Սոֆիայում Մակեդոնա-Օդրինյան կամավորության շարքային բաժնի
շտաբը 1913թ. օգոստոսի 31-ին հայկական վաշտին տված N3483 վկայականում գրում է.
Մակեդոնա-Օդրինյան կամավորության կազմակերպության ժամանակ,
ի նկատի ունենալով հայերի համակրությունը դեպի Բուլղարիան, երկու ժողովուրդների անցյալը՝
թույլատրվեց, որ մի հայկական վաշտ կազմակերպվի հայոց ազգային դրոշակով և հայ սպաներով
ու վոյեվոդներով (հրաման կամավորության N2, պար. 8, 1912թ. հոկտեմբերի 3):
Պատերազմի առաջին շրջանում հայկական վաշտը մասնակցեց Սոֆիա–Սամակով–Կոստենեց–Սունիա–Պլովդիվ–Տրնովո–Խտեկով–Կորջալի–Մեստանլի–Գյումուրջինե–Փերե–Սոֆլու–Դիմուտիկ–Քեոպ–Մալկարա–Ռոդոսթո
արշավանքներին և հետևյալ կռիվներին:
1. Մեստանլիի կռվին՝ 4-ին նոյեմբերի 1912թ.
2. Ուզուն-Համիդլարի կռվին՝ 6-ին նոյեմբերի 1912թ.
3. Բուլքան-Թորեսիի կռվին՝ 7-ին նոյեմբերի 1912թ.
4. Մերհամլիի կռվին՝ 15-ին նոյեմբերի 1912թ. (Էնվեր փաշայի
զորաբանակի գերումը):
Ամբողջ կամավորության կազմի հետ միասին Տաճկաստանի դեմ մղած
պատերազմի երկրորդ շրջանում ակտիվ մասնակցություն ունեցավ հետևյալ կռիվներին.
1. Մերեթե քաղաքի գրավման կռվում՝ 22-ին հունվարի 1913թ.
2. Շար-Քեոյ քաղաքի գրավման կռվում՝ 23-ին հունվարի 1913թ.
3. Շար-Քեոյի մոտ տաճկական դեսանտի ոչնչացման կռիվներին՝
հունվարի 26, 27, 28-ին 1913թ., և Շար-Քեոյ–Մալկարա–Քեռան, Իբսալա–Փերե–Դեդեաղաջ–Գյումուրջինե–Դեմիր–Հիսար–Պետրիչ–Ստրումիցա–Ռադովիշչ–Շտիպ–Կոչանե–Սոֆլու
արշավանքներին:
Հայկական վաշտը պաշտպանել է Մարմարայի ծովափը 1912թ. դեկտեմբերի
16-ից մինչև 1913թ. հունվարի 20-ը և նույն թվականի հունվարի 29-ից մինչև մարտի 22-ը:
Պահակային (պատրուլ) ծառայությունը կատարում էր եռանդագին:
Գերազանց ծառայության համար վաշտի անդամներից բարձր աստիճան
են ստացել մեկ հոգի՝ Անդրանիկ Տեր-Ուզունյանը՝ փոխտեղակալի (պոդպորուչիկի) աստիճան,
8 հոգի՝ կրտսեր ենթասպայի աստիճան և 10 հոգի՝ եֆրեյտորի աստիճան:
Պարգևները ստացել են… Անդրանիկ Տեր-Ուզունյան՝ մեկ զինվորական
խաչ երկրորդ աստիճանի, մեկ հոգի՝ երրորդ աստիճանի և 23 հոգի՝ չորրորդ աստիճանի, որոնցից
մեկը ամրացված է ազգային դրոշակին, և տասը հոգի՝ «Զինվորական ծառայությանց համար» շքանշան:
Վաշտն արձակված է 1913թ. մայիսի 23-ին Կոչան քաղաքում, Տաճկաստանի
հետ հաշտություն կնքելուց հետո:
Ընդհանրապես հայկական վաշտը, չնայած հագուստի բացակայության,
յուր բազմամարդությամբ միշտ եղել է ուժեղ իր տոկունությամբ, կարգապահությամբ ու դիմացկունությամբ
և չափազանց քաջ էր կռիվների մեջ:
Այդ վաշտի բոլոր մասնակցողները կարող են հպարտանալ իրենց
քաջ գործերով: Իսկ Տաճկահայաստանը պետք է հավատացած լինի, որ շնորհիվ այդպիսի որդիների,
որոնք ընդունակ են մեռնելու մի օտար գործի համար, մոտիկ ապագայում կարող է ունենալ
երջանիկ ու հարատև ապահովություն:
Կամավորության հրամանատար՝ գեներալ-մայոր Գենով
Շտաբի կառավարիչ՝ ընդհանուր շտաբի մայոր՝ Դարվինգով
Ավագ ադյուտանտ կապիտան՝ Նիկոլով
Комментариев нет:
Отправить комментарий