ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
3 դեկտեմբերի 1996 թ.
Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության անվտանգության (քաղաքացիների, հանրության և պետության կենսական կարևոր շահերի) ապահովման նպատակով որոշակի բնագավառի տեղեկություններ պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու, գաղտնազերծելու և պաշտպանելու կապակցությամբ ծագող հարաբերությունները, սահմանում է պետական և ծառայողական գաղտնիք հասկացությունը, գաղտնիության աստիճանները, գաղտնիք կազմող տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու, պահպանելու, գաղտնազերծելու, օգտագործելու իրավական հիմքերը, գաղտնիքին առնչվող հարաբերություններում պետական մարմինների լիազորությունները:
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ
Սույն օրենքի դրույթները ենթակա են պարտադիր կատարման Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս Հայաստանի Հանրապետության պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից), պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից որոնք իրենց կարգավիճակով պարտավոր են կամ պարտավորություն են ստանձնել կատարել պետական և ծառայողական գաղտնիքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները:
(1-ին հոդվածը լրաց., փոփ. 20.03.02 ՀՕ-318)
Հոդված 2. ՊԵՏԱԿԱՆ և ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
Պետական գաղտնիքը Հայաստանի Հանրապետության ռազմական, արտաքին հարաբերությունների, տնտեսական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառների այն տեղեկություններն են, որոնք պաշտպանվում են պետության կողմից, և որոնց տարածումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության համար:
Ծառայողական գաղտնիքը սույն հոդվածի առաջին մասով նախատեսված բնագավառների այն տեղեկություններն են, որոնք պաշտպանվում են պետության կողմից, և որոնց տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը: Այդպիսի տեղեկությունները, որպես կանոն, պարունակում են պետական գաղտնիքի մաս կազմող տվյալներ, սակայն ինքնին չեն բացահայտում պետական գաղտնիքը:
Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները համարվում են Հայաստանի Հանրապետության սեփականությունն ու պահպանվում ու պաշտպանվում են պետության կողմից:
(2-րդ հոդվածը փոփ. 20.03.02 ՀՕ-318)
Հոդված 3. ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԳՈՐԾԱԾՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սույն օրենքում գործածվում են հետևյալ հասկացությունները.
1. Պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների կրողները (այսուհետ` տեղեկակիրներ) այն նյութական օբյեկտներն են, այդ թվում` ֆիզիկական դաշտերը, որոնցում պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններն արտահայտվում են պատկերների, պայմանանշանների, ազդանշանների, տեխնիկական լուծումների և գործընթացի ձևով:
2. Պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների տարածումը, այդպիսի տեղեկությունների հրապարակումը կամ հոսակորուստն է.
ա) հրապարակումը սույն օրենքով գաղտնիք կազմող տեղեկությունների փոխանցումը, հաղորդումը, տրամադրումը, առաքումը, ինչպես նաև որևէ ձևով մատչելի դարձնելն է այն անձանց, ովքեր այդպիսի տեղեկություններին առնչվելու թույլտվություն չունեն.
բ) հոսակորուստը սույն օրենքով գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող, ինչպես նաև դրանց պահպանության համար պատասխանատու անձանց անփութության հետևանքով այդպիսի տեղեկությունների արտահոսքը կամ կորուստն է:
3. Տեղեկությունների գաղտնագրումը պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների և այդպիսի տեղեկակիրների տարածման նկատմամբ սահմանափակումների կիրառումն է:
4. Տեղեկությունների գաղտնազերծումը պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների և այդպիսի տեղեկակիրների տարածման նկատմամբ սահմանափակումների վերացումն է:
5. Պետական կամ ծառայողական գաղտնիքի պաշտպանությունը օրենսդրությամբ նախատեսված իրավական, կազմակերպական, ինժեներատեխնիկական և այլ անհրաժեշտ միջոցների ու հնարքների համակարգված կիրառումն է, որն ուղղված է պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանության և պաշտպանության ապահովմանը:
(3-րդ հոդվածը փոփ. 20.03.02 ՀՕ-318)
Հոդված 4. ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ
Ելնելով պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների կարևորությունից, բնույթից, դրանց պաշտպանության համար անհրաժեշտ միջոցների ծավալից` սահմանվում են գաղտնիության երեք աստիճաններ`
ա) «Հատուկ կարևորության»,
բ) «Հույժ գաղտնի»,
գ) «Գաղտնի»:
Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների գաղտնիության աստիճանը պետք է համապատասխանի նշված տեղեկությունների տարածման հետևանքով Հայաստանի Հանրապետության անվտանգությանը պատճառվելիք հնարավոր վնասի ծանրության աստիճանին:
Գաղտնիության աստիճաններին համապատասխան` պետական գաղտնիքի տեղեկակիրներին տրվում են «Հատուկ կարևորության» և «Հույժ գաղտնի», իսկ ծառայողական տեղեկակիրներին` «Գաղտնի» դրոշմագրերը:
(4-րդ հոդվածը փոփ. 20.03.02 ՀՕ-318)
Հոդված 5. ՊԵՏԱԿԱՆ և ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների և այդպիսի գաղտնիքի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով և դրան համապատասխան ընդունված այլ իրավական ակտերով:
Հոդված 6. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ
Այլ պետությունների գաղտնիքների և Հայաստանի Հանրապետության պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Հոդված 7. ԱՅԼ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ
Սույն օրենքի պահանջները չեն տարածվում այլ տեսակի կամ բնույթի («Ծառայողական օգտագործման համար», «Հրապարակման ենթակա չէ» կամ այլ դրոշմագիր ունեցող, ինչպես նաև առևտրատնտեսական ու գործունեության այլ բնագավառի) տեղեկությունների վրա, որոնք, թեև պարունակում են որևէ բնագավառի գաղտնի տեղեկություններ, սակայն սույն օրենքին համապատասխան չեն դասվում պետական կամ ծառայողական գաղտնիքի շարքին:
(7-րդ հոդվածը փոփ. 20.03.02 ՀՕ-318)
Հոդված 8. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ և ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՇԱՐՔԻՆ ԴԱՍԵԼՈՒ և ԴՐԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ և ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Հայաստանի Հանրապետության Նախագահը`
ա) որոշում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմում պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության ապահովման ուղղությամբ պաշտոնատար անձանց լիազորությունները.
