воскресенье, 26 октября 2014 г.

Ձեռագիր մատյան

Ձեռագիր մատյան (codex), գրչի կողմից արտագրված գիրք: Հայ. Ձ. մ-ները բաղկացած են իրար կարված 6, 8, 12 և 16 թերթ ունեցող տետրերից, որոնք կազմի մեջ են ագուցվել և ստացել գրքի տեսք: Գրվել են մագաղաթի և թղթի վրա: Ամենավաղ մագաղաթե Ձ. մ-ի պատառիկները թվագրվում են V դ.: Ամենահին ամբողջական մագաղաթե Ձ. մ. Երևանի Մատենադարանի ձեռ. դ 10680, VII դ. «Վեհամոր Ավետարանն» է: Թղթե ամենավաղ Ձ. մ. Մատենադարանի ձեռ. դ 2679 ժողովածուն է՝ թվագրված 981: Իսկ ամենաուշ հայերեն Ձ. մ-ները ստեղծվել են XIX դ.:


Հայերեն Ձ. մ-ների մեծ մասը թվագրված և տեղայնացված է հիշատակարանների շնորհիվ. դրանք, որպես կանոն, մատյանի վերջում գրել են գրիչը, ծաղկողը, կազմարարը, պատվիրատուն (ստացողը) կամ նոր ձեռագրատերը: Ձեռագիրը հայ ժողովրդի համար եղել է սրբություն: Նրա մասին Ձ. մ-ների հիշատակարաններում խոսվում է ինչպես մի թանկագին էակի մասին. այն պահպանել են աչքի լույսի պես, փրկել զավթիչներից, ազատել գերությունից: Հիշատակարաններում անեծք է հղվում նրանց, ովքեր գողանում, վաճառում կամ գրավ են դնում ձեռագիրը (նման հիշատակարաններ հանդիպում են նաև ռոմանական ձեռագրերում):

Սարգիս Պիծակի 1336-ի «Արքունական Ավետարան»-ի (Մատենադարան, ձեռ. դ 5786) հիշատակարաններում ձեռագիրն իր սրբությամբ համեմատվում է Աղթամարի վանքի Ս. Խաչ եկեղեցու հետ, որտեղ այն պահվում էր: Ըստ միջնադարյան աղբյուրների՝ Ձ. մ-ները ստեղծվել են վանքերին կից գործող գրչակենտրոններում: Մատյանի ստեղծումը բաղկացած էր մի քանի փուլերից. գրչության նյութի պատրաստում, գրչություն, ծաղկում և պատկերազարդում, տետրերի կապում և կազմում: Գիրքն ընկալվել է որպես բարդ, սակայն միասնական մարմին, որի մեջ համաձայնեցված էին բոլոր տարրերը՝ մատյանի բովանդակությունը, չափը, գրի տեսակն ու մեծությունը, գեղ. հարդարանքի բնույթը, տեքստի հետ մանրանկարների իմաստային և ֆիզիկական հարաբերակցությունը, վերջիններիս և մելանի երանգների համադրությունը, կազմի ընտրությունը: Կազմը պաշտպանել է մատյանը մաշվելուց ու փչանալուց և որոշել նրա արտաքին տեսքը:

Գրված, համարակալված տետրերի «կապը» հագցվել է փայտե տախտակների մեջ, որոնք պատվել են կաշվով, թավիշով կամ փղոսկրե, արծաթե և ոսկե դրվագներով՝ երբեմն զարդարված կիսաթանկարժեք քարերով: Այդ փուլում կիրառվել են դրոշմանկարչություն, դրվագում, հատիկավորում, ֆիլիգրան (ոլորած բարակ մետաղաթել), սևադ, ոսկերչություն ու արծաթագործություն, ինչը վկայում է միջնադարյան Հայաստանի կիրառ. արվեստների բարձր մակարդակի մասին: Երևանի Մատենադարանի գլուխգործոցներից է ձեռ. դ 2374՝ «Էջմիածնի Ավետարան»-ի փորագրված քանդակազարդ փղոսկրե կազմը (թվագրվում է VI դ. 1-ին կես), որը աշխարհում պահպանված նմանատիպ՝ 5-մասանի, 7 կազմերից բաղկացած և երկփեղկանի բացառիկ կազմանմուշ է:

Մետաղե արժեքավոր կազմերից է Մատենադարանի ձեռ. դ 7680՝ «Կիլիկյան Ավետարան»-ի 1255-ի պատկերազարդ կազմը՝ դրվագված ոսկեզօծ արծաթով: Կազմը գրքին ամրացնելու համար որպես ներկապ (ֆորզաց) օգտագործվել են տարբեր գործվածքների կտորներ, որոնք լավ պահպանվել են ցայսօր և միջնադարյան ջուլհակագործության եզակի օրինակներ են: Մատյանների առաջին ու վերջին էջերը պահպանելու համար նրանց մեջ ներմուծվել են մի քանի առանձին թերթեր, որոնք կոչվել են պահպանակներ: Երբեմն պահպանակների համար օգտագործվել են ավելի հին Ձ. մ-ների պատառիկներ: Օր., իբրև «Էջմիածնի Ավետարան»-ի պահպանակ մեզ են հասել էջով մեկ արված VI դ. չորս քրիստոսաբանական մանրանկարներ՝ ներկայումս ամենահին պատկերները հայկ. ձեռագրարվեստում: Հայկ. ձեռագրերի մագաղաթը շատ բարձր որակի է, բաց երանգի, երբեմն ուղղակի սպիտակ, թղթի պես բարակ և փափուկ, երկու երեսը ողորկած, ինչը չի խանգարել ներկը ամուր պահելուն: Հայտնի են մագաղաթի պատրաստման Գլաձորի, Տաթևի և հատկապես Հռոմկլայի արհեստանոցները:

Դեռևս Մեսրոպ Մաշտոցը մեծ ուշադրություն է դարձրել տառերի գեղ. տեսքին: Կորյունի վկայությամբ, տառաձևերի մշակման համար նա հրավիրել է բյուզանդացի անվանի գրիչ Հռոփանոսին, որը և գծագրել է նրանց վերջնական պատկերը: Ըստ երևույթին, նույն V դ. են ձևավորվել երկու հիմն. հայկ. ձեռագիր տառատեսակները՝ երկաթագիրը (մայուսկուլ) և բոլորգիրը (մինուսկուլ)՝ իրենց տարատեսակներով: Մինչև XIII դ. գերիշխել է երկաթագիրը, XIII դարից՝ բոլորգիրը: Ավելի ուշ կազմավորվել են շղագիրը (XI դարից) և նոտրգիրը (XIII դարից): Հայ գրերի բոլոր տեսակները բնորոշվում են տառերի նկարագրի հստակությամբ՝ դրանց բազմաձևության առկայությամբ:

Երկաթագիրը եղել է նաև վիմագիր, ունի կոթողային բնույթ: Քարի վրա գրվել է երկաթե գրոցով, ինչը և պայմանավորել է այս գրի անունը: Երկաթագիրը մեծատառ, խոշոր և անջատ գրատեսակ է: Նրա բոլոր նշանները գրվել են տողի վրա, երկու զուգահեռ գծերի միջև, որոնց սահմաններից գրեթե դուրս չեն գալիս դուրս բերվող տարրերը, բացառապես Փ և Ք տառերի:

Ձ. մ-ներում օգտագործվել են երկաթագրի երկու տեսակներ՝ բոլորագիծ երկաթագիր, որը կոչվում է նաև մեծ մեսրոպյան, և ուղղագիծ երկաթագիր, որը կոչվում է նաև միջին մեսրոպյան: Բոլորագիծ երկաթագրի հաստ հիմն. ուղղահայաց և մազանման օժանդակ գծերը կապվել են իրար սահուն աղեղանման անցումով, ինչը և պայմանավորել է նշանների բոլորագիծ լինելը: Այս գրի տառաձևերը որպես գլխատառեր են ծառայել մյուս բոլոր տառատեսակների համար: Ուղղագիծ երկաթագիրը կազմվել է ուղղագիծ տարրերից, իրար միացված անկյան տակ: Հիմն. գծերը ուղղահայաց չեն տողին, ինչպես բոլորագիծ երկաթագրում, այլ՝ թեքված սուր անկյան տակ:

Բոլորգիրը ստեղծվել է մատյան գրելու համար և ստացել ավելի նուրբ և գրաֆիկ. ձևեր: Չնայած անվանմանը՝ այս գրի տարրերը միանում են իրար սուր անկյան տակ, և նշաններն էլ ունեն անկյունավոր ուրվագիծ: Հիմն. և օժանդակ գծերի հաստություններն իրար չեն հակադրված, ինչպես երկաթագրում, և գրեթե հավասար են: Բոլորգիրը բաղկացած է փոքրատառերից, իրար ավելի մերձ և կապակցված, ունի նոր և ձևափոխված տառանշաններ: Բոլորգիրը «չորստողանի» տառատեսակ է: Տառերի մարմինը պառկած է տողի վրա՝ մտովի անցկացրած երկու զուգահեռների միջև, որոնց սահմաններից վերև և ներքև են ձգվում մինչև երկու այլ մտովի զուգահեռներ դուրս քաշվող տարրերը՝ պոչերը, կեռերը, օղերը, աղեղները, կապերը ևն: Մատյաններում հանդիպում է երկու տիպի բոլորգիր՝ կիլիկյան և արևելյան (բուն Հայաստանի):

Կիլիկյան բոլորգիրն աչքի է ընկնում իր կանոնավորությամբ և հղկվածությամբ՝ ի տարբերություն արևելյան բոլորգրի, որը մոտ է ուղղագիծ երկաթագրին և հանդիպում է նաև ուղիղ գրությամբ: Բոլորգիրը հիմք է դարձել ժամանակակից տպագիր տառատեսակների համար:

Շղագիրը հանդիպում է հիշատակարաններում: Գրվել է ղալամով, որի ծայրը շյուղի նման սրվել է և հնարավորություն ստեղծել տառի բոլոր տարրերը գրել նույն բարակությամբ: Նման է արևելյան ոչ կանոնավոր մանր բոլորգրին, ունի և՛ ուղիղ, և՛ թեք գրություն: Հիմք է հանդիսացել ժամանակակից ձեռագրերի համար:

Նոտրգիրը ծնվել է բոլորգրի և շղագրի խաչաձևումից և ստացել մանրարագ գրի տառաձևեր: Հնագույն գրերի օրինակները պահպանվել են կրկնագիր (պալիմպսեստ) մատյաններում՝ նոր տեքստերի տակ, որոնց թվին է պատկանում Մատենադարանի ձեռ. դ 7735՝ 986-ի «Սանասարյան Ավետարանը»՝ գրված V դ. տեքստի վրա. պահպանվել են նաև վաղ շրջանի բազմաթիվ պատառիկ մատյաններում (Մատենադարան, ձեռ. դդ 1, 9, 14, 28, 41, 48, 77, 90, 436, 463, 1256, 1261, 1266): Գրչության արվեստի գոհարներ են ձեռ. դ 10110՝ IX դ. Գոգարանի, ձեռ. դ 3793՝ գրիչ Հովհաննեսի Ավետարանները (1053, բոլորագիծ երկաթագիր), ձեռ. դ 275՝ Սմբատ Պատրիկի Ավետարանը (1071–78, ուղղագիծ երկաթագիր), ձեռ. դ 10675՝ Թորոս Ռոսլինի «Մալաթիայի Ավետարանը», ձեռ. դ 979՝ «Հեթում Բ թագավորի Ճաշոցը» (բոլորգիր), ձեռ. դ 4243՝ գրիչ Ստեփանոս Վահկացու Աստվածաշունչը (մանրագույն մարգարտաշար բոլորգիր):

Մատյանի տեքստերը գրվել են բուս. և քիմ. ծագում ունեցող բարձրորակ թանաքներով՝ հիմնականում սև և կարմիր, երբեմն շագանակագույն, կանաչ, կապույտ ու մանուշակագույն, և մինչև այժմ պահպանել են իրենց պայծառությունը: Դրանք տեղադրվել են էջի վրա մեկ, երկու, երբեմն երեք սյունակներով, չորս կողմից շրջապատված լուսանցքներով: Արտաքին լուսանցքներն ավելի լայն էին, քան ներքինները, այնպես, ինչպես հաճախ վերին լուսանցքները՝ ստորին լուսանցքներից, որոնք իրենց հերթին ավելի մեծ էին, քան արտաքին լուսանցքները:

Ըստ Գրիգոր Տաթևացու, լուսանցքները, շրջանակելով տեքստը, պահպանում էին այն մաշվելուց և հարաբերակցվում խաչի չորս թևերի և Մովսեսի քառանկյուն տախտակների հետ: Էջի կամ գրքի բացվածքի տեքստային հորինվածքի համար մեծ դեր են ունեցել նախադասությունների և պարբերությունների գլխատառերը, որոնք ստեղծել են որոշակի ռիթմ, տեսողական հատած, ընդմիջարկում՝ նախապատրաստելով ընթերցողին նոր մտքի ընկալմանը: Գլխատառի կամ մեծատառի հասկացությունը հայ գրում հանդես է եկել շատ վաղ, դեռևս երկաթագրում, որի համար որպես մեծատառ օգտագործվել է նույն երկաթագիր նշանը՝ մեծացված չափերով: Այլ գրատեսակների համար գլխատառ են հանդիսացել ոչ թե սեփական՝ մեծացրած տառաձևերը, այլ նույնպես երկաթագրի նշանները:

Մատյանների գրիչները մեծ ուշադրություն են դարձրել գրքերի տարբեր «վերջավորությունների» ձևավորմանը, ինչը հարստացրել է էջի տեքստային հորինվածքը: Տողերի վերջին տառերը անջատվել են բառից և կազմել աջ սյունակի ուղղաձիգ եզրը: Տների, տեքստի ինքնուրույն մասերի, Ավետարանների և այլ գրքերի վերջին բառերը գրվել են սյունակի մեջտեղում, իսկ ամբողջ վերջամասերին հաճախ տրվել է եռանկյան կամ խաչի տեսք: Հայերեն Ձ. մ-ներում կիրառվել են տեքստի հատվածավորման (ռուբրիկացիայի, հնում այդպես են կոչվել երկի առանձին մասերի գլուխները, որոնք սովորաբար գրվել են կարմիր ներկով, Հայաստանում առավելապես՝ որդան կարմիրով) բոլոր տեսակները: Սուրբ Գրքի ամեն մի տուն սկսվում է նոր տողից, նրանց գլխատառերը կազմում են սյունակների ձախ եզրը կամ էլ դուրս գալով եզրագծից՝ ստեղծում են մի նոր ռիթմ տեքստի հորինվածքում: Մատյանի գլխաբաժանումները՝ հիմնականում եկեղեց. ընթերցվածքները, անջատված են իրարից «կարմիր տողերով», պարբերության առաջին տողը ներս է ընկած, նրա գլխատառը կամ մի քանի սկզբնատառերը կամ ամբողջ տողը իսկապես գրված են կարմիր թանաքով կամ տեքստից տարբերվող մի այլ թանաքով: Շքեղ մատյաններում «կարմիր տողը» կամ նրա գլխատառերը գրված են ոսկով և գունազարդ տառերով:

