вторник, 21 октября 2014 г.

Հաղպատի վանք

Հաղպատի վանք, Հաղբատի վանք, միջնադարյան Հայաստանի հոգևոր, մշակութային և գիտաուսումնական խոշոր կենտրոն, վանքային համալիր: Գտնվում է ՀՀ Լոռու մարզի Հաղպատ գյուղի հվ-արլ. բարձրադիր մասում: Վանքի առաջին` Ս. Նշան եկեղեցին և միաբանությունը 976-ին հիմնադրել են Աշոտ Գ թագավորը և նրա կին Խոսրովանույշը` իրենց որդիներ Կյուրիկեի (Գուրգենի) և Սմբատի արևշատության համար:

Հիմնադիր վանահայրն է եղել Սիմեոնը, որը Տիրանուն երեցի հետ ղեկավարել է եկեղեցու շինարարությունը (ավարտը` 991-ին) և հիմնել վանքի հոգևոր դպրոցը: Սանահինի վանքից և այլ վայրերից հրավիրվել են գիտնական և ուսուցիչ վանականներ, և շուտով Կյուրիկյան թագավորության այս երկու վանքերում միաբանների ընդհանուր թիվը հասել է 500-ի: XI դ. 1-ին քառորդում Ս. Նշան եկեղեցու հյուսիսային պատին կից կառուցվել են երկու մատուռ-տապանատներ (1005–20), Ս. Գրիգոր եկեղեցին (1005) և վանքի նախն. պարիսպը:


XI դ. կառուցվել է նաև գրատունը, որի փայտե ծածկը հետագայում վերաշինվել է քարով: 1064-ին Տաշիր-Ձորագետի թագավոր Կյուրիկե Ա Բագրատունին, ճանաչելով սելջուկ թուրքերի գերիշխանությունը, կարողացել է կիսանկախ վիճակում պահպանել թագավորությունը և նրա հոգևոր կենտրոնները: Նույն ժամանակ նա եպիսկոպոսական աթոռը Սանահինից տեղափոխել է Հաղպատ, որտեղ 1081-ին օժանդակել է Անի-Շիրակի եպիսկոպոս Բարսեղին` օծվելու կաթողիկոսական տեղապահ (1105–13-ին` Ամենայն հայոց կաթողիկոս Բարսեղ Ա Անեցի): Հաղպատում Կյուրիկյան թագավորության եկեղեցական թեմի առաջնորդ է կարգվել Սարգիս եպիսկոպոսը:

1105-ին Ղըզըլ ամիրան հարձակվել, ավերել և կողոպտել է մի շարք բնակավայրեր և վանքեր, այդ թվում` Սանահինի և Հաղպատի միաբանությունները: Կյուրիկյան թագավորության անկումից (1113) հետո Վրաց թագավոր Դավիթ Շինարարը հայ իշխաններ Օրբելյանների ու Զաքարյանների օժանդակությամբ, 1118-ին այդ տարածքը մաքրել է սելջուկներից, միացրել Վրաստանին և Լոռին իր շրջակայքով նվիրել Օրբելյաններին: Ըստ Ս. Նշան եկեղեցու մուտքի վերևի արձանագրության, նա հովանավորել է Հաղպատի և Սանահինի միաբանությունները, նվիրել այգիներ, գյուղեր և վերահաստատել բոլոր կալվածները:

1177–78-ին Վրաց թագավոր Գեորգի III-ի դեմ Իվան Օրբելու գլխավորած ապստամբության պարտությունից հետո Լոռին կարճ ժամանակով հանձնվել է սպասալարի պաշտոնով ղփչաղ Խուբասարին, այնուհետև` Մահկանաբերդի Արծրունիներին: Վերջիններիս իշխանության հիմնադիր Վահրամ Արծրունին, որն ազգակցական կապ է ունեցել Զաքարյան իշխանների հետ և 1181-ից վրաց արքունիքի ամիրսպասալարն էր, հիշատակվում է որպես Մահկանաբերդի և Հաղպատի տեր: Նրա որդիներից ամիր Քուրդ Արծրունին Քարթլիի և Թիֆլիսի ամիրապետն էր, Բարսեղ եպս. Արծրունին` Հաղպատի վանքի առաջնորդը, որը Թամար թագուհու հրամանով նշանակվել էր նաև Քարթլիի արքեպիսկոպոս:

