среда, 29 октября 2014 г.

Ղևոնդ Երեց

Ղևոնդ Երեց, սուրբ Ղեվոնդ, Ղեվոնդ Վանանդեցի [ծ. թ. անհտ, ըստ Եղիշեի և Ղազար Փարպեցու՝ գ. Իջաանք (Վանանդ գավառ) – նահ. 454, Պարսկաստանի Ապար նահանգում], V դարի վկա, Հայ եկեղեցու Քահանայից անվանված սրբերից և Վարդանանց պատերազմի առաջնորդներից: Նրա անվամբ են նահատակյալ ինը քահանաները (ինքը՝ Ղ. Ե., Հովսեփ կաթողիկոս, Սահակ եպիսկոպոս Ռշտունյաց, Թաթիկ եպիսկոպոս Բասենի, Մուշե քահանա Աղբակեցի, Արշեն երեց Բագրեվանդցի, Սամվել քահանա, Աբրահամ սարկավագ, Քաջաջ սարկավագ) կոչվել ս. Ղևոնդյանք:


Ղ. Ե. պաշտոնավարել է Բագրեվանդ գավառում: Եղել է Սահակ Ա Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի աշակերտներից: Մասնակցել է Շահապիվանի եկեղեց. ժողովին (444): Պարսից արքա Հազկերտ II-ի օրոք Հայ եկեղեցու և քրիստոնեության նկատմամբ ծավալված հալածանքների ժամանակ գլխավորել է հավատացյալ ժողովրդի պայքարը զրադաշտ մոգերի ու մոգպետների դեմ, իսկ Ավարայրի ճակատամարտի (451) ընթացքում, մյուս հավատակիցների ու գործակիցների հետ, ոգեշնչել է հայոց զորքին՝ արիաբար մարտնչելու հավատի թշնամիների դեմ, ինչի համար և արժանացել է «Ավարայրի արծիվ» պատվանունին:

Ավարայրի ճակատամարտից հետո պարսիկները Քահանայից դասին և 37 հայ նախարարների տարել են Տիզբոն, մեղադրել իբրև «կրակասպանների» և պատերազմի հրահրիչների, բանտարկել Նյուշապուհ քաղաքում, ապա աքսորի ճանապարհին չարչարել, որպեսզի ուրանան Հիսուս Քրիստոսին: Տեսնելով հայ քահանաների անհողդողդ հավատքը և ստանալով վճռական մերժում՝ արքունի պաշտոնյա Դենշապուհը հրամայել է գլխատել նրանց, այդ թվում՝ նաև Ղ. Ե-ին (հավանաբար հուլիսի 25-ին):

Հայ եկեղեցին ս. Ղ. Ե-ի հիշատակը նշում է Բուն Բարեկենդանին նախորդող երեքշաբթի օրը: Ս. Ղևոնդյանց նվիրված «Մանկունք» շարականի մեջ նրան են վերաբերվում հետևյալ տողերը. «Լուսաւորիչն ամենեցուն Ղեւոնդէի Ս. Վարդապետ Խոհական մեծ խորհրդով խրատեալ լցոյց զաշակերտեալն...»:
Լևոն Սարգսյան
Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան

Комментариев нет:

Отправить комментарий