воскресенье, 5 октября 2014 г.

Հալեպի Ս. Քառասնից Մանկանց եկեղեցի

Հալեպի Ս. Քառասնից Մանկանց եկեղեցի, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Բերիո թեմի առաջնորդանիստ եկեղեցի: Հիմնադրվել է XIV դ.: Առաջին պատմական հիշատակությունը վերաբերում է 1429-ին, նորոգվել է 1452-ին: Վարպետ Հիսա Հռոմկլացին 1499-ին կառուցել է եկեղեցու խորանը: Հալեպի ս. Քառասնից մանկանց եկեղեցու մատուռ-դամբարանում են թաղվել XVI–XVII դդ. տաղերգու Ազարիա Ջուղայեցին, Պետրոս Կարկառեցին (1608):

Ներկայիս եկեղեցին 1616-ին կառուցել է իշխան Չելեպին` իր ազգական Սանոս Չելեպիի վերակացությամբ: Հալեպի ս. Քառասնից մանկանց եկեղեցին բաղկացած է առանց միջնապատի միմյանց կից երկու եռանավ բազիլիկներից, որոնցից հարավայինը ունի չորս զույգ, հյուսիսայինը` ավելի մեծը, երեք զույգ մույթեր, ներսից բազմանիստ խորանի երկու կողքերին` ուղղանկյուն ավանդատներ, արևմտյան կողմում` վերնահարկ-պատշգամբ` երգչախմբի համար: Ծածկերն իրականացված են խաչվող թաղերով:


Հալեպի ս. Քառասնից մանկանց եկեղեցուն կից են օժանդակ սենյակներ, հվ-արմ. կողմից` բարձր, սլացիկ, ժամացույցով զանգաշտարակը, շուրջը տեղադրված են առաջնորդարանի շենքերը, դահլիճը, բակում` Մեծ եղեռնին նվիրված հուշարձան (բոլորը` XX դ.): Եկեղեցու տակ ընդարձակ գետնափոր հարկ է` ջրհորով, գաղտնի անցքով: Այն միջնադարում ծառայել է իբրև ապաստարան-թաքստոց, ապա` ամռան հեղձուցիչ տապին` զով ներքնատուն հոգևորականների համար: Հալեպի ս. Քառասնից մանկանց եկեղեցու հյուսիսային պատին կան XVII–XVIII դդ. խոշոր, մեծադիր «Ահեղ դատաստան», «Քառասուն մանկունք» և «ս. Գևորգ» յուղաներկ նկարները: Ըստ արձանագրության, «Ահեղ դատաստանը» (1,5x3 մ չափերով) մահտեսի Գրիգորի պատվերով նկարել են քահանա Նեյմեթուլլան և նրա որդի Անանիան` 1708-ին:

Նկարը հիմնականում ունի կանոնիկ հորինվածք` վերևում, գահին նստած Քրիստոսի երկու կողքերին խոնարհված կանգնած են Աստվածածինն ու Հովհաննես Մկրտիչը, կենտրոնում` հրեշտակի շուրջը պատկերված են գերեզմանից ելնող հոգիները, նրանց կուլ տվող գազաններն ու ձկները, արդար ծերունիները, «խելոք և հիմար կույսերը» ևն: Նկարում միաժամանակ կան և գծանկարային լուծումով (մեղավորներին դժոխք տանելը), և գեղանկարչական խոշոր ծավալներով ստեղծված հատվածներ (հրեշտակներ, կույսեր), ինչպես նաև սրբապատկերներից եկող հարթապատկերային մանրամասեր:
Առատ օգտագործված ոսկեզօծ մակերեսների հետ (Գաբրիել Հրեշտակապետի թևերը) առկա է վառ գույների արլ. ճոխությունը (հատկապես ծաղկազարդերում): Հալեպի ս. Քառասնից մանկանց եկեղեցու «Ահեղ դատաստան» կտավում զուգակցվում է բյուզանդական նկարչության, արաբական զարդարվեստի և հայկական մանրանկարչության ազդեցությունը:
Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան

Комментариев нет:

Отправить комментарий