բ) իր իրավասության սահմաններում իրականացնում է տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու և դրանց պաշտպանության բնագավառում այլ լիազորություններ:
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 20.03.02 ՀՕ-318)
3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
ա) ապահովում է սույն օրենքի կատարումը.
բ) մշակում և հաստատում է պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության բնագավառում պետական ծրագրերը և ապահովում այդ ծրագրերի գործնական իրականացումը.
գ) մշակում և հաստատում է տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկը.
դ) մշակում և հաստատում է պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը.
ե) ձեռնարկում է միջոցներ պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները համատեղ օգտագործելու և պաշտպանելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կատարման ուղղությամբ և իր կողմից, սահմանված կարգով, որոշումներ է ընդունում պետական և ծառայողական գաղտնիքի տեղեկակիրներն այլ պետություններին փոխանցելու հնարավորության մասին.
զ) սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հաշվառման, պահպանման և փոխանցման կարգը.
է) սահմանում է մամուլում և լրատվության մյուս միջոցներում, ինչպես նաև արտասահման առաքվող նյութերում պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների տարածման նկատմամբ պետական վերահսկողության իրականացման կարգը.
ը) («ը» կետն ուժը կորցրել է 20.03.02 ՀՕ-317)
թ) սահմանում է պետական և ծառայողական գաղտնիքի տեղեկակիրների հետ ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց վարվելու կարգը.
ժ) հաստատում է պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության կառուցվածքային ստորաբաժանումների ձևավորման և գործունեության կազմակերպման կարգը.
ժա) սահմանում է մշտական հիմունքներով պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարող քաղաքացիների և այդպիսի գաղտնիքի պաշտպանության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցների համար արտոնությունների հատկացման չափերն ու կարգը.
ժբ) որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության ապահովման ուղղությամբ պաշտոնատար անձանց լիազորությունները.
ժգ) իր իրավասության սահմաններում իրականացնում է տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու և դրանց պաշտպանության բնագավառում այլ լիազորություններ:
4. Հանրապետական գործադիր, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները`
ա) ապահովում են պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության բնագավառում համապատասխան ծրագրերի իրականացումը, ինչպես նաև պետական և ծառայողական գաղտնիքի մասին օրենսդրության պահանջների կատարումն իրենց ենթակա ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում.
բ) իրենց իրավասության սահմաններում ապահովում են պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծումը և գործունեությունն իրենց ենթակա ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում, որոշումներ են ընդունում այդպիսի ստորաբաժանումների վերակազմավորման կամ լուծարման մասին.
գ) («գ» ենթակետն ուժը կորցրել է 20.03.02 ՀՕ-318)
դ) իրենց իրավասության սահմաններում իրացնում են պետական և ծառայողական գաղտնիքի մասին օրենսդրությամբ նախատեսված միջոցները` համապատասխան անձանց արտոնությունների հատկացման և իրավունքների սահմանափակման ուղղությամբ.
ե) պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության համակարգի ձևավորման և գործող համակարգի կատարելագործման վերաբերյալ կարող են մշակել առաջարկություններ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը.
զ) իրենց իրավասության սահմաններում իրականացնում են տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու և դրանց պաշտպանության բնագավառում այլ լիազորություններ:
5. Սահմանադրական դատարանը, դատական և դատախազական մարմինները`
ա) ապահովում են պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանությունն իրենց գործունեության ընթացքում.
բ) սահմանում են սահմանադրական դատարանում, դատական և դատախազական մարմիններում պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության ապահովման ուղղությամբ պաշտոնատար անձանց արտոնությունները:
(8-րդ հոդվածը փոփ. 20.03.02 ՀՕ-317, փոփ., լրաց. 20.03.02 ՀՕ-318)
Գ Լ ՈՒ Խ 2
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՇԱՐՔԻՆ ԴԱՍՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 9. ՊԵՏԱԿԱՆ և ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՇԱՐՔԻՆ ԴԱՍԵԼՈւն ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Պետական և ծառայողական գաղտնիքի շարքին կարող են դասվել հետևյալ տեղեկությունները.
1. Ռազմական բնագավառում`
ա) զինված ուժերի ռազմավարական և օպերատիվ պլանների, օպերացիաների նախապատրաստման և անցկացման, զորքերի ռազմավարական, օպերատիվ և զորահավաքային ծավալման, նրանց մարտունակության և զորակոչային պահեստազորի ստեղծման ու օգտագործման վերաբերյալ փաստաթղթերի բովանդակության մասին.
բ) ռազմարդյունաբերական համալիրի ծրագրերի, դրանց բովանդակության և կատարման արդյունքների, սպառազինությունների և ռազմական տեխնիկայի զարգացման ուղղությունների, դրանց մարտավարատեխնիկական բնութագրերի ու մարտական կիրառության հնարավորությունների մասին.
գ) հատուկ կարևորության և ռեժիմային օբյեկտների տեղաբաշխման, նշանակության, պաշտպանվածության ու պատրաստականության աստիճանի, դրանց նախագծման և շինարարության, ինչպես նաև այդ օբյեկտների համար տարածքներ հատկացնելու մասին.
դ) Հայաստանի Հանրապետության տարածքում դաշնակից պետությունների և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի միավորումների ու զորամասերի տեղաբաշխման, իսկական անվանումների, կազմակերպչական կառուցվածքի, զինվածության և թվաքանակի մասին.
ե) ռազմական դրության ժամանակ բնակչության պաշտպանվածության, ապահովվածության աստիճանի մասին:
2. Արտաքին հարաբերությունների բնագավառում`
Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական, արտաքին տնտեսական (առևտրային, վարկային և արժութային) գործունեության մասին, որոնց վաղաժամ տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության կենսական կարևոր շահերին:
3. Տնտեսության, գիտության և տեխնիկայի բնագավառում`
ա) Հայաստանի Հանրապետությունը արտաքին զինված հարձակումներից պաշտպանելու վերաբերյալ նախապատրաստական ծրագրերի բովանդակության, ռազմամթերքի և ռազմական տեխնիկայի արտադրության գծով արդյունաբերական կարողությունների, ռազմական հումքի ու նյութերի պահեստավորման և մատակարարումների ծավալների, ինչպես նաև պետական նյութական պահուստների փաստացի չափերի և դրանց տեղաբաշխման մասին.
բ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ազգային անվտանգության ապահովման նպատակով ներքին կառույցների օգտագործման մասին.
գ) պետական պաշտպանական պատվերների ծավալների, ծրագրերի (հանձնարարականների), սպառազինության և ռազմական տեխնիկայի արտադրության և մատակարարումների, դրանց առկայության և արտադրական կարողությունների զարգացման, այդ նպատակով ձեռնարկությունների ու հիմնարկների միջև ստեղծված փոխհամագործակցության կապերի, նշված սպառազինությունները և ռազմական տեխնիկա արտադրողների կամ տեխնիկական և գիտական մշակումներ կատարողների մասին.
դ) պաշտպանական կամ տնտեսական կարևոր նշանակություն ունեցող աշխատանքների, տեխնիկական լուծումների մասին.
ե) քաղաքացիական պաշտպանության ուժերի ու միջոցների, վարչական կառավարման օբյեկտների պաշտպանվածության ու բնակչության անվտանգության ապահովվածության աստիճանի մասին.
զ) թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի, Հայաստանի Հանրապետության պետական պահուստների ու պաշարների, նրա ֆինանսների և բյուջետային քաղաքականության (բացի տնտեսության և ֆինանսների ընդհանուր վիճակը բնութագրող ամփոփ ցուցանիշներից) մասին:
4. Հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառում`
ա) հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության ուժերի, միջոցների, աղբյուրների, մեթոդների, պլանների և արդյունքների, ինչպես նաև այդ գործունեության ֆինանսավորման մասին տվյալները, եթե դրանք բացահայտում են թվարկված տեղեկությունները.
բ) հետախուզական, հակահետախուզական և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ գաղտնաբար համագործակցող կամ համագործակցած անձանց մասին.
գ) կառավարական և այլ տեսակի հատուկ կապի համակարգի, պետական ծածկագրերի, դրանց վերլուծության մեթոդների ու միջոցների մասին.
դ) գաղտնի տեղեկատվության պաշտպանության մեթոդների ու միջոցների մասին.
ե) պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության բնագավառում պետական ծրագրերի ու միջոցների մասին:
Հոդված 10. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ և ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՇԱՐՔԻՆ ԴԱՍԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
Պետական և ծառայողական գաղտնիքի շարքին չեն կարող դասվել`
ա) քաղաքացիների անվտանգությանը և առողջությանը սպառնացող արտակարգ դեպքերի, աղետների, ինչպես նաև տարերային (ներառյալ պաշտոնապես կանխատեսվող) աղետների, դրանց հետևանքների մասին տեղեկությունները.
