вторник, 11 ноября 2014 г.

Մաթուսաղա

Մաթուսաղա, Մաթուսաղա Սյունեցի, Քերթող (ծ. թ. անհտ – 652), աստվածաբան, փիլիսոփա, րաբունապետ, Սյունիքի եպիսկոպոս (634-ից): Կենսագր. ստույգ տվյալներ մեզ չեն հասել: Կրթությունն ստացել է Սյունյաց վարդապետարանում, որտեղ և դասավանդել է: Եղել է ժամանակի ամենահեղինակավոր դավանաբան վարդապետներից:


Ստեփանոս արք. Օրբելյանը նրան անվանել է «մեծ քերթող և անհաղթ փիլիսոփա»: 633-ի Կարինի ժողովին մասնակցելու համար Հայոց իշխան Թեոդորոս Ռշտունին և նախարարները Հայոց կաթողիկոս Եզր Ա Փառաժնակերտցուն խորհուրդ են տվել որպես գիտուն աստվածաբանների իր հետ տանել Մ-ին և Հովհան Մայրավանեցուն՝ հույների հետ դավան. խնդիրներում ճիշտ կողմնորոշվելու համար: Մ., չցանկանալով թողնել վարդապետարանի գործը և պատճառաբանելով տկարությունը, Կարին է ուղարկել իր աշակերտ, Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի եղբորորդի Թեոդորոսին՝ հայոց դավանության մասին Բյուզ. Հերակլ կայսրին ուղղված իր թղթով: Դա Հերակլ կայսրի՝ հայերին ուղարկած դավան. գրի պատասխանն էր: Թղթում, որը զետեղված է Ստեփանոս արք. Օրբելյանի «Պատմութիւն նահանգին Սիսական» աշխատության մեջ, Մ. հերքել է եվտիքականությունը, նեստորականությունը, քաղկեդոնականությունը, անդրադարձել երևութականության, անապականության խնդիրներին: Հեղինակը խոսում է «Երգ Երեքսրբենի» («Սուրբ Աստված») սրբասացության մեջ «խաչեցար»-ի հավելման մասին և հիմնավորում այդ հարցում Հայ եկեղեցու ուղղափառությունը:

Անդրադառնալով այն մեղադրանքներին, թե Հայ եկեղեցին «Աստված խաչված» և «անմահն խաչված» է ասում, Մ. պատասխանում է, որ այստեղ ոչ մի հերետիկոսություն չկա, քանզի «անչարչարը չարչարվեց չարչարողով, անմահը մեռավ մահկանացուով, այսինքն թե՝ անչարչար Բանն Աստված մեռավ իր մարմնով» (Ստեփանոս Օրբելյան, «Սյունիքի պատմություն», 1986, էջ 141): Մ. շեշտել է, թե աստվածայինի և մարդկայինի անքակտելի և անճառելի միավորությամբ է, որ ասում ենք «Աստված խաչվեց» կամ «Աստված չարչարվեց», հետևաբար, «ով չի ասում «Աստված խաչված», չի էլ ընդունում Աստծուն Կույսից ծնված, իսկ Կույսին՝ Աստվածածին... քանի որ Հիսուս Քրիստոսը ուրիշ մեկը չէ, Բանն Աստված՝ ուրիշ, այլ՝ նույն և մեկ Աստված՝ ծնված Կույսից, իր աստվածությամբ նույն անչարչարելին, նույն անմահն ու նույն մեռածն իր մարմնով»:

Մ. Հայ եկեղեցու ուղղափառությունը դավան. տարբեր հարցերում հիմնավորել է Ս. Գրքից վկայակոչումներով և եկեղեցու հայրերի գրվածքներից մեջբերումներով:

Արտաշես Ղազարյան
Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան

Комментариев нет:

Отправить комментарий