Показаны сообщения с ярлыком Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան. Показать все сообщения

среда, 14 января 2015 г.

Հայսմավուրք

Հայսմավուրք, Յայսմաւուրք (XIII դարից կիրառվող այս անվանումը ծագել է գրաբարյան «Յայսմ աւուր»` այս օրը բառակապակցությունից, ինչով սկսվում է սրբերի պատմությունը), ծիսամատյան, որը պարունակում է սրբերի կյանքի (վարքի) և նահատակության (վկայության) պատմությունները, որոնք հավաքվելով, գրի են առնվել IV դ.` Եվսեբիոս Կեսարացու կողմից:

Հայոց Փոքր թվական

Հայոց Փոքր թվական, Սարկավագադիր թվական, Հայոց Մեծ թվականի սկզբից առաջին 532-ամյա պարբերաշրջանն անցնելուց հետո (1084) սկսվող թվական: Հեղինակն է Հովհաննես Սարկավագը: Նրա կազմած երկրորդ` 532-ամյա պարբերաշրջանի աղյուսակում (մինչև 1616) առաջին տարվա Ս. Ծնունդն ու ս. Զատիկը համապատասխանաբար ընկել են 1085-ի հունվ. 6-ին և ապրիլի 20-ին: Հովհաննես Սարկավագը կազմել է Հայոց անշարժ տոմարական տարին միշտ սկսվել է օգոստոսի 11-ից և հաշվվել 365,25 օր, այսինքն` 4 տարին մեկ ունեցել է 366 օր:

Հայոց տոմար

Հայոց տոմար, հայկական օրացույց, ժամանակի հաշվարկի հայկական համակարգ: Հայերը դեռևս Ք. ծ. ա. ունեցել են տոմար: Սկզբում, հավանաբար, օգտագործել են լուսնայինը, հետագայում անցել ավելի կատարելագործված` արեգակնային տոմարի: Թե երբ է սկիզբ առել Հայոց տոմարը, ինչպիսին է եղել սկզբնական շրջանում և ինչ փոփոխությունների ենթարկվել, այդ մասին կան միայն կցկտուր տեղեկություններ:

Հայոց Մեծ թվական

Հայոց Մեծ թվական (մատենագրության մեջ և վիմագիր արձանագրություններում նաև` թուականութիւն ասքանազեան, թուականութիւն թորգոմեան, թուաբերութիւն արամեան, թուականութիւն հայկազեան տոհմի ևն), տարեթվերի հաշվման հայկական թվականություն. սկսվել է Ք.ծ.հ. 552-ի հուլիսի 11-ից:

Հայոց առաջին ամսի` Նավասարդի 1-ը այդ տարի համապատասխանել է հուլյան տոմարի հուլիսի 11-ին: Հայոց Մեծ թվականի հիմնադրման հարցը 554-ին քննվել է Դվինի երկրորդ եկեղեցական ժողովում, սակայն պաշտոնապես ընդունվել է 584-ին: Ինքնուրույնության ձգտող Հայ առաքելական եկեղեցին, ստեղծելով իր թվականությունը, զատվել է հարևան եկեղեցիներից, նրանց անցանկալի ազդեցություններից (եկեղեցական տոների, ժամանակի հաշվման և այլ հարցերում):

вторник, 13 января 2015 г.

Հայերեն հնագույն թղթյա ձեռագիր

Հայերեն հնագույն թղթյա ձեռագիր, մեզ հասած հայերեն ամենահին թղթյա ձեռագիրը` գրված 981-ին: Հայ ձեռագրական արվեստի բարձրարժեք նմուշներից է (Մատենադարան, ձեռ. դ 2679): Բաղկացած է 360 թերթից, ունի 28,5x15,5 սմ մակերես («Մատեան գիտութեան եւ հաւատոյ Դաւթի քահանայի», նմանատպություն: Ուսումնասիրությունը, վերծանությունը, ծանոթագրության ցանկերը աշխատասիրությամբ Ա. Մաթևոսյանի, Ե., 1997):

