вторник, 11 ноября 2014 г.

Մանվել Կյումուշխանեցի

Մանվել (Ստեփանոս) Կյումուշխանեցի, Գյումուշխանեցի, Շահինյան, Ալթունյան [1.1.1768, Գյումուշխանե – 4.12.1843, Հին Ղրիմ (թաղված է հայոց Ս. Խաչ վանքի բակում)], մատենագիր, հասարակական գործիչ: Կրթությունն ստացել է Գյումուշխանեում, ապա՝ Կարինում: Աշակերտել է Ամասիայի առաջնորդ Հովհաննես արք. Սեբաստացուն, որի «սրբազնագործ աջովն» էլ 1796-ին ձեռնադրվել է աբեղա, ապա՝ վարդապետ: Հովհաննես արք. Սեբաստացու մահից (1797) հետո մեկնել է Կ.Պոլիս, որտեղ նրան սիրով ընդունել է պատրիարք Զաքարիա Կաղզվանցին:


Վերջինիս մահից հետո ծառայության է անցել նորընտիր պատրիարք Դանիել Սուրմառեցու մոտ: Ամենայն հայոց կաթողիկոս Ղուկաս Ա Կարնեցու մահից հետո կաթողիկոս է ընտրվել Դանիել Սուրմառեցին (Դանիել Ա Սուրմառեցի): Սակայն ռուսահայոց թեմի առաջնորդ Հովսեփ Արղությանը, ռուս. կառավարության օժանդակությամբ, հարկադրել է Բարձր դռանը չեղյալ հայտարարել Դանիել Սուրմառեցու կաթողիկոսությունը հավաստող ֆարմանը, վերջինս աքսորվել է Թենեդոս կղզի. կաթողիկոս է հաստատվել Հովսեփ Արղությանը: Մ. Կ. ուղեկցել և ինն ամիս շարունակ աքսորում սպասավորել է Դանիել Ա Սուրմառեցուն: Հովսեփ Արղությանը Էջմիածին չհասած՝ հանկարծամահ է եղել: Կաթողիկոս է ընտրվել Դավիթ Ե Էնեգեթցին:

1802-ին Մ. Կ. մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ ռուսահայոց թեմի առաջնորդն էր Եփրեմ արք. Ձորագեղցին: Լազարյանների աջակցությամբ և նրանց ջանքերով Ռուսաց ցարը և կառավարությունը հակվել են Դանիել Ա Սուրմառեցու կողմը: 1804-ին Եփրեմ արք. Ձորագեղցին Մ. Կ-ուն կարգել է Գրիգորիուպոլիս հայաբնակ քաղաքի առաջնորդական հաջորդ: Դանիել Ա Սուրմառեցու մահից հետո կաթողիկոս է ընտրվել Եփրեմ Ա Ձորագեղցին: Նա Մ. Կ-ու հետ ներկայացել է կայսրին, որը Մ. Կ-ուն պարգևատրել է ադամանդազարդ խաչով: Վերադառնալով Գրիգորիուպոլիս՝ Մ. Կ. բացել է ուսումնարան, կառուցել առաջնորդարան: Ռուսահայոց թեմի նորընտիր առաջնորդ Հովհ. արք. Գառնակերյանի հրամանով նշանակվել է Ղրիմի Ս. Խաչ վանքի վանահայր՝ գաղթական բուլղարացիների խլած վանքապատկան հողերը հետ վերցնելու հանձնարարականով:

Տեղափոխվելով Ս. Խաչ վանք՝ նա բարեկարգել է վանքը, 15 տարի անդուլ պայքարից հետո հետ վերցրել խլված հողերը, Ղարասուբազար քաղաքում դպրոց բացել, 1819-ին իր ութ աշակերտներին ուղարկել Մոսկվա՝ Լազարյան ճեմարանում ուսանելու, միաժամանակ ճեմարանին նվիրաբերել 62 ընտիր ձեռագիր մատյան: 1827-ին Ներսես Աշտարակեցու հրավերով եկել է Էջմիածին, նշանակվել վանական կառավարության և բարձրագույն խորհրդարանի՝ Սինոդի անդամ, ձեռագրատան տնօրեն, կարգավորել ձեռագրատունը, կորստից փրկել մշակութ. արժեքներ: Սակայն Ներսես Աշտարակեցու «պատվավոր» աքսորից հետո քաշվել է Խոր վիրապի, ապա՝ Սևանի վանքը, մտադրվել ընդմիշտ մնալ Սևանում, այնտեղ հայ առաջադեմ գործիչների հետ հաստատել գիտ. միաբանություն, բայց չի կարողացել իրականացնել իր մտադրությունը: Սևանից մեկնել է Թիֆլիս, 1836-ին վերադարձել Գրիգորիուպոլիս և Ղրիմ:

Մ. Կ. հեղինակ է պատմ. [«Կշիռ որպիսածանոյց», 1803, «Պատմութիւն եղելութեանց ընդ մէջ կաթողիկոսացն Դանիէլի եւ Դաւթի», 1803 (հրտ. «Կռունկ Հայոց աշխարհին», 1863, դ 10, 11, 12), «Պատմութիւն անցից անցելոց Սէւանայ վանուց», 1830, հրտ. 1871], կրոնաբարոյախոս. («Դպրութիւն մանկանց», 1821, «Լուծ արմատոյն մերոյ», 1832, հրտ. 1841), դավանաբան. («Դեղաթափ ընդդեմ լիւթերականաց աղանդին», 1836, «Նամակ Մխիթարեաններին», 1814), հուշագր. («Համառօտութիւն ծննդեան և դիպուածոց...», 1830–39, «Աղէտ գիտելեաց մերոց», 1831) և այլ աշխատությունների, որոնք կարևոր սկզբնաղբյուրներ են և հարուստ նյութեր են պարունակում XVIII դ. 2-րդ կեսի և XIX դ. 1-ին կեսի հայ եկեղեց., քաղ., մշակութ. կյանքի վերաբերյալ:

Վալտեր Դիլոյան

Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան

Комментариев нет:

Отправить комментарий