Ձագավանի եկեղեցական ժողով 1270, գումարվել է Ձագավանքում, Հայոց կաթողիկոս Հակոբ Ա Կլայեցու օրոք, Բջնիի Գրիգոր եպիսկոպոսի և Վարդան Արևելցու անմիջական նախաձեռնությամբ, մեծ իշխան Պռոշի (1223–84՝ Պռոշյան իշխանական տոհմի անվանադիրը) հրամանով: Մասնակցել են արևելյան վարդապետները, եպիսկոպոսներ, վանականներ, քահանաներ, նախարարներ և ազատներ: 1243-ի Սսի ժողովին (տես Սսի եկեղեցական ժողովներ) արևելյան վարդապետները չեն մասնակցել: Բայց այդ ժամանակ Կիլիկիայում է գտնվել Վարդան Արևելցին: Առիթից օգտվելով՝ Հայոց կաթողիկոս Կոստանդին Ա Բարձրբերդցին Վարդան Արևելցու միջոցով Արևելք (Մեծ Հայք) է ուղարկել Սսի ժողովի կանոնները՝ իր շրջաբերական կոնդակով: Վարդան Վանականը կաթողիկոսի մարդկանց հետ 1245–46-ին շրջել է Հայաստանի գավառներում և, ժողովի վերաբերյալ հավանության թուղթ ստանալով գլխ. եպիսկոպոսներից, վանքերից ու իշխաններից, ուղարկել կաթողիկոսին: