вторник, 13 января 2015 г.

Հայելի վարուց

Հայելի վարուց, միջնադարյան բարոյախրատական զրույցների ժողովածու: Բնօրինակը ստեղծվել է 1480-ին, հրատարակվել 1481-ին` «Հայելի օրինակաց» վերնագրով: Ժողովածուն ընդարձակել, լրացրել և վերամշակել է բելգիացի մատենագիր Հովհաննես Մայորը և անվանել «Մեծ հայելի»: IV–XVI դդ. բազմաթիվ հեղինակների և զրուցապատում տարբեր հավաքածուների նյութեր պարունակող, քարոզիչների համար նախատեսված լատիներեն ժողովածուն միջնադարյան արձակի յուրատեսակ շտեմարան է: Խորապես արտացոլել է միջնադարյան մարդու աշխարհընկալումը, նրա մտածելակերպն ու հավատալիքները, ըմբռնումներն ու մտապատկերները: «Մեծ հայելին» XVII–XVIII դդ. լայն ճանաչում է ստացել, թարգմանվել մի շարք լեզուների, հրատարակվել:


Ժողովածուն լեհերենից հայերեն է թարգմանել Ստեփանոս Լեհացին (թարգմ.` 1651, հրտ.` «Գիրք հայելի վարուց որ ասի հարանց վարք», 1702): Նա վերականգնել է լատիներեն նախօրինակի վերնագիրը` «Հայելի վարուց»: Լատիներեն և լեհերեն 2000 զրույցից թարգմանել է ընդամենը 247-ը: Թարգմանության թեմաներից յուրաքանչյուրը մի առանձին գլուխ է (ընդամենը 71), որտեղ զետեղված են աստվածաշնչյան տասը պատվիրանները բովանդակող, միմյանց հարակցող զրույցներ:

Ձեռնարկելով կաթոլիկական միջավայրում ստեղծված երկի թարգմանությունը` Ստեփանոս Լեհացին ջանացել է ձերբազատվել կաթոլիկական միտումներից, արել է զրույցների խիստ ընտրություն. չի ընդգրկել Կաթոլիկ եկեղեցու հայտնի դեմքերին, հրաժարվել է տեղանուններից, թվականներից, կաթոլիկական բնույթը բացահայտող մեծաթիվ արտահայտություններից, կատարել բառափոխություններ: Ստեփանոս Լեհացին տեղայնացրել է զրույցները` հասկանալի դարձնելով հայ ընթերցողին, պարզաբանել ոչ միայն իր վերաբերմունքը ժամանակի հուզող հարցերի նկատմամբ, այլև Հայ եկեղեցու դավանական դիրքորոշումը, հայերի կրոնական պատկերացումները, բարոյականության առանձնահատկությունները:

XVII դ. Մշակութային  զարթոնքի շրջանում «Հայելի Վարուց»-ի բարոյախրատական զրույցները համահունչ են եղել հայ մշակույթի, եկեղեցու առաջադեմ գործիչների գաղափարներին: Զրույցներում ձաղկվել են աշխարհիկ իշխանավորների և հոգևոր ականության արատները, քանզի եկեղեցու սպասավորները միայն «զգեստիւք և ոչ վարուք, անուամբ և ոչ արդեամբք» էին կրոնավոր և ջանում էին «ժողովել զինչս և զստացուածս և փառս աշխարհիս` քան թէ, հոգալ վասն փրկութեան ժողովրդեան, և բարի օրինակ լինել հօտին իւրոյ»:

«Հայելի Վարուց»-ի ժողովրդականացմանը առավել նպաստել են վիպական հարուստ նյութերը` առակները, քրիստոնեական լեգենդները, հեքիաթները, պատմական զրույցները, զվարճախոսությունները, որոնք միջնադարյան արձակի գողտրիկ նմուշներ են («Յաղագս իմաստասիրութեան», «Յաղագս նախանձու», «Յաղագս կամապաշտութեան»): Հիշարժան են երևակայական-հեքիաթային սյուժեներով զրույցները. դրանք, հարակցվելով նրա գաղափարական պահանջներին, պարուրվել են կրոնա-խրատական երանգով` չկորցնելով իրենց գեղարվեստական հմայքը: Ժողովածուի զրույցների` հատկապես տեսիլքների ու հրաշապատումների ակունքը բանարվեստին հատուկ հեքիաթային-առասպելական, երևակայական-գերբնական տարրերն են` կերպափոխումներ, կախարդանք, տարերային աղետների առաջացում ևայլն: Ժողովածուի զրույցները, նրա ամբողջական գլուխներ ներհյուսվել են առակագրքերին, քարոզգրքերին, վարքագրական երկերին, թափանցել բանավոր խոսքարվեստ, տեղայնացել, հաճախ ձուլվել հայ մատենագրությանը հնուց ի վեր հայտնի սյուժեներին, ընկալվել որպես սեփական արժեք: Այս ամենի շնորհիվ հայերեն տարբերակը նույնպես ընդգրկել է ընթերցողների լայն շրջանակ, բազմիցս ընդօրինակվել:

«Հայելի Վարուց»-ը իր ուրույն հետքն է թողել ուշ միջնադարի գեղարվեստական գրականության արձակում:
Քնարիկ Տեր-Դավթյան
Քրիստոնյա  Հայաստան հանրագիտարան

Комментариев нет:

Отправить комментарий