воскресенье, 5 октября 2014 г.

Հակոբ Ջուղայեցի

Հակոբ Ջուղայեցի (ծ. թ. անհտ, Ջուղա – մ. թ. անհտ), XVI դ. կեսի – XVII դ. սկզբի մանրանկարիչ: Գեղանկարչական կրթությունն ստացել է Վասպուրականի Լիմ վանքում: Վերադառնալով Ջուղա` 1605-ին, շահ Աբբասի հրամանով իր համաքաղաքացիների հետ գաղթել է Սպահան. այստեղ հայերի կառուցած Նոր Ջուղայում ապրել ու ստեղծագործել է մինչև կյանքի վերջը:

Պահպանվել է նրա 25 տարիների ստեղծագործական աշխատանքի ընթացքում պատկերազարդած 8 ձեռագիր, որոնցից XVI դ. 80-ական թթ-ից մինչև 1610-ը թվագրված ու ստորագրված 6 Ավետարան` 1585-ի (Մատենադարան, ձեռ. դ 9691), 1586-ի (մինչև 1980-ը` Փարիզ, մասնավոր հավաքածու), 1587-ի (Մանչեստր, Ջ. Ռայլենդսի գրադարան), 1592-ի (Երուսաղեմ, ձեռ. դ 3424), 1607-ի (Նոր Ջուղա, Ս. Սարգիս եկեղեցի, ձեռ. դ 18), 1610-ի (Մատենադարան, ձեռ. դ 7639): Վաղ շրջանի նրա հայտնի աշխատանքը Մատենադարանի ձեռ. դ 6758 Ավետարանն է:


Հակոբ Ջուղայեցին մասնակցել է նաև Կալիսթենեսին վերագրվող «Աղեքսանդրի պատմության» ձեռագրի պատկերազարդմանը (Մատենադարան, ձեռ. դ 5457): Հակոբ Ջուղայեցին 25 տարիների ընթացքում ապրել է ստեղծագործական նկատելի զարգացում: Փոխվել է պատկերների ընտրությունը, դրանց պատկերագրությունը, մանրանկարների ոճը: Մանրանկարների շարքում, ավետարանական պատկերների հետ մեկտեղ (XV–XVI դդ. Վասպուրականի գեղանկարչության ավանդույթներին համապատասխան) ներառել է նաև վաղ շրջանի գործերի մի շարք տեսարաններ (որոնք բացակայում են նրա ստեղծագործական հասուն շրջանում) և վախճանաբանական շարքերի տեսարաններ (որոնց, ինչպես և Քրիստոսի հրաշքների և ավետարանական երկրորդ. իրադարձությունների նկատմամբ հետաքրքրությունը, ընդհակառակը, մեծացել է):

Հակոբ Ջուղայեցին տեսարանների պատկերագրության առումով նույնպես հիմնականում հետևել է Վասպուրականի ավանդույթներին, սակայն նրա մանրանկարներում երբեմն թափանցել են արևմտաեվրոպական պատկերագրության որոշ տարրեր, իսկ առանձին դեպքերում` նաև ամբողջական հորինվածքներ: Բացի այդ, հասուն շրջանի գործերում մի շարք տեսարաններ կառչած չեն պատկերագրական կանոնից և ներկայանում են որպես ինքնուրույն հորինվածքներ:

Տարիների հետ փոխվել է և Հակոբ Ջուղայեցու գեղարվեստական արտահայտչաեղանակը: Ձևավորվել ու դրսևորվել է նրա ստեղծագործական վառ անհատականությունը: Հակոբ Ջուղայեցու ամենակատարյալ` ժամանակագրական առումով վերջին ձեռագիրը 1610-ի Ավետարանն է, որը բացառիկ երևույթ է հայ գրքային գեղանկարչության ասպարեզում և Ավետարանների պատկերազարդման անսովոր մանրամասներով (59 մանրանկար` ամբողջական էջերի վրա), և հոյակերտ ձևավորմամբ (ոչ միայն ավետարանիչների դիմանկարները և չորս Ավետարանների անվանաթերթերը, այլև ձեռագրի բոլոր էջերն առնված են շքեղազարդ, գմբեթավոր շրջանակների մեջ):

Հակոբ Ջուղայեցու արվեստը համակված է տոնական լուսաշող աշխարհազգացողությամբ: Այն ամենից առաջ ստեղծվել է արծն հիշեցնող պայծառ, շողշողուն գույնով, կապույտ, դեղին, նարնջի երանգներով ու ոսկով և հարուստ, բազմազան զարդանկարներով: Ձևերի այդ ողջ բազմազանությունը ենթարկվում է պարզ ու հստակ հորինվածքին: Հակոբ Ջուղայեցու արվեստը ժամանակային առումով գտնվում է հայկական երկարաձգված միջնադարի և սկսվող նոր ժամանակների սահմանագծում: Ստեղծագործելով բուն միջնադարյան ժանրում` ինչպիսին մանրանկարչությունն է, նա նոր, աշխարհիկ մտածելակերպի տարրեր է հաղորդել կրոնական թեմային: Նկարչի հորինվածքներն աչքի են ընկնում իրենց համարձակ լուծումներով, նրա տիպարը զերծ է իդեալականացման որևէ միտումից: Կյանքի նրա ընկալումը հակադրվել է միջնադարին հատուկ գեղարվեստական ձևերի պայմանականությանը և հայկական արվեստում նշանավորել նոր փուլի ձևավորումը:

Հակոբ Ջուղայեցու արվեստը, որ վերջին անգամ իր երբեմնի բարձունքին է հասցրել հայ գրքային գեղանկարչությունը, իրենով ավարտել է նրա 1300-ամյա զարգացման ընթացքը:

Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան

Комментариев нет:

Отправить комментарий