среда, 14 января 2015 г.

Հայոց Մեծ թվական

Հայոց Մեծ թվական (մատենագրության մեջ և վիմագիր արձանագրություններում նաև` թուականութիւն ասքանազեան, թուականութիւն թորգոմեան, թուաբերութիւն արամեան, թուականութիւն հայկազեան տոհմի ևն), տարեթվերի հաշվման հայկական թվականություն. սկսվել է Ք.ծ.հ. 552-ի հուլիսի 11-ից:

Հայոց առաջին ամսի` Նավասարդի 1-ը այդ տարի համապատասխանել է հուլյան տոմարի հուլիսի 11-ին: Հայոց Մեծ թվականի հիմնադրման հարցը 554-ին քննվել է Դվինի երկրորդ եկեղեցական ժողովում, սակայն պաշտոնապես ընդունվել է 584-ին: Ինքնուրույնության ձգտող Հայ առաքելական եկեղեցին, ստեղծելով իր թվականությունը, զատվել է հարևան եկեղեցիներից, նրանց անցանկալի ազդեցություններից (եկեղեցական տոների, ժամանակի հաշվման և այլ հարցերում):


Ըստ ձեռագիր տեղեկությունների` մի քանի տարի զատկական հաշիվները շփոթելուց հետո Էաս Աղեքսանդրացու հայտնաբերած զատկացանկի գործածության հետ մեկտեղ սկիզբ է առել Հայոց Մեծ թվական: Ընդ որում, առաջին տարվա հիմնական եկեղեցական տոները` Ս. Ծնունդը և ս. Զատիկը, համընկել են, համապատասխանաբար` 553-ի հունվ. 6-ի և ապրիլի 20-ի հետ:

Հայոց Մեծ թվականի առաջին տարին կապվել է եգիպտացի տոմարագետ Էաս Աղեքսանդրացու հայտնաբերած 532-ամյա զատկացանկի գործածության հետ: Եթե հարևան քրիստոնյա ժողովուրդների տոմարների հիմքում ընկած էր նույն հուլյան տարին, և հուլյան տոմարից դրանք տարբերվել են միայն ամսանուններով ու տարեսկզբով (որոնց նահանջի հաշվարկը կատարվել է 4 տարին մեկ), ապա հայոց տոմարում տարին մշտապես 365 օր հաշվելու հետևանքով հայոց և հռոմեական (և ոչ միայն հռոմեական) ամիսների համապատասխանությունը խախտվել է 4 տարում 1 օրով: Այդ է պատճառը, որ Հայոց Մեծ թվականն անվանել են շարժական տոմար: Ձեռագրերում տոմարական զուգահեռ հաշիվներում Հայոց Մեծ թվականը հիշատակվել է հիմնականում հռոմեական թվականի հետ, որն սկիզբ է առել Ք.ծ.հ. 248-ին` Հռոմի հիմնադրման 1000-ամյակից: Ըստ որում, հռոմեական և հայոց թվականությունների տարբերությունը 304 տարի է:

Իսկ Քրիստոսի ծննդյան թվականի հետ համեմատելիս մի քանի տարվա տարբերություն է ստացվել` կապված հետծննդյան թվականի ճշգրտման հետ: Հայոց շարժական և հուլյան անշարժ տոմարների միջև, մինչև 532-ամյա պարբերաշրջանի ավարտը, առաջացել է 1 տարվա շեղում, որը Հովհաննես Սարկավագը առաջարկել է հանել 532-ամյա պարբերաշրջանի հետ:

Հայոց Մեծ թվականի և Քրիստոսի ծննդյան թվականի միջև զուգահեռ հաշվումներ կատարելիս հաշվի է առնվել այն հանգամանքը, որ 1317–20-ին Նավասարդի 1-ը համընկել է հունվարի 1-ին: Ուստի հայոց տարեսկզբի համար հաշվումներ կատարելիս Ք.ծ.հ. Հայոց Մեծ թվականը ստանալու համար մինչև 1320-ը պետք է հանել 551, իսկ 1320-ից հետո` 550:

Ջուլիետա Էյնաթյան
Քրիստոնյա  Հայաստան հանրագիտարան

Комментариев нет:

Отправить комментарий