Հայերեն

Հայերեն, հայոց լեզու, հայ ժողովրդի ազգային, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական լեզուն: Վկայված է պատմական և տարածքային մի շարք տարբերակներով` հին (V–XI դդ.), միջին (XII–XVI դդ.), նոր կամ աշխարհաբար (XVII դարից), իր երկու` արևելյան և արևմտյան գրական տարբերակներով և չորս տասնյակից ավելի բարբառներով: Պատկանում է հնդեվրոպրոպական լեզվաընտանիքին` որպես առանձին ինքնուրույն ճյուղ:

Հայելի վարուց

Հայելի վարուց, միջնադարյան բարոյախրատական զրույցների ժողովածու: Բնօրինակը ստեղծվել է 1480-ին, հրատարակվել 1481-ին` «Հայելի օրինակաց» վերնագրով: Ժողովածուն ընդարձակել, լրացրել և վերամշակել է բելգիացի մատենագիր Հովհաննես Մայորը և անվանել «Մեծ հայելի»: IV–XVI դդ. բազմաթիվ հեղինակների և զրուցապատում տարբեր հավաքածուների նյութեր պարունակող, քարոզիչների համար նախատեսված լատիներեն ժողովածուն միջնադարյան արձակի յուրատեսակ շտեմարան է: Խորապես արտացոլել է միջնադարյան մարդու աշխարհընկալումը, նրա մտածելակերպն ու հավատալիքները, ըմբռնումներն ու մտապատկերները: «Մեծ հայելին» XVII–XVIII դդ. լայն ճանաչում է ստացել, թարգմանվել մի շարք լեզուների, հրատարակվել:

Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցի

Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցի, Հայ ավետարանական եկեղեցի, քրիստոնեության երեք հիմնական ուղղություններից բողոքականության (ավետարանական) հայազգի հետևորդների եկեղեցի: Կազմավորվել է 1846-ի հուլիսի 1-ին, 40 հիմնադիր հաղորդական անդամներով, Կ. Պոլսի Բերա թաղամասում: Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցին հետևանքն էր Հայ բարեկարգչական կամ Ավետարանական շարժման, որը սկիզբ էր առել XIX դ. 20-ական թթ. և արևմտահայոց, և արևելահայոց շրջանում գրեթե միաժամանակ` իրարից անկախ:

вторник, 11 ноября 2014 г.

Մանրանկարչություն

Մանրանկարչություն (ֆրանս. miniature, իտալ. miniatura, լատ. minium – ծիրանի գունանյութ, կինաբար, կարմիր ներկ, որով հնում զարդարել են ձեռագիր մատյանները), կերպարվեստի ստեղծագործություն, որն առանձնանում է փոքր չափերով ու գեղարվեստ. հնարքների նրբությամբ: Հայ միջնադարյան Մ-յան ոլորտը գրքարվեստն է՝ ձեռագիր մատյաններում գծային, գուաշի, տեմպերայի, ջրաներկի, ոսկու, հազվադեպ նաև արծաթի միջոցով պատկերազարդումները, որոնք ընդգրկել են անվանաթերթերը, խորանները, լուսանցազարդերը, պատմող. թեմատիկ տեսարանները՝ բնանկարի, ոսկու, ճարտ. միջավայրի կամ ուղղակի մագաղաթի և թղթի ֆոնի վրա:

Մանվել Կյումուշխանեցի

Մանվել (Ստեփանոս) Կյումուշխանեցի, Գյումուշխանեցի, Շահինյան, Ալթունյան [1.1.1768, Գյումուշխանե – 4.12.1843, Հին Ղրիմ (թաղված է հայոց Ս. Խաչ վանքի բակում)], մատենագիր, հասարակական գործիչ: Կրթությունն ստացել է Գյումուշխանեում, ապա՝ Կարինում: Աշակերտել է Ամասիայի առաջնորդ Հովհաննես արք. Սեբաստացուն, որի «սրբազնագործ աջովն» էլ 1796-ին ձեռնադրվել է աբեղա, ապա՝ վարդապետ: Հովհաննես արք. Սեբաստացու մահից (1797) հետո մեկնել է Կ.Պոլիս, որտեղ նրան սիրով ընդունել է պատրիարք Զաքարիա Կաղզվանցին:

Մանիքեություն

Մանիքեություն, III դարում Սասանյան Իրանում ծագած կրոն: Հիմնադիրն է Մանին՝ ծնված Հվ. Միջագետքում, 216-ին: Որդին էր Արշակունի իշխան Պատիկի (Պատակ), մոր անունը հավանաբար Մարիամ էր, ինչը վկայում է նրա հրեադավան կամ քրիստոնյա լինելը: Մանին իր նոր կրոնի քարոզչությունն սկսել է Սասանյան արքա Շապուհ I-ի օրոք (240–271): Սկզբ. շրջանում վայելել է արքայի հովանավորությունը, բայց հետագայում, երբ պարզվել է, որ նոր կրոնը վտանգ է ներկայացնում զրադաշտականության համար, Վահրամ I արքան նրան մահապատժի է ենթարկել:

Մանե

Մանե, սուրբ Մանի (վախճ. 323), սուրբ կույս, տոնելի ճգնավորուհի: Ս. Հռիփսիմյանց կույսերից՝ Նունեի ընկերուհին: Մ. Հռոմից Հայաստան մեկնող սրբուհիների խմբի հետ չի հասել Վաղարշապատ, այլ առանձնացել է Եկեղյաց գավառի Սեպուհ լեռան մի այրում և երկար տարիներ ճգնել այնտեղ: Ըստ ավանդության, Գրիգոր Ա Լուսավորիչն է հողին հանձնել Մ-ի մարմինը և դրանից հետո մնացել նույն՝ Մանէայ (Մանյա) այրում և ճգնությամբ կրոնավորել:

Մանանդյան Հակոբ Համազասպի

Մանանդյան Հակոբ Համազասպի (22.11.1873, Ախալցխա – 4. 2. 1952, Երևան), պատմաբան, բանասեր, աղբյուրագետ: Պրոֆ. (1925), պատմ. գիտ. դոկտոր (1938), ԽՍՀՄ ԳԱ ակադ. (1939), ՀԽՍՀ ԳԱ ակադ. (1943): Գիտ. վաստ. գործիչ (1935): Սկզբ. կրթությունն ստացել է Ախալցխայի Կարապետյան վարժարանում (1880–83), ապա սովորել է Թիֆլիսի 1-ին դասական գիմնազիայում (1883–93), Ենայի, Լայպցիգի, Ստրասբուրգի համալսարաններում (1893–97), մասնագիտացել արևելագիտության և լեզվաբանության մեջ: Էքստեռն կարգով ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի արլ. լեզուների ֆակ-ը (1898) և Յուրևի (Դորպատ) համալսարանի իրավաբ. ֆակ-ը (1909): 1900–05-ին դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1906–1907-ին՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, 1920-ին՝ Հայաստանի համալսարանում: Եղել է նույն համալսարանի պատմալեզվագր. ֆակ-ի դեկանի պաշտոնակատար, 1921-ին՝ ԵՊՀ ռեկտոր, 1921–23-ին՝ արևելագիտ. և պատմագր. ֆակ-ների դեկան, 1921–1925-ին՝ հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ, 1925–31-ին՝ նույն ամբիոնի պրոֆ.:

Մանազկերտի եկեղեցական ժողով 726

Մանազկերտի եկեղեցական ժողով 726, հայ-ասորական միացյալ եկեղեցական ժողով: Հրավիրվել է Հայոց կաթողիկոս Հովհաննես Գ Օձնեցու և Ասորի Հակոբիկ եկեղեցու առաջնորդ, Անտիոքի Աթանաս պատրիարքի նախաձեռնությամբ: Հայոց կողմից, կաթողիկոսից բացի, ժողովին մասնակցել են 31 եպիսկոպոս և 8 վարդապետ, որոնք ներկայացրել են Հայաստանի արլ. և արմ. հատվածների գրեթե բոլոր թեմերը, իսկ ասորական կողմից՝ պատրիարքը՝ 6 եպիսկոպոսների հետ:

Մայրավանք

Մայրավանք, ՀՀ Կոտայքի մարզի Սոլակ գյուղի մոտ: Հիշատակվում է VII դարից՝ կապված վանահայր Հովհան Մայրավանեցու (Մայրագոմեցի) հետ: Եզր Ա Փառաժնակերտցի կաթողիկոսը միակամության հարցում իրեն ընդդիմացած և Մ. քաշված Հովհան Մայրավանեցուն անարգելու նպատակով վանքն անվանել է «Մայրագոմ», իսկ Հովհանին՝ «Մայրագոմեցի»: Մ-ի սրբատաշ բազալտից կառուցված Ս. Աստվածածին եկեղեցին (XI–XII դդ.) մեկ զույգ արմ. մույթերով գմբեթավոր դահլիճ է, խորանի երկու կողմերում երկհարկ ավանդատներով: Բեմի վեմքարի տեղ խաչքար է դրված: Եկեղեցու հվ-արմ. և հս. կողմերում միաբանության շենքերի ավերակներն են:

Մակարավանք

Մակարավանք, ՀՀ Տավուշի մարզի Աչաջուր գյուղից 3 կմ հարավ-արևմուտք, Պայտաթափ լեռան անտառապատ լանջին: Հնագույն եկեղեցին (X–XI դդ.) ունի ներքուստ խաչաձև (բավական խոր թևերով), արտաքուստ ուղղանկյուն, գմբեթավոր հորինվածք: Կառուցվել է կարմրավուն կիսամշակ տուֆի խոշոր քարերով (XIII դ. գմբեթը և ծածկը վերակառուցվել են նույն տուֆի սրբատաշ քարով): Եկեղեցու բեմի ճակատը հարդարված է բուս. և երկրաչափ. նուրբ զարդաքանդակներով:

Մակար Ա Թեղուտցի

Մակար Ա Թեղուտցի [6.4.1813, գ. Թեղուտ (Բիթլիս նահանգի Բուլանըխ գավառ) – 1891, Էջմիածին], Ամենայն հայոց կաթողիկոս 1885-ից: Հաջորդել է Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցուն: 1828–29-ին, ռուս-թուրք. պատերազմի ժամանակ, ծնողների հետ գաղթել է Արլ. Հայաստան: Սովորել է Մայր աթոռ Ս. Էջմիածնի ժառանգավորաց վարժարանում: 1843-ին կարգվել է դպրանոցի տեսուչ, 1849-ին՝ մատենադարանապետ: 1864-ին նշանակվել է Վրաստանի թեմի առաջնորդ, 1876-ին՝ Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմի առաջնորդ, 1882-ից՝ նաև Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսի տեղապահ:

Մաթուսաղա

Մաթուսաղա, Մաթուսաղա Սյունեցի, Քերթող (ծ. թ. անհտ – 652), աստվածաբան, փիլիսոփա, րաբունապետ, Սյունիքի եպիսկոպոս (634-ից): Կենսագր. ստույգ տվյալներ մեզ չեն հասել: Կրթությունն ստացել է Սյունյաց վարդապետարանում, որտեղ և դասավանդել է: Եղել է ժամանակի ամենահեղինակավոր դավանաբան վարդապետներից:

Ճրագալույց

Ճրագալույց, Սուրբ Ծնունդի և Աստվածահայտնության ու ս. Զատիկի նախընթաց երեկոյան կատարվող նախատոնական արարողություն՝ նախատոնակ: Այդպես է կոչվել եկեղեցու կանթեղները վառելու (ճրագ լցնելու կամ կպցնելու) և ներկա հավատացյալ ժողովրդին մոմեր բաժանելու համար: Անցյալում բոլոր մեծ տոների նախատոնակ երեկոներին կատարվել է Ճ.:

Ճռաքաղ

Ճռաքաղ, կրոնական, բանասիրական երկշաբաթաթերթ, ապա՝ ամսագիր (1860-ից): Լույս է տեսել 1858–62-ին, Մոսկվայում: Խմբագիր-հրատարակիչներ՝ Մ. և Զ. Մսերյաններ: Կրել է «Յարձակ և ի չափածոյ բանից հին և նոր մատենագրաց» ենթավերնագիրը: «Ճ.», լինելով հայ հոգևորականության պահպանողական թևի խոսափող, լեզվի, կրոնի, եկեղեցու, լուսավորության հարցերում հակադրվել է «Հյուսիսափայլին», որն արծարծել է Հայ եկեղեցու բարեկարգման, կրոն. հանդուրժողականության, խղճի ազատության, ժողովրդի լուսավորության հարցեր, ձաղկել ազատ մտածողության և նորի հանդեպ թշնամ. վերաբերմունքը: