Վաղուց պատրաստվում էի մի վիպակ գրել մասնավորապես քեզ համար։ Ես ուզում էի, որ
այդ վիպակը լիներ հատկապես լավը, լավագույնը, որ երբևէ պիտի կարողանայի գրել։ Եվ այժմ,
վերջապես, մի քիչ շտապելով, փորձեցի։ Կարող էի ավելի երկար սպասել, բայց որովհետև դժվար
է գուշակել, թե ինչ կլինի հետագայում, կամ ինչ հմտություն ու ճաշակ կմնա այս բոլորից
հետո, մի քիչ շտապեցի և փորձեցի գրել իմ այժմյան ճաշակով ու հմտությամբ։
Հույս ունեմ, որ շուտով մի արտասովոր մարդ վիպակը կթարգմանի հայերենի, ու այն կտպագրվի
քո լավ իմացած լեզվով։ Թարգմանված վիճակում վիպակը գուցե ավելի լավ ստացվի, քան անգլերենով,
և դու, ինչպես հաճախ պատահել է, գուցե ցանկանաս դրանից որոշ մասեր կարդալ ինձ, թեև
ես եմ գրել այն։ Այդ ժամանակ, խոստանում եմ ունկնդրել քեզ և սքանչանալ մեր լեզվի գեղեցկությամբ,
որն այնքան քիչ է ծանոթ ուրիշներին և որը քեզանից բացի ոչ ոք չգիտի գնահատել։
Եվ որովհետև դու չես կարող կարդալ ու հիանալ անգլերենով այնպես, ինչպես կարդում
և հիանում ես հայերենով, և քանի որ ես բոլորովին չեմ կարող կարդալ կամ գրել հայերեն,
ապա մենք կարող ենք մեր հույսը դնել միայն մի լավ թարգմանչի վրա։ Համենայն դեպս, այս
վիպակը քեզ համար է գրված։ Հույս ունեմ, որ դու կհավանես։ Ես այն գրել եմ այնքան պարզ,
ինչքան հնարավոր էր, լրջության և զվարթամտության այն խառնուրդով, որը յուրահատուկ է
հատկապես քեզ և մեր ընտանիքին։
Գիտեմ, վիպակում ամեն ինչ չի ասված, բայց ի՞նչ արած։ Անկասկած քեզ պիտի թվա, որ
այնտեղ ամեն ինչ ասված է, քանի որ քո որդին է գրել և այնքան լավ նպատակով։
Վ. Ս.