вторник, 11 ноября 2014 г.

Մանանդյան Հակոբ Համազասպի

Մանանդյան Հակոբ Համազասպի (22.11.1873, Ախալցխա – 4. 2. 1952, Երևան), պատմաբան, բանասեր, աղբյուրագետ: Պրոֆ. (1925), պատմ. գիտ. դոկտոր (1938), ԽՍՀՄ ԳԱ ակադ. (1939), ՀԽՍՀ ԳԱ ակադ. (1943): Գիտ. վաստ. գործիչ (1935): Սկզբ. կրթությունն ստացել է Ախալցխայի Կարապետյան վարժարանում (1880–83), ապա սովորել է Թիֆլիսի 1-ին դասական գիմնազիայում (1883–93), Ենայի, Լայպցիգի, Ստրասբուրգի համալսարաններում (1893–97), մասնագիտացել արևելագիտության և լեզվաբանության մեջ: Էքստեռն կարգով ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի արլ. լեզուների ֆակ-ը (1898) և Յուրևի (Դորպատ) համալսարանի իրավաբ. ֆակ-ը (1909): 1900–05-ին դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1906–1907-ին՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, 1920-ին՝ Հայաստանի համալսարանում: Եղել է նույն համալսարանի պատմալեզվագր. ֆակ-ի դեկանի պաշտոնակատար, 1921-ին՝ ԵՊՀ ռեկտոր, 1921–23-ին՝ արևելագիտ. և պատմագր. ֆակ-ների դեկան, 1921–1925-ին՝ հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ, 1925–31-ին՝ նույն ամբիոնի պրոֆ.:


Մ. հեղինակ է հայ., ռուս., գերմ. լեզուներով գրված շուրջ 150 աշխատությունների՝ նվիրված հայոց հին և միջնադարյան պատմությանն ու բանասիրությանը, պատմ. աշխարհագրությանը, չափագիտությանն ու վիմագրությանը, մշակույթին: Մ. զբաղվել է հուն. իմաստասիր. երկերի հայ. թարգմանությունների (Թեոն Աղեքսանդրացի, Հերմես Եռամեծ), հայոց մատենագիտության, այսպես կոչված՝ հունաբան դպրոցի գործունեության («Հունաբան դպրոցը և նրա զարգացման շրջանները», 1928), հատկապես Դավիթ Անհաղթի իմաստասիր. ժառանգության ուսումնասիրությամբ: «Հունաբան դպրոցը...» աշխատությունում հեղինակն արծարծել է խնդիրներ, որոնք առնչվում են Հայ եկեղեցու և դավանության պատմության կնճռոտ հարցերին (հունաբան դպրոցի և թարգմանությունների սկզբնավորման, դավան. պայքարին հայոց մասնակցության և Քաղկեդոնի ժողովի մերժման ժամանակի վերաբերյալ՝ կապված Տիմոթեոս Կուզի «Հակաճառություն» երկի հայերեն թարգմանության թվականի ճշտման հետ), ինչպես նաև Մովսես Խորենացու և Հովհաննես Ա Մանդակունու անունով «Գիրք թղթոց»-ում պահպանված երկու դավան. գրությունների հեղինակային պատկանելությանը ևն:

«Մեսրոպ Մաշտոցը և հայ ժողովրդի պայքարը մշակութային ինքնուրույնության համար» (1941, ռուս.) աշխատության մեջ Մ. բացահայտել է հայոց գրերի պատմության հետ կապված մի շարք խնդիրներ և հանգել այն եզրակացության, որ դրանք ստեղծվել են 392–393-ի ընթացքում: Մ. բազմաթիվ ուսումնասիրություններում անդրադարձել է Հայ եկեղեցու պատմությանը և մատնանշել նրա կարևոր դերը հայ ժողովրդի հոգևոր, մշակութ. ու քաղ. կյանքում: Մասնավորապես քննարկման առարկա է դարձրել հին հուն. բնափիլ. և աստվածաբան. գրականության հայերեն թարգմանությունների հանգամանքները, ինչպես, օր., «Գրիգոր Նազիանզացու ճառերի Նոնոսի մեկնությունների հին հայերեն թարգմանությունը» (1903, գերմ.), «Դավիթ Անհաղթի խնդիրը նոր լուսաբանությամբ» (1904), «Մեկնութիւն Ստորոգութեանցն Արիստոտելի, ընծայեալ Էլիասի Իմաստասիրի» (1911) և այլ ուսումնասիրություններ, ցույց տվել, որ հետաքրքրությունը դեպի անտիկ փիլիսոփայությունը ընդլայնել է հայերի մտահորիզոնը, ձևափոխել նրանց կրոն. մտածողության բացառիկությունը:

Մ. ուսումնասիրություններ է կատարել քրիստոնեությունը պետ. կրոն հռչակելու ժամանակի վերաբերյալ և տեսակետ հայտնել, թե Հայաստանում քրիստոնեությունը պետ. կրոն է հռչակվել միայն Մաքսիմիանոս կայսրի մահից հետո, հավանաբար՝ 314–316-ին: Քրիստոնեությունը պետ. կրոն ընդունելը համարել է քաղ. կարևորագույն գործոն՝ պարսիկների համաձուլողական քաղաքականության դեմ պայքարելու և զրադաշտականությունից խուսափելու միջոց:

1903-ին Հ. Աճառյանի հեղինակակցությամբ հրատարակել է «Հայոց նոր վկաները» վկայաբան. ժողովածուն, որտեղ ընդգրկված են 1155–1843-ի ընթացքում դավանանքի համար նահատակվածներին նվիրված պատմ. ու գեղ. ստեղծագործություններ՝ ձեռագրերի բաղդատությամբ, անհրաժեշտ ծանոթագրություններով:

Պետրոս Հովհաննիսյան

Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան

Комментариев нет:

Отправить комментарий