բ) տնտեսության ընդհանուր վիճակը, ինչպես նաև բնության և շրջակա միջավայրի պահպանության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, ներքին առևտրի, մշակույթի բնագավառներում տիրող իրական վիճակը ներկայացնող տեղեկությունները.
գ) քաղաքացիների իրավունքների և ազատությունների սահմանափակման փաստերի, իրավախախտումների և սոցոլոգիական հետազոտությունների արդյունքների մասին տեղեկությունները.
դ) այն տեղեկությունները, որոնք եթե դասվեն պետական և ծառայողական գաղտնիքի շարքին, ապա բացասական ազդեցություն կունենան Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական և հոգևոր-մշակութային զարգացման պետական և ճյուղային ծրագրերի իրականացման վրա:
Գ Լ ՈՒ Խ 3
ԳԱՂՏՆԱԳՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՇԱՐՔԻՆ ԴԱՍԵԼԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԳԱՂՏՆԱԳՐՈՒՄԸ
Հոդված 11. ԳԱՂՏՆԱԳՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Տեղեկությունները գաղտնագրվում են օրինականության, հիմնավորվածության և ժամանակին կատարելու սկզբունքներին համապատասխան:
Գաղտնագրման օրինականությունը գաղտնագրվող տեղեկությունների համապատասխանության ապահովումն է սույն օրենքի պահանջներին:
Գաղտնագրման հիմնավորվածությունը փորձագիտական գնահատման միջոցով յուրաքանչյուր տեղեկության գաղտնագրման նպատակահարմարության պարզումն է` ելնելով Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման շահերից:
Գաղտնագրման ժամանակին կատարումը տեղեկությունների ստացման (մշակման) պահից կամ նախապես դրանց տարածման նկատմամբ սահմանափակումների կիրառումն է:
Հոդված 12. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ և ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՇԱՐՔԻՆ ԴԱՍԵԼԸ
Տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելն իրականացվում է ըստ դրանց բնագավառի կամ գերատեսչական պատկանելիության:
Գաղտնագրման սկզբունքներին համապատասխան` տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու անհրաժեշտության հիմնավորումը դրվում է պետական այլ մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների վրա, որոնք ստացել (մշակել) են այդ տեղեկությունները:
Տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասում են պետական այն մարմինները, որոնց պաշտոնատար անձինք օժտված են տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու լիազորություններով:
Տեղեկությունների գաղտնագրման բնագավառում միասնական պետական ձեռնարկություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով մշակվում է Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը, որում նշվում են նաև տեղեկություններից յուրաքանչյուրը տնօրինելու լիազորություններով օժտված պետական մարմինները:
Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը վավերացվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից, վերանայվում է անհրաժեշտության դեպքում և ենթակա է հրապարակման:
Պետական այն մարմինները, որոնց ղեկավարներն օժտված են տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու լիազորություններով, մշակում են գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը, որոնցում ներգրավվում են`
ա) պետական գաղտնիքի շարքին դասվող այն տեղեկությունները, որոնք տնօրինելու լիազորությամբ օժտված են իրենք.
բ) ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունները:
Գերատեսչական ցանկերում նշվում են նաև ներգրավված տեղեկություններից յուրաքանչյուրի գաղտնիության աստիճանը: Այդ ցանկերը և դրանցում կատարվող փոփոխություններն ու լրացումները հաստատվում են պետական մարմինների համապատասխան ղեկավարների կողմից: Գերատեսչական ցանկերը գաղտնագրվում են և հրապարակման ենթակա չեն:
(12-րդ հոդվածի 7-րդ մասի` «Գերատեսչական ցանկերը գաղտնագրվում են և հրապարակման ենթակա չեն» դրույթը` այնքանով, որքանով չի վերաբերում գաղտնագրման ենթակա կոնկրետ տեղեկության, ճանաչվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 27-րդ և 43-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր 06.03.12 ՍԴՈ-1010 որոշմամբ)
Հոդված 13. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԱԳՐՈՒՄԸ
Տեղեկությունների գաղտնագրումն արտահայտվում է, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, յուրաքանչյուր առանձին տեղեկության գաղտնիության աստիճանը որոշելու և համապատասխան տեղեկակրին գաղտնիության դրոշմագիր տալու ձևով:
Պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կողմից ստացված (մշակված) տեղեկությունների գաղտնագրման համար հիմք է հանդիսանում այդ տեղեկությունների համապատասխանությունը տվյալ մարմիններում, ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում գործող գաղտնագրման ենթակա տեղեկությունների ցանկերին:
Ստացված (մշակված) տեղեկությունները գործող ցանկում ընդգրկված տեղեկությունների հետ ներկայացնելու անհնարինության դեպքում պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների պաշտոնատար անձինք պարտավոր են ապահովել այդ տեղեկությունների նախնական գաղտնագրումը` ենթադրվող գաղտնիության աստիճանին համապատասխան և տասնհինգօրյա ժամկետում առաջարկություններ ուղարկել նշված ցանկը հաստատող պաշտոնատար անձի հասցեով` ցանկում լրացում (փոփոխություն) կատարելու վերաբերյալ:
Գործող ցանկը հաստատող պաշտոնատար անձինք պարտավոր են երկամսյա ժամկետում կազմակերպել ստացված առաջարկությունների կամ իրենց կողմից ստացված (մշակված) և նախապես գաղտնագրված տեղեկությունների փորձագիտական գնահատումը և որոշում ընդունել գործող ցանկում լրացում (փոփոխություն) կատարելու կամ տեղեկություններին նախապես տրված գաղտնիության դրոշմագրերը հանելու վերաբերյալ: Գաղտնագրված տեղեկակիրների և դրանց ուղեկցող փաստաթղթերի վրա կատարվում են անհրաժեշտ և կարող են կատարվել լրացուցիչ նշումներ, որոնց տեսակները և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(13-րդ հոդվածը փոփ. 20.03.02 ՀՕ-318)
Հոդված 14. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ
Տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու լիազորություններով օժտված պաշտոնատար անձինք իրավասու են ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների սեփականությունը հանդիսացող տեղեկատվության գաղտնագրման մասին որոշումներ ընդունել, եթե այդ տեղեկատվությունը պարունակում է պետական կամ ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ: Նշված տեղեկատվության գաղտնագրումն իրականացվում է տեղեկատվության սեփականատիրոջ ներկայացմամբ կամ պետական համապատասխան մարմնի նախաձեռնությամբ` հատուցելով դրա հետևանքով սեփականատիրոջը հասցվող վնասը: Փոխհատուցումը կատարվում է պետական բյուջեի միջոցներից, որի չափը որոշվում է տեղեկատվության սեփականատիրոջ և պետական այն մարմնի միջև կնքված պայմանագրով, որի տնօրինության տակ անցնում է այդ տեղեկատվությունը: Պայմանագրում նախատեսվում է նաև տեղեկատվության սեփականատիրոջ պարտավորությունը` տեղեկատվությունը չտարածելու վերաբերյալ:
Պայմանագիրը ստորագրելուց հրաժարվելու դեպքում տեղեկատվության սեփականատերը գրավոր նախազգուշացվում է պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները տարածելու համար օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության մասին:
Տեղեկատվության սեփականատերն իրավունք ունի դատական կարգով գանգատարկել պաշտոնատար անձի գործողությունները:
Տեղեկատվության գաղտնագրման պահից դրանում ընդգրկված տեղեկության սեփականատերը համարվում է պետությունը:
Գ Լ ՈՒ Խ 4
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ԿԱԶՄՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ԳԱՂՏՆԱԶԵՐԾՈՒՄԸ
Հոդված 15. ՊԵՏԱԿԱՆ և ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ԿԱԶՄՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները, գաղտնագրման պահից սկսած, որպես գաղտնիք պահպանվում են`
ա) «Հատուկ կարևորություն» և «Հույժ գաղտնի» գաղտնիության աստիճան ունեցող տեղեկությունները` մինչև 30 տարի: Ելնելով անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել նշված ժամկետից ավելի երկար ժամկետներ.
բ) «Գաղտնի» գաղտնիության աստիճան ունեցող տեղեկությունները` մինչև 10 տարի:
Պետական այն մարմինները, որոնց ղեկավարներն օժտված են տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու լիազորություններով, պարտավոր են ոչ ուշ, քան 5 տարին մեկ անգամ վերանայել պետական մարմիններում գործող գաղտնագրման ենթակա գերատեսչական ցանկերում ընդգրկված տեղեկությունների հիմնավորվածությունը և այդ տեղեկություններին նախկինում տրված գաղտնիության աստիճանների համապատասխանությունը պարզելու համար: Նշված մարմինների ղեկավարները, ելնելով անվտանգության ապահովման շահերից, իրավասու են երկարացնել գաղտնագրված տեղեկությունների պահպանության` նախկինում սահմանված ժամկետները, բայց ոչ ավելի, քան 5 տարի ժամկետով:
(15-րդ հոդվածը փոփ. 20.03.02 ՀՕ-318)
Հոդված 16. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԱԶԵՐԾՈՒՄԸ
Տեղեկությունների գաղտնազերծման հիմքերն են`
ա) պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների բաց փոխանակման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները.
