Մանրանկարչություն (ֆրանս. miniature, իտալ. miniatura, լատ. minium – ծիրանի գունանյութ, կինաբար, կարմիր ներկ, որով հնում զարդարել են ձեռագիր մատյանները), կերպարվեստի ստեղծագործություն, որն առանձնանում է փոքր չափերով ու գեղարվեստ. հնարքների նրբությամբ: Հայ միջնադարյան Մ-յան ոլորտը գրքարվեստն է՝ ձեռագիր մատյաններում գծային, գուաշի, տեմպերայի, ջրաներկի, ոսկու, հազվադեպ նաև արծաթի միջոցով պատկերազարդումները, որոնք ընդգրկել են անվանաթերթերը, խորանները, լուսանցազարդերը, պատմող. թեմատիկ տեսարանները՝ բնանկարի, ոսկու, ճարտ. միջավայրի կամ ուղղակի մագաղաթի և թղթի ֆոնի վրա:
Մ-յան հնագույն օրինակները պահպանվել են Հին Եգիպտոսում՝ պապիրուսի գալարների վրա (Ք.ծ.ա. 1900-ից ի վեր, հատկապես նոր թագավորության շրջանի «Մահվան գրքերում»): Աղոթքները, մոգական խոսքերը, մեղքերի քավումը սկզբում քանդակվել են տապանների վրա, հետագայում արվել պապիրուսի գալարներին և պատկերազարդվել: Վերջիններս դրվել են մումիայի լաթերի ներսում կամ թաղման աստվածություններ ներկայացնող նկարեն փայտե արձաններում: Հին հույները պապիրուսի գալարների վրա պատկերազարդել են ամբողջ տեքստը (հատկապես Հոմերոսի «Իլիականը» և «Ոդիսականը»): Պապիրուսագալարների նկարները միմյանց են հաջորդել կոմիքսների կամ կինոկադրերի նման: Պապիրուսի գալարներին զուգահեռ Ք. ծ.ա. VI դ. սկսած արամեացիների (Իրանում), ավելի ուշ հոնիական (փոքրասիական) հույների գրելանյութը կաշին էր: Մագաղաթը որպես գրելանյութ սկսվել է օգտագործվել Պերգամոն ք-ում, արտահանվել է գալարի ձևով և աստիճանաբար դուրս մղել պապիրուսը: Մագաղաթը մատյանի (լատ. codex) տեսք է ստացել ուշ անտիկ շրջանում՝ քրիստոնեության ազդեցությամբ: Մագաղաթը պապիրուսի համեմատ այն առավելությունն ուներ, որ կարելի էր տեքստը ջնջել և նորը գրել:
Կրկնագրերը կոչվել են պալիմպսեստներ. առաջին պալիմպսեստները մեզ են հասել VII դարից: Գրքի կամ մատյանի ձևը թելադրել է էջի պատկերազարդման սկզբունքը: Մեզ հասած հնագույն մագաղաթե մանրանկար ձեռագիրը Հոմերոսի «Իլիականն» է (մոտ 500, Միլանի Ամբրոզիանա գրադարան):
Հայկ. պահպանված ձեռագրերը մատյաններ են: Առայժմ, բացի ուշ միջնադարից մեզ հասած «հմայիլներից» («ամուլետ»), հայկ. ոչ մի գալար դեռևս չի հայտնաբերվել: Ի տարբերություն ձեռագր. այլ մշակույթների, հայկ. ձեռագրերի մեծ մասը հիշատակարանների շնորհիվ թվագրված է, հայտնի են գրչի, ստացողի (պատվիրատուի), հաճախ նաև՝ ծաղկողների անունները: Հայկ. Մ. աչքի է ընկնում ոճերի և դպրոցների բազմազանությամբ: Ամենից շատ պատկերազարդվել են Ավետարանները, ապա՝ Աստվածաշունչը, ծիսամատյանները (Ճաշոց, Ճառընտիր, Շարակնոց, Մաշտոց ևն): Մեզ հասած հայկ. առաջին մանրանկարները VI–VII դդ. նմուշներ են:
Ամբողջությամբ պատկերազարդված հնագույն հայկ. ձեռագիր մատյանները (Ավետարաններ) IX դարից են: «Մլքե թագուհու Ավետարանը» պահպանել է առանձին արժեք ներկայացնող վաղ հելլենաքրիստ. արվեստի առանձնահատկությունները: Այդ ձեռագիր մատյանից մեզ հասած միակ տերունական նկարի՝ «Համբարձման» մեջ հստակ սահմանազատված են երկնային (Քրիստոսը փառապսակում և հրեշտակները) ու երկրային (առաքյալները և Աստվածածինը) ոլորտները: X դարից պահպանված առավել ամբողջական Ավետարաններում պատկերներն ունեն հետևյալ կազմը. Եվսեբիոս Կեսարացու թղթի 3 խորանը, համաձայնության 10 կանոնները՝ հավաքված 7–10 խորաններում, այդ թվում՝ տեմպիետտոյի կամ Տիրոջ գերեզմանի պատկերը տաղավարի տեսքով («Էջմիածնի Ավետարան», Վիեննայի Մխիթարյան մատենադարան, ձեռ. դ 697, Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքի մատենադարան, ձեռ. դ 2555), «Աբրահամի զոհաբերությունը», «Աստվածամայրը Մանկան հետ գահին», չորս ավետարանիչները (Էջմիածնի և Վիեննայի Ավետարաններ), որոնց Վիեննայի և այլ Ավետարաններում ավելանում են «Ավետումը», «Ծնունդը», «Մկրտությունը», «Համբարձումը»:
966-ի «Թարգմանչաց Ավետարանը» (Բալթիմոր, Ուոլթերս, ձեռ. դ 537) ներկայացնում է Ավետարանի մեջ պատկերների դասավորության մի երկրորդ տիպ, որը հետագայում զարգացվում է հատկապես Կիլիկիայի և Գլաձորի դպրոցներում: Այստեղ ավետարանիչները պատկերվում են իրենց Ավետարաններից առաջ և ոչ մինչև Ավետարանների տեքստը՝ առանձին պրակում մյուս պատկերների հետ: Եթե X դ. մատյանները հիմնականում գրվել են բոլորագիծ (մեծ մեսրոպյան) երկաթագրով, ապա XI դ. մեծացել է ուղղագիծ (միջին մեսրոպյան) երկաթագրով գրված ձեռագրերի թիվը, ինչի շնորհիվ փոքրացել է գրքի չափը: XI դ. մեզ հասած ձեռագրերը հնարավորություն են ընձեռում հստակելու դպրոցների կամ ձեռագր. տեղական խմբերի գոյությունը:
Փոքր Հայքի մանրանկարչության դպրոց: XI դ. 1-ին կեսին Մեծ Հայքում և նույն դարի երկրորդ կեսին Մեծ Հայքում ու Փոքր Հայքում ստեղծված ձեռագրերում [Անի-Արշարունիքի և Փոքր Հայքի ու Մալաթիայի (Մելիտինե)] շարունակվել է Մլքե թագուհու և Էջմիածնի Ավետարանների պատկերազարդման տիպը: XI դ. առաջին հայկ. պատկերազարդ ձեռագիրը «Ադրիանուպոլսի Ավետարանն» է: Ձեռագրում ավետարանիչների և «Աստվածամայրը Մանկան հետ» նկարներն իրենց սառը կիսատոներով ու գույներով, նուրբ երկարացված համամասնություններով աղոտ հիշեցնում են Մակեդոնիայի XII դ. բյուզ. որմնանկարների (Օխրիդ, Կուրբինովո, Ներեզի) ոճը: Ընդ որում, ավետարանիչների գլուխների մոտ հունարեն գրված են նրանց անունները: Գույները ջրաներկային են, տարբերվում են բյուզ. արծնափայլ մանրանկարներից: XI դ. Արմ. Հայաստանի այն ծայրամասերում (Փոքր Հայք, Հս. Միջագետք, Բարձր Հայք, Կապադովկիա), որտեղ հայ բնակչությունը գրեթե հունացել էր, վերստին վերականգնվել է հայկ. աշխույժ կյանքը, երևան են եկել զանազան գրչատներ: Եփրատ գետի ափին գտնվող Կղոտ գավառի Թալաշա վանքում 1018-ին, տիկին Ծովուկի պատվերով, ընդօրինակվել է մի ձեռագիր՝ պարզունակ խորաններով, թռչուններով, ջրաներկային ցայտուն գույներով, սյունաշարքի տակ կանգնած չորս ավետարանիչների պատկերներով, որոնց դեմքերը (նեղ ճակատ, նշաձև աչքեր) հիշեցնում են Աղթամարի վանքի Ս. Խաչ եկեղեցու որմնանկարների դեմքերը:
X–XI դդ. այս կարգի ձեռագրերի մեջ գլուխգործոց է 1038-ի Ավետարանը (գրիչ՝ Եվարգրիս, տեղն անհայտ է, Մատենադարան, ձեռ. դ 6201), որը ոճով մոտ է «Ծուղրութի Ավետարան»-ին և «Վեհափառի Ավետարան»-ին: 1038-ի ձեռագրում Բյուզանդիայի Միքայել կայսրի անվան հիշատակումը, իսկ «Վեհափառի Ավետարան»-ում մի քանի մանրանկարներում հունարեն բառերի կամ անունների հունարեն գրությունը մատնանշում է մի վայր, որը եղել է Բյուզանդիայի իշխանության տակ: Սրանցում խորանների կառուցվածքը կորցրել է ճարտ. տրամաբանությունը, համակենտրոն կամարները հանգչում են սյան քիվին և ոչ խոյակին: Դուրա-Եվրոպոսի (III դ.) ասորա-պաղեստինյան վաղքրիստ. պարզագույն ոճն այստեղ հավատարմորեն պահպանվել է: Ասորա-եգիպտ. ազդեցության արձագանքները երևում են նաև պատկերագրության մեջ. «Ծնունդում» դա ակնառու է և ոճում, և պատկերագրությունում: Մարիամը և Հովսեփը ներկայացված են լուսապսակներով՝ դեմ դիմաց. Հովսեփը փիլիսոփայի դիրքով է, չկա մանկան լոգանքի տեսարանը ևն:
Միօրինակ չեն նաև մյուս թեմաները՝ ֆրիզաձև պատկերված «Մկրտությունը», «Պայծառակերպության» մեջ փառապսակի բացակայությունը, «Հարության» տեսարանում Տիրոջ գերեզմանն ունի սարկոֆագի ձև ևն: Այս և նմանատիպ ձեռագրերում մերկ կանանց տեսքով երևացող ծառերի ոգիները կարելի է տեսնել ղպտական վաղքրիստ. քանդակներում և գործվածքներում: Գրաֆիկական-սխեմատիկ այս ուղղությունը շարունակվել է նաև XI դ. կեսին՝ հիմնականում Փոքր Հայքում ստեղծված ձեռագրերում, որոնք վանական արվեստի հազվագյուտ նմուշներ են: Մանրանկարները հավաքված են տեքստին նախորդող պրակում. տերունական նկարներն ունեն պարզ շրջանակներ, իսկ գործողությունը ծավալվում է մագաղաթի ֆոնի վրա: 1041-ին Սեբաստիայում ընդօրինակված «Մալաթիայի Ավետարան»-ի (Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքի մատենադարան, ձեռ. դ 3624) հիշատակարանում նշված են գրիչ Սամուելի, Բյուզանդիայի Միքայել կայսրի և Հայոց կաթողիկոս Պետրոս Ա Գետադարձի անունները: Փոքր Հայքի ձեռագրերի խորանները զարդարված են բուս. ու երկրաչափ. մոտիվներով, թռչուններով և հուշկապարիկներով:
«Մալաթիայի Ավետարանը», ինչպես և 1057-ի ձեռագիրը (Մատենադարան, ձեռ. դ 3784) ունեն ընդարձակ պատկերաշարք: Տերունական շարքն ավարտվում է չորս ավետարանիչների և խաչի պատկերներով: Բյուզանդիայում կայունացած տասներկու մեծ տոների պատկերներն այստեղ ներգործել են նկարների շարքի վրա, որոնք թերևս ունեն ոչ թե պատմող. (ինչպես «Վեհափառի Ավետարանը»), այլ՝ ծիսական բնույթ: Խորանները կորցրել են իրենց ճարտ. տեսքը, մեկ ամբողջական էջի վրա նույն շրջանակում նկարվել է երկու տեսարան, որ հիշեցնում է խառը ֆրիզաձև կառուցվածքով X–XI դդ. կապադովկյան որմնանկարները: Կապադովկյան ձևով միացված են «Ավետման» և «Մարիամի ու Եղիսաբեթի հանդիպման» տեսարանները: Ասոր. ոգով ստեղծված «Խորհրդավոր ընթրիքին» հատուկ է կիսաբոլոր սեղանը: Ի հայտ են գալիս նաև նոր թեմաներ՝ «Հուդայի համբույրը», «Թաղումը», «Դժոխքի ավերումը»: Մարդկանց և առարկաների պատկերները խիստ պայմանական, սխեմատիկ բնույթ են կրում: Որպես կանոն, առատ են շղագիր և բոլորգիր մակագրությունները:
Անիի մանրանկարչության դպրոց: XI դ. 2-րդ կեսին Արշարունիքի Սանդղկավանքում ստեղծվել են յուրահատուկ ձեռագրեր, որոնք, հավանաբար, Բագրատունյաց շրջանի գրքարվեստի դպրոցի վերջին շքեղ վկաներն են: Դրանք մեծադիր ֆոլիանտներ են (1053-ի Ավետարանը, Մատենադարան, ձեռ. դ 3793, «Մողնու Ավետարանը»), որոնց գրիչը Հովհաննեսն է. նա է ավարտել մեծ կորուստներով մեզ հասած «Բեգյունց Ավետարանը» (1060, Մատենադարան, ձեռ. դ 10919): Հիշյալ ձեռագրերից է Հայաստանում սկսվել ավետարանիչների պատկերման կանոնական տիպը՝ առաջին երեքը նստած են, Հովհաննեսը կանգնած է գրի առնող, նստած աշակերտի՝ Պրոխորոնի կողքին:
Այս ձեռագրերում են կանոնական տեսք ստանում նաև յուրաքանչյուր Ավետարանը սկսող անվանաթերթերը՝ նեղ գլխազարդ (կիսախորան)՝ բուս. և կենդ. զարդերով, վրան՝ խաչ, ավետարանիչի խորհրդանիշով զարդարուն սկզբնատառ. պակասում է, սակայն, զարդարուն խաչապսակ լուսանցազարդը, որը համատարած է դառնում XII դ. ձեռագրերում: Նմանատիպ սկզբնատառեր հատուկ են եղել Օթոնյան շրջանի (X դ. վերջ) գերմ. ձեռագրերին, իսկ XI–XII դդ. Բյուզանդիայում տարածվել է «պատմականացված սկզբնատառը»՝ պատմ. անձանց կամ սրբերի պատկերներով: Փոխվել է նաև խորանների գլխամասը. կամարի կիսաշրջանն առնվել է զարդարուն ուղղանկյան մեջ: Ի տարբերություն Փոքր Հայքի ձեռագրերի՝ խորաններն այստեղ պահպանել են իրենց ճարտ., բայց ավելի մեծ չափով դեկորատիվ վեհությունը՝ ավելի վերասլաց սյուներով շարունակելով «Մլքե թագուհու Ավետարան»-ի և «Էջմիածնի Ավետարան»-ի հանդիսավոր ոճը: Խորանների կամարամեջերում հանդիպում են «Նեղոսյան տեսարաններ» («Մողնու Ավետարան»), բազմապիսի իրական և երևակայական կենդանիներ ու թռչուններ (Լ. Դուռնովոն «Մողնու Ավետարան»-ում հաշվել է թռչունների ու կենդանիների 34 տեսակ): Կամարներում երբեմն հանդիպում են կեղծ «քուֆի» գրեր, որոնք հայկ. ու արաբ. գրերի յուրահատուկ հիբրիդ են: Տերունական նկարները ծածկում են թերթի ոչ թե երկու, այլ մի երեսը, մյուսը մնում է դատարկ:
Սանդղկավանքում ստեղծված՝ Հովհաննեսի ընդօրինակած երեք Ավետարաններից ամենաշքեղը «Մողնու Ավետարանն» է՝ թե իր խորաններով, թե ընդարձակ տերունական շարքով, թե պատկերային կառուցվածքով և յուրահատուկ հեռանկարչական համակարգով: Մանրանկարների գույներն ունեն յուրօրինակ փայլատություն ու մեղմություն. դա վկայում է որմնանկարի ազդեցության և, հավանաբար, որմնանկարչական դպրոցի գոյության մասին (հետագայում որմնանկարչական նշանավոր դպրոցներ են ստեղծվել Անիում, Քոբայրում, Ախթալայում, Հաղպատում, Կիրանց վանքում և այլուր): Մանրանկարները հարուստ են արևելաքրիստ. մոտիվներով՝ խորանի սյուներին խաղողի ողկույզներ են (ինչպես IV–V դդ. Քասաղի բազիլիկում), նապաստակ, եղջերու, «սանրաձև սաղարթներ» (ղպտական արվեստ, 586-ի ասոր. «Ռաբուլայի Ավետարան»), վարագույրներ (Ռավեննայի և Հռոմի վաղքրիստ. խճանկարներ), սափորների շուրջը՝ թռչուններ ևն: Անիում հույների ներկայությունն արտահայտվում է 1060-ի «Բեգյունց Ավետարան»-ի և 1053-ի Ավետարանի ավետարանիչների պատկերներում, հուն. անվանատառերում, բայց ավետարանիչների ծնկների Ավետարանների վրա գրված բառերը հայերեն են:
Մանրանկարներում կապույտ ֆոնը դրանց տալիս է որմնանկարային կոթողային տեսք, ինչպես XI–XII դդ. ռոման., հայկ. ու վրաց. որմնանկարներում: Միևնույն շրջանակում հայտնվում են միմյանց վրա տեղադրված երկու նկար՝ ինչպես «Ավետումը» և «Մարիամի հանդիպումը Եղիսաբեթի հետ»: Էջով մեկ արված տեսարաններում («Ծնունդ», «Մուտք Երուսաղեմ» ևն) գործողությունը ծավալվում է ոչ թե ֆրիզաձև, երբ այն դիտելու համար մատյանը պետք է շրջել, այլ՝ էջի բարձրությամբ, դեկորատիվ մոնումենտալ լեռների ֆոնի վրա: Ճարտ. փռվածքները հարուստ են և բազմազան:
XII դ. վերջի – XIII դ. սկզբի Անիի Մ-յան դպրոցից քիչ բան է հայտնի: Մեզ հասել են Անիում աշխատած Իգնատիոս մանրանկարչի ծաղկած մի քանի ձեռագրեր: Առանձին խումբ են կազմում «բյուզանդամետ» համարվող «Տրապիզոնի Ավետարանը», «Կարսի Ավետարանը», 1071–78-ի Ավետարանները (Մատենադարան, ձեռ. դդ 6975 և 10434): «Տրապիզոնի Ավետարանը» ավելի է հակված բյուզանդա-հելլենիստ. ազդեցություններին ու վերապրուկներին: Ձեռագրի գրչությունն ու ուղղագրությունը հնամենի են. դրանք փոխվում են XI դ., երբ շատանում են կիրակագիրները (գլխավոր Ավետարանները):
«Կարսի Ավետարանը» կրում է Կիլիկյան Հայաստանի և Մեծ Հայքի գրքարվեստի զարգացման սաղմերը, այն է՝ ա. գլխազարդեր՝ բուս., թռչնային և երկրաչափ. մոտիվներով, բ. «Վեհափառի Ավետարան»-ից հետո երկրորդ ձեռագիրն է, որտեղ պահպանված են տեքստային մանրանկարներ, գ. պատվիրատուների պատկերներ, դ. լուսանցքներում, սյունակների մեջ ու գլխատառերում հարյուրավոր սափորներ, բուս. և կենդանաթռչնային մոտիվներ: XI դ. մատյանները մեծ մասամբ դեռևս խոշոր ֆոլիանտներ են, XII դ. ձեռագրերի չափերն ավելի փոքր են (Մատենադարան, ձեռ. դ 7779՝ Կարին, ձեռ. դ 2877՝ Երզնկա, ձեռ. դ 6249՝ Սյունիք, ձեռ. դդ 4753, 379, 313՝ Եդեսիա, ձեռ. դդ 7635, 10360՝ Խարբերդ, Վենետիկի դ 961/87 ձեռագիրը՝ Անի ևն):
XII դ. ավելի շատ ձեռագրեր են ընդօրինակվել թղթի վրա: Ձևավորումը դարձել է համեստ, հաճախ բացակայում են սյուժետային մանրանկարները և ավետարանիչների պատկերները: Բայց ավանդաբար պահպանվել է Քառավետարանի կազմությունը և որոշ առումով զարգացել: 1–3 էջ գրավել է Եվսեբիոս Կեսարացու խորանազարդ թուղթը, մինչև 9 էջ զբաղեցրել են խորանները և 4 էջ՝ չորս Ավետարանների անվանաթերթերը: Ուղղանկյունաձև խորանները բազմապիսի կամարներով կանգնած են բարակ սյուների՝ երիզների վրա: Հատկապես բազմազան կտրվածքներ ունեն Մատենադարանի դդ 3756, 2952, 7737 ձեռագրերի խորանների գլխազարդերը: Փոխվել է գլխազարդի և սյուների համամասնությունը, դրանք բարձրությամբ գրեթե հավասարվել են: Բազմազան են զարդամոտիվները. խորանները վերածվում են դեկորատիվ զարդարուն թերթերի, խորանների գլխազարդերի շուրջը պատկերվում են մեծ թվով խորհրդանշական կենդանիներ, թռչուններ, բույսեր: Ավետարանիչների դիմանկարների և սյուժետային մանրանկարների խիստ նվազումը թերևս պայմանավորված է մահմեդ. շրջապատով, որտեղ արգելվում է մարդու պատկերումը:
Մատենադարանի դդ 2877 և 6264 ձեռագրերը հավանաբար արված են XI դ. վերջին, ինչի վկայությունն են գլխազարդերի ուղղանկյուն ձևը՝ միջից հատված եռանկյուններով (ինչպես XI դ. բյուզ. ձեռագրերում), մի թերթի վրա չորս ավետարանիչների պատկերումը և «Ավետման» հնավանդ պատկերագրությունը: Ընդ որում՝ դ 2877 ձեռագրի մանրանկարների գույները, հրեշտակի ու Մարիամ Աստվածածնի դեմքերի հուզական արտահայտությունները նորություն էին հայ Մ-յան մեջ:
XII դ. վերջնական տեսք է ստացել չորս Ավետարաններից յուրաքանչյուրի անվանաթերթը, մեծացել են գլխազարդի չափերը, ստացել բարդ կտրվածքներ, հարստացել է գծագիրը: Ավետարանի վերնագիրը գրվում է մանր տառերով՝ գլխազարդի տակ կամ նրա բարդ կամարամիջում, երբեմն կվադրիֆոլիումի (քառատերևի) մեջ (Մատենադարան, ձեռ. դդ 10360, 313, 7635), առաջին տողը շեշտվում է գույնով կամ գրերի չափով, սկզբնատառերը հաճախ կազմվում են ավետարանիչների խորհրդանիշերից՝ մարդակերպ, առյուծակերպ, ցլակերպ, արծվակերպ (Մատենադարան, ձեռ. դդ 379, 6264, 2952, 7737): Սկզբնատառերը ձգվում են վեր՝ հաճախ ծաղկազարդ գծանկարով, բարդ ու հետաքրքիր հարաբերությունների մեջ մտնում գլխազարդի և տեքստի հետ: Սկզբնատառի առանցքը հյուսվում է հանգույցներից, հավասարակշռվում է գեղեցիկ դեկորատիվ լուսանցազարդով, որը պսակվում է խաչով: XII դ. տեքստերը գրվում էին ուղղագիծ, երբեմն՝ բոլորագիծ երկաթագրով: Ուղղագիծ երկաթագրի հետ օգտագործվել է «անցման» բոլորգիրը (Մատենադարան, ձեռ. դդ 379, 3777, 1522): Տառերի բարձրությունը երկարում է, գրչության ոճն ազատ է: Գլխավոր Ավետարանների (տոների ընթերցվածների կամ կիրակագիրների) սկզբնատառերը գրվում են ոսկով (Մատենադարան, ձեռ. դդ 2952, 7737), աչքի են ընկնում նաև չափով (Մատենադարան, ձեռ. դդ 379, 7737), գույնով (Մատենադարան, ձեռ. դդ 6249, 7635), կամ բարդանում է սկզբնատառի գծանկարը: Մատենադարանի ձեռ. դ 7779 Ավետարանն օժտված է սյուժետային պատկերներով («Մուտք Երուսաղեմ», «Մոգերի երկրպագությունը», «Հաղորդություն», «Մկրտություն» ևն), երկու լուսանցքային դիմանկարներով (Հովսեփ Արիմաթացի), որոնք հնաոճ են, պարզ ու հմայիչ, ինչպես մանկական նկարները:
XII դ. ձևավորվում է Ճառընտիր Տոնականների (Մատենադարան, ձեռ. դդ 3777, 1522, 3782 ևն), Ժողովածուների (Մատենադարան, ձեռ. դդ 375, 2783) և մեկնությունների (Մատենադարան, ձեռ. դ 2606) ձևավորման համակարգը, որին հատուկ են մեծ չափերը, լայն լուսանցքները, արագագիր ոճը: Ենթավերնագրերը գրվում են դեռևս չզարգացած գլխազարդի տակ՝ տեքստից մանր գրչությամբ: Առաջին, երբեմն էլ երկրորդ, երրորդ տողերն ավելի խոշոր բոլորագիծ երկաթագրի տառաձևերով են, ի տարբերություն բուն տեքստի, որ գրված է «անցման» բոլորգրով: Ճառերի կամ ընթերցվածների սկիզբը հատկանշվում է լուսանցքներում ընթերցվածների հեղինակների կամ հերոսների լուսանցանկարներով կամ լուսանցազարդերով: Սկզբնատառերը ձգվում են էջով մեկ՝ բոլորագիծ երկաթագրի տեսքով: Առանձնապես ուշագրավ են վկաների և եկեղեցու հայրերի նկարները Մատենադարանի ձեռ. դդ 3777 և 1522 Տոնականների լուսանցքներում, որոնք ստեղծվել են Հովհաննավանքի և Սաղմոսավանքի գրչատներում:
XII դ. 1-ին կեսին սելջուկների ասպատակությունները կասեցրել են Հայաստանի գեղ-մշակութ. կյանքի բնականոն ընթացքը: Մշակույթի կենտրոնները տեղափոխվել են դեպի արևմուտք, որտեղ ստեղծվել են բարձրորակ, նրբագեղ ձեռագրեր: Եդեսիայում և Երուսաղեմում ստեղծված հայկ. ձեռագրերը XII դ. գրքարվեստի ավանդույթները կապել են կիլիկյան գրքարվեստին: Գրքի պատկերազարդման համակարգում փոքրիկ ներտեքստային մանրանկարների առկայությունը՝ թերթով մեկ արված մանրանկարների հետ, տերունական տոների զարգացած պատկերաշարը, լուսանցազարդերի առատությունը բնորոշ են դառնում կիլիկյան գրքի պատկերազարդման սկզբունքների համար:
Կիլիկիայի մանրանկարչության դպրոց: XII դ. հայոց քաղ., ինչպես նաև հոգևոր, մշակութ. և գեղ. կյանքի կենտրոնը տեղափոխվել է Կիլիկիա, որտեղ կազմավորվել է Կիլիկիայի հայկ. իշխանապետությունը, այնուհետև՝ թագավորությունը (1080–1375): Կիլիկյան Հայաստանի Հռոմկլա բերդաքաղաքը, որը 1149–1292-ին եղել է Հայոց կաթողիկոսության նստավայրը, դարձել է համահայկ. հոգևոր-մշակութ. կենտրոն, հռչակվել նաև իր ուրույն և բարձրարվեստ մանրանկարչական դպրոցով: Սակայն մեզ չեն հասել Հռոմկլայի գրչատան վաղ շրջանի պատկերազարդ ձեռագրերը: XII դ. սկզբից հայտնի կիլիկյան հատուկենտ ձեռագրերը դեռևս կրում են Մեծ Հայքի Մ-յան ավանդների զգալի ազդեցությունը:
1113-ին Դրազարկի վանքում պատկերազարդված Ավետարանում (պատվիրատու՝ վանահայր Կիրակոս վարդապետ, Մատենադարան, ձեռ. դ 6763) այդ ազդեցությունն արտահայտված է ներգծված կամարներով ուղղանկյուն գլխազարդերում: 1113-ի ձեռագրում կիլիկյան գրքարվեստին հատուկ միակ գլխ. հատկանիշը լուսանցքում սրտաձև կազմված արմավազարդն է՝ վրան հառնող հավասարաթև խաչով, ինչպես նաև՝ կարմիրը, կապույտը և կանաչը՝ իբրև հիմն. գույներ: 1166-ի Հռոմկլայի Ավետարանը (Մատենադարան, ձեռ. դ 7347) կազմված է Եվսեբիոս Կեսարացու թղթի 2 էջից, 8 խորանից. յուրաքանչյուր Ավետարան սկսվում է համապատասխան ավետարանիչի նկարով (ձախ կողմում) և զարդարուն անվանաթերթով (աջ թերթի վրա), որ հատուկ է դառնում կիլիկյան գրքարվեստին: Այդ ձեռագրում, խորաններից անմիջապես հետո, գիրքը գահին նստած Քրիստոսին մեկնող պատվիրատու (ստացող) Առաքել եպիսկոպոսի պատկերն է: Հետագայում կիլիկյան Ավետարաններում խորաններին հաջորդող մեկ կամ երկու էջը հատկացվում է ստացողի նկարին կամ ընծայագրին (հաճախ՝ խորանաձև):
XII դ. վերջի կիլիկյան մի քանի ընտիր ձեռագրեր (թե մագաղաթի, թե գրչության և թե Մ-յան առումով) կապված են Ներսես Լամբրոնացու անվան և նրա հովանավորած Սկեվռայի վանքի հետ: XII դ. Կիլիկյան Հայաստանում պատկերազարդված ձեռագրերից աչքի է ընկնում Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությանը», որի գրիչն է Գրիգոր Մլիճեցին, ստացողը՝ Ներսես Լամբրոնացին (1173, Մատենադարան, ձեռ. դ 1568): Մանրանկարիչը նկարել է Գրիգոր Նարեկացու չորս դիմանկար, որոնցից երեքն ունեն մակագրություններ՝ «Գրիգոր Փիլիսոփայ», «Գրիգոր Հսկող», «Գրիգոր Ճգնաւոր»: Գրչության նրբագեղությունը, հղկվածությունը, գրերի հիմն. և երկրորդ. մասնիկների անկաշկանդ անցումները, լուսանցազարդի, սկզբնատառի հատվածավորման (ռուբրիկացիայի) սերտ կապը, մեծ և մանր գրերի, ոսկու և հիմն. մաքուր գույների ճարտար զուգակցումը ցույց են տալիս, որ գիրքը ձևավորվել է որպես առանձին մշակութ. երևույթ, ինչպես XI դ. Կ. Պոլսի և շատ ավելի ուշ՝ գրքարվեստի պարսկ. դպրոցներում: Ներսես Լամբրոնացու պատվերով մեզ հասած մյուս գլուխգործոցը 1197-ի «Սկևռայի Ավետարանն» է, որտեղ լուսանցանկարները՝ տերունական թեմաների համառոտումով, արդեն զուտ կիլիկյան երևույթ են:
XIII դ. 2-րդ կեսին Հռոմկլայի գրքարվեստի մեծ վերելքը, ինչպես Թորոս Ռոսլինի արվեստի ծաղկումը, կապված է Հայոց կաթողիկոս Կոստանդին Ա Բարձրբերդցու գործունեության հետ: XIII դ. Հռոմկլայի դպրոցից մեզ հասած առաջին պատկերազարդ ձեռագրերը Ավետարաններ են (1249, գրիչ՝ Կիրակոս, Մատենադարան, ձեռ. դ 7690, 1251, գրիչ՝ Սարգիս, Մատենադարան, ձեռ. դ 3033, գրիչ՝ Հովհաննես, Չեստեր Բիտտ, Դուբլին, ձեռ. դ 558), որոնք շարունակել են XII դ. ավանդները՝ 2 էջ Եվսեբիոս Կեսարացու թուղթը, 8 խորան, 2 էջ խորանաձև ընծայագիր, իրենց Ավետարանների տիտղոսաթերթերի դիմաց պատկերված ավետարանիչները, սինագոգի և եկեղեցու պատկերներ (Մատենադարան, ձեռ. դդ 7690, 3033), Աստծո գառը (Ֆրիր պատկերասրահ, ձեռ. դ 44. 17) ևն: Նորությունը զարդամոտիվների և դրանց նրբագույն պատկերման հարստությունն է: Խորանները զրկվել են ճարտ. տեսքից, դրանց վերևում և կողմնային լուսանցքներում երևում են աքաղաղներ, մոմակալ աշտանակներ, սիրամարգեր, նռան և արմավի ծառեր, տաճարներ, սափորներից ելնող բուսազարդեր, սյուների խոյակները և խարիսխները վերածվում են կենդ. դիմակների: Եվսեբիոս Կեսարացու թղթի խորաններում Եվսեբիոս Կեսարացու և Կարպիանոսի կիսանդրի դիմանկարները դառնում են կանոն, վերջն. տեսք են ստանում տիտղոսաթերթերը:
Հռոմկլայի դպրոցի խոշորագույն մանրանկարիչը Թորոս Ռոսլինն է: Հատկապես էջով մեկ արված նրա տերունական նկարները հայ Մ-յան գրեթե ամենադասական էջերն են հորինվածքի հավասարակշռությամբ, գունատոնային հարաբերություններով, նրբագույն գունաթափանցումներով, շարժումների վայելչությամբ և բնականությամբ: Խորաններում Եվսեբիոս Կեսարացու թղթի նմանողությամբ ծաղկողը կիսաշրջանների մեջ նկարում է մարգարեների կիսանդրիները, ինչը նորություն էր (հետագայում ստացել է այլ փոխակերպություն), իսկ խորանաձև ընծայագրերում նույնպիսի կամարների մեջ պատկերված են Քրիստոսի և Մարիամի կիսանդրիները:
Թորոս Ռոսլինից հետո, սկսած 1270-ական թթ-ից, արքայական ընտանիքների անդամների համար ստեղծվել են մի շարք աննախադեպ ճոխ ձեռագրեր: Արքունական այս դպրոցի վարպետների մոտ Թորոս Ռոսլինի հավասարակշռված դասական ոճը վերաճել է դրամատիկ մանիերիստական ոճի. կերպարները դարձել են ավելի եռանդուն, հուզական, ձգված, հարստացել են դեկորատիվ տարրերը, լարված են դարձել ու շեշտվել գունահարաբերությունները, գոգավոր, հոսուն կամ սուր անկյունագծային կառուցվածքներ են ստացել սյուժետային նկարների հորինվածքները: «Վասակ իշխանի Ավետարան»-ում և «Կեռան թագուհու Ավետարան»-ում ընծայագրերի փոխարեն հայտնվում են պատվիրատուների ընտանիքների պատկերները «Դեիսուսի» («Բարեխոսություն») և Բարեգութ Աստվածամոր ու Քրիստոսի կերպարների հետ: 1280-ական թթ. ավարտին է հասել արքունական դպրոցի «նրբագեղ» ոճը, որ հետազոտողները մերթ համարում են կիլիկյան «բարոկկո», մերթ «մանիերիզմ»: «Հեթում Բ թագավորի Ճաշոցը», Մատենադարանի ձեռ. դդ 9422, 2629 Ավետարանները, «Ութ մանրանկարիչների Ավետարանը» ապշեցնում են զարդային և սյուժետային ու ֆիգուրատիվ նկարների հարստությամբ և գեղ. միջոցների բազմազանությամբ, լուսագունային երանգավորմամբ: Մատենադարանի դ 9422 Ավետարանում 10 խորաններ են, որոնց հաջորդում են էջով մեկ արված տերունական մանրանկարներ, այնուհետև՝ Եվսեբիոս Կեսարացու թուղթը 2 էջում և ավետարանիչների նկարները՝ համապատասխան Ավետարանների անվանաթերթերից առաջ: Անվանաթերթերն աչքի են ընկնում զարդանախշերի բարդագույն կառուցվածքով: Խորանների սյուների խարիսխները և խոյակները փոխարինված են ոսկե ֆոնի վրա գազանների ու թռչունների, սերովբեների, ավետարանիչների, առաքյալների, մարգարեների մանրանկար ֆիգուրներով: Հարուստ են խորանների լուսանցքներն ու քիվերը. սավառնող, ճախրող, զանազան կեցվածքներով ու շարժումներով պատկերված թռչուններն ու կենդանիները ենթադրել են տալիս, որ կիլիկյան վարպետները քաջածանոթ են եղել չինական արվեստին: «Հեթում Բ թագավորի Ճաշոց»-ում և «Ութ մանրանկարիչների Ավետարան»-ում պատկերազարդ էջերի թիվը հասնում է մի քանի հարյուրի: Դա աննախադեպ և եզակի է հայ Մ-յան պատմության մեջ:
Գռների ու Ակների վանքերում գործող Հովհաննես Արքաեղբոր դպրոցում նույնպես ստեղծվել են ձեռագրեր՝ մեզ հասած առաջին Աստվածաշունչ գրքերից մեկը (1270, Մատենադարան, ձեռ. դ 345), Աստվածաշնչային ժողովածուն (1263–66, Մատենադարան, ձեռ. դ 4243), Մատենադարանի ձեռ. դ 197 Ավետարանը (1287, գրիչ՝ Հովհաննես Արքաեղբայր) ևն: Հովհաննես Արքաեղբոր ձեռագր. դպրոցի և գրչության վայրն անհայտ ու նախն. հիշատակարանները կորցրած մի քանի ձեռագրեր (օր.՝ «Սմբատ Սպարապետի Ավետարանը», Մատենդարանի ձեռ. դ 7648 Ավետարանը ևն) միավորվում են որոշակի հատկանիշներով՝ ուլունքաշար գրաֆիկական արտակարգ կանոնավոր գրչություն, պատկերների ոսկե կամ սև ուրվագծեր, որոշ ակադեմիական ոճ, մի քանի բնորոշ զարդաձևեր ևն: Բայց ոճական առումով, ճոխությամբ, տերունական պատկերների հորինվածքային բարդությամբ հատկապես «Հովհաննես Արքաեղբոր Ավետարանը» (Մատենադարան, ձեռ. դ 197) ավելի մոտ է արքունական դպրոցի մանրանկարչ. արվեստին:
XIII դ. վերջին տասնամյակին գրչության արվեստը Կիլիկյան Հայաստանում դեռևս մնում էր իր բարձրության վրա, բայց Մ. կրում է որոշակի փոփոխություններ: 1292-ի «Հեթում Բ թագավորի Աստվածաշունչ»-ի գրիչ (հավանաբար և ծաղկող) Ստեփանոսը թեև դեռևս հետևում է Հովհաննես Արքաեղբոր ձեռագր. դպրոցի գրչարվեստի ավանդներին, ձեռագրի պատկերազարդումը հիշեցնում է արքունական դպրոցի շքեղ, հարուստ ոճը, բայց նվազում է երևակայության ազատությունը, ստեղծագործ. թռիչքը: Ստեղծվել է մի նոր սխեմատիկ ոճ, որի ցայտուն արտահայտիչը Սարգիս Պիծակի հայր Գրիգոր Պիծակն է: 1307-ի Ավետարանը (Մատենադարան, ձեռ. դ 7691) և 1317–18-ի Նոր կտակարանը (Մատենադարան, ձեռ. դ 242) լուսանցանկարների պատկերագրությամբ, գունային գամմայով ընդհուպ մոտեցել են Սարգիս Պիծակի ոճին:
1307-ի Ավետարանն արված է զուտ գրաֆիկական գծանկարով և սյուժեների համառոտումով, որոնք գրեթե նույնությամբ անցել են Սարգիս Պիծակի պատկերացանկի մեջ, իսկ 1317–18-ի Նոր կտակարանի մանրանկարները գրեթե չեն տարբերվում Սարգիս Պիծակի մանրանկարներից: Սարգիս Պիծակի պատկերազարդած Ավետարանները, պահպանելով հանդերձ XIII դ. կիլիկյան Ավետարանների պատկերազարդման համակարգը, ունեն նաև իրենց առանձնահատկությունները: Սարգիս Պիծակի արվեստը հակված է դեպի հնամենի ձևերը (մեկ ընդհանուր շրջանակի մեջ երկու տեսարան՝ նկարված մեկը մյուսի վրա, որ կիրառելի չէր Կիլիկյան Հայաստանում, ևն), նրա համաչափ հարթապատկերային ոճը մոտ է Մեծ Հայքի և Կապադովկիայի արվեստին: Նրա վերջին՝ 1353-ի «Բժշկության Ավետարանը» (Մատենադարան, ձեռ. դ 6795) նորություն էր ոչ միայն Սարգիս Պիծակի, այլև առհասարակ հայ Մ-յան համար: Սարգիս Պիծակի արվեստը կիլիկյան Մ-յան վերջնակետն է:
Բարձր Հայքի, Արցախի մանրանկարչության դպրոցներ: Սելջուկյան ճնշումներից համեմատաբար ազատ բուն Հայաստանի արմ. մասերում (Բարձր Հայք, Խարբերդ ևն) և Հայաստանից դուրս հայերով բնակեցված վայրերում (Եդեսիա, Երուսաղեմ ևն) ստեղծվել են բարձրորակ ձեռագրեր, որոնցից է «Մշո Ճառընտիրը» (Երզնկայի Ավագ վանք, գրիչ՝ Ստեփանոս): Այդ ձեռագրի հետ զարդային հնարամտությամբ կարող են մրցել միայն X–XII դդ. իռլանդ. և անգլո-սաքսոն. ձեռագրերի սկսվածքները: Նուրբ, շողշողուն թանկարժեք փիրուզե կապույտի շեշտադրումով ոլորազարդերը և հանգույցները արլ. են, զուտ հայկական՝ խաչքարերի հյուսվածքների նման: Ավագ վանքում Ստեփանոսը գրչագրել է նաև մի Ավետարան (1201, Մատենադարան, ձեռ. դ 10559), որտեղ խաչի պատկերը և Մատթեոսի Ավետարանի անվանաթերթը հիշեցնում են «Մշո Ճառընտիրը»:
Բարձր Հայքի Երզնկա քաղաքում ստեղծված մի գլուխգործոց է 1269-ին ընդօրինակված և մեզ հասած առաջին ամբողջական պատկերազարդ Աստվածաշունչը: Հեղինակների նկարների, խորանների, անվանաթերթերի, մի քանի համառոտած սյուժետային պատկերների գծային նրբագեղությունը, ազնիվ համամասները մոտ են կիլիկյան Աստվածաշունչ և այլ ժողովածու մատյանների հետ: Հետագայում Բարձր Հայքը (հատկապես Բաբերդի դպրոցը), որտեղից մանրանկարիչների սերունդներ են տեղափոխվել Ղրիմ, կամուրջ է հանդիսացել Ղրիմի Մ-յան ծաղկման համար: Աշխարհիկ քաղաքային կյանքին արձագանքող հայկ. Մ-յան եզակի ձեռագիր է «Հաղպատի Ավետարանը»: Հատկապես իր տերունական նկարներով առանձին տեղ է գրավում «Թարգմանչաց Ավետարանը»: Ձեռագիրը ոճական ու պատկերագր. ընդգրկումներով այնքան հարուստ է և ինքնատիպ, որ հիմք է տալիս հետազոտողներին այն վերագրելու Կարինի, Անիի, Արցախի դպրոցներին, թեև ունի ոճական այնպիսի յուրահատկություններ, որոնք բնորոշ են միայն այդ ձեռագրին: Բացարձակ գունային դրամատիզմով «Թարգմանչաց Ավետարանը» մոտ է Մատենադարանի ձեռ. դ 2877 Ավետարանին (XI–XII դդ.), բայց պատկերազարդման ամբողջականության առումով Մեծ Հայքում իր նախորդը չունի: Այս երկու ձեռագրերը գունային հակադրությունների բացարձակ դրամատիկականությամբ կարող են մրցել X–XI դդ. Օթոնյան դպրոցի գերմ. ձեռագրերի հետ:
Հայկ. գրքարվեստում առաջին անգամ «Թարգմանչաց Ավետարան»-ում է հանդիպում «Ննջումն Աստվածածնի» տեսարանը (մինչ այդ «Նինջի» պատկերը տեսնում ենք Անիի Տիգրան Հոնենցի Ս. Գրիգոր եկեղեցու որմնանկարներում): Արցախի վանքերում մեծ թվով ձեռագրեր են հավաքվել Հայաստանի տարբեր վայրերի՝ Կիլիկիայի, Բարձր Հայքի, Անիի իշխանական կամ վանական հավաքածուներից (902-ի «Կարմիր Ավետարանը», XI դ. «Բեգյունց Ավետարանը», Հռոմկլայի 1166-ի Ավետարանը, «Հաղպատի Ավետարանը», «Թարգմանչաց Ավետարանը» ևն): Արցախում պատկերազարդված քիչ ձեռագրեր են մեզ հասել: 1224–61-ին Արցախում ստեղծված մի քանի Ավետարաններ իրենց լավ մշակված մագաղաթով, մանրանկարների գծային հիերոգլիֆային ոճով, ոսկու և գույների նրբությամբ ու ազնվությամբ իշխանական ծագում ունեն և կառուցվածքով ու տիտղոսաթերթերի հորինվածքով մոտ են Անիում ստեղծված Իգնատիոս մանրանկարչի ձեռագրերին: Արտահայտիչ են ավետարանիչների սխեմատիկ կերպարները, որոնք ոսկե ֆոնի վրա ստեղծում են ճախրանքի պատրանք: Այդ ձեռագրերից են 1224-ի Խորանաշատի (Վանենի թագուհու) Ավետարանը (Մատենադարան, ձեռ. դ 4823), Հասան Ջալալյան իշխանի հայր Վախթանգ Տանգիկի և նրա տիկին Խորիշահի Ավետարանը (ծաղկող՝ Թորոս, Մատենադարան, ձեռ. դ 378):
