Էջմիածին, 1944թ., թիվ 1
Ամենայն Հայոց Հայրապետության ազգընտիր Տ. տեղակալի կոչը հայ ժողովրդին՝ «Սասունցի Դավթի» անունով տանկային շարասյուն կառուցելու նպատակով միջոցներ հանգանակելու մասին՝ ջերմ արձագանք է գտել տեղի և արտասահմանի հավատացյալների լայն շրջաններում: Այդ նպատակով գրեթե բոլոր թեմերում հավատացյալները կատարել են իրենց մուծումները:
Արտասահմանի թեմերում հավաքված միջոցների մասին առ այժմ հետևյալ տեղեկությունները կան —
- Նյու Յորքից – 40.000 դոլար
- Երկրորդ անգամ Նյու Յորքից – 20.000 դոլար
- Երրորդ անգամ Նյու Յորքից – 10.600 դոլար
- Թավրիզից – 120.000 ռյալ
- Սպահանից – 30.000 թուման
- Ֆրեզնոյից (Կալիֆոռնիա) – 10.000 դոլար
- Կիպրոսից – 3.000 ֆունտ ստեռլինգ
- Բեյրութից (Երիտասարդական միությունից) – 100 ֆունտ ստեռլինգ
- Ամերիկայից – 25.000 դոլար
Ներկա ցուցակը իհարկե լրիվ չէ: Երկրորդ համարում կտպվի ինչպես հին, այնպես և նոր ստացված գումարների մանրամասն ցուցակը:
* * *
Կարմիր Բանակի զրահատանկային զորքերի հրամանատարի օգնական գեներալ-լեյտենանտ Կարոբկովի հեռագիրը Ամենայն Հայոց Հայրապետության Տ. Տեղակալին
«Սասունցի Դավիթ» տանկային շարասյան կառուցման միջոցներ նվիրաբերող հավատացյալների ցանկությունը կատարված է: Սովետական գործարաններում կառուցված է տանկային շարասյունը և հանձնված տանկային N զորամասին, որը մեկնել է ֆրոնտ և այժմ հաղթական կռիվներ է մղում ֆաշիստական հորդաների դեմ: Ստորև բերում ենք Կարմիր Բանակի զրահատանկային զորքերի հրամանատարի օգնական, տանկային զորքերի գեներալ-լեյտենանտ Կարոբկովի հեռագիրը և տանկային շարասյունը՝ տանկային զորամասին հանձնելու որոշ տեսարանների լուսանկարները:
Ամենայն Հայոց Հայրապետության ազգընտիր տեղակալ Գևորգ արքեպիսկոպոս Չեորեքչյանին
1944 թվի հունվարի 29-ին, հանդիսավոր պարագաներում, N տանկային զորամասին հանձնվեց «Սասունցի Դավթի» անվան տանկային շարասյունը, որը կառուցված է Ձեր նախաձեռնությամբ Սովետական Միության և արտասահմանի հայ հոգևորականության և հավատացյալների միջոցներով: Ընդունելով տանկային շարասյունը, սպաները «Սասունցի Դավիթ» տանկերի վրա երդվեցին անխնայաբար ջախջախել գերմանական զավթիչներին: Տանկային շարասյունը շարժվեց դեպի ֆրոնտ:
Կարմիր Բանակի զրահատանկային զորքերի հրամանատարի օգնական, տանկային զորքերի գեներալ-լեյտենանտ Կարոբկով
Комментариев нет:
Отправить комментарий