пятница, 26 сентября 2014 г.

Թուրքմենչայի պայմանագիրը, 28 փետրվարի, 1828թ.

Պայմանագիր, կնված Թուրքմենչայում


[«Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1818-1923)», պրոֆ. Ջ. Ս. Կիրակոսյանի խմբագրությամբ, Երևան, 1972թ.]


Թարգմանություն ռուսերենից
1828 թ. փետրվարի 10-ին

{65}

Հանուն Ամենազոր Աստծո.
Ամենապայծառափայլ, Ամենահզոր, Մեծն թագավոր և Ամենայն ռուսաց Ինքնակալ Նորին Կայսերական Մեծությունը և Նորին Մեծություն Պարսկական Փադիշահը հավասարապես մղված պատերազմի աղետավոր հետևանքներին վերջ դնելու, պատերազմ, որը միանգամայն հակառակ է իրենց փոխադարձ դիտավորություններին, և հաշտություն հաստատելու միջոցով երկու Պետությունների միջև նախկին բարիդրացիական և բարեկամական հարաբերությունները հաստատ հիմքի վրա վերականգնելու անկեղծ ցանկությամբ, հաշտություն, որն իր իսկ մեջ ամփոփելով իրեն ամրության երաշխավորությունը, գալիք ժամանակներում կկանխի անհամաձայնությունների և թյուրիմացությունների բոլոր պատճառները, սույն փրկարար գործը կատարելու համար իրենց Լիազորներ նշանակեցին.


Նորին Մեծություն Ամենայն ռուսաց Կայսրը իր գեներալ-թիկնապահ, Կովկասի Առանձին կորպուսի Հրամանատար և այլն Իվան Պասկևիչին, և իր Իսկական Պոետական Խորհրդական Ալեքսանդր Օբրեզկովին, իսկ Նորին Մեծություն Պարսկական Շահը` Նորին վսեմություն Աբբաս-Միրզային։ Սույն լիազորները հանդիպելով Թուրքմենչայ գյուղում, իրենց արված լիազորությունները ճանաչելով պատշաճ վիճակում և դրանք փոխանակելուց հետո, որոշեցին և կնքեցին հետևյալ հոդվածները.

Հոդ. 1. Նորին Մեծություն Ամենայն ռուսաց Կայսրի և Նորին Մեծություն Պարսկական Շահի, նրանց թագաժառանգների և

{66}

հաջորդների, նրանց Տերությունների և երկու կողմերի հպատակների միջև հետ այսու առհավետ թագավորելու է խաղաղություն, բարեկամություն և կատարյալ համաձայնություն։

Հող. 2. Նորին Մեծություն Ամենայն ռուսաց Կայսրը և նորին Մեծություն Պարսկական Շահը հարգելով այն, որ բարձր պայմանավորվող կողմերի միջև ծագած և այսօր բարեհաջող դադարած պատերազմի հետևանքով ավարտվեցին նաև երկու կողմերի հավասար ուժ ունեցող Գյուլիստանի պայմանագրի պարտավորությունները, հարկավոր համարեցին հիշյալ Գյուլիստանի պայմանագիրը փոխարինել սույն պայմաններով և որոշումներով, որոնք պետք է Ռուսաստանի և Պարսկաստանի միջև առաջիկայում հաստատեն ավելի ու ավելի հաշտ ու բարեկամական հարաբերություններ։

Հոդ. 3. Նորին Մեծություն Պարսկական Շահը իր անունից և իր թագաժառանգների և ժառանգորդների անունից Ռուսական Կայսրությանն է զիջում որպես նրա կատարյալ սեփականությունը Երևանի խանությունը՝ Արաքսի այս և այն կողմերում և Նախիջևանի խանությունը։ Այս զիջման հետևանքով նորին Մեծություն Շահը խոստանում է սույն պայմանագրի ստորագրման օրից հաշված վեց ամիս ոչ ավելի ժամանակամիջոցում ռուսական իշխանություններին հանձնել այն դիվաններն ու հրապարակված վավերագրերը, որոնք վերաբերում են վերոհիշյալ երկու Խանությունների կառավարմանը։

Հոդ. 4. Երկու բարձր պայմանավորվող կողմերի համաձայնությամբ երկու Պետությունների միջև սահմանը որոշվում է համարել հետևյալ գիծը` սկսած թուրքական տիրույթների սահմանի այն կետից, որն ուղիղ գծով ամենից մոտ է փոքր Արարատի գագաթին, սահմանագիծը կառաջանա մինչև այդ լեռան գագաթը. այնտեղից նրա թեքությամբ կիջնի մինչև Արարատի հարավային կողմից սկիզբ առնող ստորին Քաբասու գետի վերին հոսանքը, այնուհետև սահմանագիծը այս գետի հոսանքի ուղղությամբ կշարունակվի մինչև Շերուրի դիմացը գտնվող այն կետը, որտեղ այս գետը թափվում է Արաքսի մեջ. այս կետից սկսած սահմանագիծը Արաքս գետի հունով կընթանա մինչև Աբբաս֊Աբադ ամրոցը, այստեղ, սույն ամրոցի արտաքին ամրությունների մոտ, որոնք գտնվում են Արաքսի աջ ափում, սահմանագիծը կես աղաջ, այսինքն՝ ռուսական 3 1/2 վերստ երկարությամբ շառավիղով կառաջացնի շրջագիծ, և այս շրջագծի մեջ ընկած հողատարածությունը ամբողջապես կպատկանի բացառապես Ռուսաստանին, և հաշված սույն օրից պետք է մեծագույն ճշտությամբ բաժնեհատ-

