среда, 29 октября 2014 г.

Ձեռնադրություն

Ձեռնադրություն, Կարգ ձեռնադրության, Կարգ քահանայության, Հայ եկեղեցու յոթ խորհուրդներից: Նշանակում է ձեռք դնել կրոնական աստիճան, կարգ կամ իշխանություն ստացողի գլխին: Ձ-յամբ և օծությամբ եկեղեցուն ծառայության կոչված անձը Սուրբ Հոգու շնորհներն ու նվիրապետական կարգ է ստանում եկեղեց. արարողությունները կատարելու, Ավետարանը քարոզելու և ուսուցանելու, ժողովրդին ապաշխարության հրավիրելու ու նաև շնորհ փոխանցելու: Ձ. շնորհի և իմաստության ստացման խորհուրդն է: Կոչվում է նաև շնորհաբաշխում, պարգևատրություն:


Ձ-յան խորհուրդը հաստատել է Մովսես մարգարեն, և ապա վերահաստատել Հիսուս Քրիստոսը: Նա իր աշակերտներին իշխանություն է տվել քարոզելու, եկեղեցու սպասավորներ կարգելու, բժշկելու, մեղքերի թողություն տալու, Հաղորդության և Մկրտության խորհուրդները կատարելու, ավետարանելու ևն: Առաքյալներն իրենց հերթին, Հոգեգալստյան օրը, լցվելով Սուրբ Հոգու շնորհներով, նույն այդ իշխանությունը փոխանցել են իրենց անմիջական հաջորդներին: Գործք առաքելոցը վկայում է, թե ինչպես էին առաքյալները եկեղեցիների համար սարկավագներ, երեցներ, եպիսկոպոսներ ձեռնադրում եկեղեցում ծառայելու, Ավետարանը քարոզելու, պաշտամունք կատարելու համար (Գործք 6.6, 13.2–3, 14.22, Ա Տիմ. 4.14, Բ Տիմ. 1.6 ևն):

Պողոս առաքյալը եփեսացիներին ուղղած իր թղթում ասում է. «Նա շնորհ տվեց ոմանց լինելու առաքյալներ, ոմանց՝ մարգարեներ, ոմանց՝ ավետարանիչներ, ոմանց՝ հովիվներ և ուսուցիչներ» (Եփես. 4.11): Ձ-յան խորհրդակատար պաշտոնյան պետք է անպայման լինի եպիսկոպոս, իսկ ձեռնադրվողը (ընծայեալը կամ նվիրյալը)՝ Հայ եկեղեցու զավակ և պետք է համապատասխանի կանոնական պայմաններին. դրանք են՝ 1. ֆիզիկական առողջություն և չափահասություն՝ համաձայն հինկտակարանյան պատվիրանի, որ Աստված տվել էր Մովսես մարգարեին (Ղևտ. 21.16–18, 21): 2. Մտավոր և բարոյական պատրաստություն: 3. Աստվածային կոչում, այսինքն՝ նվիրյալի ներքին զգացողություն, որ ինքը կոչում ունի քահանայության: 4. Միակամ ընտրություն: 5. Հանձնառություն՝ հետևելու Հայ եկեղեցու ուղղափառ դավանանքին և ս. հայրերի ուսուցումներին՝ միաժամանակ մերժելով բոլոր աղանդավոր. վարդապետություններն ու հերետիկոսությունները: 6. Հանձնառություն՝ ամենօրյա խոսքով և գործով լինել աստվածային ճշմարտության քարոզիչ՝ առաջնորդվել Աստվածաշնչով և Հայ եկեղեցու վարդապետությամբ ու ավանդությամբ:

Ձ-յան խորհուրդը սկսվում է եկեղեցու սպասավորությանը նվիրված դպիրների օրհնությամբ, որոնք ստանում են դպրության չորս աստիճանները՝ դռնապանություն, ընթերցողություն, երդմնեցուցչություն և ջահընկալություն: Բուն Ձ. սկսվում է կիսասարկավագությունից: Սարկավագ կարող է ձեռնադրվել նա, ով ստացել է դպրության այդ աստիճանները: Սարկավագությունը, քահանայությունը և դրանց առնչվող աստիճանները (կուսակրոնության պարագայում) տալիս է եպիսկոպոսը, իսկ եպիսկոպոսի Ձ. կատարում է կաթողիկոսը: Ձ-յան խորհուրդը կատարվում է ընծայեալի ընտրությամբ և արժանիքների վկայությամբ, ապա՝ աղոթքով առ Աստված, այնուհետև՝ սուրբգրային համապատասխան հատվածների ընթերցումով, ձեռք դնելով (համաձայն Մովսես մարգարեի և առաքյալների սահմանած կարգի, որոնք այդ ձևով էին եկեղեցու սպասավորներ կարգում. տես Ծննդ. 48.14, Դ Թագ. 5.11, Թվեր 27.18, Մարկ. 10.16, Գործք 6.6, 19.6, Ա Տիմ. 4.14 ևն) և ապա օծելով, որից հետո հանձնվում են պաշտոնի իրերը (սկիհ, բանալի, բուրվառ, գավազաններ): Արարողության մաս է կազմում ձեռնադրվողի ուղղափառ հավատի խոստովանությունը և աղանդավոր. գաղափարների մերժումը: Նվիրապետ. յուրաքանչյուր կարգ ունի իրեն հատուկ աղոթքներ, որոնցով հայցվում է Սուրբ Հոգու շնորհը ձեռնադրվողի վրա, որպեսզի կարողանա իր պաշտոնը կատարել ավետարանական ուսուցումների և Հայ եկեղեցու սկզբունքների ու ավանդությունների համաձայն: Ձեռնադրությունից հետո տեղի է ունենում օծման արարողությունը, և այդ ընթացքում ձեռնադրվողը նոր անուն է ստանում՝ որպես նոր մարդ դառնալու խորհրդանշան:

Նվիրապետ. յուրաքանչյուր աստիճան ունի իրեն հատուկ կարգ և Ձ-յան խորհուրդի իրագործման ընթացք: Խորհուրդը միշտ կատարվում է Պատարագի ժամանակ, իսկ ձեռնադրիչ եպիսկոպոսը սովորաբար լինում է օրվա պատարագիչը:

Արտաշես Ղազարյան
Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան

Комментариев нет:

Отправить комментарий