вторник, 11 ноября 2014 г.

Ճգնավորություն

Ճգնավորություն, ճգնակեցություն, հասարակությունից առանձնացած որոշակի ապրելաձև, որի նպատակն է զսպել և սահմանափակել մարդկային բնության մարմնավոր մղումներն ու հակումները հանուն հոգևոր և բարոյական կատարելագործման: Ճ. զատորոշվում է անապատականությունից: Վերջինս նաև հոգևոր ընդդիմություն է հասարակության մեջ առկա մերժելի երևույթներին, մինչդեռ Ճ. հոգևոր ներանձնական կյանքի մի ճանապարհ է և ենթադրում է հոգևոր մաքրագործմամբ ու կենտրոնացումով հաղորդակցում Աստծո հետ:


Քրիստոնեության մեջ Ճ. երևան է եկել II–III դդ. (Եգիպտոսի անապատներում), երբ շատ քրիստոնյաներ, հետևելով Եղիա մարգարեի և Հովհաննես Մկրտչի օրինակին, հրաժարվել են աշխարհիկ կյանքից ու վայելքներից, հեռացել են անապատներ, տրվել ճգնության և աղոթքի: Առաջին քրիստ. ճգնավորները (նշանավոր էին Պողոս Թեբեացին, Անտոն Անապատականը, Պախոմիոսը և ուր.), որոնք նաև առաջին անապատականներն էին, չեն ունեցել նվիրապետ. աստիճաններ, այլ, հովվական և այլ պարտավորություններից զերծ լինելով, ինքնազրկմամբ ձգտել են հասնել բարոյական մաքրության և Աստծո հետ մերձեցման:

IV դ. Ճ. տարածում է ստացել նաև Պաղեստինում, Կապադովկիայում, Հայաստանում, ավելի ուշ՝ Եվրոպայում (հատկապես՝ Իտալիայում և Իսպանիայում): Սակայն Ճ-յան խստակրոն կենսակերպը եկեղեցու կյանքում մեծ տարածում չի ստացել, և շուտով ճգնավոր. խմբերը միավորվել են, ստեղծվել են միաբանություններ, հաստատվել են կանոններ (այդ գործում մեծ դեր են խաղացել հատկապես Բարսեղ Կեսարացու վանական կանոնադրությունները), որոնք պարտադիր էին բոլորի համար. բացառվում կամ չէին խրախուսվում ծայրահեղությունները: Հիմնվել են առաջին վանքերը, որոնց մեջ աստիճանաբար ներառվել են նաև եկեղեցու ծառայողները՝ կուսակրոն հոգևորականները:

Ասկետիկ, խստակրոն Ճ., իր որոշ առանձնահատկությունները պահպանելով հանդերձ, միջին դարերում իր տեղը զիջել է վանականությանը: Ճգնավորների համառոտ վարքերը և նրանց հոգեշահ խրատներն ամփոփված են «Վարք հարանց» կոչված ժողովածուներում: Ճ-յան հիմքում ընկած է մարդկային բնության ներքին երկվության գաղափարը: Հոգին և մարմինը համարվում են գոյաբանորեն հակադիր սկզբունքներ, ընդ որում՝ հոգին, ունենալով ավելի բարձր կարգավիճակ, պետք է գերիշխի մարմնի վրա: Ճգնակեցությունը ձգտում է պաշտպանել հոգին մարմ. բնազդներից, հնազանդեցնել մարմինը և այն ենթարկել հոգու կամքին՝ դարձնելով մարմինը հոգու հլու գործիք:

Ճ. բնորոշ է բոլոր զարգացած կրոն. վարդապետություններին, սակայն քրիստոնեության մեջ, ի տարբերություն արլ. կրոնների և մի շարք աղանդների, մարմնական բնությունն ինքնին չարիքի պատճառ չի համարվում: Մարմինը նույնպես արարված է Աստծո կողմից և, ըստ այդմ, բարի է իր բնությամբ: Մարմինն ապականվել է՝ ենթարկվելով չարին սոսկ ադամական մեղքի հետևանքով, ուստի ճգնավոր. կյանքի հիմն. նպատակը ոչ այնքան մարմնի արտաքին խոշտանգումն է, որքան մարմնին հատուկ մեղքերի ներքին հաղթահարումը:

Քրիստոնեության մեջ Ճ. ինքնանպատակ չէ, այլ՝ միջոց Աստծո անմիջական գերզգայական ճանաչողության և նրա հետ միավորվելու համար: Քրիստ. հոգևոր ավանդույթի մեջ մշակվել է Աստծո հետ վերամիավորմանը նպաստող ճգնակեց. կյանքի մի ճանապարհ, որի արդյունավետությունն արտացոլված է քրիստոնյա բազում խորհրդազգացների (միստիկների) հոգևոր փորձառությամբ և ներանձնական կյանքով: Քրիստ. խորհրդապաշտությունը, ինչպես այլ կրոնների խորհրդապաշտ. ուսմունքները, ձգտում է հասնել աստվածային բնության անմիջական հայեցողությանը: Հոգևոր կատարելությանը նպաստող բարոյական նորմերը, ճգնավոր. կենսաձևերը, հայեցողական խոկման հնարները որոշակի ընդհանրություններ ունեն քրիստ. և ոչ քրիստ. խորհրդապաշտություններում: Սակայն քրիստ. խորհրդապաշտությունն ունի իր առանձնահատկությունները, և քրիստոնյա խորհրդազգացների հոգևոր փորձը տարբերվում է այլ կրոնների հետևորդների միստիկ. ընկալումներից:

