понедельник, 27 октября 2014 г.

Ձագավանի եկեղեցական ժողով 1270

Ձագավանի եկեղեցական ժողով 1270, գումարվել է Ձագավանքում, Հայոց կաթողիկոս Հակոբ Ա Կլայեցու օրոք, Բջնիի Գրիգոր եպիսկոպոսի և Վարդան Արևելցու անմիջական նախաձեռնությամբ, մեծ իշխան Պռոշի (1223–84՝ Պռոշյան իշխանական տոհմի անվանադիրը) հրամանով: Մասնակցել են արևելյան վարդապետները, եպիսկոպոսներ, վանականներ, քահանաներ, նախարարներ և ազատներ: 1243-ի Սսի ժողովին (տես Սսի եկեղեցական ժողովներ) արևելյան վարդապետները չեն մասնակցել: Բայց այդ ժամանակ Կիլիկիայում է գտնվել Վարդան Արևելցին: Առիթից օգտվելով՝ Հայոց կաթողիկոս Կոստանդին Ա Բարձրբերդցին Վարդան Արևելցու միջոցով Արևելք (Մեծ Հայք) է ուղարկել Սսի ժողովի կանոնները՝ իր շրջաբերական կոնդակով: Վարդան Վանականը կաթողիկոսի մարդկանց հետ 1245–46-ին շրջել է Հայաստանի գավառներում և, ժողովի վերաբերյալ հավանության թուղթ ստանալով գլխ. եպիսկոպոսներից, վանքերից ու իշխաններից, ուղարկել կաթողիկոսին:


Բայց նա, չբավարարվելով Սսի ժողովի կանոնների վերաբերյալ հավանության գրերով, ամբողջ կյանքի ընթացքում, ինչպես վկայում է Հովհաննես Երզնկացին (Ծործորեցի), այս և այն կողմերում հայ իշխանների և տեղի եպիսկոպոսների աջակցությամբ ժողովներ է գումարել, վճիռներ հաստատել տվել՝ իրագործելու Հայաստանում Սսի ժողովի կանոնները: Այդպիսիներից է Ձ. ե. ժ., ինչպես նաև Հաղպատի ժողովը, որոնց մասին միակ և հպանցիկ տեղեկություն է տալիս XIII դ. մատենագիր Մխիթար Այրիվանեցին: Ձ. ե. ժ-ի կանոնների (հայտնի են «Սահմանք ժողովելո Ձագա, որ եղեւ ի ձեռն տէր Գրիգորո եւ Վարդան Վարդապետին» անունով) հեղինակ է համարվում Վարդան Վանականը:

«Սահմանքի» հեղինակը տոգորված է Սսի ժողովի կանոնների գաղափարներով, բայց դրանք հարմարեցրել է տեղական պայմաններին: Հեղինակն օգտվել է նաև նախկին ժողովների և հայրերի կանոններից: Ձ. ե. ժ-ի կանոնները չեն մտել «Կանոնագիրք Հայոց»-ի մեջ: Ի տարբերություն XIII դ. Հայաստանում գումարված մյուս ժողովների (Լոռու, Անիի ևն), որոնց որոշումներն ավելի դավանաբան. և ծիսական բնույթի էին, Վարդան Վանականի գլխավորությամբ գումարված ժողովները, այդ թվում՝ Ձ. ե. ժ., դաստիարակչական, գործնական են եղել: Դրանք հարուստ նյութ են տալիս XIII դ. կրոնաեկեղեց. և ժող. ներքին կյանքի ու դրվածքի մասին: Ժողովի կանոնների գլխ. կետերը հայհոյելու վատ սովորության, երեխաների կրոն. դաստիարակության, ամուսնության, քահանաների և ժողովրդի փոխադարձ պարտականությունների, քահանաների եկամուտների կանոնավորման և վանականության սրբակեցության մասին են: Ձ. ե. ժ-ի կանոններով քահանաները պետք է ազատվեին հարկերից, պետ. պաշտոնյաներին իջևան տալու պարտականությունից: Կանոնները գրված են ժող. մատչելի լեզվով և պարզությամբ: Գրության այդ եղանակը հատուկ է եղել XIII–XIV դդ. շատ հեղինակների կանոնական, խրատական գրվածքներին և քարոզներին:

«Սահմանքը» օրինակ է ծառայել Հովհաննես Երզնկացուն (Պլուզ) իր «Խրատ հասարակաց քրիստոնէից» աշխատությունը նույն աշխարհիկ ոճով և ոգով գրելու համար:
Արտաշես Ղազարյան
Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան

Комментариев нет:

Отправить комментарий