воскресенье, 26 октября 2014 г.

Ձագավանք

Ձագավանք, Գետարգելի Ս. Նշան վանք, ՀՀ Կոտայքի մարզի Առինջ գյուղից 2 կմ հարավ-արևելք, բլրի լանջին: Հիմնադրվել է վաղ միջնադարում, վանքի հնագույն եկեղեցին VII դ. եռախորան, փոքր խաչաձև գմբեթավոր կառույցներից է: Պահպանվել են սրբատաշ տուֆից շինված պատերի ստորին շարքերը: Եկեղեցուն հս-ից և հվ-ից կից են նրա հետ միաժամանակ կառուցված և ընդհանուր գետնախարիսխ ունեցող մատուռներ:


855-ին Ձ-ի սարկավագ Զաքարիան ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս (Զաքարիա Ա Ձագեցի): Ձ-ում 1270-ին գումարվել է Ձագավանի եկեղեցական ժողովը: Ձ. նշանավոր կրոն. կենտրոն և հայտնի ուխտատեղի է դարձել, երբ 1293-ին Գրիգոր Է Անավարզեցին վանքին նվիրել է Գետարգելի ս. Նշանը՝ Հռոմի Սեղբեստրոս պատրիարքի՝ ս. Գրիգոր Լուսավորչին տված Քրիստոսի խաչափայտի մասունքը, որով, ըստ ավանդության, Պետրոս Ա Գետադարձը 1022-ին, Բյուզանդիայի կայսր Վասիլ II-ի ներկայությամբ, Տրապիզոնում Ջրօրհնեքի տոնին քաղաքի միջով անցնող գետը կանգնեցրել է (այստեղից էլ՝ Գետադարձ և Գետարգել անունները): Ձ-ում 1293-ին, ս. Նշանը պահելու համար, կառուցել են երկհարկանի գմբեթավոր եկեղեցի, որից պահպանվել է քառակուսի հատակագծով և ուղղանկյուն բեմով առաջին հարկը:

XIV դ. սկզբին Ձ-ում գործել է Թադևոս Բոկիկ Ձորավանեցի վարդապետը: XV դ. Գեղարդավանքից Ձ. է տեղափոխվել Սիմեոն Րաբունապետը, որը բարեկարգել է վանքը: 1425-ին Ձ-ում Ստեփանոս գրիչն ընդօրինակել է Հակոբ Ղրիմեցու «Մեկնություն տոմարի» երկը, ապա՝ Սարգիս Ձագավանեցի վարդապետի (1441-ին մասնակցել է Հայոց կաթողիկոսությունը Էջմիածնում վերահաստատելու արարողությանը) վանահայրության ժամանակ՝ «Քերականություն և բառգիրք»-ը: Ձ.ավերվել է 1679-ի երկրաշարժից, մնալով, սակայն, մինչև XX դ.՝ որպես գործող վանք, ունենալով բազմաթիվ կալվածքներ, ջրաղացներ, Երևանում՝ այգիներ: Գետարգելի ս. Նշանը (ոսկե խաչը) այժմ գտնվում է Էջմիածնում, և մյուռոնօրհնության ժամանակ կաթողիկոսը առաջինը նրանով է օրհնում ս. Մյուռոնը: Գետարգելի ս. Նշանի տոնը կատարվում է գարնանը՝ ս. Զատկի հաջորդ կիրակին:
Սարգիս Մխիթարյան
Մուրադ Հասրաթյան
Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան

Комментариев нет:

Отправить комментарий