вторник, 21 октября 2014 г.

Համամ Արևելցի

Համամ Արևելցի, Համամ Բագրատունի, Համամ Բարեպաշտ, Համամ Գրիգոր (ծ. և մ. թթ. անհտ), IX դարի մատենագիր, մեկնիչ: Աղբյուրների վկայությամբ` Հայոց Բագրատունյաց տոհմից: Եղել է իշխան, Աղվանից թագավոր: Գահից հրաժարվելով` նվիրվել է հոգևոր և մշակութային գործունեության: Ապրել ու գործել է Հայոց Գևորգ Բ Գառնեցի կաթողիկոսի օրոք: Պահպանվել է Համամ Արևելցու երկու արձանագրություն. մեկը` Մեծ Մազրայում, «Գրիգոր Ադրներսեհյան» – «Ադրներսեհի որդի» անունով` 881-ին կանգնեցված խաչարձանի վրա, մյուսը` Տիգրանակերտ բերդաքաղաքի ավերակներում` անթվակիր:


Համամ Արևելցին թողել է մատենագրական հարուստ ժառանգություն, որտեղ կարևոր տեղ են զբաղեցնում նրա աստվածաբանական («Հարցմունք և պատասխանիք», 856–865) և մեկնողական բնույթի [«Մեկնութիւն Առակացն Սողոմոնի», «Մեկնութիւն «Ով է դա»-ի» (Հոբ), «Վերլուծութիւն Քերականի» (Դիոնիսիոս Թրակացի)] երկերը, որոնք շարադրված են այլաբանական բացատրության ընկալյալ սկզբունքների կիրարկումով: Համամ Արևելցու անվամբ հայտնի է «Կարգաւորութիւն Սաղմոսաց» խորագրով երաժշտաբնագրագիտական բնույթի մի աշխատություն, որի նպատակը եկեղեցական ծեսի մեջ սաղմոսների կիրառման սահմանների ճշգրտումն ու երաժշտական կարգավորումն է:

Համամ Արևելցին հեղինակ է նաև «Հայր երկնաւոր, անկանիմ առաջին անոխակալ գթութեանդ» սկսվածքով մի շարականի, որի ակրոստիքոսը հոդում է հեղինակի անունը: Նրա գրչին են պատկանում նաև այլ մեկնություններ` «Մեկնութիւն Սաղմոսաց», «Մեկնութիւն Սաղմոսին, որ է Ամբիծք», ինչպես նաև պատմագրական մի երկ. դրանք համարվում են կորած:

Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան

Комментариев нет:

Отправить комментарий