вторник, 7 октября 2014 г.

Հակոբ Թոխաթցի

Հակոբ Թոխաթցի [1563, ք. Եվդոկիա (Թոխաթ) – 1657/63], տաղասաց, թարգմանիչ, գրիչ: Աշակերտել է Հակոբ Այվաթենց Թոխաթցուն, որից տարբերվելու համար իրեն կոչել է Հակոբ Բաթուկենց Թոխաթցի: 1593–95-ին` քահանա Օլախաց երկրի (Վալախիա) Յաշ քաղաքում, ապա հոգևոր գործունեությունը շարունակել է Զամոշչում (Արմ. Ուկրաինա):


Հեղինակ է «Ողբ ի վերայ Օլախաց երկրին» (1595–96), «Տաղ և ողբանք ի վերայ Եւդոկիա քաղաքին» (1604) պատմական թեմայով ողբերի, քնարական բնույթի զղջական-խրատական տաղերի, գանձերի ու ներբողների: Հիշարժան է նրա «Յակոբի Սաղմոսարան» (1627) ստվարածավալ երկը, որը Դավթի սաղմոսների չափածո վերաշարադրանքն է: 150 սաղմոսները մշակված են հանգավոր ոտանավորով, տաղաչափական բազմազան ձևերով: Սկսվում է յուրահատուկ նախերգանքով` 3 բանաստեղծությամբ, որոնցից երկուսը հորինված են Գրիգոր Նարեկացու ազդեցությամբ` «Ի բանից Նարեկայ» հեղինակային նշումով: Դրանք «Մատյան ողբերգության» պոեմի առաջին գլուխների քաղվածո հանգավոր վերամշակումն են` տաղի և գանձի գրական ձևերով:

Հակոբ Թոխաթցին լատիներենից հայերեն է թարգմանել հնդկական «Եօթն իմաստասիրաց պատմութիւն»-ը (1614), որը, խմբագր. որոշ փոփոխություններով, հրատարակվել է 9 անգամ (առաջին անգամ` 1696-ին): Այս գործը հայերենից թարգմանվել է թուրքերեն (1803), ռուսերեն (1847), ֆրանսերեն (1919), վրացերեն (XIX դ., անտիպ): Հակոբ Թոխաթցու գրչությամբ պահպանվել է 6 ձեռագիր (Երևանի, Վիեննայի Կայսերական և Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքի մատենադարանների հավաքածուներ): Բացառիկ արժեք ունի նրա գրչագրած «Գեռլայի տաղարանը» (Մատենադարան, ձեռ. դ 10050), որն ամփոփում է հայ միջնադարյան բանաստեղծության հարյուրավոր նմուշներ:

Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան

Комментариев нет:

Отправить комментарий