բ) օբյեկտիվ հանգամանքների փոփոխությունը, որի հետևանքով պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետագա պահպանությունը և պաշտպանությունը դառնում է աննպատակահարմար:
Սույն օրենքով նախատեսված պահպանման ժամկետները լրանալուց հետո պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները սահմանված կարգով գաղտնազերծվում և համարվում են ծանոթանալու համար բաց կամ ոչնչացվում են սահմանված կարգով:
Գաղտնագրված տեղեկությունների պահպանության սահմանված ժամկետները կարող են կրճատվել, և տեղեկությունները` ժամկետից շուտ գաղտնազերծվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները գաղտնազերծվում են դրանք տնօրինող պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կողմից, որոնց ղեկավարներն անմիջականորեն կազմակերպում և գլխավորում են գաղտնազերծման աշխատանքները:
Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները գաղտնազերծումից հետո եռամսյա ժամկետում ենթակա են հանձնման Հայաստանի Հանրապետության պետական արխիվի պահպանությանը:
Պահպանման ժամկետները լրացած, պետական և ծառայողական գաղտնիք կազմող, գաղտնազերծված տեղեկությունները պետական արխիվ հանձնելու կամ տեղեկությունները ոչնչացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(16-րդ հոդվածը լրաց. 20.03.02 ՀՕ-318)
Գ Լ ՈՒ Խ 5
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ԿԱԶՄՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
Հոդված 17. ՊԵՏԱԿԱՆ և ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ԿԱԶՄՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ
Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործման հետ կապված աշխատանքներ կատարելու ընթացքում, անհրաժեշտության դեպքում, նշված տեղեկությունները կարող են պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կողմից փոխանցվել այլ շահագրգիռ մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց` պետական այն մարմնի թույլտվությամբ, որի տնօրինության տակ, սույն օրենքի 12 հոդվածին համապատասխան, գտնվում են այդ տեղեկությունները:
Պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները մինչև պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների փոխանցումը պարտավոր են համոզվել, որ դրանք ընդունող պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, գաղտնիության համապատասխան աստիճանի տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարելու իրավունք ունեն, իսկ ֆիզիկական անձինք` դրանց առնչվելու համապատասխան թույլտվություն իրավունք ունեն:
Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ տնօրինող պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպություններն իրենց գործառնությունները, սեփականության ձևը փոխելու, պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքները դադարեցնելու կամ վերացնելու դեպքերում պարտավոր են ձեռնարկել միջոցներ` նշված տեղեկությունների պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ: Այդպիսի տեղեկակիրները սահմանված կարգով վերացվում են, հանձնվում արխիվային պահպանության կամ փոխանցվում են`
ա) պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ տնօրինող պետական մարմնի, ձեռնարկության, հիմնարկի կամ կազմակերպության իրավահաջորդին, եթե վերջինս նշված տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարելու լիազորություններ ունի.
բ) պետական այն մարմնին, որի տնօրինության տակ, սույն օրենքի 12 հոդվածին համապատասխան, գտնվում են դրանց համապատասխանող տեղեկությունները.
գ) պետական այլ մարմնին, ձեռնարկությանը, հիմնարկին կամ կազմակերպությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
Այն միջազգային պայմանագրերը, որոնցով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններն այլ պետություններին փոխանցելու պարտավորություն, կնքվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի սահմանած կարգով:
(5-րդ մասն ուժը կորցրել է 20.03.02 ՀՕ-318)
(17-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 20.03.02 ՀՕ-318)
Հոդված 18. ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործմամբ համատեղ աշխատանքներ կատարելու անհրաժեշտության դեպքում այդ աշխատանքների պատվիրատուի` պետական մարմնի, ձեռնարկության, հիմնարկի կամ կազմակերպության և համատեղ աշխատանքներում ներգրավվող պետական կամ ոչ պետական ձեռնարկության, հիմնարկի կամ կազմակերպության, ինչպես նաև ֆիզիկական անձի միջև կնքվում են համատեղ աշխատանքներ կատարելու մասին պայմանագիր:
Պայմանագրում այլ անհրաժեշտ պայմանների հետ մեկտեղ նախատեսվում են պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանության ապահովման ուղղությամբ կողմերի փոխադարձ պարտավորությունները (ինչպես աշխատանքների կատարման ընթացքում, այնպես էլ դրանց ավարտից հետո), պայմանագրի գործողության վաղաժամկետ դադարեցման հիմքերը, ինչպես նաև սահմանվում են փոխանցվող տեղեկությունների պաշտպանության ուղղությամբ աշխատանքների ֆինանսավորման պայմանները:
Կողմերի կնքած պայմանագրի դրույթներին համապատասխան` համատեղ աշխատանքներ իրականացնելու ընթացքում պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության նկատմամբ վերահսկողության կազմակերպման պատասխանատուն այդ աշխատանքների պատվիրատուն է:
Գ Լ ՈՒ Խ 6
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 19. ՊԵՏԱԿԱՆ և ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության ապահովումն իրականացնում են այդպիսի գաղտնիք կազմող տեղեկություններ տնօրինող, դրանց օգտագործմամբ աշխատանքներ կատարող պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները` իրենց իրավասության սահմաններում և իրենց առջև դրված խնդիրներին համապատասխան:
Պետական մարմիններում, ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների պաշտպանության կազմակերպման պատասխանատվությունը դրվում է դրանց ղեկավարների վրա:
Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործմամբ կատարվող աշխատանքների ծավալից կախված` պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների կողմից ստեղծվում են պետական ու ծառայողական գաղտնիքի պաշտպանության կառուցվածքային ստորաբաժանումներ, որոնց գործառնությունները որոշում են նշված ղեկավարները` Հայաստանի Հանրապետության կառավարության նորմատիվ իրավական ակտերին համապատասխան` հաշվի առնելով իրենց կողմից տարվող աշխատանքների առանձնահատկությունները:
Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործմամբ ցանկացած տեսակի գործունեության իրականացումը թույլատրվում է միայն դրանց պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվող անհրաժեշտ միջոցների ապահովումից հետո:
Հոդված 20. ՊԵՏԱԿԱՆ և ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻՆ առնչվելու թույլտվություն ունենալը
Պետական և ծառայողական գաղտնիքին առնչվել կարող են`
ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` կամավորության հիման վրա.
