понедельник, 27 октября 2014 г.

Հայ Մկրտական եկեղեցիներ

Հայ Մկրտական եկեղեցիներ, Հայ ավետարանական մկրտական եկեղեցիներ, ավետարանական (բողոքական) դավանանքին պատկանող ուղղություններից մկրտականության (բապտիզմի) հայազգի հետևորդների եկեղեցիներ: Սփյուռքում, բացառությամբ Թբիլիսիի և Սուխումի, առանձին Հայ մկրտական եկեղեցիներ կամ համայնքներ չկան: ՀՀ-ում պաշտոնապես գործում են երկու առանձին Հայ մկրտական եկեղեցիներ` Գյումրու Հայ ավետարանական մկրտական եկեղեցին և Հայ ավետարանական մկրտական քրիստոնյաների եկեղեցիները (Երևանի, Աբովյանի, Արարատի մարզի Արևշատ գ., Արարատի, Վանաձորի, Ստեփանավանի ևն):


Մկրտականությունը հայերի մեջ տարածվել է ավետարանականության հետ գրեթե միաժամանակ` XIX դ. սկզբին, բայց, ի տարբերություն ավետարանականության` գլխավորապես Արլ. Հայաստանում և Անդրկովկասում: 1836-ին Շիրակ գավառի Արխվելի գ. (այժմ` ՀՀ Շիրակի մարզի Լեռնուտ գ.) բնակիչների (որոնք գաղթել էին Արմ. Հայաստանի Խնուս գավառի Չեվիրմե գյուղից, 1829–30-ին) մոտ հայտնաբերվել է «Բանալի ճշմարտության» անունով մի դավանագիրք` գրված 1782-ին, Տարոն գավառում: Գյուղի բնակիչները, որոնք հայ պատմագրության մեջ անվանվում են «նոր թոնդրակեցիներ», հետևել են բողոքականության ազդեցությամբ հայկական միջավայրում իր առանձնահատուկ գաղափարական տեսքն ստացած ավետարանական և մկրտական վարդապետությանը:

Գրքի ողջ դավանանքն էլ համահունչ է մկրտականության ուսմունքին: Հայ մկրտականներ եղել են Կարսի նահանգի Ղարաղալա գյուղում, Ալեքսանդրապոլում և շրջակա մի շարք գյուղերում: Շուշիում 1889-ին հայ ավետարանականներից բաժանվել են մկրտականները, որոնք, ժամանակակցի վկայությամբ, մկրտվել են գետում և պաշտամունքները կատարել ավետարանականներից առանձին: 1890-ին Շուշիում բացվել է առաջին հայկական մկրտական եկեղեցին: XIX դ. վերջին և XX դ. սկզբին հայ մկրտական ազդեցիկ համայնք կար Բաքվում: Նրանք ունեին առանձին եկեղեցի, որը պաշտոնապես չէր ճանաչել ռուսական կառավարությունը: Բաքվի հայ մկրտականները հրատարակել են «Բարի լուր» կրոնական երկշաբաթաթերթը (1906–17), որը միակ ավետարանական հայկական թերթն էր Անդրկովկասում: Բաքվի Հայ մկրտական եկեղեցում երկար տարիներ պաշտոնավարել է վերապատվելի Պատվական Թառայանը, որը «Բարի լուրի» հիմնադիրն ու անփոփոխ խմբագիրն էր:

1908-ին Բաքվի մկրտականները հիմնել են «Բաքվի որբախնամ ընկերությունը», որի որբանոցում սաների թիվը հասել է 40–50-ի: Ունեցել են նաև Ս. Գրոց անունով դպրոց: 1917-ի ապրիլին «Բարի լուրի» հրավերով Բաքվի մկրտականների ժողովարանում տեղի է ունեցել Կովկասի Հայ ավետարանականների համագումար: 1918–20-ի Բաքվի հայկական կոտորածների ժամանակ հայ մկրտականները արտագաղթել են Թիֆլիս: 1923-ին այնտեղ բացվել է տեղի հայ մկրտականների ժողովարանը (եկեղեցի): 1920-ական թթ. մկրտական եկեղեցի է բացվել նաև Լենինականում (այժմ` Գյումրի): Լենինականի Հայ մկրտական եկեղեցին մինչև 1965-ը մաս է կազմել Երևանի Հայ ավետարանական քրիստոնյա բապտիստների եկեղեցու:

Այնուհետև պաշտոնապես գրանցվել է որպես առանձին միավոր ու համայնք և ձեռնադրված առաջնորդ ունենալու իրավունք ստացել: Խորհրդային իշխանության տարիներին միավորել է ավետարանականներին ու մկրտականներին: Գյումրու Հայ ավետարանական մկրտական եկեղեցու ավետարանչական գործունեության դաշտն ընդգրկում է Գյումրու մերձակա Մարմաշեն, Կամո, Շիրակ գյուղերը: Եկեղեցին ունի 2 երգչախումբ, կիրակնօրյա դպրոց` 120 երեխաներով: Անդամների թիվը 250 է: Գյումրու Հայ ավետարանական մկրտական եկեղեցին Հայաստանի ավետարանական եկեղեցիների միության հիմնադիր անդամներից է: ՀՀ-ում վերագրանցվել է 1994-ին: 1995-ից եկեղեցու հովիվն է վերապատվելի Ռ. Փահլևանյանը:

Երբ 1944-ի հոկտեմբերից ԽՍՀՄ-ում թույլատրվել է մկրտականների և ավետարանական քրիստոնյաների գործունեությունը մեկ միասնական միության մեջ, Հայաստանում գործող մկրտական և ավետարանական խմբերը ևս միավորվել են և կոչվել Ավետարանական քրիստոնյաների և բապտիստների համայնք կամ եկեղեցի, որը մաս էր կազմում Համամիութենական ավետարանական քրիստոնյա-բապտիստների եկեղեցու: Եկեղեցու ղեկավար մարմինը Ավետարանական քրիստոնյա-բապտիստների համամիութենական խորհուրդն էր: Այդ ժամանակ Հայաստանում առանձին-առանձին պաշտոնապես գործող ավետարանական և մկրտական եկեղեցիներ ու համայնքներ չկային:

1945-ի մայիսին ստեղծվել է Ավետարանական քրիստոնյաների և բապտիստների (ԱՔ և Բ) Երևանի կրոնական համայնքը, որը 1946-ի փետրվարին գրանցվել է պաշտոնապես: 1960-ական թթ. վերանվանվել է Երևանի Հայ ավետարանական մկրտական եկեղեցի, իսկ 1994-ից վերագրանցվել Երևանի Հայ ավետարանական մկրտական քրիստոնյաների եկեղեցի անվամբ: 2000-ից առանձին գրանցմամբ գործում է Երևանի «Բեթել» մկրտական եկեղեցին (Մալաթիա-Սեբաստիա համայնք): Մկրտականների մոտ 1 տասնյակ փոքր ժողովարաններ և աղոթարաններ են գործում նաև քաղաքի տարբեր շրջաններում: Մկրտականների թիվը Երևանում ներկայումս (2000) մոտ 800 է: Եկեղեցին ունի երիտասարդաց պաշտամունքներ, կիրակնօրյա դասընթացներ, երգչախումբ, ռուսական խումբ: Հայ ավետարանական մկրտական քրիստոնյաների եկեղեցիներ (նույն կանոնադրությամբ գրանցված) կան նաև Աբովյանում, Վանաձորում, Ստեփանավանում, Արտաշատում, Արարատում: Ներկայումս (2000) եկեղեցու անդամների ընդհանուր թիվը մոտ 2000 է:

Հայ ավետարանական մկրտական քրիստոնյաների (ՀԱՄՔ) եկեղեցիների ավագ հովիվն է վերապատվելի Յուրի Ավանեսյանը (1979-ից): ՀԱՄՔ եկեղեցիները հիմնադիր անդամն են 1995-ին ստեղծված Հայաստանի ավետարանական եկեղեցիների միության (նախագահը` վերապատվելի Յուրի Ավանեսյան):

Հայ մկրտական եկեղեցու վարդապետությունն ու պաշտամունքը, կազմակերպչական ձևը նույնն են, ինչ որ Հայ ավետարանական եկեղեցունը, այն բացառությամբ, որ մերժում են երեխաների և անչափահասների մկրտությունը: Առաջնահերթ տեղ են հատկացնում հավատի գիտակցված (անհատական) և հավատով փրկվելու գաղափարին: Իսկ գիտակցված հավատ կարող են ունենալ միայն չափահասները: Մկրտվողը միայն իր գիտակցական հավատով է բռնում մաքրագործման և փրկության ճանապարհը, մինչդեռ նախապատրաստական շրջան չանցած, չապաշխարած, ուսում և հավատ չունեցող անգիտակից երեխայի մկրտությունը, ըստ նրանց, ճշմարիտ մկրտություն չէ և ոչ էլ ճշմարիտ փրկություն

Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան

Комментариев нет:

Отправить комментарий