вторник, 11 ноября 2014 г.

Ճառընտիր

Ճառընտիր, Տոնական (լատ. Homeliaire), ճառերի ընտրանի, ժողովածու. բովանդակում է ճառեր, քարոզներ, մեկնողական երկերից քաղված առանձին հատվածներ, աղոթքներ, տեսիլքներ, վարքեր, վկայաբանություններ, պատմագրական գործերից բերված առանձին հատվածներ, թղթեր (նամակներ), կանոններ, զրույցներ ևն: Նախապես կոչվել է Տոնական, քանի որ ամփոփել է համաքրիստ., ինչպես նաև հայ սրբերի վկայաբանությունները՝ համակարգված ըստ քրիստ. տոների:

Հետագայում ժողովածուի մեջ ներմուծվել են ճառական միավորներ (այստեղից էլ՝ Ճ. անվանումը): Ճ. հայ միջնադարի ձեռագրական մշակույթի մեջ կարևոր տեղ է զբաղեցնում: Նյութերի բազմազանությունն ու բովանդակության հարստությունը այն դարձնում են հայագիտության ամենատարբեր մարզերի համար տևապես օգտագործելի և շահեկան մի սկզբնաղբյուր (օր., նշանավոր «Մշո Ճառընտիրը», Մատենադարան, ձեռ. դ 7729, պարունակում է 327, Փարիզի Ազգ. գրադարանի դ 110 ձեռագիրը՝ 233, դ 116–118 ձեռագիրը՝ 287 նյութ-միավոր ևն):


Ճ. ժողովածուի կազմավորումը կապվում է Սողոմոն Մաքենացու անվան հետ: Առաջին անգամ նրա ջանքերով, 747-ին մեկտեղվել են ճառական բնույթի զանազան նյութ-միավորներ: Ճ. ժողովածուի նյութերը հիմնականում դասավորված են համաձայն Տոնացույցի և պատշաճեցված են տվյալ տոնի խորհրդին՝ այն մեկնաբանելու կամ տարփողելու նպատակով: Այս առումով Ճ. որոշ չափով նման է Տոնապատճառ ժողովածուին: Սակայն, եթե Տոնապատճառի նյութերը, համեմատաբար նույնական լինելով թե՛ բովանդակությամբ և թե՛ հերթագայությամբ, սահմանափակվում են բացառապես տոների պատճառների, շարժառիթների մեկնաբանությամբ և հետապնդում են նեղ, ուսումնագիտ. նպատակներ, ապա Ճ. ժողովածուները, ենթարկվելով դարի պահանջին և հոգևոր շահագրգռություններին, ժամանակի ընթացքում համալրվում են նորանոր ու բազմաբնույթ նյութերով:

Ճ. ժողովածուի նյութերն առհասարակ տարբեր ձեռագրերում ունեն տարբեր կազմ և դասավորություն: Սակայն ընդօրինակման ժամանակով իրար մոտ ձեռագրերում նկատվում է նյութերի և դրանց հերթագայության որոշ նույնություն կամ նմանություն: Այդպիսին է Երևանի Մատենադարանի դդ 7729 (1200–02), 996 (1442), 993 (1456) ձեռագիր Ճ-ների պարագան, որոնցում Հիսուսի ծննդյանը, մկրտությանը, Մարիամ Աստվածածնին և Անտոն Անապատականին նվիրված ճառական միավորները (հոդվածները) լիովին նույնական են: Սակայն մեծ մասամբ այդ նույնականությունը խախտվում է. նույն տոնը ներկայացվում է տարբեր մատենագրական միավորներով: Քիչ չեն և այն դեպքերը, երբ Ճ-ում նույն տոնի տակ զետեղված են լինում մեկից ավելի ճառական միավորներ (ձեռ. դ 996, Պետրոս Ալեքսանդրացու և Աբիսողոմ սարկավագի պատմությունն ու վկայաբանությունը, ԻԵ–ԻԷ), իսկ մյուսում (ձեռ. դ 993)՝ մեկ միավոր (ԾԲ, որ նույնական է ձեռ. դ 996-ի ԻԶ միավորին):

Հակոբ Քյոսեյան
Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան

Комментариев нет:

Отправить комментарий