четверг, 20 ноября 2014 г.

Վրաց-աբխազական պատերազմ: Աբխազահայերի դրությունը, օգոստոս, 1992թ.

1992թ. օգոստոսին սկսված վրաց-աբխազական պատերազմը և աբխազահայության անելանելի դրությունը նույնպես շարունակում էր մնալ հայ հասարակության մտահոգության կենտրոնում:
Երկիր, 28 օգոստոսի, 1992թ.
Հայաստանի յոթ կուսակցությունների «Ազգային դաշինք» միավորումը խորը անհանգստություն է հայտնում Աբխազական հանրապետությունում զինված բախումների և բռնությունների ծավալման կապակցությամբ:

... Մեր պարտքն ենք համարում կողմերի ուշադրությունը հրավիրել հատկապես այն հանգամանքի վրա, որ նմանօրինակ հակամարտությունների ժամանակ ամենից շատ տուժում է խաղաղ բնակչությունը: Հայաստանի ժողովուրդը անհանգստությամբ է հետևում դեպքերի զարգացմանը:
... Մեզ մոտ խիստ տարակուսանք և զայրույթ առաջացրեց հակամարտության գոտու հայ բնակչության նկատմամբ կիրառված բռնությունների փաստը: Կարծում ենք` նման փաստերը կարող են անտեղի լարվածություն ստեղծել հարևան ժողովուրդների հարաբերություններում: Կոչ ենք անում հակամարտող կողմերին զերծ մնալ ուժի միջոցով հարցին լուծում տալու փորձերից և նստել բանակցությունների սեղանի շուրջ:


Ցավակցություն հայտնելով հակամարտության ընթացքում զոհվածների հարազատներին ու մերձավորներին, Ազգային Դաշինք միավորումը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությանն առաջարկում էր`  ստեղծել Գերագույն խորհրդի հատուկ պատվիրակություն` տեղում իրավիճակին ծանոթանալու և հայերի անվտանգությունն ապահովելու համար Վրաստանի իշխանությունների հետ բանակցելու նպատակով:

* * *

1992թ. օգոստոսի 26-ին հայկական «Սնարք» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Վրաստանի Պետխորհրդի նախագահ Էդուարդ Շևարդնաձեն անդրադառնում է վրաց-աբխազական հակամարտությանը: Նա նշում է, որ «այսպես շարունակելու դեպքում դժբախտություն է սպասվում և աբխազներին, և վրացիներին: «Պայթյունավտանգ իրադրությունն անհրաժեշտ է չեզոքացնել: Անձամբ ես դեմ եմ Աբխազիայի հարցի լուծմանը զենքի ուժով»,- ասում է Շևարդնաձեն:

Խոսելով Կովկասում Ռուսաստանի դերակատարության մասին` Պետխորհրդի նախագահն ասում է. «Ռուսաստանը Կովկասում միշտ դրական դեր է խաղացել: Նա ամեն կերպ նպաստում է տարածաշրջանի հակամարտության լուծմանը միայն բանակցությունների սեղանի շուրջ: Այսօր առավոտյան ես զրուցեցի Բորիս Ելցինի հետ: Մենք որոշեցինք խաղաղ կարգավորմանը նվիրված հանդիպման օրը` սեպտեմբերի 3-ին: Ռուսաստանի մասնակցությունը խաղաղ բանակցություններին կարևոր գործոն է: Վրաստանի տրոհումը շահավետ չէ մեր հյուսիսային հարևանին»:
Պատասխանելով թղթակցի` հայերի նկատմամբ կիրառվող բռնության  դեպքերի մասին հարցին, Շևարդնաձեն ասել է. «Դա ցավալի փաստ է: Չեմ բացառում, որ թալանչիների ու ավազակների մեջ կային Աբխազիայում տեղակայված ազգային գվարդիայի անդամներ, և դա իհարկե, մեզ` վրացիներիս, վայել չէ: Վրաստանում ապրող հայերը միշտ աչքի են ընկել իրենց աշխատասիրությամբ, ազնվությամբ, և վրացիներն ու հայերը միշտ բարի դրացիներ կլինեն: Իսկ ձեր հայրենակիցների կրած ժամանակավոր դժբախտությունները, հուսով եմ, կմնան անցյալում»:
Պատերազմի սկսվելուց և Ինգուր գետի կամուրջը պայթեցնելուց հետո, Հայաստանը զրկված էր Աբխազիայի տարածքով անցնող երկաթուղային բեռներ ստանալու հնարավորությունից:
28 օգոստոսի, 1992թ.

ՀՀ կառավարության լրատվական ծառայության ղեկավար Վլադիմիր Մանոյանը հայտնում է, որ Վրաստանով Հայաստան եկող երկաթուղու աշխատանքը չի վերականգնվել և Հայաստանը շարունակում է զրկված մնալ բոլոր երկաթուղային ճանապարհներից: «Չնայած պայթեցված կամուրջները վերականգնված են, բայց Հայաստան եկող երկաթուղու շահագործմանը խանգարեցին Աբխազիայի քաղաքական իրադարձությունները: Հայաստանի կառավարության կողմից միջոցներ են ձեռնարկվում առաջին անհրաժեշտության պարենային մթերքներ և այլ կենսական անհրաժեշտության բեռներ Հայաստան բերելու ուղղությամբ»:

Օգոստոսի 28-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հանդես է գալիս Վրաստանի Պետխորհրդին ուղղված հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասված էր.
«Աբխազիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունների ժամանակ այնտեղ ապրող հայազգի անձինք բռնությունների ու թալանի են ենթարկվել: Կան սպանված ու վիրավոր հայեր, աճում է իրենց հարազատ բնակատեղերը թողած ընտանիքների թիվը: Հայաստանի ժողովուրդը խոր ափսոսանքով է ընկալում հարևան հանրապետությունում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունները, անկեղծորեն մտահոգված է այն դժվարություններով, որոնց բախվում է Վրաստանի ղեկավարությունը ոչ դյուրին հիմնահարցերի լուծման ընթացքում:

Գիտակցելով Վրաստանում ստեղծված իրադրության ողջ բարդությունը, ՀՀ արտաքին գործոց նախարարությունը, այնուամենայնիվ, խնդրում է անհետաձգելի միջոցներ ձեռնարկել Աբխազիայի հայ բնակչության նկատմամբ կիրառվող խտրականության փաստերը կանխելու համար, ինչը հղի է տարածաշրջանում ստեղծված իրավիճակի հետագա սրմամբ»:

Комментариев нет:

Отправить комментарий