բ) օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
Պետական և ծառայողական գաղտնիքին առնչվելու համար քաղաքացիները պարտավոր են ունենալ դրա իրավունքը, որը տրվում է քաղաքացիների գրավոր համաձայնությամբ, լիազորված մարմինների կողմից, իրենց նկատմամբ ստուգողական միջոցառումներ անցկացնելու և այդ միջոցառումների դրական արդյունքների հիման վրա պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների կամ կազմակերպությունների կողմից իրենց հետ աշխատանքային պարտավորագիրը կնքելու միջոցով:
Քաղաքացիների նկատմամբ ստուգողական միջոցառումները, որոնց անցկացման նպատակը սույն օրենքի 21 հոդվածով նախատեսված հիմքերի հայտնաբերումն է, իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Համապատասխան քաղաքացու հետ կնքվող աշխատանքային պարտավորագրում նախատեսվում են`
ա) իրեն վստահված պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները չտարածելու ուղղությամբ պետության առջև քաղաքացու պարտավորությունը.
բ) սույն օրենքի 23 հոդվածին համապատասխան, քաղաքացու իրավունքների ժամանակավոր սահմանափակումների կիրառման, ինչպես նաև որոշակի արտոնությունների հատկացման պայմանները.
գ) պետական և ծառայողական գաղտնիքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրական նորմերին քաղաքացու իրազեկ լինելը.
դ) կողմերի իրավունքները և պարտականությունները.
ե) պարտավորագրի գործողության վաղաժամկետ դադարեցման հիմքերը.
զ) պարտավորագրի գործողության ժամկետը:
Աշխատանքային պարտավորագրում կարող են նախատեսվել նաև այլ պայմաններ, որոնք կողմերն անհրաժեշտ կհամարեն: Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների գաղտնիության երեք աստիճաններին համապատասխան սահմանվում են պետական և ծառայողական գաղտնիքին առնչվելու երեք ձևի թույլտվություն`
ա) հատուկ կարևորության տեղեկություններին.
բ) հույժ գաղտնի տեղեկություններին.
գ) գաղտնի տեղեկություններին:
Առավել բարձր գաղտնիության աստիճան ունեցող տեղեկություններին առնչվելու թույլտվության առկայությունը հիմք է առնչվելու (ծառայողական անհրաժեշտությունից ելնելով` իրենց վերաբերող մասով) ավելի ցածր գաղտնիության աստիճան ունեցող տեղեկություններին:
Պետական և ծառայողական գաղտնիքին քաղաքացիների, ինչպես նաև պաշտոնատար անձանց առնչվելու թույլտվության ձևակերպման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(Վերնագիրը փոփ. 20.03.02 ՀՕ-318)
(20-րդ հոդվածը փոփ., խմբ. 20.03.02 ՀՕ-318)
Հոդված 21. ՊԵՏԱԿԱՆ և ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻՆ առնչվելու ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Պետական և ծառայողական գաղտնիքին առնչվելու իրավունք քաղաքացուն չի տրվում, եթե`
ա) օրենսդրությամբ սահմանված կարգով նա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ կամ առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստ.
բ) օրենսդրությամբ սահմանված կարգով նա ունի դիտավորյալ կատարված ծանր հանցագործությունների համար դատվածություն կամ այդպիսի հանցագործություն կատարելու համար նրա նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվող ցանկի համաձայն նա տառապում է այնպիսի հիվանդությամբ, որի առկայությունը խոչընդոտում է պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարելուն.
դ) ձևակերպում է փաստաթղթեր` այլ պետություն մշտական բնակության մեկնելու համար.
ե) ստուգողական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է, որ նա կատարել է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը սպառնացող գործողություններ.
զ) խուսափում է ստուգողական միջոցառումներից կամ ներկայացրել է ակնհայտ կեղծ տվյալներ:
(Վերնագիրը փոփ. 20.03.02 ՀՕ-318)
(21-րդ հոդվածը փոփ. 20.03.02 ՀՕ-318)
Հոդված 22. ՊԵՏԱԿԱՆ և ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻՆ առնչվելու ԻՐԱՎՈՒՆՔԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Պետական և ծառայողական գաղտնիքին քաղաքացու առնչվելու իրավունքը կարող է դադարեցվել, եթե`
ա) օրենսդրությամբ սահմանված կարգով չեղյալ է հայտարարվել նրա հետ կնքված աշխատանքային պարտավորագիրը.
