вторник, 11 ноября 2014 г.

Ճաշոց

Ճաշոց, Տոնամակ, Տոնանամակ, Հայ առաքելական եկեղեցու ծիսամատյան: Ճ-ի բովանդակությունը Տերունի տոների տարեկան տոնակարգի սահմանումն է՝ համապատասխան ընթերցվածներով: Պարունակում է կեսօրվա («ճաշու») ժամերգության ընթերցվածները և երգասացությունները: Ճ-ի նախն. կազմավորումն ավանդաբար կապվում է Երուսաղեմի առաջին եպիսկոպոս Հակոբոս Տյառնեղբոր (I դ.) և Կյուրեղ Երուսաղեմացու անունների հետ:


Ենթադրվում է, որ այլ ծիսամատյանների հետ Ճ. հայերեն է թարգմանվել և կարգավորվել V դ.: Ընթերցվելիք նյութը հիմնականում քաղված է Հին և Նոր կտակարաններից, հատկապես՝ Գործք առաքելոցից, որն ընդմիջարկվել է սկզբ. շրջանում՝ համապատասխան սաղմոսներով և մարգարեական օրհնություններով, իսկ ավելի ուշ՝ նաև շարականներով: Հայտնի են Ճ-ի երուսաղեմյան, մինչվկայասերյան և վկայասերյան տարատեսակները, որոնց բոլորին բնորոշն այն է, որ տոները ամսաթվային չեն, այլ շարժական՝ շաբաթվա օրերով սահմանված (օր., «Զ կիրակի զկնի Հոգեգալստեան», որը նշանակում է՝ Հոգեգալուստի տոնից հետո վեցերորդ կիրակին):

Ժամանակի ընթացքում Ճ., մասամբ դավան. նկատառումներով և մասամբ անփութության հետևանքով, ենթարկվել է զանազան փոփոխությունների և այլայլումների, որոնք VIII դ. վերացրել է Հովհաննես Գ Օձնեցի կաթողիկոսը: Նա կարգավորել և վերստին հաստատել է Կյուրեղ Երուսաղեմացու սահմանած ընթերցումները: XI դ. Գրիգոր Բ Վկայասեր կաթողիկոսի ջանքերով Ճ. մուտք է գործել նաև տոմարական տոնակարգը՝ տոների ամսաթվային նշումներով: Նույն շրջանում Տերունի տոների կողքին Ճ-ում իրենց ընթերցվածներով սահմանվել են նոր՝ հայկ. տոներ, նվիրված Մեսրոպ Մաշտոցին, Սահակ Ա Պարթևին, Թարգմանչաց, Վարդանանց, Ղևոնդյանց, Վահան Գողթնացուն և Հայ եկեղեցու մյուս ս. հայրերին, վկաներին և պատմ. իրադարձություններին, ինչի շնորհիվ ծիսամատյանի դիմագիծն առավել ազգայնացել է: Աստվածաշնչյան ընթերցումներից զատ Ճ-ի մեջ ներառված են տարբեր հատվածներ ինչպես Հայ եկեղեցու հայրերի (Եղիշե՝ աղոթք «Այլակերպության», Զաքարիա Ա Ձագեցի՝ ներբող խաչի «Խաչվերաց», Ներսես հայրապետ՝ աղոթք «Խաղողօրհնեք», Ներսես Լամբրոնացի՝ աղոթք «Հոգեգալուստ», Հովհաննես Երզնկացի Պլուզ՝ խրատ «Ոտնլվայի»), այնպես էլ հույն և ասորի հայրերի (Բարսեղ Կեսարացի, Հովհան Ոսկեբերան, Կյուրեղ Երուսաղեմացի, Եփրեմ Ասորի, Հակոբ Սրճեցի) մատենագր. ժառանգություններից: Ճ-ի հնագույն ձեռագրերը թվագրում են VIII–IX դդ.: Ճ-ները նաև պատկերազարդվել են: Մատենադարանում պահվող Ճ-ներից առանձնանում է «Հեթում Բ թագավորի Ճաշոցը» (1286, ձեռ. դ 979):

Հակոբ Քյոսեյան

Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան

Комментариев нет:

Отправить комментарий