вторник, 21 октября 2014 г.

Հաղարծինի վանք

Հաղարծինի վանք, Մեծ Հայքի Գուգարք նահանգի Ձորոփոր (հետագայում` Կայան) գավառում: ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից 18 կմ հս., Հաղարծին գետակի վերին հոսանքի ափին, համանուն գյուղատեղիից մոտ 2 կմ հեռավորությամբ` անտառապատ վայրում: Հիմնադրման ժամանակն անորոշ է:


Ծաղկում է ապրել XII դ. վերջին, XIII դ. սկզբին` Խաչատուր վրդ. Տարոնացու (Հաղարծնեցի) վանահայրության օրոք: Որպես ուսումնագիտական կենտրոն հիշատակվում է (Ստեփանոս արք. Օրբելյան, Կիրակոս Գանձակեցի և ուր.) XIII դ. առաջատար մշակութային կենտրոնների շարքում: Հաղարծինի վանքն ունի չորս եկեղեցի, երկու գավիթ (մեկը` ավերված), սեղանատուն, աղոթարաններ, խաչքարեր: Հնագույն` Ս. Գրիգոր եկեղեցին (մոտ X դ.) ներքուստ` խաչաձև, չորս անկյուններում` ավանդատներով (արլ. երկուսն առանձնացված չեն աղոթասրահից), արտաքուստ` ուղղանկյուն, գմբեթավոր կառույց է:

XI դ. Հաղարծինի վանքն ավերվել է սելջուկյան թուրքերի արշավանքներից: XII դ. Վրաց Գեորգի III թագավորի և հայոց իշխանների հրամանով համալիրը նորոգվել է, և վերականգնվել են վանքի հողատիրական իրավունքները: XII դ. վերջին և XIII դ-ի սկզբին Հաղարծինի վանքը ստացել է բազում նվիրատվություններ` այգիներ, վարելահողեր, դրամ, ձեռագրեր ևն: 1184-ին Խաչատուր վրդ. Տարոնացին և Սուքիաս վարդապետը նորոգել են Ս. Գրիգոր եկեղեցին: 1194-ին Հարբա որդի Խալթը Ս. Գրիգորին հս-ից կից կառուցել է միանավ, թաղածածկ, Կաթողիկե կոչված փոքր եկեղեցին: XII դ. վերջին իշխան Իվանե Զաքարյանը Ս. Գրիգոր եկեղեցուն արմ-ից կից կառուցել է քառասյուն տիպի գավիթ, որի շինարարությանն աջակցել են Զաքարյանների վասալ Արտավազը և Աթանեսը: Գավթի արմ. մուտքի ճակատակալ քարի արձանագրությամբ Իվանե Զաքարյանը հայտնում է Հայոց աշխարհը սելջուկներից ազատագրելու և, ի հիշատակ իր վախճանված եղբոր` Զաքարե Մեծի, Հաղարծինի վանքին այգի նվիրելու մասին: Գավթի առաստաղի անկյունային հատվածներին կան հարթաքանդակներ, որոնցից արժեքավոր են հայր Դանիելի և շերեփը ձեռքին` վանքի տնտես Սիմեոնի ողջ հասակով պատկերաքանդակները` համապատասխան մակագրություններով:

1244-ին Ս. Գրիգոր եկեղեցու արլ. կողմում, նրան բավական մոտ, կառուցվել է կապտավուն բազալտից, նրբագեղ մանրամասներով, Ս. Ստեփանոս գմբեթավոր եկեղեցին: XIII դ. Հ. վ. Զոսիմա քահանայի միջոցով ստացել է 350 կգ կշռող բրոնզե կաթսա, որի պատկերազարդ շուրթի փորագրությունը նշում է պատրաստման տարեթիվը` 1232: Կաթսան հայկական գեղարվեստական մետաղագործության բարձրարվեստ նմուշներից է, ունի քանդակազարդ ոտքեր: Վերջինիս չորս կանթերն առյուծների արձանիկներ են:

1281-ին տեր Հովհաննեսը և տեր Սարգիսը, բարերարների օժանդակությամբ, հիմնավորապես վերակառուցել են Հաղարծինի վանքի գլխավոր` Ս. Աստվածածին եկեղեցին (հիմնադրված, հավանաբար, X–XI դդ.): Մեկ զույգ մույթերով գմբեթավոր դահլիճ է, ճակատները (բացառությամբ` արմ-ի) մշակված են «հայկական խորշերով»: Գմբեթի բարձր թմբուկը զարդարված է դեկորատիվ կամարաշարով, հվ. և արմ. դռներն ունեն XIII դ. բնորոշ շքամուտքեր: Արլ. ճակատին կառուցող երկու հոգևորականների պատկերաքանդակն է` եկեղեցու մանրակերտով: Ս. Աստվածածին եկեղեցուն արմ-ից կից է եղել այժմ ամբողջովին ավերված ժամատունը:

1248-ին, վանական համալիրի արմ. կողմում, ճարտարապետ Մինասը Գրիգորեսի և Մովսեսի մասնակցությամբ կառուցել է Հաղարծինի վանքի սեղանատունը, որը միջնադարյան Հայաստանի աշխարհիկ ճարտարապետության լավագույն ստեղծագործություններից է: Ընդարձակ, ուղղանկյուն դահլիճ է (21,6x9,5 մ չափերի)` մեկ զույգ մույթերով բաժանված երկու հավասար, երդիկավոր մասերի, յուրաքանչյուրը` ծածկված երկու զույգ փոխհատվող կամարների համակարգով: Արմ. ճակատում կա լայնաթռիչք կամարակապ բացվածք: Ներքին պարագծով ձգվում է քարե նստարանը:

Հայկական ճարտարապետության նմանատիպ երկու կառույցներից մյուսը Հաղպատի վանքում է: Սեղանատան արլ. կողմում փայտածածկ խոհանոցն է: Հաղարծինի վանքի տարածքում կան թաղածածկ մատուռներ, գեղաքանդակ խաչքարեր: Հաղարծինի վանքի համալիրը հայկական ճարտարապետության կառույցների` շրջակա բնության հետ ներդաշնակության լավագույն օրինակներից է:

1671-ին թիֆլիսաբնակ Հոգիջանի ընտանիքը նորոգել է Ս. Ստեփանոս, իսկ 1681-ին Չիթաղյանները` Ս. Գրիգոր և Ս. Աստվածածին եկեղեցիները: XVIII դ. վերջին Հաղարծինի վանքն ավերվել և լքվել է Աղա Մահմեդ Խան Ղաջարի արշավանքից: Վերստին գործել է 1862-ից, նորոգվել` 1901-ին:

Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան

Комментариев нет:

Отправить комментарий