среда, 29 октября 2014 г.

Ղպտի Ուղղափառ Եկեղեցի

Ղպտի Ուղղափառ Եկեղեցի, Արևելյան ուղղափառ եկեղեցիներից: Հիմնադիրը և Ղ. ու. ե-ու հնագույն հոգևոր կենտրոնի՝ Ալեքսանդրիայի աթոռի առաջին եպիսկոպոսը Մարկոս ավետարանիչն է (I դ.): Եկեղեցու գլուխը պատրիարքն է, նստավայրը՝ Ալեքսանդրիայից հետո, սկսած XI դարից, Կահիրեում (1968-ին կառուցված Ս. Մարկոս Մայր տաճար): Մինչև XX դ. կեսը Ղ. ու. ե-ուն վարչականորեն ենթակա է եղել դավանակից Եթովպական ուղղափառ եկեղեցին, որի եպիսկոպոս ապետը պարտադիր պետք է ազգությամբ ղպտի լիներ և ձեռնադրվեր Եգիպտոսում:


Մինչև VII դ. (արաբ. արշավանքներ) Եգիպտոսի եկեղեցին հայտնի էր Տիեզերական հինգ պատրիարքություններից մեկի՝ Ալեքսանդրիայի աթոռ կամ պատրիարքություն անունով: «Ղպտի» անվանումով, որը Եգիպտոս տեղանվան աղճատված ձևն է, արաբները կոչել են հին եգիպտացիների հետևորդներին՝ քրիստոնյա եգիպտացիներին, իսկ «ղպտի» անունը տարածվել է նաև Եգիպտոսի եկեղեցու (Ալեքսանդրիայի աթոռի) վրա:

Ալեքսանդրիայի աթոռը կարևոր դեր է խաղացել Ընդհանրական եկեղեցու պատմության մեջ: Ընդհանրական եկեղեցու ամենահռչակավոր հայրերից մի քանիսը եղել են Ալեքսանդրիայի պատրիարքներ: Աթոռի հեղինակությունը բարձրացել է հատկապես IV–V դդ. քրիստոսաբանական մեծ վեճերի և երեք տիեզերական ժողովների ժամանակ, երբ Ալեքսանդրյան դպրոցի աստվածաբանությունը հաղթել է և ուղղափառ ճանաչվել տարաբնույթ հերձվածողների և աղանդների դեմ պայքարում: Այդ շրջանի ամենանշանավոր պատրիարքներից էին Պետրոս Ա (293–303), Աթանաս Ալեքսանդրացին, Կյուրեղ Ալեքսանդրացին, Տիմոթեոս Կուզը, Դիոսկորոսը (443–458), որոնք հետևողականորեն պայքարել են արիոսականության (Նիկիայի Ա տիեզերական ժողով 325), մակեդոնականության (Կոստանդնուպոլսի Բ տիեզերական ժողով 381), նեստորականության (Եփեսոսի Գ տիեզերական ժողով 431), եվտիքականության, ինչպես նաև քաղկեդոնականության դեմ:

Մերժելով 451-ի Քաղկեդոնի ժողովի վարդապետությունը՝ Ղ. ու. ե. հավատարիմ է մնացել երեք տիեզեր. ժողովների դավանությանը, խզել հաղորդությունը բյուզ. եկեղեցու հետ և դավանակից մյուս եկեղեցիների (այդ թվում՝ Հայ եկեղեցու) հետ կազմել Արևելյան ուղղափառ եկեղեցիների ընտանիքը: XI–XIII դդ., խաչակրաց արշավանքների ժամանակ և հետագա դարերում, Հռոմի կաթոլիկ եկեղեցին ձգտել է ղպտիների մեջ տարածել կաթոլիկություն. հիմնվել են կաթոլիկ միաբանություններ, եկեղեցիներ, վանքեր, նույնիսկ փորձ է արվել (1438) ստեղծելու երկու եկեղեցիների (ներառյալ Եթովպական եկեղեցին) ունիա, սակայն այդ ճիգերը ոչ մի արդյունքի չեն հանգեցրել: Նման քայլեր են ձեռնարկվել նաև հետագայում (1597, 1824), բայց՝ ապարդյուն:

XIX դ. կեսից Եգիպտոս են թափանցել բողոքական միսիոներներ, որոնք տարբեր միջոցներով ձգտել են վերացնել ղպտիների ավանդ. ծիսակատարությունները և իրենց ազդեցության ոլորտի մեջ առնել Ղ. ու. ե.: Այդ նույն շրջանում նման նպատակ է հետապնդել նաև Ռուս ուղղափառ եկեղեցին, սակայն ղպտիներին դավանափոխ անելու բոլոր փորձերը, աննշան բացառությամբ, անհաջողության են մատնվել: Իբրև հակազդեցություն օտար եկեղեցիների այդօրինակ նկրտումների, XIX դ. կեսից սկսվել է Ղ. ու. ե-ու վերազարթոնքի և բարեկարգության շրջանը, որը կապված է Կյուրեղ Դ պատրիարքի (1854–61) անվան հետ: Նա բացել է նոր դպրոցներ, որոնցից մեկը՝ աղջիկների համար, կառուցել է նոր եկեղեցիներ, վերանորոգել հները, վերակենդանացրել է ղպտիերենը, Եգիպտոսում հիմնել երկրորդ տպարանը, որտեղ մեծաքանակ կրոն. գրքեր է տպագրել: Կյուրեղ Դ պատրիարքը բարեկարգել է Ղ. ու. ե-ու ծիսակատարությունը, շարականներն ու երաժշտությունը, կանոնակարգել սարկավագների աշխատանքը ևն: Նա ուղղափառ եկեղեցիների միության եռանդուն ջատագովն էր, մերձեցման փորձեր է կատարել հատկապես Հույն ուղղափառ եկեղեցու հետ: Ղպտիները նրան անվանել են Վերածննդի հայր: Ղ. ու. ե-ու բարեկարգության գործը շարունակել է Կյուրեղ Ե պատրիարքը (1874–1927), որն իր երկարատև գահակալության շրջանում զարկ է տվել հատկապես ուս. և կրթ. գործին:

Ղ. ու. ե-ու պատմության մեջ կարևոր դեր են ունեցել հայ-ղպտ. եկեղեց. և մշակութ. հարաբերությունները, որոնք սկիզբ են առել V դարից: «Մենք նույն հավատքն ունենք և միահամուռ ենք եղել նույնիսկ Քաղկեդոնի ժողովը մերժելու և Արևելյան ուղղափառ եկեղեցիների ընտանիքը կազմելու հարցում»,– շեշտել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա Սարգիսյանը 1998-ի հունվարին եգիպտահայ թեմ իր հովվական այցելության ժամանակ, Կահիրեի Ս. Մարկոս Մայր տաճարում («Էջմիածին», դ 2–3, 1998, էջ 14): VII դ. Երուսաղեմի սրբավայրերի զգալի մասը գտնվել է հայերի, ղպտիների, ասորիների և եթովպացիների տնօրինության տակ: Այժմ Երուսաղեմում ղպտիները ծիսակատարությունները կատարում են հայկ. եկեղեցիներում: Ղպտի մատենագիրները ծանոթ են եղել հայ մատենագրությանը, մասնավորապես՝ Ագաթանգեղոսի «Պատմություն Հայոց»-ին, որից պահպանված արաբ. համառոտ խմբագրությունը թարգմանվել է ղպտիերենից:

1998-ի հունվարին Կահիրեում Գարեգին Ա և Ղ. ու. ե-ու պատրիարք Շենուդա Գ ստորագրել են համատեղ հայտարարություն երկու եկեղեցիների հետագա համագործակցության վերաբերյալ, հաստատել երկու եկեղեցիների «...քրիստոնեական հավատքի միությունը, որը հավատարմորեն պահպանվել է անցյալ բոլոր դարերի ընթացքում և որը հիմնված է Սուրբ Գրքի վրա, վաղ եկեղեցական ավանդության վրա, ինչպես որ բանաձևված է երեք Տիեզերական ժողովների կողմից, որ է Նիկիա (325), Կոստանդնուպոլիս (381) և Եփեսոս (431)» (նույն տեղում, էջ 48–50):

Նվիրապետությունը: Ղ. ու. ե. ունի նվիրապետ. երեք աստիճան՝ եպիսկոպոսություն, քահանայություն և սարկավագություն: Պատրիարքը եպիսկոպոսներից մեկն է, բայց քանի որ մայրաքաղաքի եպիսկոպոսն է և ս. Մարկոսի ժառանգորդը, նա ստանում է նախապատվություն և վայելում ավագ եղբոր իր ավունքներ: Սարկավագներին ու քահանաներին ընտրում է իրենց ծուխը, եպիսկոպոսներին՝ իրենց թեմերը, իսկ պատրիարքին՝ ամբողջ ազգը՝ ընդհանուր քվեարկությամբ: Ներկայումս (2000) Ղ. ու. ե-ու պատրիարքն է Շենուդա Գ (1971-ից, Ալեքսանդրիայի 117-րդ պատրիարքը): Ղ. ու. ե-ու բարձրագույն իշխանությունը եպիսկոպոսների ժողովն է, որը որոշումներ ընդունելիս պետք է խորհրդակցի աշխարհիկ առաջնորդների հետ: Եթե ժողովականների ձայները կիսվում են, պատրիարքը ստանում է երկու ձայնի իրավունք: Կան ամուսնացած և կուսակրոն քահանաներ:

Հս. Ամերիկայում գործում է Ղ. ու. ե-ու թեմ: ԱՄՆ-ում գոյություն ունի 51, Կանադայում և Ավստրալիայում՝ 14 ծուխ: Վեց ղպտի համայնքներ կան Անգլիայում և մեկը՝ Իռլանդիայում: 1994-ին Ղ. ու. ե. պաշտոնապես իր իրավասության ներքո ընդունեց Բրիտ. կղզիների փոքրիկ ուղղափառ եկեղեցուն, որը վերանվանվեց Բրիտանական ուղղափառ եկեղեցի: Սակայն վերջինս բավական առանձնացած է Շենուդա Գ պատրիարքի անմիջական իրավասության ներքո գտնվող Բրիտ. կղզիների ղպտի ուղղափառ համայնքներից:

Ղ. ու. ե-ու կարևոր հաստատություններից է վանական կառույցը: Քրիստոնեության վրա ունեցած Ղ. ու. ե-ու ամենավճռորոշ ազդեցությունը վանական կյանքի նկատմամբ որդեգրած նրա բացառիկ դիրքորոշումն է: Անապատականությունը սկզբնավորվել է Ղ. ու. ե-ում: Վանական ճգնակեցության առավել երևելի ներկայացուցիչը ս. Անտոն Անապատականի աշակերտ ս. Մակար Մեծն է: Ալեքսանդրիայի պատրիարքների մեծ մասն ընտրվել է ս. Մակարի հետևորդներից, որի համար նա համարվել է պատրիարքների հայր: Ներկայումս Ղ. ու. ե. ունի 12 վանք՝ շուրջ վեց հարյուր վանականներով, և 6 կուսանոց՝ մոտ 300 միանձնուհիներով:

Դավանանքը և վարդապետությունը: Ղ. ու. ե-ու դավանանքը հիմնված է երեք տիեզեր. ժողովների դավանության վրա, մերժում է Քաղկեդոնի ժողովը և հավատքի վրա ավելացրած հետագա բոլոր նորահայտ բանաձևումները: Եգիպտական եկեղեցու հայրերի գործուն մասնակցությամբ են Նիկիայի Ա տիեզեր. ժողովում վավերացվել Հավատո հանգանակը, մեկ Մկրտությունը (ինչպես մարմնավոր ծնունդն է լինում մեկ անգամ, այնպես էլ՝ հոգևորը), քահանաների ամուսնությունը (այն հիմամբ, որ առաքյալների մեջ կային թե՛ ամուսնացածներ և թե՛ կուսակրոններ) և ս. Զատիկի օրը (որը սահմանվեց կատարել հրեական Զատիկից հետո, ապրիլի առաջին շաբաթվա և մայիսի առաջին շաբաթվա միջև. բոլոր եկեղեցիները դրանով առաջնորդվել են մինչև 1582-ը): Հայ եկեղեցու նման Ղ. ու. ե. ևս Մարիամին համարում է մշտնջենական Կույս: Ղպտի հայրերն առաջինն էին, որ Մարիամին անվանեցին Աստվածամայր և Աստվածածին: Տիրամոր Վերափոխման տոնը Ղ. ու. ե. կատարում է օգոստ. 22-ին:

Խորհուրդները և ծեսերը: Ղ. ու. ե-ու խորհուրդները յոթն են. 1. Մկրտություն, 2. Դրոշմ (կատարվում է Մկրտությունից անմիջապես հետո), 3. Հաղորդություն (բնորոշ է, որ դրանից հետո ղպտի հավատացյալը ո՛չ երկրպագում է, ո՛չ ծնրադրում, ո՛չ էլ խոնարհվում, որովհետև իր մեջ կրում է Քրիստոսին), 4. Խոստովանություն և Ապաշխարություն (Ղ. ու. ե-ում խոստովանությունը կոչվում է հոգևոր բժշկություն, իսկ խոստովանահայրը՝ հոգևոր բժիշկ), 5. Օծում (Ավագ ուրբաթ օրը, ծեսի ավարտից հետո հավատացյալին օծում է պաշտոնակատար քահանան), 6. Պսակ, 7. Ձեռնադրություն: Առաջին վեց խորհուրդները կատարում են եպիսկոպոսները և քահանաները, իսկ յոթերորդը՝ միայն եպիսկոպոսները:

Ղ. ու. ե-ու ծեսի և արարողությունների մեջ կենտր. տեղ է գրավում Պատարագը: Կիրառվում են Կյուրեղյան (ավանդել է Մարկոս ավետարանիչը, գրի առել ու ամբողջացրել Կյուրեղ Ալեքսանդրացին), Գրիգորյան (գրել է Գրիգոր Նազիանզացին IV դ. վերջին), Բարսեղյան (գրել է Բարսեղ Կեսարացին IV դ. վերջին) պատարագները: Բարսեղյանը Ղ. ու.ե-ում ամենահաճախ կատարվող պատարագն է: Ղ. ու. ե-ում ընդունված է պատարագ մատուցել հավատացյալների պատվերով՝ ընտանիքի որևէ մահացած անդամի անվան հիշատակության նպատակով: Պատարագ կարող է մատուցվել նաև հարս ու փեսայի համար՝ նախքան նրանց պսակադրությունը, նաև նրանց համար, ովքեր պատրաստվում են վիրահատվել, մեկնել երկարատև ճամփորդության, նոր աշխատանքի անցնել ևն: Նման պատարագները կոչվում են մասնավոր:

Ղ. ու. ե-ում կատարվող արարողություններից են նաև «Յոթ կանոն ժամերը», որ կատարել են անապատական հայրերը III դարից սկսած: Կարգը բաղկացած է յոթ ժամերգությունից, որոնք կատարվում են օրվա որոշակի ժամերին: Դրանցից յուրաքանչյուրն սկսվում է Տերունական աղոթքով, գոհության աղոթքով և ԾԱ սաղմոսով: Ղ. ու. ե-ու պահքերն են. ա. Գալստյան պահքը, որը նախորդում է Սուրբ Ծնունդին (տևում է 43 օր), բ. Մեծ պահքը (55 օր), գ. Երեք օր՝ ի հիշատակ Նինվեի ապաշխարության (Հովնան 3.5–10), դ. Հոգեգալստին հետևող պահք, որը կոչվում է Առաքյալների պահք: Այս պահքը շարժական է՝ կապված ս. Զատկի օրից. ե. Սուրբ Կույսի պահք, որն ավարտվում է Տիրամոր Վերափոխմամբ և տևում 15 օր: Պահքի օրեր են նաև տարվա բոլոր չորեքշաբթի և ուրբաթ օրերը (բացառությամբ Զատկի և Հոգեգալուստի միջև ընկած հիսուն օրերի):

