суббота, 15 ноября 2014 г.

Կրեմլյան հավատաքննիչները

…Կրեմլը Հայաստան ուղարկեց կուսակցական, պետական գործիչներից և գիտնականներից կազմված հանձնախմբեր: Նրանց խնդիրն էր հանդիպել Հայաստանի մտավորականության, աշակերտության, բանվորների և կուսակցական-պետական ղեկավար աշխատողների հետ՝ երեք հիմնական հարց պարզելու համար.

1. Անդրանիկ Օզանյանի հեղինակության և ժողովրդականության բարձրացման պատճառները,
2. Պարզել Եղեռնի 50-ամյակը քաղաքական ուղղվածությամբ ու համաժողովրդական տարողությամբ նշելու շարժառիթները, այդ շարժման ու հայ պահանջատիրության կապը և այդ երկուսի (Եղեռնի հիշատակման ու պահանջատիրության) հնարավոր հակախորհրդային միտումները,
3. Պարզել Հայաստանում ուժեղացող «հակաթուրքական» տրամադրությունների խորքը, պատճառները և միտումները:


Կենտրոնից ժամանած սույն հանձնախմբերը մեծ հույսեր էին կապում փիլիսոփայություն, քաղաքատնտեսություն, կուսակցության պատմություն դասավանդող մասնագետների հետ: Կարծում էին, որ նրանք հանուն հացի կդավաճանեն իրենց ազգային շահերը ու կպաշտպանեն գիծը: Բայց եղավ անսպասելին: Հայ «մարքսիստ մտավորականությունը» դրևորեց իր ազնիվ հայրենասիրական ոգին, իր հեղափոխական ոգին: Անկասկած գտնվեցին թուլամորթներ, պաշտոնամոլներ ու շահամոլներ: Սակայն, տիրապետեց հայ ավանդական հայրենասիրական ոգին: Տեսնում էինք, թե ինչպես «դոգմատիկ», «ստալինական» ու «ծախված» կարծված հայ պրոֆեսորները «հավատաքննիչների» սենյակները մտնում էին հաստափոր գրքերով բեռնավորված: Նրանք իրենց հետ տանում էին Հայ դատի, հայ պահանջատիրության հիմնավորվածությունը, Անդրանիկ Օզանյանի գործի արդարությունը և հայ ազատագրական պայքարի ճտությունը ապացուցող գրքեր, որոնք գրված էին ռուսների, ուկրաինացիների, ֆրանսիացիների, վրացիների, թուրքերի, արաբների և այլ ազգերի գիտնակաների կողմից: Գիտական փաստարկների ճնշման տակ զինաթափ եղած «հավատաքննիչները» ստիպված դիմում էին սպառնալիլքների:

…Հիշում եմ հանգուցյալ Անդրանիկ Ծառուկյանի խոսքերն այն մասին, որ հայաստանցուն կարելի է շատ բան ծախել, որովհետև դրանց պակասն ունի, իսկ նրան անհնարին է հայրենասիրություն վաճառել կամ սովորեցնել: Նա դրանով հարուստ է, շատ հարուստ:

«Հավատաքննիչները» Հայաստան եկան իբրև հայագիտությանը անտեղյակ մարդիկ, ու մեկնեցին հայագիտական լուրջ մի դասընթաց ավարտած: Նրանք զարմացան հայ նոր «մարքսիստների» կեցվածքով:

Պրոֆեսոր Գևորգ Խրլոպյան, Ցեղասպանագիտություն, Բեյրութ, 2006թ.

Комментариев нет:

Отправить комментарий