Տիտղոսաթերթի տեքստերը, ինչպես և գլխատառերը, XII դարից գրվել են հատուկ մշակված զարդագրերով՝ կենդանագրով, թռչնագրով, ծաղկագրով, ձկնագրով կամ խճանկարագրով: Հայերեն Ձ. մ-ների մեծ մասը կազմում են Ավետարանները, որոնք եղել են, ըստ խմբագրության, Քառավետարաններ (բացակայում են բյուզ. խմբագրության Ապրակոս-Ավետարանները, որոնց դերը հայկ. ձեռագրային ավանդույթում նույնպես կատարել են Քառավետարանները՝ հատվածավորման միջոցով): Հիմն. մատյաններից են եղել Աստվածաշունչը, Նոր կտակարանը, Սաղմոսարանը, եկեղեց. ծիսական գրքերի ժողովածուն, որի մեջ մտնում էին Ժամագիրքը, Խորհրդատետր-Պատարագամատույցը, Տոնացույցը, Մաշտոցը, Շարակնոցը, ավելի ուշ՝ Ճաշոցը: Ստվար մաս են կազմում նաև պատմ., փիլ., աստվածաբան., քերակ. երկերը: Կազմվել են Ճառընտիրներ, Հայսմավուրքներ, խառը ժողովածուներ, որոնք ընդգրկում են բժշկ. և աշխարհագր., օդերևութաբան. և աստղաբաշխ., տոմարագիտ. և ալքիմիական ուսումնասիրություններ, եկեղեցու հայրերի և անտիկ հեղինակների գործերի հատվածներ ևն:

Ձ. մ-ները հաճախ պատկերազարդվել են մանրանկարներով: Առավել հարուստ է Ավետարանների գեղ. ձևավորումը: Շքեղ նկարազարդվել են նաև Աստվածաշունչը (կամ նրա հատվածները), Ճառընտիրը և Ճաշոցը: Այլ գրքեր ունեն ավելի համեստ հարդարանք՝ կազմված գլխազարդից, զարդագրված վերը նշված գլխատառերով, երբեմն տեքստերի հեղինակների դիմանկարներով և բազմաթիվ ու բազմաբնույթ լուսանցազարդերով: Վերջինները բնորոշ են միմիայն հայերեն Ձ. մ-ներին: Հայկ. մանրանկարները մեծ մասամբ պահպանել են ոսկու և ներկերի թարմությունը: Դա պայմանավորված է ներկերի որակով և նկարչական կատարյալ տեխնիկայով: Մանրանկարների համար ներկերը բացել են ջրով, աշխատանքի վերջում փայլեցրել են, ինչպես ոսկին, կամ ծածկել մեղրամոմով, հետո նոր փայլեցրել: Այդ հնարքի շնորհիվ է, որ հայկ. մանրանկարները մինչ օրս չեն խամրել:

Մինչև XIII դ. օգտագործել են թերթավոր ոսկին, XIII դարից սկսած՝ թերթավորի հետ մեկտեղ շաղախված, «եփած» ոսկին՝ ներկի ձևով: Ոսկե մասերը երբեմն դրվագել են՝ ստեղծելով նկարի վրա ռելիեֆ, որը մանրանկարին ոսկերչական իրի որակ է հաղորդել: Հայկ. ներկերը մեծ համբավ են վայելել դեռևս անտիկ ժամանակներից ոչ միայն մանրանկարչության, այլև որմնանկարչության, գորգագործության և ջուլհակագործության համար: Հատկապես գնահատվել են հայկ. մարենան և որդան կարմիրը, որն Արևմուտքում հայտնի էր որպես «հայկական կոշենիլ», իսկ մահմեդ. աշխարհում՝ որպես «քիրմիզ» (կարմիր): Այն ստացվել է միայն Արարատյան դաշտում բազմացող կարմիր որդերից:

Հայ. Ձ. մ-ները ձեռագրարվեստի որակով, նյութի բազմազանությամբ և մեծաքանակությամբ, մանրանկարչության արտահայտչականությամբ և գունագեղությամբ միջնադարյան մշակույթի փայլուն էջերից են: Հայտնի են տասնյակ գրչակենտրոններ և մանրանկարչական դպրոցներ այն կենտրոններին կից, որտեղ արտագրվել ու ծաղկվել են Ձ. մ-ները: Այդ կենտրոնները սփռված են եղել աշխարհով մեկ՝ Հնդկաստանից մինչև Իտալիա, Կամենեց Պոդոլսկից մինչև Բեթղեհեմ: Չնայած մեծ կորուստներին, ներկայումս աշխարհի տարբեր հավաքածուներում պահպանվում են շուրջ 30 հզ. հայկ. Ձ. մ-ներ (տես Մատենադարան հոդվածում):
Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան

Комментариев нет:

Отправить комментарий