Համբարձում, սուրբ Համբարձման տոն, Հայ առաքելական եկեղեցու Տերունի տոներից: Հիսուս Քրիստոսի հարության օրվանից քառասուն օր հետո` հինգշաբթի օրը, Հայ եկեղեցին տոնում է Հիսուսի երկինք համբարձվելու հիշատակը: Համբարձման տոնը Զատկի հետ 35 օրվա շարժականություն ունի և նշվում է ապրիլի 30-ից մինչև հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում:
Քրիստոսը, հարությունից հետո քառասուն օր երկրի վրա մնալով, քառասուներորդ օրը Ձիթենյաց լեռան վրա իր վերջին պատգամները, հորդորներն ու օրհնություններն է տվել իր առաքյալներին, համբարձվել երկինք ու նստել Հայր Աստծո աջ կողմում (Մարկ. 16.19–20, Ղուկ. 24.50–53, Գործք 1.9–11): Ըստ Գործք առաքելոցի, մինչ աշակերտները զարմացած ու այլայլված երկինք էին նայում, նրանց երկու սպիտակազգեստ հրեշտակներ են երևում և ասում. «Ով գալիլիացիներ, ինչո՞ւ կանգնած նայում եք երկնքին, այս Հիսուսը, որ ձեր միջից երկինք վերացավ, պիտի գա նույն ձևով, ինչպես տեսաք նրա երկինք գնալը» (Գործք 1.11): Հ. նշանավորում է Հիսուս Քրիստոսի երկրային առաքելության ավարտը: Համբարձման տոնը Հայաստանում, իր մեջ ներառելով հեթանոսական շրջանի մի շարք սովորություններ ու ավանդություններ, վերածվել է ժողովրդական տոնակատարության:
Համբարձման օրը ժողովուրդը կոչում է նաև «Վիճակ», «Ծաղիկ գովել», «Ջան գյուլում»: Այդ օրը աղջիկները, գույնզգույն, հատկապես կարմիր ու կանաչ զգեստներ հագած, գարնանային ծաղկած դաշտերում կամ այգիներում կազմակերպել են զբոսանք և վիճակախաղ: Անցյալում Համբարձման «Ջան գյուլումը» մեծ տոնախմբություն է եղել և միայն աղջիկներին վերաբերող տոն համարվել: Այդպես է կոչվել, որովհետև վիճակի համար երգվող տաղերը վերջացել են «Ջան գյուլում»-ով, ինչը ծաղկի, մասնավորապես` վարդի փառաբանությունն էր: Համբարձման նախընթաց օրը (չորեքշաբթի) աղջիկները դաշտերից, այգիներից հավաքել են 7 գույնի ծաղիկ և փնջեր կապել, որոնցից մեծը և խաչաձևը կոչվել է Ծաղկամեր: Ապա 7 աղբյուրի ջրից լցրած կժի մեջ յուրաքանչյուրը որևէ իր է գցել: Կուժը ծաղիկների հետ պահել են և հսկել, որ տղաները չգողանան:
Մյուս օրը` Համբարձման տոնին, նստել են բոլորակ` իրենց առաջ դնելով կուժն ու ծաղկեփնջերը, և սկսվել է վիճակը (վիճակահանությունը): Երգել են մի-մի տուն ժողովրդական երգ, որի մեկ տողն էր «Ջան գյուլում, ջան, ջան», մյուս տողը` «Ջան ծաղիկ, ջան, ջան»: Ամեն մի տունը երգելուց հետո մի փոքրիկ աղջիկ կժից հանել է մի իր: Այդ իրի տիրոջ բախտը որոշվել է երգի կամ արտասանված քառյակի բովանդակությամբ: Այս արարողությունը կոչվել է «Ծաղիկ գովել»: Ծաղիկների, ծառերի, տերևների միջոցով հմայություն և գուշակություն են արել, իսկ ծաղիկներն ու տերևները գործածել որպես բուժիչ դեղ: Բոլոր ծաղիկները բաժանելուց հետո Ծաղկամերը նվիրել են եկեղեցուն:
«Վիճակը», «Ջան գյուլումը», «Ծաղիկ գովելը» հայկական սովորությունների և կենցաղի մաս են կազմել: Դրանք, ինչպես Կանաչ և Կարմիր կիրակիները և գարնանային այլ տոներ, սերտորեն կապվել են գարնան զարթոնքի, բնության զարդարանքի և ծաղկումի հետ: Այդ օրերին եփել են կաթնապուր, և տոնը կոչվել է նաև կաթնապուրի տոն:
Երաժշտություն: Շարակնոցում Համբարձման կանոնը, որի հեղինակն է Ներսես Լամբրոնացին, երկու պատկեր ունի: Առաջին` «Համբարձաւ Տէրըն մեր» (7 մաս) և երկրորդ` «Ծագումն Միածնի»` 2 Հարց և 2 Տէր երկնից ունեցող 9 միավորից բաղկացած պատկերը: Համբարձմանը նվիրված բազմաթիվ տաղեր են ստեղծվել. մի քանիսը («Այսօր անդրանիկ», «Եւ ի յերկինս վերացեալ») մեղեդիներով հանդերձ հարատևել և երգվում են եկեղեցում առ այսօր:
Պատկերագրություն: «Համբարձման» պատկերները հայտնի են IV դարից: Հայկական արվեստում հնագույն օրինակները Պտղնիի, Օձունի (VI դ.) եկեղեցիների բարձրաքանդակներն են, «Էջմիածնի Ավետարան»-ի կազմի փորագրությունը: «Համբարձման» տեսարանում Քրիստոսը պատկերվում է մանդոռլայի (Աստծո փառքի առարկայական արտահայտություն) մեջ (ավելի հաճախ` էլիպսաձև) նստած կամ կանգնած, որին դեպի երկինք են տանում հրեշտակները: Ներքևում կանգնած է առաքյալներով շրջապատված Տիրամայրը, ում աջ և ձախ կողմերում սովորաբար լինում են հրեշտակներ, նրանց կողքին` Պողոս և Պետրոս առաքյալները: Տիրամայրն առաքյալների հետ պատկերվում է նաև առանց հրեշտակների: «Համբարձման» տեսարանը հայկական արվեստում մեծ տարածում ունի: Ինքնատիպ են Կիլիկիայի վարպետների, «Մողնու Ավետարան»-ի, Մոմիկի պատկերազարդած «Պատերազմի Ավետարան»-ի պատկերումները:
Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան

Комментариев нет:
Отправить комментарий