Գլաձորի մանրանկարչության դպրոցը գործել է Գլաձորի համալսարանին կից գրչատանը, XIII դ. վերջից մինչև XIV դ. կեսը: Այդ դպրոցի երեք մեծ մանրանկարիչները՝ Մոմիկը, Թորոս Տարոնացին և Ավագը, աչքի են ընկնում իրենց արվեստի բազմազանությամբ: Գլաձորի Մ-յան դպրոցը հայ միջնադարյան գրքարվեստի այն դպրոցներից էր, որն առավել սերտորեն է առնչվել մոնումենտալ արվեստի և մշակույթի մյուս բնագավառներին (Մոմիկն ու նրա ուսուցիչ, մանրանկարիչ և ճարտարապետ Մատթեոսն աշխատել են թե Մ-յան, թե քանդակի և թե ճարտ-յան բնագավառներում): Մոմիկը թերևս ամենից ավելի հարազատ է Վայոց ձորի և Սյունիքի քանդակագործ. ավանդույթներին: Նրա ստեղծագործության առաջին շրջանը հատկանշվում է մանրանկարչությամբ. պատկերած ֆիգուրներում (տերունական նկարներ, ավետարանիչներ) զգացվում է քանդակային ծավալի մի ներքին զգացողություն, որը տարբեր է կիլիկյան վարպետների «հելլենա-բյուզանդական» «քանդակայնությունից» և գալիս է իր իսկ՝ Մոմիկի ու նրա ուսուցչի գեղ. փորձից:
Մոմիկի արվեստի վրա կիլիկյան Մ. ավելի քիչ ազդեցություն ունի, քան Թորոս Տարոնացու և Ավագի մանրանկարների վրա: Հատկապես նշանավոր է 1302-ին Մոմիկի պատկերազարդած «Պատերազմի Ավետարանը» (Մատենադարան, ձեռ. դ 6792), որը թե իր կառուցվածքով և թե պատկերագրությամբ նորարարություն է հայ Մ-յան մեջ: Ձեռագիրը սկսվում է Հովհաննեսի Ավետարանով, «Այլակերպության» մեջ Հիսուսն անմորուք է, «Ծնունդում» գլխ. կերպարը Հովսեփն է, որոշ մանրանկարներում կարելի է նշմարել մինչև 4–5 պլան, որ առավելագույն քանակ է Գլաձորի ծաղկողների համար: Այդ առումով, ինչպես նաև իրենց ներդաշնակ հավասարակշռված մոնումենտալ կառուցվածքով, Մոմիկի մանրանկարները նմանվում են Թորոս Ռոսլինի արվեստին:
Թորոս Տարոնացու ծաղկած ձեռագրերում խորանները, լուսանցազարդերը, անվանաթերթ երի զարդամոտիվները մեծ մասամբ կրում են կիլիկյան Մ-յան ազդեցությունը: Կիլիկյան ակունք ունի նաև որոշ ձեռագրերում (1318-ի «Եսայի Նչեցու Աստվածաշունչը», Մատենադարան, ձեռ. դ 206, XIV դ. սկզբի Ավետարանը, Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարան, ևն) Աստվածաշնչի կամ Ավետարանի գրեթե ամեն մի դրվագ նկարազարդելու կամ զարդանախշելու ձգտումը: Կան խորանապատկերներ կամ լուսանցազարդեր, որոնք կարելի է շփոթել կիլիկյան նույնատիպ պատկերների հետ:
Բայց հաճախ դրանց միջև ընկնում են հերալդիկ կամ այլ կարգի դրվագներ, որոնց ակունքները Վայոց ձորի ճարտ. դեկորն է: Տերունական նկարներում ավելի ուժեղ են Մեծ Հայքի զանազան դպրոցների ազդեցությունները: Գլաձորի Մ-յան դպրոցի վերջին խոշոր վարպետը Ավագն է՝ «աստանդական նկարիչը» (Լ. Դուռնովո): Ավագը եղել է Գլաձորի համալսարանի սանը, ստեղծագործել (1329–58) Սյունիքում, Ատրպատականում (Սուլթանիե), Փայտակարանում, Թավրիզում և այլուր: 1352-ին նրա պատվերով Սարգիս Պիծակը պատկերազարդել է մի Ավետարան: Սկզբնապես կրելով Մոմիկի ու Թորոս Տարոնացու ազդեցությունը, հետագայում Ավագը հասել է շարժումների և հոգեբանական ավելի մեծ արտահայտչականության՝ հիմնականում սովորելով կիլիկյան վարպետներից: Նրա լավագույն մանրանկարներում շեշտված են գործող անձանց արտահայտությունները. կեցվածքները, հագուստները ծածանվում, ծալավորվում են ինչպես հողմի ժամանակ: Օձաձև գալարվող քղանցքները, շարժման նկատմամբ սերը գոթական ազդեցություններ են: Ավագը, ի տարբերություն Մոմիկի և Թորոս Տարոնացու, խուսափում է բազմապլանայնությունից, Սարգիս Պիծակի պես կերպարները և մոտիվները (զարդային, բնության, ճարտ.) բերում է մի հարթության: Ավագի արվեստում ի հայտ է գալիս երկու ավանդույթ՝ գլաձորյան և կիլիկյան: Եթե դեմքերը, բնանկարի զանազան ձևեր կրում են Թորոս Տարոնացու ազդեցությունը, ապա գունային համակարգում, չափազանցված շարժումներում, ծալքերի մշակման մեջ ակնհայտ են կիլիկյան ազդեցություններ:
Տաթևի մանրանկարչության դպրոցը գործել է Տաթևի համալսարանում: Շարունակել է Գլաձորի դպրոցի ավանդույթները, բայց դրանք հարստացրել ավելի մոնումենտալ ոճով (Գրիգոր Տաթևացու և նրա աշակերտի մանրանկարները 1378-ին ծաղկած 1297-ի Ավետարան, Մատենադարան, ձեռ. դ 7482), կիրառել հայ քանդակագործության ու Մ-յան մեջ գործածված ամենապարզ զարդաձևեր, միաժամանակ զարգացրել այնպիսի ազատ գունադեկորատիվ լուծումներ (գրիչ՝ Գրիգոր, Մատենադարան, ձեռ. դ 6305), որոնք մոտենում են XIV–XV դդ. մահմեդ. արվեստում նմանատիպ գունադեկորատիվ որոնումներին: Քրիստ. կանոնական պատկերագրության մեջ մտնում են մոտիվներ, որոնք վերցված են կենդանի իրականությունից, ինչպես դ 7482-ի ձեռագրի «Ծննդյան» պատկերում ընկողմանած Աստվածամոր ձեռքի խնձորը՝ իբրև կուսության և պտղաբերության նշան: Մատենադարանի դ 6305 ձեռագրում սուրբ ձիավորների պատկերները հնագույն մի ավանդույթի վերականգնումն էր (Լմբատավանքի, Կարմրավորի VII դ. որմնանկարների բեկորները):
Վասպուրականի մանրանկարչության դպրոցն առավել նշանավոր է եղել XIII–XV դդ.: Այդ շրջանում այն խիստ ինքնատիպ էր իր պահպանող. բնույթով, յուրահատուկ հնավանդ պատկերագր., հորինվածքային ու կերպարային ձևերով, որոնք ավելի շատ հիշեցնում էին մերձավոր-արլ. և հայկ. վաղքրիստ. արվեստը, քան ժամանակի բյուզ. կամ հայկ. դպրոցները: Միաժամանակ պահել է մի վիպական ոգի, որ հատուկ էր X–XI դդ. Փոքր Հայքի, Մալաթիայի, 1038-ի Ավետարանի և «Վեհափառի Ավետարան»-ի մանրանկարների ոգուն, Աղթամարի վանքի Ս. Խաչ եկեղեցու զարդագոտիների ռելիեֆներին: Մյուս կողմից Վասպուրականի Մ. իր բազմազանությամբ, գրչակենտրոններով ու դպրոցներով (Աղթամարի, Արճեշի, Արծկեի, Աղբակի, Բերկրիի, Խիզանի, Վարագի, Մեծոփի, Վանի, Նարեկի, Լիմի ևն) և մանրանկարիչների արվեստի խոր անհատականությամբ (Զաքարիա Աղթամարցի, Սիմեոն Արճիշեցի, Հովհաննես Խիզանցի, Կիրակոս Աղբակեցի, Ծերուն, Ռստակես, Վարդան Արծկեցի, Գրիգոր Խլաթեցի, Ստեփանոս և ուր.) այնքան էլ մեկուսացած չի եղել և իր ստեղծագործությունների «արխաիկ» բնույթով զուգորդվել է պատմաաշխարհագր. մեծ տարածքի հետ (Եգիպտոս, Ասորիք, Կապադովկիա, իռլանդա-իսպան. ազդեցությամբ արևմտաեվրոպ. ամենաբազմապիսի ձեռագրեր ևն):
1113-ին ստեղծված Աղթամարի հակաթոռ կաթողիկոսությունն իր կնիքն է դրել Վասպուրականի Մ-յան պահպանող. ոգու վրա: Եթե Կիլիկյան Հայաստանում և Գլաձորում պատվիրատուները հիմնականում բարձրաստիճան հոգևորականներն էին, թագավորները, թագուհիները, արքաեղբայրները և արքայորդիները, ապա Վասպուրականում՝ քահանաները, աբեղաները, տանուտերերը, առևտրականները, արհեստավորները: Այդ պատճառով ձեռագրերն ավելի համեստ են՝ հիմնականում թղթից, նկարները՝ գծով և ջրաներկագուաշային թեթևակի մշակումով: Որոշ ձեռագրերում գույնի զարմանալի պայծառությունն ու թափանցիկությունը, գծային անսպառ երևակայությունը, գործող անձանց և պատկերված առարկաների վրա մակագրությունների առատությունը, գծային կորերով առարկաների և բնապատկերի յուրահատուկ հիերոգլիֆային ընկալումը Վասպուրականի դպրոցը դարձրել են հմայիչ և յուրովի գեղագիտական: Գողթն գավառը նույնպես գործել է Վասպուրականի դպրոցի ազդեցության դաշտում:
Վասպուրականի Մ-յան դպրոցի լավագույն ստեղծագործություններից են Մատենադարանի 1294-ի ձեռ. դ 4814, 1305-ի ձեռ. դ 2744, 1306-ի ձեռ. դ 4806, 1338-ի ձեռ. դ 4813, Կիրակոս Աղբակեցու 1330-ի ձեռ. դ 2929, Զաքարիա Աղթամարցու 1357-ի ձեռ. դ 5332, Ծերուն Ծաղկողի 1391-ի ձեռ. դ 8772, Հովհաննես Խիզանցու 1401-ի ձեռ. դ 4223 և այլ Ավետարանները:
XV դ. վերջից և XVI դ. սկզբից Վասպուրականի Մ-յան մեջ կատարվել են որոշակի փոփոխություններ. տեղական ավանդական ձևերն աստիճանաբար կորցրել են իրենց երբեմնի հետաքրքրությունը, կենսունակությունն ու ինքնուրույնությունը և իրենց տեղը զիջել նոր ժամանակների գաղ. միտումներին ու նախասիրություններին: Հայկ. Մ. զարգացել է նաև գաղթավայրերում, որտեղ ստեղծվել են Մ-յան ինքնատիպ դպրոցներ: Դրանցից Ղրիմինը (XIV–XVII դդ.) և Նոր Ջուղայինը (XVII–XVIII դդ.) տվել են արժեքավոր, մնայուն գեղ. գործեր:
Ղրիմի մանրանկարչության դպրոց: Ղրիմի գրիչների, մանրանկարիչների, հատկապես բարձրաստիճան հոգևորականների (գաղթել էին հիմնականում Բարձր Հայքից և Կիլիկիայից) մի քանի սերունդ պահպանել էր կապերը հայրենիքի հետ, և իբրև օրինակելի նմուշներ Ղրիմի մանրանկարիչներն ունեցել են կիլիկյան ձեռագր. օրինակներ, որոնք հետագայում ղրիմահայերի մեծ մասի հետ տեղափոխվել են Նոր Նախիջևան (մեզ հասած ձեռագրերն այժմ գտնվում են Մատենադարանում):
Ղրիմի գրչության և Մ-յան առավել նշանավոր կենտրոններն էին Սուրխաթը (այժմ՝ Ստարի Կրիմ) և Կաֆան (այժմ՝ Թեոդոսիա), որտեղ աշխատել են Գրիգոր Սուքիասանցը, Առաքելը, Նատերի որդիներ Ավետիսը և Ստեփանոսը, վերջինիս որդի Հովհաննեսը: XIV–XV դդ. Ղրիմի Մ-յան դպրոցի լավագույն ձեռագրերից են 1356-ին Սուրխաթում Առաքելի պատկերազարդած Ճաշոցը (Մատենադարան, ձեռ. դ 7408), 1401-ին Կաֆայում Հովհաննեսի պատկերազարդած Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությանը» (Մատենադարան, ձեռ. դ 3863): Սուրխաթի, Կաֆայի, Ղարասուբազարի գրչության կենտրոնները լայնորեն շփվել են իտալացիների և հույների հետ, ուստի հայ մանրանկարիչների գործերում ակներև է ոչ միայն կիլիկյան և Մեծ Հայքի դպրոցների, այլև բյուզ. «պալեոլոգյան» շրջանի (XIII–XIV դդ.) արվեստի ազդեցությունը: Հոգևորականության շրջանում ճգնավոր. կենցաղի, սրբերի և անապատականների նկատմամբ մեծ հետաքրքրությունը Ղրիմի Մ-յան մեջ արտահայտվել է նրանց վարքերը բովանդակող մատյանների պատկերազարդումով («Հարանց վարք», 1430, Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքի մատենադարան, ձեռ. դ 285, ծաղկող՝ Թադեոս Ավրամենց): XVII դ. Ղրիմի հայ մանրանկարիչներից են Խասպեկը (1666-ի Ավետարան, Կաֆա, Մատենադարան, ձեռ. դ 6606), Նիկողայոս Ծաղկարարը (1684-ի Ավետարան, Կաֆա, Մատենադարան, ձեռ. դ 6341) և ուրիշներ:
Նոր Ջուղայի մանրանկարչության դպրոցի մեծագույն ներկայացուցիչը Հակոբ Ջուղայեցին է, որը շարունակել է Վասպուրականի Մ-յան դպրոցի ավանդույթները՝ ձեռք բերելով նոր որակ: Հակոբ Ջուղայեցին հայկ. Մ-յան վերջին մեծ նկարիչն է: XVII–XVIII դդ. հայ գրքի տպագր. մշակույթի զարգացման հետ Մ. աստիճանաբար իր տեղը զիջել է գրքի պատկերազարդման տպագր. արվեստին:
Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան

Комментариев нет:
Отправить комментарий