воскресенье, 5 октября 2014 г.

Հակոբ Դ Ջուղայեցի

Հակոբ Դ Ջուղայեցի (1598, Նոր Ջուղա – 1.8.1680, Կ. Պոլիս, ամփոփվել է Ղալաթիայի Ս. Լուսավորիչ եկեղեցու բակում), Ամենայն հայոց կաթողիկոս 1655-ից: Հաջորդել է Փիլիպոս Ա Աղբակեցուն: 1605-ին, շահ Աբբասի բռնագաղթի ժամանակ, Հակոբ Դ Ջուղայեցու ընտանիքը տեղահանվել և հաստատվել է Սպահանում, որտեղ ստացել է նախնական կրթությունը` աշակերտելով Նոր Ջուղայի թեմի առաջնորդ, Նոր Ջուղայի դպրոցի հիմնադիր և մատենագիր Խաչատուր Կեսարացուն:


Բարձրագույն հոգևոր ուսումն ստացել է Էջմիածնում` աշակերտելով Մելքիսեդեկ Վժանեցուն և Սիմեոն Ջուղայեցուն: Փիլիպոս Ա Աղբակեցի կաթողիկոսի ժամանակ վարել է Մայր աթոռի գործերը, իսկ նրա երկարատև շրջագայությունների ընթացքում զբաղեցրել տեղապահության պաշտոնը: Կաթողիկոսական առաջին իսկ տարիներից մեծ աշխատանք է կատարել Մայր աթոռը նյութապես ապահովելու և հզորացնելու համար: Շահ Աբբասի հատուկ հրամանագրով հաստատել է Մայր աթոռի իրավունքները, ընդարձակել աթոռապատկան գյուղերի կալվածքները, ավելացրել վանքապատկան գյուղերի թիվը, կառուցել ջրատարներ, ջրամբարներ, ջրաղացներ:

1658-ին ավարտին է հասցրել Ս. Էջմիածնի վանքի զանգակատան կառուցումն ու քանդակազարդումը, ամբողջությամբ վերաշինել Դարաշամբի Ս. Ստեփանոս Նախավկա վանքը, նորոգել Ս. Գայանեի և Ս. Հռիփսիմեի վկայարանները: Հակոբ Դ Ջուղայեցին արդյունավետ գործունեություն է ծավալել կրթության, լուսավորության բնագավառներում: Նրա միջնորդությամբ Առաքել Դավրիժեցին ավարտին է հասցրել իր «Գիրք պատմութեանց» երկը: Հայ տպագրությունը խթանելու նպատակով` Հակոբ Դ Ջուղայեցին Եվրոպա է ուղարկել Մատթեոս Վանանդեցուն, Մատթեոս Ծարեցուն, Ոսկան Երևանցուն և ուրիշների: Հաջողությամբ վարել է նաև Մայր աթոռի արտաքին գործերը: 1665–67-ին այցելելով Զմյուռնիա, Երուսաղեմ, Կ. Պոլիս` հաջողությամբ կարգավորել է Աղթամարի կաթողիկոսության, Կ. Պոլսի և Երուսաղեմի հայոց պատրիարքությունների միջև սկսված պառակտումներն ու հակաթոռության շփոթությունները:

Հակոբ Դ Ջուղայեցին ունեցել է Արևմուտքի օգնությամբ Հայաստանը պարսկական լծից ազատագրելու քաղաքական մեծ ծրագիր: Հուսալով Հռոմի պապի հետ համաձայնության եզրեր գտնել համաքրիստոնեական գաղափարախոսության շրջանակներում` ձգտել է պապի հովանավորությամբ անցկացնել ներքին բարեկարգություններ: Այդ նպատակով Ալեքսանդր VII պապին հղել է Հայ եկեղեցու հավատո խոստովանության ուղերձը, թղթակցել Կղեմես X պապի հետ: Փորձել է դավանաբանական հարցերը լծորդել քաղաքականի հետ: Կապեր է ունեցել ֆրանսիացի միսիոներների հետ` ակնկալելով Լյուդովիկոս XIV թագավորի հովանավորությունը:

Ներքին քաղաքական ծրագրերի քննարկման շուրջ 1677-ին Էջմիածնում, Ղարաբաղի մելիքների և հոգևորականների մասնակցությամբ գումարել է խորհրդակցություն, որտեղից էլ սկսվել է Արևելյան Հայաստանի ազատագրության համար Իսրայել Օրու հայրենանվեր գործունեությունը: Հիմնականում իր քաղաքական ծրագրերի, իսկ մասնավորապես Երուսաղեմում Եղիազար Ա Այնթապցու մտահղացած հակաթոռ կաթողիկոսության և Կ. Պոլսի պատրիարքության հետ վերստին ծագած խնդիրները կարգավորելու նպատակով, կազմել է պատվիրակություն և ուղևորվել Կ. Պոլիս ու Եվրոպա: Ճանապարհին` Թիֆլիսում բանակցել է Քարթլիի Գեորգի XI թագավորի և Վրաց կաթողիկոսի հետ, նրանց հետ մշակել հայ-վրացական համատեղ պայքարի ծրագիր:

1679-ի վերջին ժամանել է Կ. Պոլիս, ազգօգուտ խնդիրներ լուծելու մտահոգությամբ բանակցել պապական ներկայացուցիչների հետ, նամակներ հղել Լեհաստանի թագավոր Յան Սոբեսկուն: Նպատակ է ունեցել իր ծրագրերի շուրջ հրավիրել խորհրդակցություն, ապա ուղևորվել Հռոմ, սակայն վերջնականապես հասկանալով, որ Հռոմի հետ մերձեցումը կխաթարի Հայ եկեղեցու ինքնությունը` հրաժարվել է այդ մտադրությունից: Թեև կողմնակից էր Արևմուտքի հետ համագործակցությանը, Հակոբ Դ Ջուղայեցին նամակ է հղել նաև ռուսական ցար Ալեքսեյ Միխայլովիչին` Ռուսաստանից ակնկալելով օգնություն և հովանավորություն: Հակոբ Դ Ջուղայեցու մահից հետո պատվիրակությունը վերադարձել է: Կաթողիկոսի գերեզմանը ճանաչվել է Հոգևոր-Տեր անունով և դարձել ուխտատեղի: Կաթողիկոսական գահին Հակոբ Դ Ջուղայեցուն հաջորդել է Եղիազար Ա Այնթապցին:

Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան

Комментариев нет:

Отправить комментарий