔ -- Սև ծովի Կովկասյան ափերին հայերը բնակվել են դեռ վաղ միջնադարից: Աբխազահայության հիմնական մասը համշենցիներ են, ովքեր 19-րդ դարի 70-80-ական թվականներին Տրապիզոնից, Սամսոնից, Օրդուից տեղափոխվել են Աբխազիա: Հայերի թիվն այս շրջանում ավելանում է հատկապես 1895-96թթ. համիդյան ջարդերից և 1915թ. Մեծ եղեռնից հետո: Ժամանակի ընթացքում Աբխազիայում ձևավորվում են հայերով բնակեցված մի շարք կենտրոններ ու գյուղեր. Լաբրան, Աթարան, Գուլրիփշը, Ծեբելդան, Գումիստան և այլն: Զգալի թվով հայեր էին ապրում նաև Սուխումում, Օչամչիրում, Գուդաութայում և Գագրայում: 1989թ. մարդահամարի տվյալներով Աբխազիայում բնակվում էր շուրջ 76 հազար հայ` կազմելով բնակչության 14 տոկոսը:

Պատերազմի սկիզբն անհաջող էր աբխազների համար. վրացական բանակի թվական գերակշռությունը, ծանր զինատեսակների, տանկերի, զրահամեքենաների առկայությունը և հարձակման անսպասելիությունը ստիպում են աբխազներին նահանջել: Մինչև օգոստոսի վերջը վրացիների հսկողության տակ են անցնում Սուխումը, Օչամչիրի շրջանը, Գումիստան և Գագրան: Աբխազիայի հանրապետության ղեկավարությունը` Գերագույն խորհրդի նախագահ Վլադիսլավ Արձինբայի գլխավորությամբ Սուխումից տեղափոխվում է Գուդաութա:

Վրաց-աբխազական պատերազմը վտանգավոր իրավիճակ է ստեղծում ռազմական գործողությունների տարբեր հատվածներում բնակվող հայերի համար, որոնց մի մասը հարկադրված էր փախչել: Արձանագրվում են հայերի հանդեպ բռնության, սպանությունների, առևանգման, թալանի և կողոպուտի բազմաթիվ դեպքեր:

Աբխազիայում գնդակոծվել են բնակելի տները, դպրոցները, հիվանդանոցները: Թալան է սկսվել: Կան ձերբակալվածներ ու պատանդներ: Առանձնապես ծանր է իրավիճակը Սուխումում, Գագրայում և Օչամչիրում: Աղբյուրները հայտնում են, որ զոհեր կան Աբխազիայում ապրող հայերի շրջանում: Ձերբակալվել են «Կռունկ» կոմիտեի անդամներ Գրիգոր Երեմյանը և Սուրեն Քեհյանը: Աբխազիայի Գերագույն խորհրդի նախագահ Վլադիսլավ Արձինբան Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեին առաջարկել է բանակցություններ սկսել, սակայն վերջինս մերժել է:
* * *

Աբխազիայում սկսված պատերազմը ծանր է անդրադառնում Հայաստանի Հանրապետության տնտեսության վրա: Փակվում է Աբխազիայով անցնող երկաթուղին: Եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանն ամբողջությամբ շրջափակել էր Հայաստանը, Մեղրիի կամուրջը շահագործված չէր, իսկ Թուրքիան Հայաստանի հետ սահմանի բացումը պայմանավորում էր մի շարք քաղաքական նախապայմաններով, ապա պարզ է դառնում Հայաստանի Հանրապետության իրադրության ողջ բարդությունը:


Ռազմական գործողությունների սկսվելուց մի քանի օր անց Աբխազիային օգնություն ցուցաբերելու պատրաստակամությամբ է հանդես գալիս Կովկասի Լեռնային Ժողովուրդների Համադաշնությունը: Օգոստոսի 17-ին Գրոզնիում Համադաշնության խորհրդարանը քննարկում է Աբխազիայում ստեղծված իրադրությունը և հայտարարում, որ «իրեն իրավունք է վերապահում օգնել աբխազ ժողովրդին և կամավորական կազմավորումներ ուղարկել» Վրաստանի դեմ կռվելու համար: Սա նշանակում էր, որ աբխազական պատերազմը կարող էր ընդլայնվել և պայթյունավտանգ դրություն ստեղծել հարևան պետությունների` առաջին հերթին Ռուսաստանի համար:

Անդրկովկասյան ռազմական օկրուգի ուժերը չեզոքություն են պահպանում Աբխազիայի իրադարձություններում,- լրագրողներին հայտնում է օկրուգի փոխհրամանատար, գեներալ-լեյտենանտ Սուֆիան Բեպաևը: Նա հաստատել է, որ վրացական և աբխազական գվարդիականների միջև զինված ընդհարումներ են տեղի ունենում: Գեներալի խոսքերով` իրեն դիմել է Աբխազիայի խորհրդարանի նախագահ Արձինբան և խնդրել ռուսական զորքերի միջամտությունը` արյունահեղությունը դադարեցնելու համար: Բեպաևը հայտնել է, որ իրադարձությունները Վրաստանի ներքին գործն է, և հարկ է դիմել Էդուարդ Շևարդնաձեին:

Վրաստանի Պետխորհրդի նախագահ Էդուարդ Շևորդնաձեն իր ռադիոուղերձում մեկնաբանում է Աբխազիայում ստեղծված իրավիճակը: Նա նշում է, որ կառավարական զորքերի մուտքը Աբխազիա հարկադրված քայլ էր, քանի որ «զինված ավազակախմբերը հսկայական վնաս էին հասցնում հանրապետության տնտեսությանը»: Օգոստոսի 14-ին Աբխազիայի ղեկավարության համաձայնությամբ այնտեղ կառավարական զորքեր էին մտցվել: Սակայն հետագայում անսպասելիորեն զինված դիմադրություն է ցույց տրվել աբխազական գվարդիայի կողմից: Որոշ տեղեկություններով շուրջ 40 մարդ զոհվել է: Շևարդնաձեն հայտարարում է, որ վրացական զորամասերը տեղաբաշխվել են Լեսելիձե և Գանթիադի բնակավայրերում և Գագրա քաղաքում: Ներկայումս բանակցություններ են ընթանում Աբխազիայի ղեկավարության հետ, որին, սակայն, չի մասնակցում Վլադիսլավ Արձինբան:
Չնայած բանակցությունների մասին խոսակցություններին` ռազմական գործողություններն օրեցօր սաստկանում էին` դառնալով մարդկային նոր զոհերի և ավերածությունների պատճառ: Օգոստոսի 19-ին վրացիներն ամբողջությամբ գրավում են Սուխում քաղաքը. Աբխազիայի խորհրդարանի շենքի վրա ծածանվում է վրացական դրոշը: Սուխումի շրջանում պարետային ժամ է հայտարարվում, պարետ է նշանակվում ոստիկանության գեներալ Գիա Գուլուան:

Հայկական համայնքը օգնություն է խնդրում Հայաստանի Հանրապետության իշխանություններից: Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և Գերագույն խորհրդին ուղղված հայկական համայնքի ներկայացուցիչների նամակում նշված էր, որ Աբխազիայի շուրջ 100 հազարանոց համայնքի գոյությունը վտանգված է:
Գուլրիփշիի և Լեչկոպի հայաբնակ գյուղերում, սկսած օգոստոսի 14-ից, թալանվում են հայ բնակիչների տները, խլվում են մեքենաները, ոչնչացվում է բերքը: Ձերբակալվել և պատանդ են վերցվել տասնյակ հայ խաղաղ բնակիչներ, այդ թվում` «Կռունկ» հայկական բարեգործական-հասարակական կազմակերպության Սուխումի մասնաճյուղի նախագահ, բժիշկ Սուրեն Քեհյանը, հայտնի գործարար Տիգրան Ծատուրյանը, մտավորականներ, գյուղի բնակիչներ: Աբխազիայի հայ բնակչության մի մասն արդեն լքել է մշտական բնակության վայրը, բռնել Հայաստանի կամ հեռավոր գաղթի ճանապարհը: Մյուս մասը փախել է աբխազական ուժերի կողմից վերահսկվող տարածքներ:
Նամակում հայ համայնքի ներկայացուցիչները Հայաստանի իշխանություններին խնդրում էին քաղաքական և դիվանագիտական միջոցներով ազդել Վրաստանի իշխանությունների վրա և կանխել հայկական բռնագաղթը, Հայաստանից պատգամավորներ և մտավորականներ ուղարկել Աբխազիայի հայաբնակ շրջանները` որպես անվտանգության երաշխավորներ, վրաց-աբխազական հարաբերություններում միջնորդական ջանքեր գործադրել խաղաղության հասնելու նպատակով:

* * *

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը 1992թ. օգոստոսի 27-ի նիստում քննարկում է Աբխազիայում ստեղծված իրադրությունը: Գերագույն խորհրդի նախագահությունն ընդունում է հայտարարություն, որով հակամարտող կողմերին կոչ է անում խաղաղ ճանապարհով լուծել խնդիրը և խորը մտահոգություն հայտնում խաղաղ բնակչության, մասնավորապես` հայերի հետագա ճակատագրի համար: Որոշվում է իրավիճակին ծանոթանալու համար Աբխազիա ուղարկել Գերագույն խորհրդի պատգամավորներից կազմված մի պատվիրակություն:

Комментариев нет:

Отправить комментарий