XII դ. 2-րդ կեսին սկսվել է Հաղպատի միաբանության վերելքի նոր ժամանակաշրջան, որը շարունակվել է նաև XIII դ.` Զաքարյան իշխանների տիրապետության օրոք: Վանքում կատարվել են շինարարական մեծածավալ աշխատանքներ, որոնք չեն ընդհատվել նույնիսկ մոնղոլական տիրապետության տարիներին: Այդ ժամանակահատվածում է հիմնականում ձևավորվել և ամբողջացել վանքի ճարտարապետական համալիրը: 1185-ին Կյուրիկե Գ թագավորի դուստր Մարիամը Ս. Նշան եկեղեցու արմ. կողմում կառուցել է Կյուրիկյան թագավորների սրահ-տապանատունը, որը XIII դ. 1-ին քառորդին, վանքի առաջնորդ Հովհաննես Խաչենացու օրոք հիմնովին վերակառուցվել է և վերածվել եկեղեցու ընդարձակ գավթի: Նրա ժամանակ կառուցվել են նաև Ուքանանց տոհմի երեք խաչքար-դամբարանները, նորոգվել Ս. Նշան և Ս.Գրիգոր եկեղեցիների ծածկերը, կատարվել վանքի տարածքի ընդարձակման, պարսպապատման և բարեկարգման աշխատանքներ:

Համալիրի տարածքից դուրս կառուցվել է Կուսանաց անապատը: XIII դ. 1-ին քառորդին է վերագրվում նաև սեղանատան կառուցումը, որի ճշգրիտ ժամանակը հայտնի չէ: Մոնղոլական արշավանքների նախօրեին` 1233-ին, Հովհաննես Մածնաբերդցի վանահոր օրոք, միաբանության պաշտպանության նպատակով վանքից ոչ հեռու, լեռնային դժվարամատչելի հրվանդանի վրա կառուցվել է Կայան բերդ կոչվող ամրոցը, որը, սակայն, անկարող է եղել դիմագրավել թշնամուն և 1241-ին ավերվել է: Հաջորդ վանահոր` Համազասպի ժամանակ կառուցվել են նոր, ընդարձակ գավիթը, զանգակատունը և պարսպի արլ. մուտքը:

XIII դ. 2-րդ կեսին, Դոփյան տոհմից սերող Հովհաննես վանահոր օրոք վերակառուցվել է գրատան ծածկը, կից կառուցվել է սրահ, աթաբեկ և ամիրսպասալար Սադուն Արծրունու արևշատության համար կանգնեցվել է «Ամենափրկիչ» նշանավոր խաչքարը: Վանքի տարածքից դուրս կառուցվել են Ս. Սիոն եկեղեցին և աղբյուր: Դարավերջին գրատան սրահի վրա հավելվել է փոքր մատուռ: XI–XIII դդ. վանքի համար եղել են նաև կրթության, գիտության և մշակույթի մեծ վերելքի ժամանակաշրջան: Այդտեղ ուսանել, ստեղծագործել և դասավանդել են ժամանակի բազմաթիվ նշանավոր հոգևորական գիտնականներ. ուսուցչապետ Հովհաննես Սարկավագը (Իմաստասեր), նրա աշակերտներ` պատմիչներ Երեմիա Անձրևիկը և Սամուել Անեցին, իրավագետ և մանկավարժ Դավիթ Ալավկա Որդին, մատենագիր Վարդան Հաղպատեցին, նրա աշակերտ, ուսուցչապետ Դավիթ Քոբայրեցին, մատենագիր Մխիթար Քոբայրեցին, պատմիչ, մատենագիր, աշխարհագրագետ և փիլիսոփա Վարդան Արևելցին: Հաղպատում գրվել, ընդօրինակվել և ծաղկվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնք օգտագործվել են նաև միջնադարյան Հայաստանի գիտաուսումնական այլ կենտրոններում: Առավել նշանավոր է «Հաղպատի Ավետարանը» (Մատենադարան, ձեռ. դ 6288), որը մանրանկարչական արվեստի լավագույն նմուշներից է: Վանքն ունեցել է իր ժամանակագրության ավանդական մատյանը` «Քոթուկը», որը չի պահպանվել:

XIV դ. վերջին, Զաքարյանների իշխանական տան տրոհումից հետո, Հաղպատն անցել է նրանց շառավիղների` տեղական իշխանների տնօրինությանը. նրանք այստեղ և այլ վանքերում եղել են նաև հոգևոր առաջնորդներ: XIV–XV դդ. վանքի ձեռագրերը կողոպուտից և ոչնչացումից փրկելու նպատակով թաքցվել են մոտակա դժվարամատչելի քարայրերում, իսկ գրատունը վերածվել է մառանի:

Մոռացված ձեռագրերը հայտնաբերվել են XVIII դ. վերջին քառորդին, Աբրահամ Թեքերտաղցի առաջնորդի ժամանակ: Վերջինս այրել է քայքայված ձեռագրերը` որպես գործածության համար ոչ պիտանի: 1155-ին թուրք-իրանական պայմանագրով Լոռին անցել է Սեֆյան Իրանին և ընդգրկվել Քարթլի-Կախեթի վալիության մեջ, իսկ 1747-ին անկախացել է Իրանից և 1762-ին դարձյալ մտել Վրաստանի կազմի մեջ: XVII դ. Հաղպատն իր շրջակայքով պատկանել է Բարաթյաններին: Միաբանությանը հովանավորել են նաև Բեհբությանները: Նույն դարի 2-րդ կեսին վանքում կատարվել են վերանորոգչական մեծ աշխատանքներ: Ըստ արձանագրության տվյալների, 1651, 1655-ին Խոջա Բեհբութը և Մահմեդի Ազիզը նորոգել են եկեղեցիները, որոնք վերանորոգվել են 1668-ի երկրաշարժից հետո:

1676–77-ին նորոգվել են Կուսանաց անապատը, վանքի պարիսպը և գրատան սրահի վերջին մատուռը: XVII–XVIII դդ. լեզգիները բազմիցս հարձակվել և ավերել են վանքը, ուստի Հաղպատի առաջնորդարանը 1751–76-ին և հետագայում ևս ստիպված ժամանակավորապես պատսպարվել է Թիֆլիսում: 1776-ին առաջնորդարանը կրկին հաստատվել է Հաղպատում: Վրաց թագավոր Հերակլ II-ի օժանդակությամբ նորոգվել և բարեկարգվել է անխնամ մնացած վանքը: Սակայն դեռևս վտանգավոր իրավիճակը 1783-ին դարձյալ ստիպել է տեղափոխվել Թիֆլիս: Հաղպատի առաջնորդարանում 1768-ից` որպես աբեղա, իսկ 1778-ից` որպես Ս. Նշան եկեղեցու լուսարար ծառայել է Սայաթ-Նովան` Տեր-Ստեփանոս անվամբ:

1786-ին Հաղպատի վրա է հարձակվել լեզգի Ումմա (Օմար) խանը, սակայն հանդիպելով գյուղացիների դիմադրությանը` նահանջել է, իսկ 1795-ին Թիֆլիսում Հաղպատի առաջնորդարանը ենթարկվել է Աղա Մահմուդ խանի ավերածություններին ու կողոպուտին. այլ արժեքների հետ ոչնչացվել է նաև վանքի «Քոթուկը»:

XIX դ. սկզբին Լոռին Վրաստանի հետ միասին անցել է ռուսական կայսրությանը: XIX դ. 1-ին քառորդին Հաղպատի առաջնորդներն են եղել Հովհաննես Ակնեցին (1808–11), Աստվածատուր Արցախեցին (1811–14) և Ներսես Աշտարակեցին (1814-ից), որոնք միաժամանակ վարել են նաև վիրահայոց առաջնորդությունը: Այդ տարիներին երկրում տիրող ռազմաքաղաքական անկայուն վիճակը ստիպել է Եփրեմ Ա Ձորագեղցի կաթողիկոսին 1822–1824-ին ապաստանել Հաղպատում: Բռնի ռուսականացման քաղաքականության դեմ անհանդուրժողականության համար Ներսես Աշտարակեցին գեներալ Ի. Պասկևիչի թելադրանքով 1828-ին աքսորվել է Բեսարաբիա, որտեղ առաջնորդել է տեղի հայ եկեղեցական թեմը, իսկ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի տեսուչ, բանաստեղծ ու մանկավարժ Հարություն Ալամդարյանը 1830–1832-ին աքսորվել է Հաղպատ:

1836-ին, Զաքարիա արք. Գուլասարյան-Բեհբուդյանցի առաջնորդության ժամանակ վերացվել է Հաղպատի եպիսկոպոսական աթոռը: Նախկին վիճակը և կարողությունները կորցրած վանքը գոյատևել է ևս մի քանի տասնամյակ: Հաղպատի վանքի վերջին վանահայրն է եղել Սերովբե եպս. Արարատյանը. նա հիշատակվում է նաև 1873-ին Դեբեդ գետի վրա քարե կամրջի կառուցման առնչությամբ:

Խորհրդ. իշխանության տարիներին վանքը պահպանվել է որպես պատմամշակութային հուշարձան: Պարբերաբար կատարվել են ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքներ (ճարտ-ներ` 1927-ին` Ա. Թամանյան, 1929-ին` Ն. Տոկարսկի, 1930-ին` Ա. Ավետիսյան, 1950-ին` Ա. Բալասանյան, 1954–55-ին` Հ. Հակոբյան, 1965–66-ին` Վ. Խաչատրյան, 1973–75-ին` Հ. Գասպարյան): 1989-ին, ՀՀ կառավարության որոշմամբ, վանքը վերադարձվել է Մայր աթոռ Ս. Էջմիածնի տնօրինությանը: Հայկական պատմաճարտարապետական հուշարձաններից Հաղպատի վանքն առաջինն է, որ ընդգրկվել է (1996) ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային ժառանգության ցանկում»: Համալիրի` տարբեր ժամանակներում կառուցված և տարաբնույթ շինություններն ի վերջո կազմել են ամբողջական, ներդաշնակ, ասիմետրիկ, բայց հավասարակշիռ մի հորինվածք, որի բաղկացուցիչ յուրաքանչյուր տարրը և մանրամասները համահունչ են միմյանց և շրջակա բնությանը: Վանքի ընդհանուր համայնապատկերում առանցքային և գերիշխող դիրք է գրավում Ս. Նշան եկեղեցին (976–991), որին կից աստիճանաբար ձևավորվել է համալիրի կորիզը կազմող հուշարձանախումբը: Եկեղեցին պատկանում է գմբեթավոր դահլիճի տիպի խաչագմբեթ ենթատիպին` արտաքուստ` ուղղանկյուն, ներքուստ խաչաձև հատակագծով և անկյուններում տեղադրված երկհարկ ավանդատներով: Մուտքեր ունի հս. և արմ. կողմերից:

Ընդարձակ և միասնական ներքին տարածքը պսակվում է լայնանիստ և բարձրադիր գլանաձև գմբեթով: Արլ., հվ. և հս. ճակատները ջլատված են եռանկյունաձև հատվածքով երկուական ուղղաձիգ խորշերով, որոնք, կառույցին թեթևություն և տարածական կոշտություն հաղորդելուց բացի, զուսպ մշակված քիվերի և պսակների հետ կազմում են նրա հարդարանքի էական տարրը: Արլ. ճակատի վերին մասում խորաքանդակ պատկերված են Սմբատ և Գուրգեն (Կյուրիկե) թագավորները` կանգնած դեմ հանդիման, ձեռքերում` եկեղեցու մանրակերտը: Եկեղեցու Ավագ խորանը և պատերի առանձին հատվածներ պատված են եղել որմնանկարներով, որոնցից միայն հետքեր են պահպանվել: Ավագ խորանի պատին պատկերված է եղել գահին նստած Քրիստոսը, իսկ դրանից ցած` «Ավետման», «Ծննդյան» և «Մկրտության» տեսարաններ (X դ.): Հվ. պատին ամբողջ հասակով նկարված են եղել Սադուն Արծրունու և նրա որդու` Խութլու Բուղայի պատկերները (XIII դ.): XIX դ. մատենագիր, Սանահինի վանքի վանահայր Հովհան Ղրիմեցին, հենվելով մի հին ավանդության վրա, Ս. Նշան եկեղեցու կառուցումը վերագրել է Անիի նշանավոր ճարտ. Տրդատին, ինչը հավանական են համարում նաև որոշ հետազոտողներ:

Հայ միջնադարյան ճարտարապետության բացառիկ արժեքավոր նմուշներից է Ս. Նշան եկեղեցու գավիթը (1210–25), որը կառուցված է եկեղեցու արմ. կողմում, նրան կից, իշխանուհի Մարիամի հիմնադրած սրահ-տապանատան (1185) տեղում: Վերակառուցումից հետո վերջինից պահպանվել են արլ. և արմ. ծայրային հատվածները, որոնք վարպետորեն ընդգրկվել և մաս են կազմել նոր կառույցի: Ուղղանկյուն հատակագծով ընդարձակ դահլիճը ծածկված է երկու զույգ, միմյանց հետ խաչվող կամարներով, որոնք արլ. կողմում հենվում են եկեղեցու արմ. պատին կից որմնասյուներին, իսկ արմ. կողմում` առանձին կանգնած սյուներին: Չորս կամարներով ստեղծված կենտրոնական քառակուսին իր հերթին ծածկված է դրանց վրա հենված խաչվող կամարների մի նոր, առավել փոքր համակարգով` ստեղծելով բարդ, սակայն տեկտոնիկ, տրամաբանված ու գեղարվեստորեն հարուստ ու բազմապլան տարածական կոնստրուկտիվ հորինվածք, որն ավարտվում է երդիկով և սլացիկ ռոտոնդայով: Գավթի արտաքին պարզ ու զուսպ հարդարանքի ֆոնի վրա առավել շեշտված երևում է հարուստ զարդաքանդակներով մշակված արմ. շքամուտքը:

Համալիրի երկրորդ գավիթը (1255), որը կառուցող վանահոր անունով կոչվում է նաև «Համազասպի ժամատուն», գտնվում է Ս. Նշան եկեղեցու հս. կողմում, մոտ 8 մ հեռավորությամբ: Կառույցը պատկանում է քառակուսի հատակագծով կենտրոնակազմ չորս սյուների վրա հենված կամարածածկ և երդիկավոր գավիթների տարածված տիպին և ամենամեծն է դրանց շարքում (մոտ 330 մ2): Արլ. կողմում առանցքային տեղադրությամբ այն հաղորդակից է անհամեմատ փոքր չափերով միանավ թաղածածկ եկեղեցուն, որն ունի ընդամենը 20 մ2 մակերես: Վերջինիս և գավթի այս անսովոր և անհամաչափ համադրության պատճառով հաճախ անտեսվել է եկեղեցու գործառնական դերը, և գավիթը համարվել է ինքնուրույն, առանձին շինություն` ժողովարան:

Փոքր չափեր ունի նաև Ս. Գրիգոր եկեղեցին (1125), որը ներքուստ խաչաձև, արտաքուստ ուղղանկյուն հատակագծով, անկյուններում` ավանդատներով (արմ. կողմում` կրկնահարկ), թաղածածկ և երկլանջ տանիքով կառույց է` տեղադրված Ս. Նշան եկեղեցու գավթին կից, հվ. կողմում:

Համալիրի երրորդ փոքր` Ս. Աստվածածին եկեղեցին (XIII դ.) գտնվում է Ս. Նշան եկեղեցու գավթի հս. կողմում, նախկին սրահ-դամբարանի պահպանված մասից 2 մ հեռավորությամբ: Ներքուստ խաչաձև, սակայն առանց ավանդատների, կենտրոնակազմ գմբեթավոր կառույց է, որի հս. և հվ. խաչաթևերի խորությունն այնքան փոքր է, որ հատակագծում դրանք ընդգրկվել են եկեղեցու պարզ ուղղանկյան եզրագծի մեջ: Արմ. ճակատի առանցքով տեղադրված շքամուտքը հարդարված է քանդակազարդ շրջանակով: Եկեղեցին կոչվում է նաև Խաթունաշեն, կառուցողի` Դեսումյանց Հասան իշխանի դուստր Խաթունի անվամբ: Վանքի գրատունը (XI դ., վերակառուցվել է 1258–62-ին) քառակուսի պարզ հատակագծով սրահ է, սկզբնապես ծածկված է եղել փայտե սյունահեծանային կոնստրուկցիայով: Վերակառուցման ժամանակ այն փոխարինվել է քարաշեն խաչվող կամարների համակարգով, որը հենվում է պատերին կից հավելված որմնասյուների վրա: Ծածկի կենտրոնական քառակուսին պսակվում է ութանիստ վրանաձև երդիկավոր գմբեթով: Սրահի որմնակամարներով ջլատված պատերն ունեն նաև որմնախորշեր, որոնք կատարել են գրապահարանի դեր: Միակ մուտքը արմ. կողմից է և բացվում է Ս. Նշան եկեղեցու և «Համազասպի ժամատան» միջանկյալ տարածքում` գրատան վերաշինության հետ միաժամանակ կառուցված սրահի մեջ:

Հուշարձանախմբից անջատ, գրատան հս-արլ. կողմում, մոտ 5 մ հեռավորությամբ կանգնած է 25 մ բարձր. ունեցող զանգակատունը, որը նմանատիպ առավել վաղ և լավագույն օրինակներից է: Նրա երկհարկ հիմնական զանգվածը ավարտվում է սյունազարդ զանգաշտարակով: Առաջին հարկի հատակագծի եզրագիծը հավասարաթև խաչ է, երկրորդ հարկինը` այն ներգծող քառակուսի` հատված անկյուններով: Այս համադրության շնորհիվ արտաքին անկյուններում ստեղծվել են ստալակտիտային տրոմպների համակարգով պսակվող ուղղաձիգ խորշեր, որոնք շքամուտքի ու լուսամուտների կամարազարդ բացվածքների շրջակալների, ճակտոնների քիվերի և հովհարաձև վեղարով զանգաշտարակի հետ կառույցին հաղորդում են թեթևություն և վերասլաց համաչափություն: Պատի միջին բարձրության վրա գտնվող շարքերից մեկը, որը չի ընդհատվում բացվածքներով, ողջ պարագծով կառուցված է որպես հակաերկրաշարժային հոծ գոտի, որտեղ քարերը միմյանց ագուցված են ձգման ուժերին դիմակայող ատամնաձև ելուստներով: Հարկերը միմյանց հետ հաղորդվում են ներքին քարե աստիճաններով: Առաջին հարկում կան երկու, իսկ երկրորդում` չորս մատուռ-աղոթարաններ` ինչի պատճառով վիմագրերում կառույցն անվանվում է նաև եկեղեցի:

Հայ միջնադարյան աշխարհիկ կառույցների մեջ բացառիկ տեղ է գրավում սեղանատունը (1220-ական թթ.), որը կառուցված է վանքի պարսպապատ տարածքի հս. եզրին: Արլ-արմ. երկայնական առանցքով ուղղանկյուն ընդարձակ սրահ է` կողմերի 1:2 հարաբերությամբ: Կենտրոնական մասում լայնական առանցքով դրված երկու սյուներով սրահը բաժանված է երկու քառակուսի մասերի, որոնցից յուրաքանչյուրը ծածկված է որմնասյուներին և կենտրոնական սյուներին հենվող խաչվող կամարների համակարգով և ութանկյուն երդիկավոր գմբեթով: Մուտքը արմ. կողմից է, իսկ արլ. պատը ներքուստ ձևավորված է կամարակապ խորշով: Պարսպապատ տարածքից դուրս, մոտ 100 մ արլ. գտնվում է վանքի աղբյուրը (1258): Այն ուղղանկյուն հատակագծով երկարավուն սրահ է, որի երեք պատերը խուլ են, իսկ հվ. երկայնական պատը ձևավորված է երկթեք տանիքի ճակտոնի տակ առնված կենտրոնական մեծ կողմնային երկու փոքր կամարակապ բացվածքներով: Ներսում, հս. պատի ողջ երկայնքով տեղադրված են միմյանց հետ հաղորդվող վեց տաշտակներ, որոնց միջով հոսում է ջուրը: Նույն ուղղությամբ ավելի հեռու, բարձունքի վրա գտնվում է Կուսանաց անապատը` Ս. Տիրամայր եկեղեցով (XIII դ.), որը ներքուստ խաչաձև, արտաքուստ ուղղանկյուն փոքր կենտրոնագմբեթ կառույց է:

Վանական համալիրի տարածքում և շրջակայքում պահպանվել են մեմորիալ և մոնումենտալ արվեստի բազմաթիվ հուշարձաններ: Դրանցից առավել նշանավոր է բարձրարվեստ պատկերաքանդակներով հարուստ «Ամենափրկիչ» խաչքարը, որը տեղադրված է Ս. Նշան եկեղեցու հս. մուտքի մոտ, սրահի ներսում: Հիշարժան են նաև Ուքանանց իշխանական տոհմի երեք խաչքար-դամբարանները` վանքի հս-արմ. պարսպի մոտ: Հաղպատի վանքում վավերագրվել և վերծանվել է մոտ 260 վիմագիր արձանագրություն, որոնց ժամանակագրությունն ընդգրկում է X–XVIII դդ.: Դրանք պարունակում են արժեքավոր տեղեկություններ պատմական իրադարձությունների, թագավորական և իշխանական տների, հոգևոր և մշակութային գործիչների, տնտեսական կյանքի և վանքի շինարարական գործունեության մասին:

Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան

Комментариев нет:

Отправить комментарий