Ղ. ու. ե-ու կարևոր ծեսերից է Կիակը: Այսպես է կոչվում ղպտիների այն ամիսը, որը վերջանում է հունվ. 8-ին: Ղ. ու. ե-ու հաշվարկով Սուրբ Ծնունդը եղել է Կիակի 29-ին: Այս ամսվա յուրաքանչյուր շաբաթ օր երգվում են աղոթքներ, որոնք հիմնականում նվիրված են Մարիամ Աստվածածնի մեծարմանը: XII դ. ղպտիերենը դադարել է խոսակց. լեզու լինելուց, ղպտիները դարձել են արաբախոս: Ղպտիերենը մնացել է իբրև գրավոր հաղորդակցման և եկեղեց. ծեսերի լեզու: Այնուհանդերձ, ընդհուպ մինչև XVIII դ., ղպտիերենով գրվել են եկեղեց. հիմներ: Ղպտիական գրականությունը սկզբնավորվել է Եգիպտոսում քրիստոնեության տարածման հետ և հիմնականում զարգացել վանքերում: Ղպտիական առաջին գրավոր հուշարձանները եղել են Հին և Նոր կտակարանների, քրիստոնեական աստվածաբանների երկերի թարգմանությունները հուն-ից: Ղպտիերենով ստեղծվել է վարքագր. հարուստ գրականություն: Լայն ճանաչում են ունեցել ճգնավորների մասին առասպելները: Ուշ միջնադարում երևան են եկել նաև քերական գրողներ, վանքերի և եկեղեցիների պատմությունը արձանագրողներ, որոնց թվում՝ Աբու Սալիհ անունով հայազգի պատմիչը: Ղպտիերենով պահպանված գրականության մեջ մեծ հետաքրքրություն են ներկայացնում պարականոն գրքերը («Ավետարան Թովմայի», Հովհաննես առաքյալի «Ավետարան առ Եգիպտացիս», «Հայտնություն Պողոս առաքյալի», «Գործք Պետրոս առաքյալի» ևն):

Ճարտարապետությունը և արվեստը: Եկեղեց. ճարտարապետության հիմն. ոճը բազիլիկն է, իսկ սկզբնապես, քրիստոնեության վաղ շրջանում, հեթանոս. տաճարներն էին վերափոխում եկեղեցիների: Ճարտ. կոթողները (եկեղեցիներ, վանքեր, դամբարաններ ևն) սփռված են ողջ Եգիպտոսում՝ Կահիրե, Ալեքսանդրիա, Նեղոս գետի հովիտներ: Պահպանվել են Բաուիտի վանքը (IV դ.), Սպիտակ վանքի մեծ բազիլիկը (440), Կարմիր վանքը (V դ.), Բագաուատի մի քանի հարյուրի հասնող դամբարանները, որոնք ունեն գմբեթավոր աղոթարաններ (IV–VI դդ.): Ճարտ. կոթողներում առկա են աստվածաշնչյան և ավետարան. թեմաներով վաղ շրջանի որմնանկարներ: Ղպտիների արվեստը նոր ծաղկում է ապրել XVII դ.: Ղպտիական եկեղեցիներում պահպանվել են բազմաթիվ սրբապատկերներ, որոնց զգալի մասի հեղինակը հայազգի Հովհաննեսն է (Հաննա էլ Արմանի) և նրա համագործակիցները՝ որդին՝ Հովսեփը (Կերգեսը), արաբ. նկարիչ Իբրահիմ էլ Նասիխը, Հաջի Դեֆին Մերկերիոսը:

Ուսումնական հաստատությունները: Ղ. ու. ե-ու նշանավոր ուս. հաստատություններից են Աստվածաբանական ճեմարանը, որը վերաբացվել է Կյուրեղ Ե պատրիարքի ջանքերով, և Ղպտիական հետազոտությունների բարձրագույն ինստիտուտը (1954): Աստվածաբանական ճեմարանի մի ճյուղն է Դիդիմուսի դպրանոցը, որտեղ ուսանում են դպիրները: Հին Կահիրեի երկու ամենահին և նշանավոր եկեղեցիների՝ Օրհնյալ Կույսի և Աբու Սերգանի միջև է գտնվում Ղպտիական թանգարանը՝ իր հարուստ գրադարանով: Գրադարան ունեն նաև վանքերը և կուսանոցները: Միջազգ. հռչակ ունի «La Sosiռtռ de l’Archռologie Copte» ընկերությունը (1932), որն զբաղվում է գրքերի հրատարակությամբ, գիտաժողովների կազմակերպմամբ: Կյուրեղ Ե պատրիարքի ժամանակներից Ղ. ու. ե-ում գործել են կիրակնօրյա դպրոցներ, որոնք այժմ տարածված են Ալեքսանդրիայից մինչև Ասուան՝ ընդգրկելով նաև գյուղերը: Դրանք հայտնի են որպես հոգևոր կրթարաններ և գործում են ուրբաթ ու կիրակի օրերին:
Զավեն արք. Չինչինյան (Եգիպտոս)
Հակոբ Քյոսեյան
Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան

Комментариев нет:

Отправить комментарий