Փարիզի Մարինյի պալատում ավարտվել են Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ հոկտեմբերի 27-ին ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցությունները:
Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմից` Ֆրանսիայի Նախագահի հետ առավոտյան կայացած առանձնազրույցներից հետո Հայաստանի և Ադրբեջանի Նախագահները բանակցություններ են վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ, ապա տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը:
Բանակցությունների արդյունքներն ուշ երեկոյան ամփոփվել են նախագահներ Ֆրանսուա Օլանդի, Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի համատեղ հանդիպման ժամանակ:
Խաղաղ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում երկխոսության շարունակումը և վստահության ամրապնդման ուղղությամբ ջանքերը: Ընդգծվել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կողմերի միջև շարունակել բարձր մակարդակի բանակցությունները:
Հոկտեմբերի 27-ի երեկոյան Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահի անունից ի պատիվ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների տրվել է ընթրիք:
Комментариев нет:
Отправить комментарий