բ) առաջացել է սույն օրենքի 21 հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:
Պետական և ծառայողական գաղտնիքին առնչվելու իրավունքի դադարեցումը քաղաքացուն չի ազատում պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները չտարածելու վերաբերյալ ստանձնած պարտավորությունից:
Պետական և ծառայողական գաղտնիքին առնչվելու իրավունքի դադարեցման վերաբերյալ համապատասխան պետական մարմնի, ձեռնարկության, հիմնարկի կամ կազմակերպության ղեկավարի որոշմանը համաձայն չլինելու դեպքում քաղաքացին իրավունք ունի գանգատարկել այդ որոշումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(22-րդ հոդվածը փոփ. 20.03.02 ՀՕ-318)
Հոդված 23. ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
Սույն օրենքի 20 հոդվածին համապատասխան պետական և ծառայողական գաղտնիքին առնչվելու իրավունք ունեցող կամ նախկինում ունեցած քաղաքացիների իրավունքները կարող են ժամանակավորապես սահմանափակվել:
Սահմանափակումները կարող են վերաբերել`
ա) պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները տարածելու իրավունքին.
բ) պետական և ծառայողական գաղտնիք կազմող հայտնագործությունները և ստեղծագործություններն օգտագործելու իրավունքին:
Սույն հոդվածով նախատեսված սահմանափակումները կիրառվում են քաղաքացիներին պետական և ծառայողական գաղտնիքին առնչվելու իրավունք տալու պահից, գործում են պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարելու ամբողջ ժամանակահատվածում, ընդհուպ մինչև սույն օրենքին համապատասխան նշված տեղեկությունների գաղտնազերծումը:
(23-րդ հոդվածը փոփ. 20.03.02 ՀՕ-318)
Հոդված 24. ՊԵՏԱԿԱՆ և ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ԿԱԶՄՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼԸ
Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին կարող են ծանոթանալ միայն այդպիսի գաղտնիքին առնչվելու իրավունք ունեցող քաղաքացիները` միայն համապատասխան պետական մարմնի, ձեռնարկության, հիմնարկի կամ կազմակերպության լիազորված պաշտոնատար անձի թույլտվությամբ:
Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին քաղաքացիների ծանոթանալու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(24-րդ հոդվածը փոփ. 20.03.02 ՀՕ-318)
Հոդված 25. ՊԵՏԱԿԱՆ և ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ և ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության ապահովման նպատակով սահմանվում է միջգերատեսչական և գերատեսչական վերահսկողություն:
Պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության ապահովման միջգերատեսչական վերահսկողությունը հանրապետական գործադիր և տարածքային կառավարման մարմիններում, ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում իրականացնում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառը կառավարող պետական մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
Պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության գերատեսչական վերահսկողությունը, սույն օրենքին համապատասխան, իրականացնում են պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին տնօրինելու լիազորություններով օժտված հանրապետական գործադիր մարմինները` կառավարության կողմից սահմանված կարգով: Նշված մարմինները պարտավոր են վերահսկել պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների պաշտպանության արդյունավետությունը, այդ տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարող իրենց ենթակա բոլոր ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում:
Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի և կառավարության աշխատակազմերում, սահմանադրական դատարանում, դատական և դատախազական մարմիններում պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության ապահովման նկատմամբ վերահսկողությունը կազմակերպում են Հայաստանի Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, սահմանադրական դատարանի նախագահը և համապատասխան մարմինների ղեկավարները` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմնի աջակցությամբ:
(25-րդ հոդվածը լրաց. 20.03.02 ՀՕ-318)
Հոդված 26. ՊԵՏԱԿԱՆ և ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
Պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանությանն ուղղված միջոցառումների ֆինանսավորումն իրականացնում են պետական մարմինները, բյուջետային ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները, պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության կառուցվածքային ստորաբաժանումները` պետական բյուջեի միջոցների հաշվին, իսկ սույն օրենքին համապատասխան պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարող ոչ պետական սուբյեկտները` իրենց միջոցների հաշվին:
Պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանությանն ուղղված միջոցառումների անցկացման համար հատկացվող ֆինանսական միջոցների ծախսերի նկատմամբ վերահսկողությունը, իրենց իրավասության սահմաններում, իրականացնում են պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) ղեկավարները, ինչպես նաև այդ նպատակով հատուկ լիազորված Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի վերահսկիչ պալատի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների բնագավառը կառավարող պետական մարմնի ներկայացուցիչները: Եթե վերահսկողության իրականացումը կապված է պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին ծանոթանալու հետ, ապա նշված անձինք պետք է ունենան համապատասխան գաղտնիության աստիճանի տեղեկություններին առնչվելու իրավունք:
(26-րդ հոդվածը փոփ. 20.03.02 ՀՕ-318)
Հոդված 27. ՊԵՏԱԿԱՆ և ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Պետական և ծառայողական գաղտնիքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման մեջ մեղավոր անձինք, գործող օրենսդրությանը համապատասխան, կրում են քրեական, վարչական կամ կարգապահական պատասխանատվություն:
Գ Լ ՈՒ Խ 7
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ
Հոդված 28. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
30 դեկտեմբերի 1996 թվականի, քաղ. Երևան ՀՕ-94
http://www.arlis.am/documentview.aspx?docID=26193
Комментариев нет:
Отправить комментарий