вторник, 11 ноября 2014 г.

Ճռաքաղ

Ճռաքաղ, կրոնական, բանասիրական երկշաբաթաթերթ, ապա՝ ամսագիր (1860-ից): Լույս է տեսել 1858–62-ին, Մոսկվայում: Խմբագիր-հրատարակիչներ՝ Մ. և Զ. Մսերյաններ: Կրել է «Յարձակ և ի չափածոյ բանից հին և նոր մատենագրաց» ենթավերնագիրը: «Ճ.», լինելով հայ հոգևորականության պահպանողական թևի խոսափող, լեզվի, կրոնի, եկեղեցու, լուսավորության հարցերում հակադրվել է «Հյուսիսափայլին», որն արծարծել է Հայ եկեղեցու բարեկարգման, կրոն. հանդուրժողականության, խղճի ազատության, ժողովրդի լուսավորության հարցեր, ձաղկել ազատ մտածողության և նորի հանդեպ թշնամ. վերաբերմունքը:


Ամսագիրը, հատկապես 1859–61-ին, տպագրել է հոգևոր գործիչների բազմաթիվ թղթեր, ճառեր, քարոզներ, պատմ. վավերագրեր, հատվածներ Մ. Չամչյանի, Ուխտանես եպիսկոպոսի, Եվսեբիոս Կեսարացու և ուր. գործերից, ակնարկներ՝ նվիրված հայ պատմիչների կյանքին ու գործունեությանը, միջնադարյան տաղեր, կրոն. տոների, ծեսերի մեկնաբանություններ: «Ճ.»-ի խմբագիրների համոզմամբ, «... առավել, քան զամենայն ինչ՝ կրօնն է, որ բարվոքում է՝ որպես զիւրաքանչիւր առանձնական մարդոյ՝ նոյնպէս և զամբողջ ազգի կամ ժողովրդի բարոյական վիճակը»՝ դառնալով «լուսաւորութեան և յառաջադիմութեան» անսպառ աղբյուր («Ճռաքաղ», 1860, դ 1, էջ 4):

Գրական բաժնում Մ. Մսերյանը մշտապես հանդես է եկել կրոն. բնույթի բանաստեղծություններով, սաղմոսների մեկնություններով, չափածոյի է վերածել հայկ. առասպելներ, պատմ. որոշ անցքեր: «Ճ.» տպագրել է Ա. Արարատյանի, Սեյադի և այլոց ինքնուրույն գործերը, Զ. Մսերյանի թարգմանությունները, ներկայացրել է Լազարյան ճեմարանի շնորհալի աշակերտների ստեղծագործությունները (Մ. Սադաթյան, Ս. Շահազիզ): Ամսագրի լեզուն հիմնականում գրաբարն էր:

Մարգո Մխիթարյան

Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան

Комментариев нет:

Отправить комментарий