воскресенье, 5 октября 2014 г.

Հակոբ Ա Կլայեցի

Հակոբ Ա Կլայեցի, Տարսոնացի, Սսեցի (1200-ական թթ. – 12.2.1286, Հռոմկլա), Ամենայն հայոց կաթողիկոս 1268-ից: Հաջորդել է Կոստանդին Ա Բարձրբերդցուն: Կաթողիկոս է դարձել Մամեստիայում (Մսիս) Կիլիկիայի Հայոց թագավոր Հեթում Ա-ի գումարած ազգային-եկեղեցական ժողովի ընտրությամբ և օծվել նույն քաղաքում` փետրվարի 12-ին: Հայտնի է որպես գիտնական ու հռետոր, մեծ վարդապետ, մեկնիչ ու բանաստեղծ: Եղել է Մեծքարի վարդապետանոցի առաջնորդը, Կոստանդին Ա Բարձրբերդցու գործակիցը, օգնականն ու տեղապահը:


Նրա հանձնարարությամբ 1240-ական թթ. սկզբին և 1254-ին Նիկիայում քաղաքական-միաբանական հաջող բանակցություններ է վարել հույն պատրիարքներ Գերմանիկոս II-ի ու Մանվելի և Հովհաննես Վադակես կայսրի հետ: Մասնակցել է 1243-ի և 1248-ի Սսի եկեղեցական ժողովներին: Հակոբ Ա Կլայեցին որպես անդրանիկ հայրապետական կոնդակ օգտագործել է Ներսես Շնորհալու «Թուղթ ընդհանրական»-ը` իր կողմից ավելացնելով նրա ընթերցումը պարտադրող մի թուղթ և տարածել գլխավոր թեմերում ու վանքերում: Իր հայրապետական գործունեությամբ, որպես Հայ եկեղեցու ավանդույթների նախանձախնդիր պաշտպան, շարունակել է Կոստանդին Ա Բարձրբերդցու քաղաքականությունը` Հայ եկեղեցու անկախության և ծիսադավանական ինքնուրույնության պահպանման ուղղությամբ: Մերժել է Հռոմի Գրիգոր X պապի 1271-ին Լուգդոնում գումարած ժողովին մասնակցելու հրավերը, պայքարել լատինադավանների դեմ: Օծել և գործակցել է Կիլիկիայի Հայոց թագավոր Լևոն Գ-ին, հաշտ հարաբերություններ պահպանել հարևան իշխանությունների հետ, նպաստել հայ-եգիպտական հաշտության կնքմանը (1282):

Հակոբ Ա Կլայեցին հայտնի է նաև որպես շարականագիր: Նրա գրչի արգասիքն է Շարակնոցը բացող, ս. Աստվածածնի ծննդյանը ձոնված առաջին կանոնը («Երգեցեք որդիք Սիոնի»), որը հորինված է հայ շարականերգության ավանդական և նոր` կիլիկյան դպրոցի լավագույն ձեռքբերումների հմուտ համադրմամբ: Կաթողիկոսական գահին Հակոբ Ա Կլայեցուն հաջորդել է Կոստանդին Բ Կատուկեցին:

Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան

Комментариев нет:

Отправить комментарий