Արլ. կրոններում հնարավոր է համարվում խորհրդապաշտի հոգու նույնացումը բացարձակ Նախապատճառի հետ, և այդ պատկերացումը գալիս է արլ. կրոններին բնորոշ անդեմ աստվածային էության և վերջինիս հետ մարդու հոգու գոյաբան. նույնության գաղափարից: Քրիստոնեությունը, որն Աստծուն ընկալում է իբրև բացարձակ Անձ, իսկ մարդկային հոգին համարում լոկ մի արարած, ադամական մեղսագործությամբ Աստծուց հեռացած և էապես տարբեր իր Արարչից, ժխտում է Աստծո և մարդու հոգու նույնացման հնարավորությունը: Բացի այդ, ոչ քրիստ. խորհրդապաշտության մեջ հիմնականում իշխում է այն համոզմունքը, որ մարդը կարող է բացարձակի հետ միստիկ. միության հասնել իր սեփական հոգևոր ջանքերի շնորհիվ, մինչդեռ քրիստոնյա խորհրդապաշտները հոգու մաքրագործումը և գերզգայական հայեցողությունն անհնարին են համարում առանց աստվածային շնորհի աջակցության և օգնության:

Աստծո հետ վերամիավորման ուղին բաժանվում է 3 մասի. դրանք են՝ ապաշխարությունը, մաքրագործումը և Սուրբ Հոգու շնորհի ընդունումը: Ապաշխարությունը կամավոր հրաժարումն է ամեն տեսակ մեղսավոր խոհերից և հակումներից: Խոստովանական ապաշխարությունը քրիստոնյային մեղքերից ձերբազատվելու հնարավորություն է ընձեռում, իսկ հանցանքների բուն թողությունը նա ստանում է՝ հաղորդվելով Քրիստոսի փրկարար մարմնին և արյանը: Ապաշխարությունն ու հաղորդությունն ազատում են քրիստոնյային մեղքի կապանքներից և մաքրագործում նրա հոգին: Բոլոր մեղքերից և չար խորհուրդներից ձերբազատվելը մաքրագործում է սիրտը և հանդարտեցնում այն: Հանդարտությունը (հուն.՝ – հեսյուքիա) հոգու կատարյալ խաղաղություն է և ներքին լռություն, ինչն անհրաժեշտ է Սուրբ Հոգու շնորհի և Աստծո անեղ փառքի ճառագումներն ընկալելու համար: Միայն սրտի մշտական հանդարտությունը հնարավորություն է ընձեռում աղոթողին կտրվել այս աշխարհից և թափանցել աստվածային գոյի անդրանցական ոլորտը:

Ըստ քրիստ. ճգնակեց. ավանդույթի՝ Աստծո հետ մերձեցումը և առ Աստված սերը անհասանելի է առանց առաքինությունների (հավատ, հույս, սեր, աղոթք, պահք, ողորմություն ևն): Ճգնակեց. բարոյականությունը սերտորեն կապված է քրիստ. մարդաբանության և հոգեբանության հետ: Վերջինիս համաձայն, ըստ Գրիգոր Տաթևացու, հոգին բաղկացած է 3 մասից՝ բանական, ցասմնական և ցանկական, և դրանցից յուրաքանչյուրն ունի իրեն բնորոշ առաքինությունները, համապատասխանաբար՝ խոհականությունը, արիությունը և ողջախոհությունը: Սրբագործվելով ապաշխարության և առաքինասեր վարքի միջոցով` քրիստոնյան արժանանում է Սուրբ Հոգու շնորհին, որ պարգևում է նրան հոգևոր հայեցողական ճանաչողության կարողություն:

Գործնական աստվածապաշտությունը հայոց մեջ, ինչպես ողջ արևելաքրիստ. ավանդությունում, համակված է խորհրդապաշտ. ոգով: Հայաստանում մեծ տարածում ստացած Ճ-յան հետ է կապված հայեցողական աստվածաճանաչողությունը: Մեծագույն հայ ճգնավորներից և խորհրդապաշտներից էին Գրիգոր Ա Լուսավորիչը, Մեսրոպ Մաշտոցը, Հովհաննես Ա Մանդակունին, Հովհաննես Գ Օձնեցին, Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Ներսես Լամբրոնացին, Գրիգոր Տաթևացին և այլք:
Արթուր Մաթևոսյան

Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան

Комментариев нет:

Отправить комментарий