вторник, 21 октября 2014 г.

Հակոբ Սանահնեցի

Հակոբ Սանահնեցի, Հակոբոս Քարափնեցի (ծ. թ. անհտ – 1085, Ուռհա), ժամանակագիր, դավանաբան, Սանահնի դպրոցի սաներից: Աշակերտել է Սանահնի վանահայր, ապա` Պետրոս Ա Գետադարձի հակաթոռ կաթողիկոս (1037–38) Դիոսկորոսին: Մատթեոս Ուռհայեցին նրան անվանում է «սուրբ գրոց քաջագիտակ», որ «յուրացրել էր Աստծո Հին և Նոր կտակարանները, ուսանել և հմտացել հռետորական արվեստին, ծանոթացել փիլիսոփայական խորիմաստ բոլոր գիտություններին»:


Եռանդուն մասնակցություն է ունեցել հայ-հունական եկեղեցական բանակցություններին և դավանաբանական վեճերին: Հայադավանների և հայադավանության դեմ բյուզանդական կայսր Կոստանդին Դուկասի սկսած հալածանքների ժամանակ Վասպուրականի նախկին թագավոր Սենեքերիմի որդիներ, Սեբաստիայի իշխաններ Ատոմ և Աբուսահլ Արծրունիների հետ Հակոբ Սանահնեցին մեկնել է Կ. Պոլիս (1065) և դավանաբանական բանավեճի մեջ մտել հույն հոգևորականների հետ: Նա Ս. Սոֆիայի ատյանում «հոռոմների բոլոր հարցերին բազմիցս ընդդիմացավ, բայց Քրիստոսի երկու բնությունների հարցում մի փոքր անցավ հոռոմների կողմը», այսինքն` ճանաչեց 451-ի Քաղկեդոնի ժողովի որոշումները, և կայսրի ճնշմամբ «գրեց հայոց և հոռոմոց միության գիրը», որը, սակայն, կայսրի ներկայությամբ Հայոց նախկին արքա, աքսորական Գագիկ Բ Բագրատունին պատռել է, իսկ Հակոբ Սանահնեցու արարքը խստիվ դատապարտել:

Հակոբ Սանահնեցին հեղինակն է մի «Ժամանակագրության», որից փոքր հատվածներ են պահպանվել Մատենադարանի դ 9832 ձեռագրում («Ի ժամանակագրութենէ Յակոբայ քահանայի»): Այն գրվել է Անիի Բագրատունիների և կաթողիկոսական դիվանի արժեքավոր փաստաթղթերի, բացառված չէ նաև` Կ. Պոլսի պատրիարքարանի դիվանի նյութերի և բյուզանդական պատմիչների աշխատությունների հիման վրա: Այդ երկն օգտագործել է Մատթեոս Ուռհայեցին իր «Ժամանակագրության» մեջ` 1085-ին նախորդող դեպքերի նկարագրության համար: Հակոբ Սանահնեցուց պահպանվել է նաև Ննջեցելոց կարգի մեջ զետեղված «Յանսկզբնական ծոցոյ Հօր» հուզաթաթախ ողորմեան, որի ծայրակապը հոդում է հեղինակի անունը:

Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան

Комментариев нет:

Отправить комментарий