среда, 24 декабря 2014 г.

Հնարավո՞ր է արդյոք ռուս-թուրքական ԵՏՄ-ն

Ռուսական մամուլը ստեպ-ստեպ հիշեցնում է, թե որքան մոտ է Թուրքիան Եվրասիական տնտեսական միությանը: Թևավոր խոսքի ուժ է ստացել վարչապետ Դավութօղլուի «Թուրքիան և Ռուսաստանը ապրում են վերջին 500 տարվա իրենց լավագույն ժամանակաշրջանը» միտքը: Դեռ երկու տարի առաջ այս գործիչը կոչ էր անում Եվրասիայում, ի հակակշիռ ԵՏՄ-ի, ստեղծել մի կառույց՝ Եվրամիության հանգույն: Այժմ, ռուս քաղաքագետ Ս. Տարասովի դիտարկմամբ, իրավիճակը փոխվել է: Եթե Եվրամիությանն ինտեգրվելու դեպքում Թուրքիան ոչ միայն հրաժեշտ է տալու իր ազգային ինքնիշխանության մի մասին, այլև դառնալու է «բոլորից մեկը», ապա ԵՏՄ-ի հետ համագործակցությունը կընդգծի Եվրասիայի առաջատար պետություններից մեկը լինելու կարգավիճակը՝ ի լրումն դրա իր համար բացելով ավելի քան 170 մլն սպառողի շուկան, ուր ապահովված կլինի ապրանքի, ծառայության, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը:



Առավել էս, որ ԵՏՄ-ն չի հակադրվում Եվրամիությանը, Թուրքիայի առջև չի դրվում «կամ-կամ» ընտրությունը: Սակայն Անկարան, այնուամենայնիվ, հարկադրված կլինի ընտրություն կատարել. խոսքը վերաբերում է ԵՏՄ-ի անդամ Հայաստանի հետ հարաբերության կարգավորմանը, նկատում է ռուս մեկնաբանը: Անկարայի և Բաքվի դաշինքի պահպանումը, երբ վերջինս հայտնվում է եվրասիական նախագծի լուսանցքում, ցուցադրում է Արևմուտքի է նույնիսկ Իսրայելի հետ իր հարաբերությունների բազմաչափ ընդլայնման ու սերտացման հակումը, Թուրքիային մղում է տեղային տարածաշրջանային քաղաքականության լաբիրինթոսը՝ զրկելով համընդհանուր և հեռանկարային երկրաքաղաքական զորաշարժի հնարավորությունից: Կկարողանա՞ արդյոք Անկարան դիմադրել Իսլամական Պետության սպառնալիքով իրեն ահաբեկող Արևմուտքի ճնշմանը և պահպանել ու զարգացնել ԵՏՄ-ի հետ իր առևտրատնտեսական համագործակցությունը, ցույց կտա ժամանակը:

Հ.Գ.- Այսպիսին է պատկերանում ԵՏՄ-ի տեսանելի ապագան Ռուսաստանի քաղաքական վերնախավին: Ճիշտ է, իբրև հնարավոր գործընկեր հընթացս թվարկվում են Վիետնամը, Հնդկաստանն ու նույնիսկ Իսրայելը, սակայն ակնհայտ է, որ Թուրքիային առանձնահատուկ դեր է վերապահվում ԵՏՄ-ին վերաբերող Ռուսաստանի ծրագրերում: Օբյեկտիվորեն Ռուսաստանը կարող է դառնալ հայ-թուրքական տխրահռչակ արձանագրություններին նոր շունչ տալու նախաձեռնության համահեղինակը՝ սրանից բխող բոլոր հետևանքներով:

Կարլ Յալանուզյան

Комментариев нет:

Отправить комментарий