понедельник, 27 октября 2014 г.

Հայ Կաթողիկե եկեղեցի

Հայ Կաթողիկե եկեղեցի, Հայ կաթողիկե պատրիարքություն, Տ անն Կիլիկիո հայ կաթողիկե պատրիարքություն, Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետևորդ հայազգի անհատների (եկեղեցական և աշխարհական) հավաքականություն, որը միացած է Հռոմի աթոռին եկեղեցական և դավանական հաղորդությամբ, ճանաչում և ընդունում է Հռոմի պապի գերագահությունը:

Արլ. միացյալ (Uniate) կաթողիկե պատրիարքություններից մեկն է, ինչպիսիք են Մարոնիտ (1216), Քաղդեական (1553), Հույն (Մելքիդ` 1724), Ասորի (1783), Ղպտի (1824) կաթողիկե պատրիարքությունները: Հայ Կաթողիկե եկեղեցին իբրև կառույց և եկեղեցական առանձին նվիրապետություն կազմավորվել է 1740-ի նոյեմբ. 26-ին, Հալեպում, երբ Աբրահամ Արծիվյանն օծվել է հայ կաթոլիկ համայնքի պատրիարք (Աբրահամ Ա Արծիվյան): 1742-ին Հռոմի պապ Բենեդիկտոս XIV-ը վավերացրել է Աբրահամ Ա Արծիվյանի պատրիարքական ընտրությունը: Ներկայումս հայ կաթողիկե պատրիարքական աթոռը գտնվում է Զմմառի վանքում (Լիբանան, հիմնվել է 1749-ին): Տանն Կիլիկիո Հայ կաթողիկե պատրիարքության կաթողիկոս-պատրիարքն է Ներսես Պետրոս ԺԹ Թարմունին (1999-ից):


Հայերը կաթոլիկության և Լատին եկեղեցու հետ առաջին անգամ առնչվել են Կիլիկիայի հայկական իշխանապետության շրջանում` Խաչակրաց արշավանքների ժամանակ (XI դ. վերջ XII դ. սկիզբ): Կիլիկյան Հայաստանը, շրջապատված լինելով մահմեդական պետություններով, փորձել է դաշնակցել Արևմուտքի հետ և, ընդառաջելով Կաթոլիկ եկեղեցու հորդորներին, բազմիցս քննարկել է Հայ և Կաթոլիկ եկեղեցիների մերձեցման հարցը (Անտիոքի 1141-ի, Երուսաղեմի 1143-ի, Սսի 1307-ի, Ադանայի 1316-ի ժողովներ ևն):

XIV դ. սկզբին տարածվել է ունիթորությունը, երբ Հայաստանում «Միաբանող եղբայրները» սկսել են քարոզել միություն Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետ: XIV դ. 1-ին կեսին Հայաստանի արլ. գավառներում ու երկրամասերում (Նախիջևան, Երնջակ, Ջահուկ ևն) և պարսկահայոց մեջ կազմակերպվել են հայ ունիթորական համայնքներ (կենտրոնը` Ապրակունիսի Ս. Կարապետ վանք): XV–XVII դդ. Հայաստանում (հիմնականում արմ. մասում և օսմանյան կայսրության Ախալցխայի փաշայության գավառներում) և հայկական գաղթավայրերում կաթոլիկության տարածմանը նպաստել են Արևելքում եռանդուն գործունեություն ծավալած Դոմինիկյան, Ֆրանցիսկյան, Կապուչինյան, Կարմելյան, Հիսուսյան լատին միաբանությունների քարոզիչները:

Նրանց քարոզչությունն առավել հաջողություն է ունեցել Արմ. Հայաստանի գավառներում: 1688-ին Հիսուսյան կրոնավորները հաստատվել են Կարինում: Կաթոլիկ միսիոներությունը բաժանված էր երկու խմբի. մեկը կոչվել է Ս.Գրիգոր և իր գործունեության շրջան դարձրել Դերջան, Հասանկալա, Կարս, Բայազետ և Արաբկիր քաղաքներն ու շրջակա գյուղերը: Երկրորդը կոչվել է Ս. Իգնատիոս և գործել Սպեր, Բաբերդ, Տրապիզոն, Գյումուշխանե քաղաքներում ու մերձակա գյուղերում: Զգալի էր կաթոլիկ քարոզիչների գործունեությունը նաև Կ. Պոլսում և Կիլիկիայում:

Մինչև XVIII դ. կաթոլիկացվել են Լեհաստանի և Հունգարիայի հայ գաղութները: Հայ կաթոլիկները, որպես Կ.Պոլսի հայոց պատրիարքությունից անկախ և առանձին կրոնական համայնք, օսմանյան կայսրությունում ճանաչվել են 1829-ի սեպտ. 14-ին: Արլ. Հայաստանում հայ կաթոլիկ համայնքները հիմնականում արդյունք են Ադրիանուպոլսի դաշնագրից (1829) հետո Կարին-Էրզրումից, Ալաշկերտից, Մուշից և այլ վայրերից տեղի ունեցած գաղթերի, երբ հայության որոշ զանգվածներ, այդ թվում` կաթոլիկ համայնքներից, անցել են ռուսական կայսրություն և հիմնել մի քանի տասնյակ գյուղեր Շիրակում, Տաշիրում, Լոռիում, ինչպես նաև` Ջավախքում: Նորեկները կառուցել են եկեղեցիներ, դպրոցներ, հիվանդանոցներ, ունեցել են քահանաներ ու վարդապետներ: Նրանք հայ կաթողիկե նվիրապետությանը տվել են անվանի հոգևորականներ (օր., կարդինալ Գրիգոր Պետրոս ԺԵ Աղաջանյան և ուր.), Վենետիկի ու Վիեննայի Մխիթարյան վանքերին և Զմմառի ուխտին անդամակցող միաբաններ: Արլ. Հայաստանի և Ջավախքի հայ կաթոլիկ գյուղերի ու գավառների համար Հռոմի աթոռը XIX դ. կեսից ստեղծել է եկեղեցական կազմակերպություն, իսկ 1909-ին ամբողջ Կովկասի համար առաքելական կառավարիչ նշանակել Սարգիս ծ. վրդ. Տեր-Աբրահամյանին, որը պաշտոնավարել է մինչև խորհրդային կարգերի հաստատումը:

Այդ տարիներին ռուսական կայսրության 172 հայ կաթոլիկ գյուղերում կային 71 եկեղեցականներ (63 քահանա և 8 վարդապետ): Հայ կաթոլիկների ընդհանուր թիվն անցել է 61 հազարից: Ռուսական կայսրության տարածքում եղել են 70-ից ավելի եկեղեցիներ և մատուռներ: Հայ կաթոլիկ շուրջ 40 հոգևորականներ դարձել են ստալինյան հալածանքների զոհ, քանդվել են բազմաթիվ եկեղեցիներ ու մատուռներ կամ օգտագործվել այլ նպատակներով: Մինչև 1915-ը` հայոց Մեծ եղեռնը, Արմ. Հայաստանում հայ կաթոլիկ համայնքներ են եղել Սվազում, Ադանայում, Անարզաբայում, Էրզրումում, Խարբերդում, Մուշում, Իզմիրում և այլուր: Եպիսկոպոսական աթոռներ են եղել Կ. Պոլսում, Հալեպում, Բեյրութում, Մարաշում, Ադանայում, Դիարբեքիրում: Գործել են` 19 թեմ, 156 եկեղեցի, 110 առաքելություն, 148 դպրոց, 32 վանք, 6 դպրեվանք: Ցեղասպանության և տեղահանությունների հետևանքով մեծ կորուստներ է կրել նաև հայ կաթոլիկ համայնքը: Ջարդերից մազապուրծ հայ կաթոլիկները սփռվել են աշխարհով մեկ: Թեմերից 16-ը, առաքելություններից 98-ը, դպրոցներից 137-ը, վանքերից 21-ը, եկեղեցիներից ու մատուռներից 117-ը, դպրեվանքերից 5-ը ավերվել և փակվել են: Ջարդերին զոհ են գնացել հայ կաթոլիկ 8 եպիսկոպոսներ, 111 քահանա, 53 մայրապետ, Զմմառի վանքի 15 միաբան, 65 հզ. ավելի հայ կաթոլիկներ:

Լիբանան գաղթած շատ հայ տարագիրներ, որբեր ապաստան են գտել Զմմառի վանքում կամ վայելել միաբանության հովանավորությունը: Աշխարհասփյուռ հայ կաթոլիկներին համախմբելու և Հայ Կաթողիկե եկեղեցին վերակազմելու նպատակով 1928-ին Հռոմում գումարվել է հայ կաթոլիկ եպիսկոպոսների բանակցական ժողով, որտեղ որոշվել է պատրիարքական աթոռը վերահաստատել Զմմառի վանքում (1931-ից) և հռչակել Լիբանանի պատրիարքական թեմը: 1934-ին կառուցվել է Էշրեֆիեի պատրիարքարանի շենքը, ինչպես նաև Ս. Ավետման եկեղեցին: Պատրիարքարանի տարածքում կառուցվել է նաև Մեծ եղեռնի զոհերին ոգեկոչող մի հուշարձան: 1749–1866-ին Լիբանանի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդներ են համարվել Զմմառում գահակալող կաթողիկոս-պատրիարքները, որոնք համայնքի գործերը հսկել են պատրիարքական դիվանին մաս կազմող փոխանորդ եպիսկոպոսների միջոցով:

Կաթողիկոսական աթոռը Կ. Պոլսում գտնվելու ժամանակ (1866–1931-ին) լիբանանահայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի պարտականությունները կատարել են Զմմառի վանքում գործող կաթողիկոսական փոխանորդները կամ վանքի մեծավորները: 1931-ին կաթողիկոս-պատրիարքի նստավայրը Լիբանանում վերահաստատվելուց հետո լիբանանահայ կաթոլիկ համայնքը որոշ ժամանակ իր հայախոս և արաբախոս հավատացյալների համար իբրև առաջնորդ ունեցել է երկու առանձին կաթողիկոսական փոխանորդներ: Այդ թվականից Լիբանանում գահակալել են Ավետիս Պետրոս ԺԴ Արփիարյան (1931–37), Գրիգոր Պետրոս ԺԵ Աղաջանյան (1937–62), Իգնատիոս Պետրոս ԺԶ Պաթանյան (1962–76), Հմայակ Պետրոս ԺԷ Կետիկյան (1976–82), Հովհաննես Պետրոս ԺԸ Գասպարյան (1982–99) և Ներսես Պետրոս ԺԹ Թարմունի (1999-ից) կաթողիկոս-պատրիարքները:

Հայ Կաթողիկե եկեղեցու ամենահայտնի կաթողիկոս-պատրիարքը և Հռոմի կաթոլիկ եկեղեցու XX դ. ակնառու հոգևորական գործիչներից է կարդինալ (ծիրանավոր) Գրիգոր Պետրոս ԺԵ Աղաջանյանը (ավազանի անունը` Ղազարոս): Ծնվել է 1895-ի սեպտ. 18-ին, Ախալցխա քաղաքում` Հարություն և Իսկուհի Աղաջանյանների ընտանիքում: 1906-ին Ղազարոս Աղաջանյանը Ախալցխայի առաքելական կառավարիչ Սարգիս ծ. վրդ. Տեր-Աբրահամյանի խորհրդով և նրա աջակցությամբ մեկնել է Հռոմ և ընդունվել Ուրբանյան քոլեջ, հաճախել նաև Հռոմի Լատերանյան համալսարանի իրավաբանության դասընթացներին: 12 տարվա ուսումնառությունից հետո (ստացել է աստվածաբանի, փիլիսոփայի և իրավաբանի վկայագրեր) 1917-ին ձեռնադրվել է վարդապետ` ընդունելով Ֆրանցիսկոս անունը: Կարճ ժամանակով վարել է Ուրբանյան դպրոցի փոխտեսուչի պաշտոնը: 1919–21-ին եղել է Թիֆլիսի հայ կաթոլիկների առաջնորդ, պաշտոնավարել տեղի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Վրաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո, 1921-ին մեկնել է Հռոմ և նույն թվին նշանակվել Հռոմի հայ կաթոլիկ Լևոնյան քահանայական վարժարանի փոխմեծավոր, 1923-ից` մեծավոր: Երկար տարիներ (1921–37-ին) դասավանդել է Հռոմի Ուրբանյան քոլեջի փիլիսոփայության, ապա` աստվածաբանության ամբիոններում: 1935-ին ձեռնադրվել է եպիսկոպոս, 1937-ի նոյեմբ. 30-ին ընտրվել և դեկտ. 5-ին օծվել է Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց կաթողիկոս-պատրիարք` ստանալով Գրիգոր Պետրոս ԺԵ անունը:

Գրիգոր Պետրոս ԺԵ Աղաջանյանը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մեծ դեր է խաղացել Վատիկանի միջոցով նորանկախ արաբական պետությունների շահերը Արևմուտքի առաջ պաշտպանելու, նրանց միջև դիվանագիտական կապեր հաստատելու և ամրապնդելու գործում: Այդ շրջանում կաթողիկոս-պատրիարքը ստանձնել է նաև Լիբանանի համայնքների միջև միջնորդի և հաշտարարի դեր: 1946-ի փետր. 18-ին ընտրվել է կարդինալ և որպես 32 նորընտիր կարդինալների շարքում առաջինը նրան է պատիվ տրվել 1946-ի մարտի 12-ին հայածես Պատարագ մատուցել Սիքստինյան կապելլայում` Հռոմի Պիոս XII պապի գահակալության 7-րդ տարեդարձի առթիվ: Որպես կաթողիկոս-պատրիարք այցելել է հայ կաթոլիկ թեմեր Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, Հս. և Հվ. Ամերիկայում, 1952-ին օծել է Ամմանի (Հորդանան) հայ կաթոլիկ նորակառույց եկեղեցին, 1954-ին` Թեհրանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, 1959-ին` Բեյրութի Ս. Եղիա-Ս.Գրիգոր Լուսավորիչ աթոռանիստ եկեղեցին ևն:

1952-ին պարգևատրվել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի Մեծ խաչ շքանշանով: Որպես կաթոլիկ եկեղեցու կարդինալ ջանացել է ընդլայնել կաթոլիկության ազդեցությունը տարբեր երկրներում, կազմակերպել է կաթոլիկ նոր թեմեր, առաքելություններ, հիմնել դպրոցներ: 1955-ին նշանակվել է Արևելյան եկեղեցիների կանոնագրի պատրաստման Կարդինալների հանձնախմբի նախագահ, 1960-ին` Վատիկանի II ժողովը նախապատրաստող Առաքելությունների հարցերի քննիչ հանձնախմբի պատասխանատու, 1958-ին` Հավատի տարածման (Պրոպագանդայի) Ս. ժողովի փոխնախագահ, 1960–1970-ին` նախագահ: Այդ պաշտոններն անհրաժեշտ են դարձրել իր մշտական ներկայությունը Հռոմում, ուստի 1962-ի օգոստոսին հրաժարվել է կաթողիկոս-պատրիարքի պաշտոնից: Հռոմի Հովհաննես XXIII պապի վախճանվելուց հետո համարվել է Հռոմի պապի ամենահավանական թեկնածուն, մասնակցել պապի ընտրությանը, սակայն քաղաքական հանգամանքների բերումով կարդինալների դռնփակ ժողովը` կոնկլավը (1963-ի հունիսի 19), պապ է հռչակել Պողոս VI-ին: 1966-ին նշանակվել է Վատիկանի II ժողովի վճիռների Գործադիր հանձնախմբի անդամ: Վախճանվել է 1971-ի մայիսի 16-ին: Աճյունն ամփոփված է Հռոմի Ս. Գրիգոր Լուսավորիչ մատուռում:

Նվիրապետությունը: Տանն Կիլիկիո Հայ կաթողիկե պատրիարքությունը ներկայումս առաջնորդություններ (թեմեր, վիճակներ, էքզարքություն, փոխանորդություն, համայնքներ) ունի Եվրոպայում, Հս. և Հվ. Ամերիկայում, Մերձավոր Արևելքում, Ավստրալիայում, Հայաստանում և Վրաստանում: Հայ կաթոլիկ խոշոր համայնքներ կան Հայաստանում (մոտ 120.000 մարդ), Լիբանանում (20.000), Սիրիայում (25.000), Վրաստանում (40.000), Եգիպտոսում (1.650), Իրաքում (2.500), Իրանում (2.500), Թուրքիայում (4.000), Ռումինիայում (11.000), Հունգարիայում (800), Լեհաստանում (մոտ 10.000), Ֆրանսիայում (30.000), Իտալիայում (500), ԱՄՆ-ում և Կանադայում (35.000), Հարավային Ամերիկայում (40.000), Ավստրալիայում (3.000):

Լիբանանի պատրիարքական թեմ (Բեյրութ): Թեմի առաջնորդը կաթողիկոս-պատրիարքն է, որը թեմը վարում է իր ընդհանուր փոխանորդի և վարչական խորհրդի միջոցով: Ունի նաև օգնական եպիսկոպոս: Գործում է 9 եկեղեցի, առավել հայտնի են Բեյրութի Ս. Եղիա-Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Փրկիչ և Ս. Խաչ եկեղեցիները: Հայ կաթոլիկ եկեղեցիներ կան նաև Ռաուդայի դպրեվանքի և Հազմիեի Մխիթարյան վարժարանի շրջակայքում, Զմմառում, Այնճարում, ինչպես նաև մի մատուռ Բիկֆայայի Մխիթարյանների ամառանոցում: Անցյալում հայ կաթոլիկ եկեղեցիներ են գործել նաև Սայդա, Սուր և այլ բնակավայրերում, որտեղ ժամանակին եղել է հայ կաթոլիկ ստվար բնակչություն:

Լիբանանում հոգևոր և կրթական լայն գործունեություն են ծավալում Զմմառյան, Մխիթարյան և Անարատ հղության քույրերի միաբանությունները: Բեյրութի Հազմիե արվարձանում Մխիթարյաններն ունեն երկրորդական մի վարժարան, 1972-ին բացվել է Մխիթարյան միաբանության Ռաուդայի դպրեվանքը: Ներկայումս Բեյրութում գործում են Անարատ հղության քույրերի միաբանության Ս. Հռիփսիմյանց (1922-ից), Ս. Ագնես վարժարանները, ինչպես նաև դպրոցներ Զահլեում և Այնճարում, Զմմառի աղջկանց և Այնճարի երկսեռ որբանոցները: 1937-ին հիմնված Ս. Շուշան վարժարանը 1997-ին վերածվել է մանկամսուրի: Անցյալում լիբանանահայ պատանիներին հայեցի դաստիարակություն տալու գործում մեծ է եղել նաև Հիսուսյան միաբանության Բեյրութի Ս. Գրիգոր Լուսավորիչ ճեմարանի դերը: Թեմում գործում են բազմաթիվ մշակութային, բարեսիրական, մարզական և սկաուտական միություններ, 4 երգչախումբ:

1931-ից Լիբանանի պատրիարքական թեմի հայ կաթոլիկ առաջնորդի պարտականությունները հաջորդաբար կատարել են Հովհաննես արք. Նազլյանը, Ալոզիոս արք. Պաթանյանը, Սահակ եպս. Կոգյանը, Մեսրոպ եպս. Թերզյանը, Անդրեաս եպս. Պետողլյանը, Վարդան եպս. Աշգարյանը, Մանվել եպս. Պաթագյանը:

Բերիոթեմ (Հալեպ, Սիրիա): Առաջնորդանիստը` Հալեպի Տիրամայր Մայր օգնությանց եկեղեցի (կառուցվել է 1840-ին): Թեմն ունի 5 եկեղեցի, 5 դպրոց: Գործում են մշակութային, բարեսիրական, մարզական միություններ:

Բարձր Ջեզիրեի թեմ (Կամըշլի, Սիրիա): Ունի 3 եկեղեցի և 1 դպրոց: Գործում է Ընկերային կենտրոնը:

Դամասկոսի պատրիարքական էքզարքություն (Սիրիա): Ունի 1 եկեղեցի և 1 դպրոց: Գործում են երիտասարդական և սկաուտական խմբեր, երգչախումբ:

Պոլսի թեմ (Թուրքիա): Ունի 4 եկեղեցի և 4 դպրոց, որոնք կառավարվում են Մխիթարյան միաբանության և Անարատ հղության քույրերի միաբանության կողմից: Թեմի խնամակալության տակ է Սուրբ Հակոբ հիվանդանոցը:

Ալեքսանդրիայի թեմ (Կահիրե, Եգիպտոս): Ունի 3 եկեղեցի (Կահիրեում, Հելիոպոլսում, Ալեքսանդրիայում) և 1 դպրոց` Անարատ հղության քույրերի միաբանության տնօրինությամբ:

Սպահանի թեմ (Թեհրան, Իրան): Ունի 2 եկեղեցի և 2 դպրոց, մեկը` թեմական, մյուսը` Անարատ հղության քույրերին պատկանող: Թեմի տնօրինության տակ են Հայկաշենի հայկական ավանը և մեկ Տարեցների տուն:

Բաղդադի թեմ (Իրաք): Ունի 1 եկեղեցի և 1 դպրոց` ղեկավարությամբ Անարատ հղության քույրերի միաբանության:

Երուսաղեմի պատրիարքական փոխանորդություն (Իսրայել): Ունի 1 սրբավայր` Քրիստոսի Խաչի ճանապարհի վրա` Երրորդ և Չորրորդ Կայան, նրան կից` ուխտավորների համար հյուրանոց: Փոխանորդության հետ կապված է Հորդանանի փոքրաթիվ համայնքը, որն Ամմանում ունի 1 եկեղեցի և 1 դպրոց:

Ֆրանսիայի թեմ: Առաջնորդարանը` Փարիզում: Ունի 6 եկեղեցի (Փարիզ, Առնովիլլը Գոնես, Լիոն, Մարսել, Վալանս, Սեն-Շամոն): Գործում են Անարատ հղության քույրերի միաբանության Մարսելի վարժարանը և Լիոնի Աղջկանց կենտրոնը:

Հունաստանի վիճակ: Առաջնորդարանը` Աթենքում: Ունի 2 եկեղեցի:

Հյուսիսային Ամերիկայի թեմ (Նյու Յորք): Թեմն ընդգրկում է ԱՄՆ-ը և Կանադան: ԱՄՆ-ում կան 8 համայնքային կենտրոններ` իրենց եկեղեցիներով. Նյու Յորք, Ֆիլադելֆիա, Դետրոյթ, Լիթըլ Ֆոլզ (Նյու Ջերսի), Լոս Անջելես (երկու), Սան Դիեգո, Քեմբրիջ: Գործում է 3 դպրոց` Ֆիլադելֆիայում, Բոստոնում, Լոս Անջելեսում` Անարատ հղության քույրերի միաբանության ղեկավարությամբ, և մեկ դպրոց` Մխիթարյան հայրերի (Լոս Անջելես): Կանադայում գործում են 2 եկեղեցի (Մոնրեալ և Տորոնտո) և 1 դպրոց:

Հարավային Ամերիկայի թեմ (Բուենոս Այրես, Արգենտինա): Ունի 3 համայնքային կամ ծխական կենտրոն` իրենց եկեղեցիներով [Բուենոս Այրես, Սան Պաուլո (Բրազիլիա) և Մոնտեվիդեո (Ուրուգվայ)]: Բուենոս Այրեսում կա մեկ դպրոց` Մխիթարյանների ղեկավարությամբ:

Իտալիա: Ունի 2 եկեղեցի և Վենետիկի Մխիթարյան միաբանության Մայրավանքը Ս. Ղազար կղզում: Հռոմում գործում են Լևոնյան քահանայական վարժարանը (տեսուչ` Եղիա վրդ. Եղիայան), Վատիկանի Ձայնասփյուռի հայկական բաժինը: Հայ կաթոլիկ համայնքներ կան Լեհաստանում, Ավստրալիայում (գործում են 2 ծխական եկեղեցի Սիդնեյում և Մելբուռնում, 1 դպրոց, համայնքն ունի 3 վարդապետ), Հունգարիայում (1 եկեղեցի):

Հայաստանի, Վրաստանի և Արևելյան Եվրոպայի թեմ (առաջնորդարանը` Գյումրիում): Կազմավորվել է 1991-ին` Հռոմի պապի վճռով: Ընդգրկում է նաև Ռուսաստանը և Ուկրաինան: Ստեղծման օրից թեմի առաջնորդն է Մխիթարյան հայր Ներսես արք. Տեր-Ներսիսյանը (լրիվ տիտղոսն է` արքեպիսկոպոս Սեբաստիո հայոց և առաջնորդ Հայ կաթողիկե եկեղեցու Հայաստանի, Վրաստանի և Արևելյան Եվրոպայի թեմի): Թեմում գործում են Փանիկ, Արևիկ, Ազատան, Լանջիկ, Ձիթհանքով (Շիրակում), Աշոցքի Մեծ Սեպասար և այլ գյուղերի, ինչպես նաև Վրաստանի Նինոծմինդայի, Ախալքալաքի և Ախալցխայի շրջանների գյուղերի եկեղեցիները: Թեմն ունի 8 վարդապետ (4-ը` Հայաստանում, 4-ը` Վրաստանում), որոնք գործում են Փանիկ, Արևիկ, Ազատան, Լանջիկ, Մեծ Սեպասար, Տաշիրի և շրջակա հայ կաթոլիկ գյուղերում, Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Հեշտիա և շրջակա կաթոլիկ գյուղերում, Ախալցխայի շրջանի Սուխլիս, Ծղալթբիլա, Ջուլղա և շրջակա հայ կաթոլիկ գյուղերում, Ախալքալաքի շրջանի Տուրցխի և շրջակա հայ կաթոլիկ գյուղերում: Թեմն ունի 2 սարկավագ (Աշոցքի Մեծ Սեպասար և Վրաստանի Ախալցխայի շրջանի Ծինուբան գյուղերում):

Գյումրիում և շրջակա գյուղերում, Տաշիրում, Աշոցքում, Սպիտակում և Վրաստանում (Հեշտիա, Տուրցխ, Սուխլիս, Ծղալթբիլա գյուղեր) գործում են 26 հայ և օտարազգի մայրապետներ Անարատ հղության հայ քույրերի միաբանությունից (9 հոգի), Հիսուսի փոքրիկ քույրերի միաբանությունից (2), Մայր Թերեզայի Գթության քույրերի միաբանությունից (6), Էվխարիստին (Հաղորդություն) միաբանությունից (3), Սալեզյան միաբանությունից (6): 2000-ի օգոստոսին օծվել է Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Ժդանովական գյուղի Ս. Սարգիս նորակառույց եկեղեցին: Աշոցքում գործում է «Տիրամայր Նարեկի» հիվանդանոցը, Գյումրիում` Ներսիսյան դպրեվանք-ընծայարանը: Անարատ հղության հայ քույրերին է պատկանում Գյումրու «Պողոսյան կրթական համալիրը», երկուական քույրերով փոքր կենտրոնները` Տաշիրում (Հայաստան) և Հեշտիայում (Վրաստան): Հայ կաթոլիկներ են ապրում նաև Ռուսաստանի Սոչի, Ադլեր, Կրասնոդար, Մոսկվա և այլ քաղաքներում:

Միաբանություններ, կազմակերպություններ: Հայ կաթողիկե եկեղեցու ծոցում գործում են երեք միաբանություններ. Մխիթարյան միաբանությունը, Զմմառյան կաթողիկոսական միաբանությունը և Անարատ հղության հայ քույրերի միաբանությունը: Մխիթարյանները մեծ ներդրում ունեն հայ հոգևոր, մշակութային և գիտական զարթոնքի ու վերելքի գործում, նշանակալից է հատկապես նրանց հայագիտական-բանասիրական, հրատարակչական-կրթական գործունեությունը: Հայ գաղթավայրերում Մխիթարյանները մեծապես նպաստել են հայապահպանությանը: Հայ մշակույթի և գիտության զարգացման գործում մեծ է մխիթարյան հայրերի` Մխիթար Սեբաստացու, Մ. Չամչյանի, Մ.Ավգերյանի, Հ. Ավգերյանի, Ղ. Ինճիճյանի, Մ. Ջախջախյանի, Ա. Բագրատունու, Ղ. Ալիշանի, Հ. Գաթըրճյանի, Հ. Տաշյանի, Ն. Ակինյանի, Պ. Անանյանի և այլոց վաստակը, որոնք հեղինակել են պատմագիտական, աշխարհագրական, հայագիտական կոթողային աշխատություններ, բառարաններ, լեզվաբանական-թարգմանական գործեր:

Մխիթարյաններն իրենց թանգարաններում, մատենադարաններում, ձեռագրատներում ունեն հայերեն և օտար լեզուներով գրքերի, հայկական ձեռագրերի, կիրառական արվեստի, կերպարվեստի, դրամների և բազմաթիվ այլ նյութերի հարուստ հավաքածուներ: 1993-ից Հայաստանի Հանրապետությունում գործում է «Հայաստանի Մխիթարյան կենտրոնը», որի նպատակն է օժանդակել Հայաստանի և սփյուռքի ազգային-մշակութային և կրթական կյանքին: Կազմակերպում է դասախոսություններ, հրատարակում գրքեր: Կենտրոնի ղեկավարն է Սերոբ վրդ. Չամուրլյանը (2000-ից): Զմմառյան միաբանությունն իր հոգևոր և մշակութային առաքելությունն իրականացնում է հայկական շատ գաղթավայրերում: Վանքի ձեռագրատանը, մատենադարանում, թանգարանում, դիվանում պահպանվում են հայկական ձեռագրերի, հայ և օտար հրատարակությունների, սրբազան իրերի, գեղարվեստական գործերի, եկեղեցական և ազգային պատմությանը վերաբերող վավերագրերի եզակի հավաքածուներ:

Անարատ հղության հայ քույրերի միաբանությունը գործում է սփյուռքի բոլոր մեծ համայնքներում` Սիրիա, Լիբանան, Եգիպտոս, Իրան, Իրաք, Ֆրանսիա, ԱՄՆ: 1992-ից միաբանության քույրերը գործում են նաև Հայաստանում և Վրաստանի հայ կաթոլիկներով բնակեցված գյուղերում:

Հայ կաթողիկե եկեղեցին ունի նաև ընկերային, բարեսիրական, մշակութային կազմակերպություններ. Լիբանանում գործում են Հայ կաթողիկե երիտասարդաց միությունը, երկու որբանոց, Ստամբուլում` հիվանդանոց, Թեհրանում` ծերանոց: Մի շարք թեմերում ստեղծվել են մշակութային կենտրոններ:

Կրթական կենտրոններ: Հայ կաթողիկե եկեղեցին և Մխիթարյան միաբանությունն իրենց կրթական առաքելությունն իրականացնում են սփյուռքի բոլոր խոշոր համայնքներում և Հայաստանում: Հայ կաթողիկե եկեղեցու նվիրապետության հովանու ներքո գործում են 44 դպրոցներ: Դրանց մեծ մասը երկրորդական վարժարաններ են (լիցեյի մակարդակով), որոնցում ավելի քան 35 հզ. աշակերտ ստանում է հայեցի և քրիստոնեական կրթություն: Անարատ հղության հայ քույրերը ևս ունեն իրենց դպրոցները և ընծայարանները: Ամենահայտնի հայ կրթական կենտրոններից էր Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանը (1998-ից չի գործում). ունեցել է հարուստ գրադարան և թանգարան: Մխիթարյանների տնօրինության տակ գործում են Բուենոս Այրեսի, Հալեպի, Բեյրութի, Լոս Անջելեսի Մխիթարյան վարժարանները:

XVIII–XIX դդ. Մխիթարյան վարժարաններ են գործել Արմ. Հայաստանում, Թուրքիայի հայաշատ վայրերում, Հունգարիայի հայ գաղթավայրերում, Սիմֆերոպոլում, Ախալցխայում և հայաբնակ այլ վայրերում: Կաթոլիկ հայ հոգևոր կադրերի պատրաստման բարձրագույն դպրոց է 1883-ին Հռոմում հիմնադրված և ցայսօր գործող Լևոնյան քահանայական վարժարանը: Հայաստանի հայ կաթոլիկ համայնքի համար հոգևորականներ պատրաստելու նպատակով Գյումրիում բացվել է Ներսիսյան դպրեվանք ընծայարանը (1994-ից):

Մամուլ: Հայ կաթողիկե եկեղեցին կրթադաստիարակչական, գիտական, մշակութային ասպարեզներում կարևոր ներդրում է ունեցել իր մամուլով, ինչպես նաև հայագիտական, կրոնական, աստվածաբանական, գեղարվեստական, բառարանագիտական, քաղաքական բնույթի բազմաթիվ հրատարակություններով, մատենաշարերով: 1843-ից անընդմեջ Վենետիկի Մխիթարյանները հրատարակում են «Բազմավեպ» հայագիտական-բանասիրական հանդեսը, որը ներկայումս հրատարակվող հայ ամենահին պարբերականն է: Վիեննայի Մխիթարյանները 1847–63-ին հրատարակել են «Եվրոպա» շաբաթաթերթը, 1887-ից` «Հանդես ամսօրյա» հայագիտական-բանասիրական ամսագիրը: Հայ կաթոլիկների հրատարակած ամենահայտնի պարբերականներն են` «Կաթողիկե արձագանք» (1911–15, Հռոմ և Կ. Պոլիս` 1912-ից) Կ. Պոլսի հայ կաթոլիկների պաշտոնաթերթը, Մխիթարյան լիցեյի հրատարակություններ «Շող» կիսամսյա հանդեսը (1911–13, Կ. Պոլիս) և «Ուսումնարան» ամսագիրը (1911–15, Կ. Պոլիս), «Հայ աշխարհ» (1937–38, Բրյուսել, հայերեն և ֆրանսերեն, վերջում`  միայն ֆրանսերեն, Բելգիայի Հայ կաթոլիկ եկեղեցու պաշտոնաթերթը), Վենետիկի Մխիթարյանների «Հայ ընտանիք» (1969-ից) դպրոցական պատկերազարդ ամսագիրը (1947–60-ին` «Մխիթարյան ընտանիք», 1960–62-ին` «Ընտանիք», 1963–69-ին` դարձյալ «Մխիթարյան ընտանիք»), Հռոմի Լևոնյան ժառանգավորաց վարժարանի «Հռոմկլա» պատկերազարդ պարբերաթերթը (1963–68, Հռոմ), Զմմառի Հայ կաթողիկե պատրիարքարանի «Ավետիք» պաշտոնաթերթը (Բեյրութ, 1932-ից), «Մասիս» (Բեյրութ, 1947-ից), «Զվարթնոց» (Բեյրութ), «Եկեղեցին Հայկական» (Փարիզ), «Վերելք» (Լոս Անջելես), «Ավետաբեր» (Լոս Անջելես), «Ջահ» (Նյու Յորք) ամսաթերթերը, ինչպես նաև մի շարք տեղեկատվական թերթեր` բազմաթիվ թեմերում և եկեղեցիներում: Մխիթարյանները շարունակում են «Հայագիտական մատենաշար» (Վենետիկ) և «Ազգային մատենադարան» (Վիեննա) արժեքավոր մատենաշարերի հրատարակումը:

Տանն Կիլիկիո Հայ կաթողիկե պատրիարքության կաթողիկոս – պատրիարքներ Աբրահամ Պետրոս Ա Արծիվյան (1740–49), Հակոբ Պետրոս Բ Հովսեփյան (1749–53), Միքայել Պետրոս Գ Գասպարյան (1753–80), Բարսեղ Պետրոս Դ Ավգատյան (1780–88), Գրիգոր Պետրոս Ե Գյուբելյան (1788–1812), Գրիգոր Պետրոս Զ Ճերանյան (1812–40), Հակոբ Պետրոս Է Հոլասյան (1841–43), Գրիգոր Պետրոս Ը Տեր-Աստվածատուրյան (1843–66), Անտոն Պետրոս Թ Հասունյան (1866–80), Սեփանոս Պետրոս Ժ Ազարյան (1881–1899),Պողոս Պետրոս ԺԱ Էմմանուելյան (1899–1904), Պողոս Պետրոս ԺԲ Սապպաղյան (1904–09), Պողոս Պետրոս ԺԳ Թերզյան (1910–31), Ավետիս Պետրոս ԺԴ Արփիարյան (1931–37), Գրիգոր Պետրոս ԺԵ Աղաջանյան (1937–62), Իգնատիոս Պետրոս ԺԶ Պաթանյան (1962– 1976), Հմայակ Պետրոս ԺԷ Կետիկյան (1976–82), Հովհաննես Պետրոս ԺԸ Գասպարյան (1982–99), Ներսես Պետրոս ԺԹ Թարմունի (1999-ից):

Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան

Комментариев нет:

Отправить комментарий