{67}

վի երկու ամսվա ընթացքում։ Սկսած այն տեղից, որտեղ հիշյալ շրջագիծը արևելյան կողմից կհատի Արաքսի ափին, սահմանագիծը վերստին առաջ կգնա սույն գետի հունով մինչև Եդիբուլուքի ծանծաղուտը. այնտեղից պարսկական տիրույթը կտարածվի՝ Արաքս գետի հունով 3 աղաջ, այսինքն ռուսական 21 վերստ տարածության վրա. այնուհետև սահմանը կանցնի ուղղակի Մուղանի տափաստանի վրայով մինչև Բոլղարու գետի այն կետը, որը Օդինաբազար և Սարիղամիշ գետերի միացման տեղից ընկած է 3 աղաջ, այսինքն 21 վերստ հեռավորության վրա։ Այնտեղից սահմանագիծը Բոլղարու գետի ձախ ափով կշարունակվի հոսանքն ի վեր մինչև հիշյալ Օդինաբազար և Սարիկամիշի գետերի միացման տեղը, հետո արևելյան Օդինաբազար գետի աջ ափի երկարությամբ սահմանը կձգվի մինչև հիշյալ գետի վերին հոսանքը, իսկ այնտեղից՝ մինչև Ջիքոիրյան բարձունքներն այն հաշվով, որ այս բարձունքներից դեպի Կասպից ծովը հոսող բոլոր ջրերը պատկանեն Ռուսաստանին, իսկ դեպի Պարսկաստան հոսող բոլոր ջրերը Պարսկաստանին։ Քանի որ այստեղ երկու պետությունների միջև սահմանն անցնում է լեռների գագաթներով, ապա որոշված է, որ նրանց թեքությունը դեպի Կասպից ծովը պետք է պատկանի Ռուսաստանին, իսկ հակառակ թեքությունը պատկանի Պարսկաստանին։ Ջիքոիրյան բարձունքներից սահմանագիծը ձգվում է Թալիշը Արշի գավառից անջատող լեռների վրայով մինչև Կամար Կույ բարձունքը։ Ջրերի հոսանքը երկու կողմի վրա անջատող լեռնային կատարները այստեղ կառաջացնեն սահմանագիծը ճիշտ այնպես, ինչպես վերևն ասվեց Օդինաբազարի և Ջիքոիրյան բարձունքների միջև ընկած տարածության մասին։ Այնուհետև ջրերի հոսանքի նկատմամբ վերը շարադրված կանոնի անընդհատ պահպանմամբ սահմանագիծը Կամարքույի բարձունքից առաջ կգնա Զուվանթ և Արշի գավառները բաժանող լեռնաշղթայի երկարությամբ մինչև Վելջիքի գավառի սահմանը։ Այսպիսով, Ռուսաստանին կմիանա Զուվանթ գավառը, բացառությամբ նրա այն մասի, որն ընկած է հիշյալ լեռների հակառակ կողմում։ Վելջիքի գավառի սահմանից սկսած երկու Պետությունների միջև ընկած սահմանագիծը ջրերի հոսանքի վերաբերյալ արդեն հիշատակված կանոնին համապատասխան առաջ կշարժվի Կլոպութիի գագաթներով և Վելիջիքի գավառով անցնող գլխավոր լեռնաշղթայի երկարությամբ մինչև Ասթարա գետի հյուսիսային ակունքը. այնտեղից այս գետի հունով, մինչև նրա՝ Կասպից ծովը թափվելու տեղը, ուր և ավարտվում է ռուսական տիրույթները Պարսկաստանից անջատող սահմանագիծը։

{68}

Հոդ. 5. Նորին Մեծություն Պարսկական Շահը որպես ապացույց Ամենայն ռուսաց նորին Մեծություն Կայսրի նկատմամբ ունեցած իր բարեկամության, սույն հոդվածով ինչպես իրեն, նույնպես և Պարսկական գահի իր ժառանգորդների և հաջորդների անունից հանդիսավոր կերպով ընդունում է, որ վերը նշված սահմանագծի և Կովկասյան լեռների ու Կասպից ծովի միջև ընկած բոլոր հողերն ու բոլոր կղզիները, ինչպես և այդ երկրներում ապրող բոլոր քոչվոր և մյուս ժողովուրդները առհավետ պատկանում են Ռուսական կայսրությանը։

Հոդ. 6. Նորին Մեծություն Պարսկական Շահը հաշվի առնելով երկու պետությունների միջև ծագած պատերազմի հետևանքով Ռուսական Կայսրությանը պատճառած զգալի վնասները, ինչպես նաև ռուսահպատակների կրած կորուստներն ու վնասները, պարտավորվում է դրանք փոխհատուցել դրամական վարձատրությամբ։ Երկու բարձր պայմանավորվող կողմերը որոշեցին, որ սույն վարձահատուցման գումարը կազմելու է քսան միլիոն ռուբլի արծաթով, իսկ վարձահատուցման ժամկետները, վճարման կարգն ու ապահովումը որոշված են հատուկ պայմանագրով, որը կունենա այնպիսի ուժ, ինչպես եթե այն բառ առ բառ մտցված լիներ սույն Պայմանագրի մեզ։

Հոդ. 7. Քանի որ Նորին Մեծություն Պարսկական Շահը հարմար գտավ իրեն հաջորդ և գահաժառանգ նշանակել իր Օգոստոսափառ Որդուն՝ Արքայազն Աբբաս֊Միրզային, ապա ուրեմն Նորին Մեծություն Ամենայն ռուսաց Կայսրը, Նորին Մեծություն՝ Պարսկական Շահին հրապարակավ ապացուցելու համար իր բարեկամական համակրանքը և սույն ժառանգական կարգի հաստատմանը նպաստելու ցանկությունը, պարտավորվում է այսուհետև ի դեմս Օգոստոսափառ Նորին Բարձրություն արքայազն Աբբաս֊Միրզայի ճանաչել Պարսկական թագի հաջորդին և ժառանգորդին, իսկ նրա՝ Գահ բարձրանալուց հետո, նրան ճանաչել որպես սույն Տերության օրինական թագավորը։

Հոդ. 8. Ռուսական առևտրական նավերը առաջվա պես իրավունք ունեն ազատ նավարկել Կասպից ծովում և նրա ափերի երկայնքով, ինչպես նաև հանգրվանել այնտեղ, նավաբեկության դեպքում պետք է որ Պարսկաստանում նրանց ցույց տրվի ամեն տեսակի օգնություն։ Նույն ձևով պարսկական առևտրական նավերին իրավունք է տրվում նախկին կարգով նավարկել Կասպից ծովում և հանգրվանել ռուսական ափերում, որտեղ նավաբեկության դեպքում պետք է որ փոխադարձաբար նրանց ցույց տրվի ամեն տեսակի օգնություն։ Ինչ վերաբերում է ռազմական նավերին,

{69}

քանի որ շատ հնուց լոկ ռուսական ռազմական դրոշ կրող նավերը կարող էին նավարկել Կասպից ծովում, ապա այս պատճառով նրանց այսօր ևս տրվում է և հաստատվում նախկին բացառիկ իրավունքն այն առումով, որ Ռուսաստանից զատ ոչ մի այլ տերություն չի կարող ռազմական նավեր ունենալ Կասպից ծովում։

Հոդ. 9. Նորին Մեծություն Ամենայն ռուսաց Կայսրը և Նորին Մեծություն Պարսկական Շահը բոլոր միջոցներով ցանկանալով ամրացնել խաղաղության և բարեկամության դաշինքը, որն այնքան երջանիկ կերպով վերսկսվել է նրանց միջև, հաճեցին, որպեսզի ժամանակավոր հանձնարարություններ կատարելու կամ մշտական պաշտոնավարության համար այս կամ այն պետությունն ուղարկվող երկու կողմերի բարձր Արքունիքների Դեսպանները, Մինիստրները և գործերի հավատարմատարներն ընդունվեն իրենց կոչմանը, բարձր պայմանավորվող կողմերի արժանապատվությունը, նրանց միացնող անկեղծ բարեկամությունը և տեղական սովորույթներին համապատասխանող մեծարանքներով և գերադասությամբ։ Այս նպատակով հատուկ արձանագրությունով կորոշվի այս և մյուս կողմի հսկողության հանդիսակարգը։

Հոդ. 10. Նորին Մեծություն Ամենայն ռուսաց Կայսրը և նորին Մեծություն Պարսկական Շահը երկու Պետությունների միջև առևտրական հարաբերությունների վերականգնումն ու ծավալումն ընդունելով որպես վերականգնված խաղաղության ամենագլխավոր բարերար հետևանքներից մեկը, լիակատար փոխադարձ համաձայնությամբ բարվոք համարեցին առևտրի հովանավորությունն ու երկու կողմերի հպատակների անվտանգությանը վերաբերող բոլոր կարգադրությունները մշակել և դրանք շարադրել սույնին առգրվող առանձին արձանագրության մեջ, որը կնքված լինելով երկու տերությունների Լիազորների կողմից, կա և կլինի սույն հաշտության պայմանագրի հավասարազոր մասը։ Նորին Մեծություն Պարսկական Շահը առաջվա պես Ռուսաստանին իրավունք է վերապահում Հյուպատոսներ կամ առևտրական Գործակալներ ունենալ այն բոլոր վայրերում, որտեղ առևտրի շահերը կպահանջեն այդ բանը և պարտավորվում է այդ Հյուպատոսներին և Գործակալներին, որոնցից յուրաքանչյուրն իր շքախմբում կարող է ունենալ տասն մարդուց ոչ ավելի, ցույց տալ հովանավորություն, որպեսզի նրանք օգտվեն իրենց հրապարակական կոչմանը շնորհված մեծարանքներից ու արտոնություններից։ Նորին Մեծություն Ամենայն ռուսաց Կայսրն իր կողմից խոստանում է հսկել, որպեսզի Նորին Մեծություն Պարսկական Շահի Հյուպատոսներն ու առևտրական Գործակալներն օգտվեն այդ նույն իրավունքներով։

{70}

Այն դեպքում, եթե Պարսկական Կառավարությունը հիմնավորված գանգատ կներկայացնի ռուսական Գործակալի կամ Հյուպատոսի դեմ, ռուսական Մինիստրը կամ նորին Մեծություն Շահի Արքունիքում Ռուսական գործերի հավատարմատարը, կամ թե նրանց անմիջական Պետը մեղավորին կհեռացնի պաշտոնից և իրենց հայեցողությամբ ժամանակավորապես այն կհանձնեն մեկ այլ անձնավորության։

Հոդ. 11. Երկու կողմերի հպատակների բոլոր պահանջները և պատերազմի պատճառով դադարած մյուս գործերը կվերականգնվեն և համաձայն արդարությանը իրենց լուծումը կստանան հաշտության կնքումից հետո։ Երկու կողմերի հպատակների միջև և այս կամ այն կառավարության գանձարանում եղած պարտքի հանձնառությունները պետք է ստանան անհապաղ և լիակատար բավարարություն։

Հոդ. 12. Հօգուտ երկու տերությունների հպատակների պայմանավորվող բարձր կողմերը որոշում են նրանց ընդհանուր համաձայնությամբ` Արաքսի երկու կողմերում անշարժ գույք ունեցողներին տալ եռամյա պայմանաժամ, որի ընթացքում նրանք կարող են ազատ վաճառել կամ փոխանակել իրենց անշարժ գույքը, բայց նորին Մեծություն Ամենայն ռուսաց Կայսրը որչափ վերաբերում է իրեն, սույն ներողամիտ կարգադրությունից հանում է Հուսեին Խանին, Երևանի նախկին սարդարին, նրա եղբորը՝ Հասան Խանին և Նախիջևանի նախկին Կառավարիչ Քերիմ Խանին։

Հոդ. 13. Վերջին պատերազմի ընթացքում կամ նախկինում վերցված երկու Կառավարությունների այն հպատակները, որոնք երբևէ ընկել են գերի, պետք է ազատվեն և վերադարձվեն չորս ամսվա ընթացքում. նրանք պետք է ապահովված լինեն կենսամթերքներով և մյուս կարիքների բավարարմամբ ու պետք է ուղարկվեն Աբբաս֊Աբադ, որտեղ հանձնվելու են համապատասխան կողմերի Կոմիսարներին, որոնք նշանակվում են, որպեսզի նրանց ընդունեն և ապա տնօրինեն նրանց բնակության վայրերն ուղարկելու գործը։ Բարձր պայմանավորվող կողմերը այս ձևով կվարվեն փոխադարձաբար գերի ընկած այն բոլոր ռազմագերիների և Ռուսական ու Պարսկական բոլոր հպատակների հետ, որոնք հեռավոր վայրերում գտնվելու կամ որևէ այլ պատճառով կամ հանգամանքների հետևանքով չեն վերադարձվի նշված ժամկետում։ Երկու Տերությունները իրենց վերապահում են ցանկացած ժամանակ այդ գերիներին պահանջելու ստույգ և անսահմանափակ իրավունք, և պարտավորվում են այդպիսիներին փոխադարձաբար վերադարձնել

{71}

նրանց հայտնաբերելուն և նրանց վերաբերյալ պահանջներ ստանալուն զուգընթաց։

Հոդ. 14. Բարձր պայմանավորվող կողմերից ոչ մեկը չի պահանջի հանձնել այն փախստականներին և դասալիքներին, որոնք մյուս կողմի հպատակությունն ընդունել են մինչև վերջին պատերազմն սկսվելը, կամ այդ պատերազմի ժամանակ։ Ւսկ այս փախստականներից ոմանց և նրանց նախկին հայրենակիցների կամ ստորադրյալների միջև նախամտածված հարաբերություններից ծագող փոխադարձ հնարավոր վնասակար հետևանքները կանխելու համար Պարսկական Կառավարությունը պարտավորվում է այն անձանց, որոնց Ռուսական Կառավարությունը ներկայումս կամ հետագայում կարող է հականե հանվանե պահանջել, թույլ չտալ, որ գտնվեն իր այն տիրույթներում, որոնք ընկած են Արաքս գետի և այն գծի միջև, որն առաջացնում են Չարա գետը, Ուրմիա լիճը և Ջաքաթու գետն ու Ղզլ-Օզան գետը՝ մինչև սրա Կասպից ծովը թափվելու տեղը։ Նորին Մեծություն Ամենայն ռուսաց Կայսրը իր կողմից խոստանում է նույնպես թույլ չտալ, որ պարսկական փախստականները բնակություն հաստատեն կամ գտնվեն Ղարաբաղի և Նախիջևանի Խանություններում և Երևանի Խանության այն մասում, որն ընկած է Արաքսի աջ ափին։ Սակայն ինքնին հասկանալի է, որ այս պայմանն ուժ ունի և կունենա այն անձանց նկատմամբ, որոնք կրել են հանրական կոչումներ կամ ունեցել են որոշ աստիճաններ, որպիսիք են խաները, բեկերը, և հոգևոր պետերը կամ մոլլաները, որոնք անձնական օրինակով, ներշնչմամբ և գաղտնի կապերով կարող են վնասակար ազդեցություն ունենալ իրենց նախկին այն հայրենակիցների վրա, որոնք եղել են իրենց կառավարման ներքո, կամ եղել են նրանց ստորադրյալները։ Ինչ վերաբերում է ընդհանրապես երկու Պետությունների բնակիչներին, ապա բարձր պայմանավորվող կողմերը որոշեցին, որ երկու կողմերի հպատակները, որոնք մեկ պետությունից անցել են կամ առաջիկայում կանցնեն մյուս պետությունը, կարող են բնակություն հաստատել և ապրել այն բոլոր վայրերում, ուր թույլ կտա այն կառավարությունը, որի իշխանության ներքո նրանք կգտնվեն։

Հոդ. 15. Նորին Մեծություն Շահը դրդված իր Տերությունում խաղաղությունը վերականգնելու և իր հպատակներից այն ամենը հեռացնելու բարերար ու փրկարար մտադրությամբ, ինչը կարող է էլ ավելի մեծացնել պատերազմի բերած աղետները, պատերազմ, որն այնքան հաջող ավարտված է սույն պայմանագրով, Ադրբեջան կոչվող Մարզի բոլոր բնակիչներին և Աստիճանավորներին

{72}

շնորհվում է բացարձակ ու կատարյալ ներում։ Նրանցից ոչ ոք, ինչ աստիճանակարգի էլ պատկանելիս լինի, չի կարող պատերազմի կամ ռուսական զորքերի կողմից հիշյալ մարզի ժամանակավոր գրավման ընթացքում իր արտահայտած կարծիքների, արարմունքների կամ վարքի համար ենթարկվել հետապնդման, ինչպես նաև վիրավորանքի։ Բացի դրանից, այդ Աստիճանավորներին և բնակիչներին կտրվի, այսօրվանից հաշված, միամյա ժամանակամիջոց, որպեսզի նրանք իրենց ընտանիքներով հանդերձ կարողանան Պարսկական Մարզից ազատ անցնել Ռուսական մարզերը, որպեսզի կարողանան դուրս կրել և վաճառել (իրենց) շարժական գույքը, առանց հանդիպելու Կառավարության կամ Տեղական իշխանությունների կողմից հարուցված որևէ արգելքի։ Այդ անձանց կողմից վաճառվող կամ դուրս տարվող գույքն ու իրերը չպետք է ենթարկվեն որևէ մաքսի կամ հարկի։ Իսկ անշարժ գույքի նկատմամբ սահմանվում է հինգաւմյա ժամանակամիջոց այն վաճառելու կամ նրա վերաբերյալ կամայական կարգադրություն անելու համար։ Այս ներումը, սակայն, չի տարածվում այն անձանց վրա, որոնք մինչև միամյա ժամանակամիջոցը լրանալը կգործեն դատական պարտքի ենթակա որևէ հանցանք կամ ոճիր։

Հոդ. 16. Սույն հաշտության պայմանագիրն ստորագրելուց անմիջապես հետո երկու կողմերի Լիազորները բոլոր վայրերը կուղարկեն տեղեկություններ և պատշաճ հրամանագրեր պատերազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու մասին։ Սույն հաշտության պայմանագիրը, որը շարադրված է միանման բովանդակություն ունեցող երկու օրինակներում, որն ստորագրել են երկու կողմերի Լիազորները, հաստատելով իրենց դրոշմակնիքներով, և փոխանակելով իրար միջև, պետք է հաստատվի և վավերացվի նորին Մեծություն Ամենայն ռուսաց Կայսրի և Նորին Մեծություն Պարսկական Շահի կողմից, և նրանց ձեռքով հանդիսավոր ստորագրվելուց հետո վավերացումները չորս ամսվա ժամանակամիջոցում կամ հնարավորության դեպքում ավելի շուտ պետք է փոխանակվեն երկու Լիազորների միջև։ Կնքված է Թուրքմենչայ գյուղում Քրիստոսի ծննդից հետո 1828 թվականի փետրվարի 10-ին։

Советско-иракские отношения в договорах, конвенциях и соглашениях, Министерство иностранных дел СССР, М., 1946, стр. 29—35.

2. Պայմանագիր, կնքված Ադրիանապոլսում

Թարգմանություն Ռուսերենից
1829 թ. սեպտեմբերի 2֊ին*
Հանուն Ամենազոր Աստծո,

Ամենապայծառափայլ, Ամենահզոր, Մեծն թագավոր և Ինքնակալ Ամենայն ռուսաց Նորին Կայսերական Մեծությունը և Ամենապայծառափայլ, Ամենահզոր Նորին Մեծություն Օսմանյան Մեծն կայսրը, մղված պատերազմի աղետներին վերջ դնելու և իրենց Տերությունների միջև հաստատուն ու անսասան հիմքի վրա խաղաղությունը, բարեկամությունը և ազնիվ համերաշխությունը վերականգնելու հավասար ցանկությամբ, միաբանորեն վճռեցին սույն փրկարար գործի քննումն ու ղեկավարումը վստահել երկու կողմերի Լիազորներին, այսինքն՝ Ամենայն ռուսաց Նորին Մեծություն կայսրի կողմից — Պայծառափայլ և Բարձր Գերազանցություն կոմս Իվան Իվանովիչ Դիբիչ-Զաբալկանսկուն, Նորին Մեծության Գեներալ֊Թիկնապահին և այլն, որը բարձրագույն շնորհով ստացած լիազորության ուժով նշանակեց և Ռուսական Կայսերական Արքունիքի Լիազորներ անվանեց Պայծառափայլ և Մեծարգո Պարոններ Կոմս Ալեքսեյ Օռլովին, Նորին Կայսերական Մեծության Գեներալ֊Թիկնապահին և այլն, և Կոմս Ֆյոդոր Պալենին, Գաղտնի Խորհրդականին և այլն, իսկ Նորին Մեծություն Օսմանյան Կայսրի կողմից — Վերապատվելի Պարոններ Մեհմեդ-Սադիկ-էֆենդիին, Օսմանյան Բարձր Դռան Իսկական Մեծն Դեֆթերդարին և Աբդուլ-Կադիր-Բեյին, Կազի-Ասքեր Անատոլիացուն: Հիյալ լիազորները հավաքվելով Ադրիանապոլսում, իրենց լիազորագրերը փոխաևակելուց հետո, ձեռք բերեցին համաձայնթյուն ստորև հետևող հոդվածների շուրջ.

Հոդված 1. Երկու Կայսրությունների միջև ցայժմ գոյություն ունեցող ամեն տեսակ թշնամանք ու անմիաբանություն այժմյանից վերջանում են ցամաքի և ծովերի վրա՝ թող ուրեմն հավիտյան լինի խաղաղությունը, բարեկամությունը և անաղարտ համերաշխությունը Ամենայն ռուսաց Նորին Մեծություն Կայսրի ու Փադիշահի և Օսմանյան Նորին Մեծություն Կայսրի ու Փադիշահի, նրանց Թագաժառանգների և Հաջորդների, ինչպես նաև նրանց Կայսրությունների միջև։ Երկու բարձր Պայմանավորվող Կողմերը առանձնապես հոգ կտանեն այն ամենը կանխելու համար, ինչը կարող է վերածնել թշնամությունը երկու Տերությունների հպա-

---------------------------------
* Ադրիանապոլսի հաշտության պայմանագրի 13-րդ հոդվածով սահմանված փոխադարձ վերաբնակեցման իրավունքից օգտվելով 1829-30թթ. ընթացքում մոտ 100 հազար հայեր Էրզրումից, Կարսից ու Բայազետից գաղթեցին Անդրկովկաս և բնակություն հաստատեցին Ալեքսանդրապոլի նահանգում և այլուր: Ադրիանապոլսի պայմանագրով Օսմանյան կայսրությունը ճանաչում էր Երևանի և Նախիջևանի խանությունների միացումը Ռուսաստանին (Թուրքմենչայի պայմանագրի համաձայն):

{74}

տակների միջև։ Նրանք ճշտորեն կկատարեն հաշտության սույն Պայմանագրի բոլոր պայմանները և հավասարապես կհսկեն, որպեսզի այն բնավ չխախտվի ոչ ուղղակի, ոչ անուղղակի կերպով։

Հոդված 2. Ամենայն ռուսաց Նորին Մեծություն Կայսրը և Փադիշահը, ցանկանալով Օսմանյան Նորին Մեծություն Կայսրին և Փադիշահին հավաստիացնել, որ Իր բարեկամական համակրանքն անկեղծ է, Բարձր Դռանն է վերադարձնում Մոլդավիա Իշխանապետությունը այն սահմաններում, որպիսիք այն ունեցել է մինչև սույն հաշտության Պայմանագրով դադարած պատերազմի սկիզբը։ Նորին Կայսերական Մեծությունը առանց որևէ բռնագրավումների վերադարձնում է նաև Վալախիա Իշխանապետությունը և Կրայովսկի Բանատը, Բուլղարիան և Դոբրիջե երկրամասը՝ Դանուբից մինչև ծով և դրա հետ միասին այդ երկրամասում գտնվող Սիլիստրիան, Գիրսովոն, Մաչինը, Իսաքչուն, Տուլչին, Բաբադաղը, Բազարջիկը, Վառնան, Պրավոդին և մյուս քաղաքները, գյուղաքաղաքները և գյուղերը, Բալկանյան լեռնաշղթայի ամբողջ տարածությունը՝ սկսած Եմինե — Բուռնայից մինչև Կազան, և բոլոր հողերը՝ Բալկաններից մինչև ծով, ինչպես նաև Սելիմնոն, Յամբոլին, Այդոսը, Կարնաբատը, Միսիմվրիան, Անխիալին, Բուրգասը, Սիզոպոլիսը, Կիրկլիսսին, Ադրիանապոլիս քաղաքը, Լյուլե—Բուրգասը, վերջապես Ռուսական զորքերի կողմից Ռումելիայում գրաված բոլոր քաղաքները, գյուղաքաղաքները, գյուղերը և ընդհանրապես բոլոր վայրերը։

Հոդված 3. Առաջվա պես երկու Կայսրությունների միջև որպես սահման կլինի Պրուտ գետը՝ սկսած այն տեղից, ուր գետը մտնում է Մոլդավիա և մինչև նրա խառնատեղը Դանուբի հետ։ Այս տեղից սահմանագիծը պետք է ընթանա Դանուբի հոսանքի ուղղությամբ մինչև Գեորգիևյան գետաբերանի՝ ծովը թափվելու տեղը, այնպես, որպեսզի այս գետի տարբեր բազուկների առաջացրած կղզիները մնան Ռուսաստանին, իսկ նրա աջ ափը առաջվա պես կմնա Օսմանյան Դռան տիրակալության մեջ։ Միևնույն ժամանակ հաստատվում է, որ այդ աջ ափը, սկսած այն կետից, ուր Գեորգիևյան գետաբերանն անջատվում է Սուլինյան գետաբերանից, գետից երկու ժամվա ճանապարհի հեռավորության վրա կմնա չբնակեցված, և այնտեղ չեն լինի ոչ մի տեսակ շինություններ. նմանապես Ռուսական Արքունիքի տիրակալությանն անցնող կղզիների վրա չի թույլատրվի կառուցել ոչ մի տեսակ շինություններ և ամրություններ, բացառել կարանտինային շենքերը։ Երկու

{75}

Տերությունների առևտրական նավերին վերապահվում է Դանուբի ամբողջ հոսանքի երկայնքով ազատ նավարկելու իրավունք, նկատի ունենալով, որ այդօրինակ նավերը Օսմանյան դրոշի ներքո կարող են անարգել մտնել Կիլիյական և Սուլինյան գետաբերանները, և որ Գեորգիևյան գետաբերանը երկու Տերությունների ռազմական և առևտրական նավատորմերի համար մնում է ընդհանուր։ Սակայն Ռուսական ռազմանավերը կարող են Դանուբի հոսանքովն ի վեր նավարկել սոսկ մինչև Պրուտի հետ նրա միացման տեղը։

Հոդված 4. Վրաստանը, Իմերեթիան, Մինգրելիան, Կուրիան և Անդրկովկասի շատ այլ մարզեր, արդեն վաղուցվանից առհավետ միացված են Ռուսական կայսրությանը. 1828 թվականի փետրվարի 10֊ին Պարսկաստանի հետ կնքված պայմանագրով սույն Տերությանն են զիջված նաև Երևանի և Նախիջևանի խանությունները։ Ուստի երկու Բարձր Պայմանավորվող Կողմերը անհրաժեշտ համարեցին երկու կողմերի տիրույթների միջև, հիշյալ գծի ամբողջ երկայնքով, հաստատել ճշտորոշ սահմանագիծ, որն ընդունակ լինի ապագայում կանխելու ամեն տեսակ թյուրիմացություններ։ Նույն կերպով նրանք նկատի առան այն միջոցները, որոնք կարող են անհաղթահարելի խոչրնդոտ դառնալ սահմանակից ցեղերի ասպատակումների և ավարառությունների դեմ, որոնք ցայսօր այնքան հաճախ խախտում են երկու Կայսրությունների բարեկամական և բարիդրացիական կապերը։ Այս պատճառով որոշված է սրանից հետո Ասիայում Ռուսական Կայսերական Արքունիքի և Օսմանյան Բարձր Դռան տիրապետությունների միջև սահման համարել այն գիծը, որը Սև ծովից սկսած Գուրիայի այսօրվա սահմանագծի երկայնքով առաջանալով, հասնում է Իմերեթիայի սահմանին, և այնտեղից ուղիղ գծով՝ այն կետին, որտեղ Ախալցխայի և Կարսի փաշայությունների սահմանագծերը միանում են վրացականի հետ, այնպես, որպեսզի Ախալցխա քաղաքը և Ախալքալաք ամրոցը մնան հիշյալ գծից դեպի հյուսիս, և նրանից առնվազն երկու ժամվա ճանապարհի հեռավորության վրա։

Վերը նշված սահմանագծից հարավ և արևմուտք՝ դեպի Կարսի և Տրապիզոնի փաշայությունների, մեծ մասամբ Ախալցխայի փաշայության կողմն ընկած բոլոր հողերը կմնան Բարձր Դռան առհավետ տիրակալության ներքո, իսկ այն հողերը, որոնք հիշյալ գծից ընկած են դեպի հյուսիս և արևելք՝ դեպի Վրաստանի, Իմերեթիայի և Գուրիայի կողմը, ինչպես նաև Սև ծովի ափը՝ Կուբանի գետաբերանից մինչև ներառյալ Ս. Նիկոլայի նավահանգիստը,

{76}

կմնան Ռուսական Կայսրության առհավետ տիրակալության ներքո։

Սրա հետևանքով Ռուսական Կայսերական Արքունիքը Մեծ Դռանը տալիս է և վերադարձնում Ախալցխայի փաշայության մնացած մասը, Կարս քաղաքը՝ իր փաշայությամբ հանդերձ, Բայազետ քաղաքը՝ իր փաշայությամբ հանդերձ, Էրզրում քաղաքը՝ իր փաշայությամբ հանդերձ, ինչպես նաև այն բոլոր վայրերը, որոնք գրավված են Ռուսական զորքերի կողմից և որոնք գտնվում են վերը նշված սահմանագծից դուրս։

Հոդված 5: Քանզի Մոլդավական և Վալախական իշխանապետությունները հատուկ կապիտուլյացիաներով իրենց հպատակեցրել են Մեծ Դռան բարձրագույն իշխանությանը, և քանզի Ռուսաստանն ստանձնել է նրանց բարօրության երաշխավորությունը, ապա այժմ նրանք պահպանում են այն բոլոր իրավունքները, արտոնությունները և օգուտները, որոնք նրանց շնորհված են այդ կապիտուլյացիաներով, կամ թե երկու Կայսերական Արքունիքների միջև կնքված պայմանագրերով, կամ, վերջապես, տարբեր ժամանակ հրապարակված Հաթթը-Շերիֆներով։ Ուստի հիշյալ իշխանապետություններին տրվում է ժամասացության ազատության իրավունք, կատարյալ անվտանգություն, ժողովրդական անկախ կառավարման և անարգել առևտրի իրավունք։ Նախորդ պայմանագրերի լրացուցիչ հոդվածները, որոնք անհրաժեշտ են համարվել նրա համար, որպեսզի այդ Մարզերն անպայման օգտվեին իրենց իրավունքներով, շարադրված են առանձին Վավերագրերում, որոնք հարգվում են և կհարգվեն սույն պայմանագրի մյուս մասերի հետ հավասարապես։

Հոդված 6. Ակկերմանյան կոնվենցիային հաջորդած հանգամանքները Բարձր Դռանը թույլ չտվեցին անմիջապես զբաղվել վերոհիշյալ կոնվենցիայի 5֊րդ հոդվածին կցված, Սերբիային վերաբերող, առանձին վավերագրի իրագործմամբ. ուստի Բ. Դուռը ամենահանդիսավոր կերպով պարտավորվում է դրանք կատարել առանց նվազագույն իսկ հապաղման և ամբողջ կարելիությամբ ճշտորեն, այն է՝ անմիջապես Սերբիային վերադարձնել նրանից խլված վեց գավառները, և այդպիսով ընդմիշտ ապահովել Սերբիայի հավատարիմ և հնազանդ ժողովրդի անդորրությունն ու բարեկեցությունը։ Վերոհիշյալ որոշումները իրագործելու վերաբերյալ Հաթթը-Շերիֆի հաստատած ֆերմանը կհրապարակվի և պաշտոնապես կհաղորդվի Ռուսական Կայսերական Արքունիքին մեկ ամսվա ընթացքում՝ հաշված սույն հաշտության պայմանագրի ստորագրման օրից։

{77}

Հոդված 7. Ռուսահպատակները ամբողջ Օսմանյան կայսրությունում՝ ցամաքի և ծովերի վրա կօգտվեն առևտրի լիակատար ազատությամբ, որը նրանց տրված է ցայսօր երկու Բարձր պայմանավորվող կողմերի միջև կնքված պայմանագրերով։ Առևտրի սույն ազատությունը ոչ մի պարագայում և ոչ մի պատրվակով բնավ չի խախտվի կամ ճնշվի ոչ այս կամ այն արգելքների կամ սահմանափակումների միջոցով, ոչ ներքին կառավարման կամ օրենսդրության գծով մտցվող հիմնարկումների և միջոցառումների պատճառով։ Ռուսահպատակները, նրանց նավերը և ապրանքները զերծ կլինեն որևէ բռնությունից և պահանջախնդրությունից՝ առաջինները կլինեն բացառապես Ռուսական Մինիստրի և Հյուպատոսների դատական և ոստիկանական տնօրինության ներքո, իսկ Ռուսական նավերը Օսմանյան իշխանությունների կողմից չեն ենթարկվի ոչ մի ներքին զննության ոչ բաց ծովում, ոչ թուրքական Կայսրության նավակայաններում, նավահանգիստներում կամ խարսխակայաններում, իսկ ռուսահպատակներին պատկանող ամեն տեսակ ապրանքները կամ պարենամթերքները, սահմանված մաքսատուրքը վճարելուց հետո, անարգել կերպով կարող են վաճառվել, դարսվել գործատերերի կամ նրանց վստահելի անձանց ափում գտնվող խանութներում, կամ փոխաբեռնվել մեկ ուրիշ նավի վրա, որ Տերությանն էլ դրանք պատկանելիս լինեն, քանի որ այդ մասին ռուսահպատակները պարտավոր չեն տեղեկացնել տեղական իշխանություններին, ևս առավել այդ բանի համար խնդրել նրանց թույլատրությունը։ Բացի այդ, որոշվում է, որ սույն արտոնությունները տարածվում են նաև Ռուսաստանից արտահանվող հացահատկի առևտրի վրա, և հացահատկի ազատ փոխադրման նկատմամբ երբեք և ոչ մի պատրվակով չեն հարուցվի դժվարություններ կամ արգելքներ։

Բացի դրանից Բարձր Դուռը պարտավորվում է ուշիուշով հսկել, որպեսզի առևտուրը, և մանավանդ նավագնացությունը Սև ծովում չենթարկվեն որևէ արգելքների։ Վերջապես նա ընդունում է և հայտարարում, որ անցումը Կ. Պոլսի ջրանցքով և Դարդանելի նեղուցով միանգամայն ազատ է և բաց բեռով կամ բալաստով բարձված Ռուսական առևտրական այն նավերի համար, որոնք Սև ծովից անցնում են Միջերկրական ծով, կամ Միջերկրականից՝ Սև ծով։ Համաձայն վերը շարադրվածի, այդ նավերը, եթե նրանք իրոք առևտրական են, անկախ նրանց մեծությունից և նրանց բեռների քանակությունից, ոչ կկանգնեցվեն, ոչ կեն-

{78}

թարկվեն ճնշման։ Երկու կայսերական արքունիքները համաձայնության կգան այն հարմարագույն միջոցների մասին, որոնք նավերի մեկնման ժամանակ կկանխեն ամեն տեսակ դանդաղկոտությունը նրանց պատշաճ վկայագրերով օժտելու գործում։

Նույն հիման վրա, և Ռուսական դրոշ կրող նավերի համար որոշված միևնույն պայմանների պահպանմամբ հանդերձ, անցումը Կ. Պոլսի ջրանցքի և Դարդանելի նեղուցով հայտարարվում է ազատ ու բաց նաև բոլոր այն Տերությունների առևտրական նավերի համար, որոնք ունեն բարեկամական հարաբերություններ Բարձր Դռան հետ, անկախ այն բանից, թե այդ նավերը դիմում են դեպի Ռուսական նավահանգիստները, թե այնտեղից վերադառնում են բեռով կամ բալաստով։

Վերջապես, Բարձր Դուռը, Ռուսական կայսերական Արքունիքին վերապահելով Սև ծովում առևտրի և նավարկության այդպիսի կատարյալ ազատությամբ օգտվելու իրավունք, հանդիսավոր կերպով հայտարարում է, որ իրենց կողմից երբեք և ոչ մի պատրվակով դրա դեմ չեն հակադրվի փոքրագույն իսկ խոչընդոտներ։ Բարձր Դուռը հատկապես խոստանում է հետ այսու երբեք չբռնել և չկանգնեցնել բեռով կամ բալաստով բարձված այն նավերը, որոնք պատկանում են Ռուսաստանին և մյուս այն Տերություններին, որոնց հետ Օսմանյան Կայսրությունը չի գտնվում հայտարարված պատերազմի վիճակում, երբ դրանք Սև ծովից` Միջերկրականը, կամ Միջերկրականից դեպի Ռուսական սևծովյան նավակայանները նավարկելիս կանցնեն Կ. Պոլսի ջրանցքով և Դարդանելի նեղուցով։ Իսկ եթե (Աստված մի արասցե) այս հոդվածում պարունակվող որոշումներից որևէ մեկը խախտվի, և եթե այդ առթիվ Ռուսական Մինիստրի նախազգուշացմանը չհետևի կատարյալ և շտապ գոհացում, ապա Բարձր Դուռր նախապես ընդունում է, որ Ռուսական կայսերական Արքունիքը իրավունք կունենա այդ խախտումը գիտել որպես թշնամական գործողություն, և Օսմանյան Կայսրության նկատմամբ անհապաղ գործել հատուցման իրավունքով։

Հոդված 8. Սրանից առաջ Ակկերմանյան կոնվենցիայի 6-րդ հոդվածում ընդունված որոշումները, որոնք վերաբերում էին 1806 թվականի պատերազմից սկսած տարբեր ժամանակ երկու կողմերի հպատակների կրած կորուստների վարձահատուցման պահանջները սահմանելուն և բավարարելուն, ցայժմ ի կատար չեն ածվել, և վերոհիշյալ կոնվենցիան կնքելուց հետո Բոսֆորում նավարկելու վերաբերմամբ ձեռք առնված միջոցների հետևանքով ռուսական վաճառականությունը դարձյալ կրել է նոր զգալի կո-

{79}

րուստներ։ Ուստի այժմ ընդունված է և սահմանված, որ Օսմանյան Դուռը ի հատուցումն հիշյալ վնասների և կորուստների, Ռուսական կայսերական Արքունիքին 18 ամսվա ընթացքում և սրանից հետո որոշվելիք ժամկետներում կվճարի մեկ միլիոն հինգ հարյուր հազար հոլանդական չերվոնեց այն հաշվով, որպեսզի այդ գումաիի վճարումով վերջ դրվի վերոհիշյալ հանգամանքների առթիվ երկու պայմանավորվող կողմերի միջև ծնունդ առած բոլոր փոխադարձ պահանջներին և նկրտումներին։

Հոդված 9: Քանի որ պատերազմի շարունակությունը, պատերազմ, որը ենթադրվում է բարեհաջող ավարտել սույն հաշտության պայմանագրով, Ռուսական Կայսերական Արքունիքին պատճառել է զգալի ծախսեր, ապա Բարձր Դուռն անհրաժեշտ է համարում դրա համար այդ Արքունիքին տալ պատշաճ հատուցում։ Ուստի, 4֊րդ հոդվածում Ասիայում հողի այն ոչ մեծ տեղամասի հիշված զիջումից զատ, որը Ռուսական Արքունիքը համաձայնվում է ընդունել ի հաշիվ վերը նշված հատուցման, Բարձր Դուռը պարտավորվում է այդ Արքունիքին վճարել նաև մի այնպիսի գումար, որի մեծությունը կորոշվի երկու կողմերի համաձայնությամբ։

Հոդված 10. Բարձր Դուռը հայտարարելով, որ ինքը լիովին համաձայն է 1827 թվականի հունիսի 24֊ին (հուլիսի 6֊ին) Լոնդոնում Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև կնքված պայմանագրի որոշումներին, սկսում է համաչափորեն իրագործել նաև այն ակտը, որը, վերը նշված պայմանագրի հիման վրա հիշյալ Տերությունները փոխադարձ համաձայնությամբ կնքել են 1829 թվականի մարտի 1Օ֊ին (մարտի 22֊ին), և որն իր մեջ բովանդակում է այն միջոցառումների մանրամասն շարադրանքը, որոնք վերաբերում են այդ պայմանագրի վերջնական ի կատար ածմանը։ Սույն հաշտության պայմանագրի վավերացումների փոխանակումից անմիջապես հետո Բարձր Դուռը կնշանակի Լիազորներ, որպեսզի նրանք Ռուսական, ինչպես նաև Անգլիական և Ֆրանսիական Կայսերական Արքունիքների Լիազոր ներկայացուցիչների հետ կնքեն համաձայնագիր հիշյալ միջոցառումներն ու որոշումներն ի կատար ածելու մասին։

Հոդված 11. Երկու Կայսրությունների միջև սույն հաշտության պայմանագրի ստորագրումից և երկու թագավորների վավերացումների փոխանակումից հետո, Բարձր Դուռն անհապաղ ձեռնամուխ կլինի նրա մեջ բովանդակվող որոշումների շտապ և ճշտորոշ կատարմանը։ Խոսքը վերաբերում Է 3-րդ և 4-րդ հոդվածներին, որտեղ խոսվում է այն սահմանագծերի մասին, որոնք երկու Կայսրություններին անջատելու են Եվրոպայում և Ասիա-

{80}

յում, և 5-րդ ու 6-րդ հոդվածներին, որտեղ խոսվում է Մոլդավիայի և Վալախիայի, ինչպես նաև Սերբիայի Իշխանապետությունների մասին։ Եվ հենց որ այս տարբեր հոդվածները համարվեն կատարված, Ռուսական Կայսերական Արքունիքը կսկսի իր զորքերը դուրս բերել Օսմանյան կայսրության տիրապետություններից, համաձայն առանձին ակտում նախանշված այն հիմունքների, որոնք հավասարաուժ են սույն հաշտության պայմանագրի՝ մյուս մասերին։ Իսկ մինչև գրավված հողերի կատարյալ մաքրումը, իրենց ուժի մեջ կմնան Ռուսական Կայսերանան Արքունիքի ազդեցությամբ այժմ այնտեղ մտցված կառավարումն ու կարգը և Օսմանյան Բարձր Դուռը բնավ չի միջամտի դրան։

Հոդված 12. Սույն հաշտության պայմանագրի ստորագրումից հետո երկու կողմերի զորքերի Հրամանատարներին անհապաղ կհրամայվի դադարեցնել պատերազմական գործողությունները ցամաքում և ծովերի վրա։ Իսկ նրանց այն գործողությունները, որոնք տեղի կունենան սույն պայմանագրի ստորագրումից հետո, կհամարվեն որպես թե չկատարված, և սույն պայմանագրում բովանդակվող որոշումների մեջ չեն մտցնի ոչ մի փոփոխություն: Նույն կերպով այն բոլոր տերիտորիաները, որոնք այդ ժամանակամիջոցում կնվաճվեն Բարձր Պայմանավորվող Տերություններից մեկի կամ մյուսի զորքերի կողմից, առանց փոքրագույն իսկ հետաձգման կվերադարձվեն։

Հոդված 13. Բարձր պայմանավորվող Տերությունները, միմյանց միջև վերսկսելով անկեղծ բարեկամության դաշինքը, ընդհանուր թողություն և լիակատար ներում են պարգևում իրենց բոլոր, ամեն դիրքի հպատակներին, որոնք պատերազմի ընթացքում, որն ավարտվել է, մասնակցել են պատերազմական, կամ իրենց վարքով և կարծիքներով դրսևորել են նվիրվածություն երկու պայմանավորվող Տերություններից որևէ մեկի նկատմամբ։ Ուստի այդ անձանցից ոչ ոք իրեն նախկին արարքների համար չի ենթարկվի անհանգստության կամ հետապնդումների ոչ իր անձի, ոչ իր գույքի վերաբերմամբ, ավելին, նրանցից յուրաքանչյուրին իրավունք է տրվում նորից տեր կանգնելով իր նախկին ունեցվածքին, հանգիստ, օրենքների հովանավորության ներքո, վայելել իր ունեցվածքը, կամ, երկյուղ չկրելով ոչ մի տեսակ նկրտումներից և հալածանքներից, ծախել այն տասնութ ամսվա ընթացքում, եթե՝ կցանկանա իր ընտանիքով և շարժական գույքով հանդերձ սեփական ընտրությամբ վերաբնակվել մյուս Տերության հողում։ Բացի դրանից, երկու կողմերի հպատակներին, որոնք բնակվում

{81}

են Բարձր Դռանը վերադարձվող կամ Ռուսական Կայսերական Արքունիքին զիջվող մարզերում, տրվում Է նաև 18֊ամսյա ժամանակամիջոց, հաշված սույն հաշտության պայմանագրի վավերացումների փոխանակման օրից, որպեսզի նրանք, եթե հարկավոր համարեն, կարողանան իրենց, պատերազմից առաջ կամ հետո ձեռք բերած, սեփականության վերաբերմամբ անել կարգադրություն և իրենց դրամագլուխներով ու շարժական գույքով անցնել պայմանավորվող Տերություններից մեկի կամ մյուսի երկիրը։

Հոդված 14: Երկու Կայսրություններում գտնվող ռազմագերիները, որ ազգության, կոչման և սեռին պատկանելիս լինեն, սույն հաշտության պայմանագրի վավերացումների փոխանակումից անմիջապես հետո պետք Է հանձնվեն և վերադարձվեն առանց փոքրագույն իսկ փրկագնի կամ հատուցման։ Բացառություն կկազմեն այն Քրիստոնյաները, որոնք Բարձր Դռան Մարզերում կամավոր կերպով ընդունել են Մահմեդական դավանանքը և այն Մահմեդականները, որոնք Ռուսական Կայսրության սահմաններում նույնպես հոժարակամ ընդունել են Քրիստոնեական Հավատը։

Նույն կերպ պետք Է վարվել նաև այն Ռուսահպատակների հետ, որոնք սույն հաշտության պայմանագրի ստորագրումից հետո, ինչ֊ինչ պատճառներով, գերի են ընկել և գտնվում են Բարձր Դռան Մարզերում։ Ռուսական Կայսերական Արքունիքը խոստանում Է նույնն անել Բարձր Դռան հպատակների վերաբերմամբ։

Երկու պայմանավորվող Կողմերը գերիներին պահելու համար ծախսած գումարների դիմաց չեն պահանջի ոչ մի հատուցում։ Յուրաքանչյուր Տերություն կհոգա, որպեսզի ռազմագերիներն ստանան այն ամենը, ինչ անհրաժեշտ Է սահմանին հասնելու համար, որտեղ և երկու Կողմերի Կոմիսարները նրանց կփոխանակեն։

Հոդված 15: Տարբեր ժամանակ Ռուսական Կայսերական Արքունիքի և Օսմանյան Բարձր Դռան միջև կայացած և կնքված բոլոր պայմանագրերը, կոնվենցիաները և որոշումները, բացառությամբ այն հոդվածների, որոնք վերացված են սույն հաշտության պայմանագրով, հաստատվում են իրենց ամբողջ ուժով և տարածության ընդգրկմամբ, և երկու Բարձր պայմանավորվող Կողմերը պարտավորվում են դրանք պահպանել սրբությամբ և անխախտ կերպով։

Հոդված 16. Սույն հաշտության պայմանագիրը կվավերացվի երկու Բարձր պայմանավորվող Տերությունների կողմից և նրանց

{82}

Լիազորների միջև դրանց վավերացումների փոխանակումը կկատարվի վեց շաբաթ հետո, կամ, եթե դա հնարավոր կլինի, ավելի շուտ։

Սույն հաշտության ակտը, որը բովանդակում է 16 հոդված և, որը վերջնականապես կհաստատվի սահմանված ժամանակ երկու Կողմերի վավերացումների փոխանակումից հետո, մենք, մեր լիազորությունների ուժով ստորագրեցինք, կնքեցինք և այն փոխանակեցինք մյուս համանմանի հետ, որը ստորագրել են և կնքել Օսմանյան Բարձր Դռան վերոհիշյալ Լիազորները, Ադրիանապոլսում՝, 1829 թվականի սեպտեմբերի 2֊ին

Договоры России с Востоком, Политические и торговые, С. Петербург, 1869, стр. 71—80.

Փարիզի պայմանագիրը*

Թարգմանություն ռուսերենից
18/30 մարտի, 1856թ.

Հոդված 3. Նորին Մեծություն Ամենայն ռուսաց կայսրը պարտավորվում է Նորին Մեծություն սուլթանին վերադարձնել Կարս քաղաքը՝ նրա միջնաբերդով հանդերձ, ինչպես նաև օսմանյան տիրապետությունների այն մասերը, որոնք գրավված են ռուսական զորքերի կողմից։

Հոդված 30. Նորին Մեծություն Ամենայն ռուսաց կայսրը և Նորին Մեծություն սուլթանը ամբողջությամբ պահպանում են իրենց տիրույթները Ասիայում, այն կազմով, որպիսին նրանք օրինաբար ունեին մինչև խզումը։

Տեղային ամեն տեսակի վեճերից խուսափելու համար սահմանագծերը կստուգվեն և, կարիքի դեպքում, կշտկվեն, բայց այնպես, որպեսզի հողային տիրակալության մեջ դրանից տեղի չունենա որևէ կորուստ ոչ մեկ, ոչ մյուս կողմի համար։

Այսպիսի ելքի դեպքում, ռուսական արքունիքի և Բարձր Դռան միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից անմիջապես հետո, սահմանավայր կուղարկվի երկու ռուսական կոմիսարներից, երկու օսմանյան կոմիսարներից, մեկ ֆրանսիական կոմիսարից և մեկ անգլիական կոմիսարից կազմված հանձնաժողով։ Հանձնաժողովը պետք է իրեն վրա դրված

-------------------------------
* Փարիզի հաշտության պայմանագրով ավարտվեց 1853-56թթ. Ղրիմի պատերազմը: Ռուսաստանը վերադարձնում էր Թուրքիային Կարսը (որը գրավվել էր ռուսական զորքերի կողմից) ի փոխանակումն Սևաստոպոլի և դաշնակիցների կողմից գրավված ռուսական մյուս քաղաքների: Փարիզի պայմանագրի կնքումից հետո արևելյան հարցն ավելի սրվեց, հատկապես 1870-ական թվականներին: 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմում Ռուսաստանի ձեռք բերած հաղթանակից հետո Փարիզի հաշտության պայմանագիրը 1878թ. փոխարինվեց Բեռլինի պայմանագրով: Փարիզի պայմանագիրը բաղկացած էր 33 հոդվածներից: Մյուս հոդվածները վերաբերում են Դանուբյան իշխանությունների, Մոլդավիայի ու Վալախիայի նոր ռեժիմին, Բոսֆորի ու Դարդանելի նեղուցներին:

{83}

գործը կատարի ութ ամսվա ընթացքում, հաշվելով սույն պայմանագրի վավերացումների փոխանակման օրից։
Сборник договоров России с другими государствами, 1856—1917, М., 1952, стр. 44—46.

Комментариев нет:

Отправить комментарий